Այս տարի լրանում է Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակման 30-ամյակը: Երեք տասնամյակ Թուրքիան, ի հեճուկս միջազգային իրավունքի եւ բարոյական ու մարդասիրական նորմերի, ոտնահարելով դրանք, փակ է պահում Հայաստանի Հանրապետության հետ սահմանը: Հաշվի առնելով, որ Թուրքիան բոլոր իրավիճակներում եղել ու մնում է Ադրբեջանի գլխավոր խորհրդատուն ու ստնտուն, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման պարագայում նույնպես այդ երկիրը «դաստիարակչական» իր գործն է անում փոքր եղբոր հանդեպ: Բնականաբար, դա չի բարձրաձայնվում կամ առայժմ չի բացահայտվում:
Արցախի շրջափակման մարաթոնի ֆոնին ի՞նչ սպասել Ադրբեջանից, որի կառավարման թելերը ձգվում են Թուրքիա: Սահմանը փակ պահելու թուրքական դասը լավ սերտել է նաեւ Ադրբեջանը: Որքան անատամ լինի միջազգային հանրության արձագանքը, այնքան երկար կշարունակվեն Արցախի եւ Հայաստանի շրջափակումները: Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը, հաշվի առնելով այնտեղ ստեղծված բացառիկ հումանիտար ճգնաժամը, չի կարող «ծածկել» Թուրքիայի կողմից Հայաստանի շարունակվող շրջափակման փաստը: Ընդհակառակը, այն եւս մեկ առիթ է, ցավալի առիթ՝ հիշեցնելու միջազգային հանրությանը՝ Հաագայի դատարանում եւ նրա պատերից դուրս, որ 30 տարի շարունակվում է կրկին թյուրքալեզու մի երկրի կողմից մեկ այլ երկրի՝ հայկական պետության՝ Հայաստանի շրջափակումը:
Գագիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:


















































