Ասում է արձակագիր Արփինե այգը
– «Ես գրող չեմ, բայց գրքեր շատ կունենամ»,- Արփինե այգ, մի առիթով այսպես ես արտահայտվել։ Բայց արդեն երկու գրքի հեղինակ ես եւ ինձ հետաքրքրում է` ի՞նչն է խանգարում գրողի տիտղոսը կրելուն, թե՞ մեծամասամբ հիասթափությունն է այն բանի հետ կապված, որ այսօր բոլորը գրող են ներկայանում։
– Եթե մի ժամանակ խիստ կենտրոնացած էի այդ տիտղոսը կրել-չկրելու վրա, հիմա այդքան էլ էական չէ ինձ համար։ Նաեւ գաղտնիք չէ, որ հաճախ կարող եմ ինքս ինձ հակասել, ոնց ասում է Չարենցը՝ եւ ամեն վայրկյան նա այլ է։ Միայն կասեմ, որ այն ստանդարտները, որոնց մեջ, հատկապես մեր երկրում, ամփոփված են գրող համարվելու կանոնները, իմը չեն։ Ես ինձ վեր չեմ դասում, բայց այդ ամենից դուրս եմ զգում, թեկուզեւ՝ պակաս։
Գրքեր կունենամ այնքան, քանի դեռ ասելիք ունեմ եւ դա անելու հնարավորություն, իսկ ասելիքս շատ է, որովհետեւ կյանքիս փորձն ապրածս տարիներից մի քանի անգամ մեծ է։ Նպատակս կենտրոնացրել եմ այդ փորձից քաղած դասերով լուսավորել մարդկանց, նրանց գիտակցական մակարդակում իմ գրածով լուրջ ներդրում ունենալ, ինչն ինձ ամեն օր ավելի շատ է հաջողվում։ Իմ ստեղծագործելը շնորհակալությունն է Աստծուն, ով ինձ տվել է այդ միտքը, վերարտադրման տաղանդը։ Իմ՝ մարդկությանը ծառայելու միջոցը ստեղծագործելն է։ Իսկ ես գրող եմ, թե գրող ու սեւ ցավ, թող որոշեն իմ սիրելի ընթերցողները։
Կարդացեք նաև
– Խոսենք քո «Սատանան կին է` Վեներայից» վեպից։ Սատանան իրո՞ք կին է։
– Մի հետաքրքիր բան կա. շատերը գրքիս վերնագիրը հակառակ են ասում՝ թե կինը սատանա է։ Առիթից օգտվելով հստակեցնեմ, որ հենց սատանա՛ն է կին, իսկ ամեն կին չի կարող սատանա լինել։ Սատանան անկասկած կին է, կին ոչ թե սեռով պայմանավորված, այլ ընտրությունից ելնելով, չէ՞ որ կին լինելը ընտրություն է, անչափ բարդ ընտրություն։ Եվ ինչպես սատանային, այնպես էլ իմ ստեղծած սատանայական կնոջը երբեք ու ոչ ոք չի կարողանում ոչ ճանաչել, ոչ հասկանալ, ոչ իսկապես սիրել, ոչ էլ բացահայտել։ Նրանք ժամանակից առաջ ընկած կանայք են, վեր են սովորական մարդկային գիտակցումից։ Նրանք տեսակ են, որը ծնվում է մի քանի դարը մեկ ու չի մահանում երբեք, քանի որ նրանց չեն մոռանում։
– Սիրո՞ւմ ես մարմնավորել քո ստեղծած գրական հերոսին։
– Շատ եմ սիրում։ Ես լիարժեք վերապրում եմ կերպարի տեսակը, որին ստեղծում եմ, եթե անգամ հերոսը տղամարդ է։ Այն հոգեվիճակը, որ ունենում եմ նրանց ստեղծելիս, ինձ մոտ շատ երկար է պահպանվում։ Բացի դա, չմոռանանք, որ իմ բոլոր կերպարների մեջ թողնում եմ իմ մասնիկները։
– «Լռությունը ինքնասպան եղած բառերն են. ոչ ներում կա, ոչ՝ վերադարձ»,- սա մեջբերում է քո վեպից։ Այսօրվա լռության մասին ինչ կասես…
– Լռելը փաստում է այն մասին, որ մարդը սովորել է ճիշտ խոսել։ Լռությունը հնարավորություն է մտածելու, իսկ մտածելն այն բարդ ու պատասխանատու աշխատանքներից է, որից խուսափում է բոլոր ժամանակների մարդը։ Երբ մարդը սովորում է լռել, նրա ներսում տառապանքն ու ցավը աճեցնում են վերին գիտակցության պտուղներ, հենց որոնք էլ դառնում են դեպի լույսը տանող ուղղորդիչները։
Այսօր մարդիկ լուռ չեն, այլ անտարբեր են, դրանք հաճախ են շփոթում իրար հետ։ Իսկ եթե հանկարծ մի պահ լռեն, կլսեն այն ճիչը, որով օգնության է կանչում իրական լռությունը։ Ու գուցե այդժամ ինչ-որ հրաշքով այս համատարած քաոսից կգտնեն ելքը, կտեսնեն լույսը։
– Ի՞նչ նորություններ են սպասվում առաջիկայում։
– Երրորդ գիրքս մեկ տարուց ավել իմ տառապանքի արդյունքում արդեն պատրաստ է, այս պահին խմբագրման փուլում է։ Այս գիրքը բառիս բոլոր իմաստներով ինձ համար տառապանք է եղել, անկեղծ կասեմ, որ արդեն շտապում եմ հանձնել ընթերցողին եւ «ազատվել»։ Ինչպես նաեւ սկսել եմ աշխատանքներս չորրորդ գրքի վրա։ «00:01»-ը ոչ այնքան գրքի վերնագիրն է, որքան իմաստը։ Այս թվերը խորհրդանշում են սկիզբը, որը անվերջ է, ցանկացած դեպքում ամեն պահը սկիզբ է, ամեն ավարտ՝ առավել եւս։
Նոր գրքիս նպատակն է կանանց հիշեցնել կամ ցույց տալ իրենց իրական տեղն ու դերը աշխարհում։ Չէ՞ որ ամեն օր ավելի շատ է խեղաթյուրվում կին լինելու մասին ընկալումները, հատկապես գլոբալիստների ջանքերի արդյունքում։ Գրքի վերնագիրն է «Օգնիր ինձ մեռնել» եւ, որքան էլ տարօրինակ թվա, այդ օգնությունը խիստ անհրաժեշտ է այսօրվա կնոջը, իսկ թե ինչու, կհասկանան գիրքը կարդալուց հետո։
Զրուցեց
Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
02.03.202


















































