Ընդդիմադիր ուժը քանի՞ անգամ է ծրագիր ներկայացնում 3-4 ամսվակտրվածքով… Մայիսի 9-ին Իշխան Սաղաթելյանի ներկայացրած ծրագիրը չեղարկվե՞լ է, թե՞ դեռ ուժի մեջ է
Ընդդիմության պայքարը «հերթական փուլ է մտնում», հասարակությանը կրկին հորդորում են՝ «վճռականությամբ լցվել՝ իշխանություններին հեռացնելու համար»: Սակայն այս արձանագրումների ֆոնին ընդդիմադիրների շարքերում, կարծես, միմյանց դեմ է պայքարն ուժգնանում: Ընդդիմադիր տարբեր խմբեր լծվել են միմյանց պայքարների մեթոդները քննադատելու գործին:
Իսկ ո՞ւմ է ձեռնտու այս իրավիճակը… Իշխանությանը: Երբ ընդդիմադիր տարբեր թեւեր, անհատներ ավելի ուժգին միմյանց դեմ են պայքարում, դա կամրապնդի ցանկացած իշխանության դիրքերն ու կմարգինալացնի հենց այդ ընդդիմադիրներին:
Եթե ընդդիմադիրները ամիսներ, նույնիսկ՝ տարիներ շարունակ նույն բանն են կրկնում՝ դա անգամ արժեզրկում է այդ միտքը, կորցնում է կարեւոր գնահատականի ուժն ու ազդեցությունը: 44-օրյա պատերազմից հետո մենք անդադար լսում ենք՝ «մեր հայրենիքի մի մասը զիջելով՝ կորցնելու ենք նաեւ ՀՀ-ն ու մեր պետականությունը»: Արցախի Անկախության օրը, Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքում «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Դիմադրության շարժման առաջնորդ Իշխան Սաղաթելյանը կրկին նշեց, որ պետք է բացառվի որեւէ լուծում, որով Արցախը կլինի Ադրբեջանի կազմում, պետք է բացառվի Արցախի անկլավային վիճակը ու Արցախ-Հայաստան ցամաքային հուսալի կապ պետք է լինի, նաեւ պետք է բացառվի Արցախի ապառազմականացումը: Ասվածն, իհարկե, ճիշտ է ու խիստ կարեւոր Արցախի ու Հայաստանի համար: Բայց ընդդիմությունը քանի՞ տարի պետք է կրկնի նույն մտքերը, որոնք նույնիսկ որպես պահանջ չեն ներկայացվում իշխանությանը ու այդ պահանջի բավարարմանը չեն հետեւում քաղաքական գործողություններ:
Կարդացեք նաև
Փոխարենը, ինչպես իշխանությունը, այնպես էլ ընդդիմադիրները մշտապես փորձում են կանխել իրենց հասցեին հնչող քննադատությունները, նրանց «պառակտիչ», «դավաճան», «իշխանության ջրաղացին ջուր լցնողներ» անվանել:
Ընդդիմության վերջին հանրահավաքում, իհարկե, ինքնաքննադատություն էլ հնչեց, թե՝ «մեր գլխավոր բացթողումներից մեկը եղել է այն, որ մենք մեր հանրությանը չենք կարողացել բացատրել մեր երկրին սպառնացող վտանգները»: Սակայն սա արդեն հեռու է իրականությունից: Հասարակության ստվար հատված շատ լավ գիտակցում է վտանգներն՝ առանց ընդդիմադիրների բացատրության, սակայն հասարակության այդ հատվածը չի տեսնում, թե ինչի է ընդունակ ընդդիմությունն այդ վտանգները իր ուժերի ներածի չափով կանխելու համար:
Հիմա ընդդիմադիրները գտել են մի «արդարացում», որի հիմքով իրենց ապագա գործողությունները պետք է ուրվագծեն: Սաղաթելյանն ասաց. «Մենք պետք է սկսենք ներկայացնել մեր տեսլականը, ռազմավարությունը եւ ծրագրերը՝ Հայաստանը Նիկոլից հետո: Բոլոր ոլորտներում մենք պետք է ներկայացնենք մեր ծրագիրը, ռազմավարությունը, որ մարդիկ տեսնեն՝ ելք կա, հնարավորություն կա: Կան պատասխանատու մարդիկ, ովքեր ի վիճակի են գան ու երկիրն այս վիճակից դուրս բերեն»: Այնուհետեւ Սաղաթելյանը ներկայացրեց, թե ինչպես պետք է ԱԺ-ի միջոցով հեռացնեն իշխանությանը: Ըստ նրա՝ կա 2 ճանապարհ՝ հրաժարական եւ պաշտոնանկություն խորհրդարանի միջոցով, եւ հաջողության կարող են հասնել համաժողովրդական լայն ճնշման ու պարտադրանքի միջոցով. «ԱԺ-ում պաշտոնանկություն անելու համար անհրաժեշտ է նախ պատգամավորների 1/3-ի քվեն, որպեսզի գործընթացը մտնի պաշտոնական շրջանառության մեջ: Խորհրդարանում կա 107 պատգամավոր, դրա մեկ երրորդը՝ 36 պատգամավոր: Այսօր երկու ընդդիմադիր խմբակցությունները միասնաբար ունեն 35 պատգամավոր: Մի հոգի, որ դուրս է եկել, ես չգիտեմ՝ կստորագրի՞, թե՞ չէ: Խորհրդարանի միջոցով պաշտոնանկությունն անելու համար անհրաժեշտ է 54 պատգամավորի ստորագրություն եւ քվեարկություն: Պաշտոնանկության համար անհրաժեշտ է սահմանադրությամբ նախատեսված երկու պայման՝ իրավաքաղաքական հիմքեր եւ վարչապետի թեկնածու: Իրավաքաղաքական հիմքերը ակնհայտ են:
Ցանկացած նորմալ երկրում այն հիմքերը, որ կան, բավարար էին՝ անմիջապես իմպիչմենտ անելու համար, բայց, քանի որ մենք գործ ունենք հայրենադավ իշխանության խմբակի հետ, այն ակնկալիքը, որ կհամոզենք, կանեն՝ դա չի լինելու: Դա պետք է անենք ճնշումով, պարտադրանքի միջոցով»: Իշխան Սաղաթելյանն անդրադարձավ երկրորդ հանգամանքին՝ վարչապետի թեկնածուին եւ ասաց, որ երբ պաշտոնանկության գործընթացը սկսելու ժամկետները հստակեցվեն, վարչապետի թեկնածուին կորոշեն ժողովրդի հետ. «Այդ գործընթացը ուշ լինի՝ վատ է, շուտ լինի ու եթե պատրաստ չլինենք՝ անարդյունավետ է: Պետք է գործընթացը սկսել մաքսիմալ շուտ, բայց ճիշտ ժամանակին: Երբ որ մենք 36 ստորագրությունն ապահովենք, այդ գործընթացը մեկնարկի, գործընթացը տեւելու է 48-ից 72 ժամ: Մեզ անհրաժեշտ են տասնյակ հազարավոր քաղաքացիներ 24 ժամյա ռեժիմով՝ ընդամենը 72 ժամ: Որ օրը մենք ներկայացրեցինք գործընթացը, այդ 3 օրվա ընթացքում մեզ պետք են տասնյակ հազարավոր ներկայացուցիչներ»: Ապա Սաղաթելյանը հիշեցրեց, որ եթե իմպիչմենտը չստացվի 3 օրում, 6 ամիս կզրկվեն այդ հնարավորությունից, ուստի պետք է այնպես հաշվարկեն գործընթացը, որ այն ավարտվի հաղթանակով:
Ուրեմն, 72 ժամ եւ տասնյակ հազարավոր քաղաքացիներ՝ Փաշինյանի պաշտոնանկությանը հասնելու եղանակներից մեկն է: Այսինքն, ընդդիմության առաջնորդը խոստացավ ներկայացնել տեսլական, ռազմավարություն եւ ծրագրերը՝ «Հայաստանը Նիկոլից հետո», եւ այսպես ասած՝ ներկայացրեց, թե ինչպես կարելի է հասնել Փաշինյանի պաշտոնանկությանը:
Իսկ եթե 72 ժամում տասնյակ հազարավոր քաղաքացիներ այլեւս չգան ընդդիմության հրավիրած հանրահավաքին…
Ընդդիմադիրներն այս հարցին փորձե՞լ են օբյեկտիվորեն պատասխանել: Նրանք գոնե մեկ անգամ մտքի մեջ իրենց հարցրե՞լ են՝ իսկ գուցե հասարակությունը որպես ընդդիմություն իրենց այնքան էլ չի վստահում ու պարզապես չի ընդունում:
Բացի այդ, ցանկացած քաղաքական ուժ, եթե քաղաքական պահանջի հաջողության հասնելու օր, ժամ, տեւողություն է նշում, պետք է գիտակցի, որ չհաջողելու դեպքում լրացուցիչ հիասթափություն է առաջացնելու: Իսկ ներկայիս ընդդիմադիրները տեւական ժամանակ է, ինչ այդպիսի «ժամկետներ» հնչեցնելով են զբաղված:
Եվ ամենակարեւորը, իրեն երկրի հիմնական ընդդիմություն համարող քաղաքական ուժը քանի՞ անգամ է ծրագիր ներկայացնում 3-4 ամսվա կտրվածքով… Իշխան Սաղաթելյանը մայիսի 9-ին «Դիմադրություն» շարժման համազգային հանրահավաքի ընթացքում Ֆրանսիայի հրապարակում հանդես եկավ՝ «Ինչպիսի՞ Հայաստան եւ ինչպե՞ս» ծրագրային ելույթով, անգամ խոստացավ իշխանությանը հեռացնելուց հետո նշել այն 250 մասնագետների անունները, որոնք կլինեն նրանց «պետական ապարատի հենասյունը»:
Մայիսի 9-ին Իշխան Սաղաթելյանի ներկայացրած ծրագիրը չեղարկվե՞լ է, թե՞ դեռ ուժի մեջ է, եթե ուժի մեջ է, ինչո՞ւ սեպտեմբերի 2-ին Սաղաթելյանը ազդարարեց. «Մենք պետք է սկսենք ներկայացնել մեր տեսլականը, ռազմավարությունը եւ ծրագրերը՝ Հայաստանը Նիկոլից հետո…»:
Ընդդիմությունը մեկ ասում է՝ խորհրդարան են գնալու «բացառապես իրենց օրակարգով», բայց մյուս կողմից բոլորի համար պարզ է, որ անգամ ԱԺ-ից դուրս այս ընդդիմությունը քաղաքական օրակարգ չի թելադրում, ուր մնաց, թե խորհրդարանում օրակարգ թելադրեն:
Իսկ որ օրակարգ չեն կարողացել թելադրել՝ դա իրենք էլ են խոստովանում: Օրինակ, հուլիսին Իշխան Սաղաթելյանը մի հեռուստահարցազրույցի ժամանակ ասաց, որ՝ նոյեմբերի 9-ի պայմանագիրը չենք կարող չեղարկել, որովհետեւ բացի գերիների մասին կետից, մնացածը իրականացվել է:
Հիմա հարց՝ եթե Փաշինյանի կառավարության ձեզ համար անընդունելի փաստաթղթի բոլոր կետերն իրականացված են, դուք ինչո՞ւ եք շարունակում պայքարը, կամ ինչո՞ւ չեք կարողացել կանխել այդ կործանարար ընթացքը: Նա նաեւ նշել է. «Նոյեմբերի 9-ը մեզ համար անընդունելի, դավաճանական ու կապիտուլյացիոն փաստաթուղթ է, սակայն այնքան են թուլացրել բանակն ու երկիրը, որ լուրջ չէ խոսել ինչ-որ բան հետ բերելու մասին։ Հիմա սրանց պետք է հեռացնենք, որպեսզի նոր կապիտուլյացիան կանխենք»։
Սակայն, միեւնույն ժամանակ, ընդդիմության առաջնորդն ասում է՝ Փաշինյանը «չունի ժողովրդի կողմից բանակցություններ վարելու մանդատ», «իշխանափոխության դեպքում, հաջորդ իշխանությունը պետք է նրա բոլոր պայմանավորվածությունները համարի առ ոչինչ»:
Եթե Փաշինյանը մանդատ չունի, ինչո՞ւ եք հայտարարում, որ՝ «նոյեմբերի 9-ի պայմանագիրը չենք կարող չեղարկել, որովհետեւ բացի գերիների մասին կետից, մնացածը իրականացվել է»:
Մի խոսքով, ընդդիմության հնարավոր ծրագրերի հարցում խառնաշփոթը, նույնիսկ սեփական ձեւակերպումների մակարդակում, այնքան ակնառու է, որ դժվար է պատկերացնել, թե էլ ինչ ակնկալիքներով է ներկայիս ընդդիմությունը հայտարարում պայքարի «հերթական փուլի մեկնարկի» մասին:
Տպավորություն է, որ ընդդիմադիրները քաղաքական աշունը լցնելու են միմյանց դեմ ողջ ուժգնությամբ պայքարելու գործով, իհարկե, չմոռանալով հրապարակ նետել գլխավոր խթանիչ միտքը՝ «Փաշինյանը հեսա գնում է, քիչ մնաց…», կամ պարբերաբար կրկնել, թե «Փաշինյանը Հայաստանում այլեւս իշխանություն չունի», «Փաշինյանը չկա…»:
Հատկապես ընդդիմության անփառունակ գործունեությունների ֆոնին սրանք խիստ «հուսադրող» մտքեր են թվում, որովհետեւ պայքարի հերթական փուլի ավարտին կարելի է արդարանալ՝ «պետք է գնար, բայց չգնաց, դրա համար ոչինչ չստացվեց»: Եթե «Փաշինյանը գնում ա», ինչո՞ւ եք չարչարվում՝ պայքարում, սպասեք՝ կգնա, նոր կսկսեք իշխանության գալու համար պայքարել իրար դեմ:
Ի դեպ, 1998թ. երբ իշխանության ղեկը Ռոբերտ Քոչարյանը ստանձնեց, նրա իշխանավարման առաջին իսկ ամիսներից նման «անքննելի» մտքեր էին շրջանառվում՝ «Քոչարյանին 6 ամիս մնաց», «մի քանի ամսից գնում է», ու այդպես Քոչարյանն իշխեց տասը տարի:
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ, 08.09.2022


















































