Սկիզբը՝ այստեղ:
Վաշինգտոնը կրկին շեշտում է, որ պատրաստ են համագործակցել նաեւ` ԵԱՀԿ-ի շրջանակներում
Ռուսաստանից Հայաստան-Ադրբեջան բանակցություններ կազմակերպելու հայտարարությունների ֆոնին, ակտիվություն է ցուցաբերում նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող Միացյալ Նահանգները, որի ներկայացուցիչերը ադրբեջանական կողմի հետ շփումներում հստակ արձանագրում են Ադրբեջանին` որպես Լաչինի միջանցքի փակման պատասխանատու կողմ:
Մեկ շաբաթ առաջ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց ունեցավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ՝ կոչ անելով անհապաղ բացել Լաչինի միջանցքը: Պետդեպարտամենտի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Բլինքենն ընդգծել էր, որ Լաչինի միջանցքում հումանիտար ճգնաժամի վտանգը խաթարում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հեռանկարները։ «Պետքարտուղարը խրախուսել է նախագահ Ալիեւին կրկնապատկել ջանքերը Հայաստանի հետ երկկողմ խաղաղ բանակցություններում», – ասվում էր հաղորդագրությունում։
Կարդացեք նաև
Ադրբեջանի նախագահն, իր հերթին, կրկնել էր պաշտոնական Բաքվի դիրքորոշումը՝ հերքելով Լաչինի միջանցքի փակ լինելը: Իլհամ Ալիեւն, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, ներկայացրել է, որ ռուս խաղաղապահների ու Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մեքենաներն այս ընթացքում այնտեղով անցել են: Ալիեւն ընդգծել է, որ պետք է դադարեցնել հանքավայրերի «անօրինական շահագործումը Ադրբեջանի այն տարածքներում, որտեղ ժամանակավորապես տեղակայված են ռուս խաղաղապահները»։ Միեւնույն ժամանակ, ըստ նրա, այնտեղ պետք է ապահովվեն Ադրբեջանի կողմից մշտական մոնիտորինգ եւ ստուգումներ։ Բացի այդ, Ալիեւը հավելել է, որ «հայաստանյան ականները ապօրինի տեղափոխվել են Լաչինի ճանապարհով»։ Ալիեւը նաեւ նշել է, որ Բաքուն հավատարիմ է խաղաղության գործընթացին եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորմանը, որը պետք է պարունակի միայն երկկողմ հարաբերությունների կարգավորում՝ «հիմնված միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների եւ Ադրբեջանի կողմից ներկայացված հինգ սկզբունքների վրա»։
Նկատենք, որ Բլինքենը նաեւ Հայաստանի վարչապետի հետ էր հեռախոսազրույց ունեցել ավելի վաղ եւ հեռախոսազրույցից հետո ԱՄՆ պետքարտուղարը թվիթերյան գրառում արեց` նշելով, թե Փաշինյանի հետ խոսել է Ադրբեջանի հետ երկկողմ խաղաղ քննարկումները վերսկսելու քայլերի մասին։ Պետդեպից հայտնում էին, որ Բլինքենը ողջունել էր Փաշինյանի հանձնառությունը խաղաղության հարցում, եւ խորը մտահոգություն հայտնել Լաչինի միջանցքի շրջափակման հետեւանքով Լեռնային Ղարաբաղի վատթարացող հումանիտար իրավիճակի վերաբերյալ։ Նա նաեւ վերահաստատել էր ԱՄՆ հանձնառությունը տեւական խաղաղության հասնելուն միտված ջանքերին աջակցելու հարցում։ Փաշինյանն էլ իր հերթին նշել էր, որ Լաչինի միջանցքի արգելափակմամբ Ադրբեջանը հերթական անգամ դիմում է սադրիչ գործողության եւ փաստացի խախտում 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունը:
Հարավային Կովկասում համագործակցության մեծացման անհրաժեշտությունն էլ նշվել էր թուրք-ամերիկյան վերջին շփումներում: Երկու շաբաթ առաջ Վաշինգտոնում այցով գտնվող Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն բանակցություններ էր վարել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։ Նրանք քննարկել էին երկկողմ հարաբերությունների ողջ օրակարգը, ինչպես նաեւ կարծիքներ փոխանակել տարածաշրջանային թեմաների վերաբերյալ։ Հանդիպման արդյունքում կողմերը հանդես են եկել հանդիպման մասին համատեղ հայտարարությամբ, որում մասնավորապես, ասվում էր, որ Բլինքենը ու Չավուշօղլուն ծավալուն երկխոսություն վարեցին երկկողմ համագործակցության լայն շրջանակի վերաբերյալ եւ ընդգծել են գործընկերության նշանակությունը՝ որպես ՆԱՏՕ-ի դաշնակիցներ: «Պետքարտուղար Բլինքենը եւ նախարար Չավուշօղլուն վերահաստատել են իրենց հանձնառությունը հստակ եւ արդյունքների վրա հիմնված երկկողմանի դրական օրակարգին։ Նրանք քննարկել են ԱՄՆ-Թուրքիա պաշտպանական գործընկերության ամրապնդումը, ներառյալ Թուրքիայի F-16 ռազմական ինքնաթիռների արդիականացումը: Պետքարտուղար Բլինքենը եւ նախարար Չավուշօղլուն ընդգծել են իրենց միանշանակ աջակցությունը Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը Ռուսաստանի անընդունելի պատերազմի դեմ եւ վերահաստատել իրենց աջակցությունը պատերազմի դադարեցման համար կարգավորմանը հասնելուն։ Միացյալ Նահանգները շնորհակալություն հայտնեց Թուրքիային իր դերի համար՝ սեւծովյան հացահատիկի արտահանման նախաձեռնությանը միջնորդելու համար: Պետքարտուղար Բլինքենը եւ նախարար Չավուշօղլուն որոշել են ընդլայնել համակարգումը եւ համագործակցությունը Հարավային Կովկասում խաղաղության հաստատման համար»։
Մի շարք խնդիրների քննարկումների հետ միասին Բլինքենը եւ Չավուշօղլուն բարձր էին գնահատել ԱՄՆ-Թուրքիա երկկողմ առեւտրային հարաբերությունների շարունակական աճը։ «Նրանք վերահաստատեցին տնտեսական համագործակցության եւ գործող երկկողմանի դաշտի հենքի վրա տարածաշրջանային եւ համաշխարհային տնտեսական հնարավորություններին աջակցելու կարեւորությունը: Երկու կողմերն էլ հավանություն են տվել կլիմայի եւ էներգետիկայի շուրջ երկխոսությանը՝ էներգետիկ անվտանգության առաջխաղացման եւ ավելի մաքուր էներգիայի ապագայի անցման համար: Նրանք որոշել են շարունակել իրենց ներգրավվածությունը Ռազմավարական մեխանիզմի շրջանակում՝ առաջընթացին հետեւելու եւ իրենց դրական երկկողմ օրակարգը պահպանելու համար»,- նշվում էր ԱՄՆ-Թուրքիա համատեղ հայտարարության տեքստում:
Վաշինգտոնում կայացած բանակցություններից հետո հրավիրված մամլո ասուլիսում Թուրքիայի ԱԳ նախարարը հայտնեց, որ պետքարտուղար Բլինքենի հետ հանդիպմանը մտքեր են փոխանակել Կովկասի, Թուրքիա-Հայաստան, Ադրբեջան-Հայաստան կարգավորման գործընթացների մասին։ Չավուշօղլուն այնուհետեւ Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատանը հանդիպել էր Թուրքիայի քաղաքացիների հետ։ Նշելով, որ Թուրքիան ամրապնդում է հարաբերությունները թյուրքական աշխարհի հետ՝ Չավուշօղլուն խոսել էր նաեւ արեւելք-արեւմուտք միջին միջանցքի հարցում եռակողմ եւ քառակողմ՝ Թուրքիա-Ադրբեջան-Ղազախստան կամ Թուրքիա-Ադրբեջան-Ուզբեկստան մեխանիզմների մասին, որոնցում ներգրավված է նաեւ Վրաստանը։ «Հուսով եմ՝ Հայաստանն էլ կներգրավվի այս գործընթացում։ Այսինքն` խաղաղության ճանապարհին անկեղծ քայլեր կանի։ Վերջերս, ցավոք, բանակցությունների ուղղությամբ հետքայլեր նկատեցինք։ Այսօր Բլինքենն ասաց, որ Փաշինյանն անկեղծ է, սակայն դա ցանկանում ենք տեսնել ոչ միայն խոսքով, այլեւ գործով»,- նկատել էր Չավուշօղլուն՝ վերահաստատելով, որ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ կարգավորման գործընթաց կա։
Անցյալ շաբաթ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը ի պատասխան լրագրողի հարցին, կապված Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների հետ պետքարտուղար Բլինքենի վերջին հեռախոսազրույցների հետ, նշել էր, որ ԱՄՆ պետքարտուղարությունը հույս ունի, որ Երեւանի ու Բաքվի միջեւ կվերսկսվի ուղիղ երկխոսություն, որը կհանգեցնի այն հարցերի կարգավորմանը, որի շուրջ կողմերը շատ վաղուց ունեն տարաձայնություններ։ «Այդ երկխոսության միջոցով, հուսով ենք, հնարավոր կդառնա հասնել տեւական խաղաղության: Մենք շարունակում ենք անմիջական քննարկումներ ունենալ Հայաստանի եւ Ադրբեջանի հետ: Մենք դա անում ենք թե՛ երկկողմանի ձեւաչափով, թե՛ մեր գործընկերների հետ, թե՛ բազմակողմ կազմակերպությունների միջոցով: Անցյալ տարի նաեւ մի քանի անգամ առիթ ենք ունեցել կազմակերպել հանդիպումներ եռակողմ ձեւաչափով: Մենք շարունակելու ենք անել այն ամենն, ինչն ամենաարդյունավետն է այս բավականին սուր հարցերին լուծում տալու համար»,- ընդգծել է Փրայսը: Նա, մասնավորապես, շեշտել էր հետեւյալ հանդիպումները. «Մենք դա արեցինք Բլեր Հաուսում: Մենք դա արեցինք Նյու Յորքում: Իհարկե, վերջին շրջանում մենք հետընթացի ենք ականատես եղել, երբ խոսքը վերաբերում է Լեռնային Ղարաբաղին: Մենք ցանկանում ենք տեսնել, որ կառուցողական երկխոսությունը կվերադառնա հունի մեջ: Մենք պատրաստ ենք երկկողմանի համագործակցության. մենք պատրաստ ենք համագործակցել գործընկերների հետ, ԵԱՀԿ-ի հետ կամ, եթե եւ երբ տեղին է, եռակողմ ձեւով, ինչպես դա արել ենք նախկինում»:
Պատասխանելով մեկ այլ հարցին, թե արդյոք ԱՄՆ պետքարտուղարն ունի հստակ պատկերացում այս հարցում առկա վիճակի մասին՝ Նեդ Փրայսը նշել էր, որ ամերիկյան կողմը չափազանց լավ տիրապետում է իրավիճակին ու ունի տարբեր մտահոգություններ, որոնցից է Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված վիճակը։ «Մենք մտահոգված ենք, որ այնտեղ իրավիճակը վատթարանում է: Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացումը ոչ միայն պետքարտուղարի, այլեւ այս շենքի այլ աշխատողների ուշադրության կենտրոնում է։ Լաչինի միջանցքի երկայնքով սովորական կոմերցիոն եւ մասնավոր երթեւեկության շարունակական խոչընդոտումը հանգեցնում է սննդամթերքի, վառելիքի եւ դեղորայքի պակասի առաջացմանը միջանցքից կախված բնակչության համար, ինչպես նաեւ խաթարում է այստեղ առաջին անհրաժեշտության ապրանքների հիմնական մատակարարումները: Բնական գազի եւ այլ հիմնական կոմունալ ծառայությունների մատակարարման խափանումն էլ ավելի է սրում վատթարացող հումանիտար իրավիճակը: Մենք կոչ ենք անում լիովին վերականգնել ազատ տեղաշարժը միջանցքով, ներառյալ առեւտրային եւ մասնավոր երթեւեկության համար: Մենք կարծում ենք, որ անհրաժեշտ է լուծում գտնել այս փակուղուց, որը կապահովի այստեղ ապրող բնակչության անվտանգությունն ու բարեկեցությունը: Մենք հավատացած ենք, որ անհրաժեշտ է առաջ շարժվել բանակցությունների միջոցով եւ հավատարիմ ենք կայուն խաղաղությանն աջակցմանը»,- ասել է Նեդ Փրայսը:
Այսպես, Պետդեպն արձանագրելով, որ վերջին շրջանում տեսնում են հետընթաց, երբ խոսքը վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, այնուամենայնիվ, Հայաստան-Ադրբեջան ուղիղ բանակցությունների շարունակման կողմնակից են, եւ ըստ ամենայնի, այդ ուղղությամբ ջանքեր են գործադրում:
Ուշագրավ է, որ Վաշինգտոնը միեւնույն ժամանակ ընդգծելով, որ պատրաստ են երկկողմանի համագործակցության, այդուամենայնիվ շեշտեց, որ պատրաստ են համագործակցել գործընկերների հետ` նաեւ ԵԱՀԿ-ի շրջանակներում:
Ահա, Մոսկվայից եւ Վաշինգտոնից հնչած հայտարարությունների ֆոնին, հունվարի 28-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, թե Բաքուն եւ Երեւանը հարաբերությունների կարգավորման համար պետք է խաղաղության պայմանագիր ստորագրեն։ «Հայ-ադրբեջանական ղարաբաղյան հակամարտությունն ավարտվել է, այդ հակամարտությունն արդեն կարգավորվել է։ Ղարաբաղը մնում է Ադրբեջանի անբաժանելի մասը եւ միշտ կլինի այդպիսին», – պնդել է Ալիեւը Եգիպտոսի նախագահի հետ բանակցություններին հաջորդած ելույթում։ «Բայց խաղաղությունը դեռ ձեռք չի բերվել։ Խաղաղության պայմանագիրը, որը կստորագրվի Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ, կհանգեցնի խաղաղության ձեռքբերման։ Մենք մեր հստակ առաջարկներն արել ենք, եւ չնայած բոլոր տառապանքներին, բոլոր ավերածություններին, մենք դեռ հավատում ենք, որ խաղաղության պայմանագիր պետք է ստորագրվի։ Հակառակ դեպքում ռիսկերը մեր տարածաշրջանում կարող են մեծանալ», հավելել է նա։
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ, 01.02.2023


















































