Լրահոս
Օրվա լրահոսը

Անհեթեթություններով սնվելու ժամանակը

Ապրիլ 04,2023 10:00

Այս լուսանկարում Տեղ գյուղի ցուցանակն է, իսկ ճանապարհից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա՝ ՀՀ տարածքում, ադրբեջանցիների նոր դիրքերն են, որոնցում նրանք տեղակայվել են առանց որեւէ կրակոցի, մի քանի օր առաջ: Կարելի է հատորներ գրել նախկինների, ռուսների, «5-րդ շարասյան» կամ «11 հազար դասալիքների» մեղավորության մասին: Կարելի է այդ թեմայով խոսել 24 ժամ, բոլոր եթերներով: Միեւնույն է, փաստացի վիճակը դա չի փոխի՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքով անցնող ճանապարհը գտնվում է թշնամու ուղիղ նշանառության տակ:

Ավելին՝ եթե այդ դիրքերից ադրբեջանցի զինվորներն իջնեն եւ կանգնեն հենց ճանապարհին, ապա շատ հավանական է, որ «խաղաղության օրակարգին» հավատարիմ մեր իշխանությունները դրան որեւէ ձեւով չեն խոչընդոտի: Եվ որպես նման քաղաքականության արդարացում՝ ՔՊ-ականները կհիշեն 1990-ականներին կամ 2000-ականներին տեղի ունեցած այս կամ այն իրադարձությունները: Իսկ «արեւմտամետ» ՀԿ-ականները կասեն, որ Ադրբեջանի հերթական առաջխաղացումը հովանավորում է անձամբ Պուտինը:

Խնդիրն այն չէ, թե ով ինչ է ասելու: Այլ այն, որ այդ բացատրությունները կամ արդարացումները միանգամայն ընդունելի կլինեն ՀՀ քաղաքացիների մեծամասնության համար: Խնդիրը, հետեւաբար, պատերազմում պարտվելը չի՝ չկա աշխարհում որեւէ ազգ, որի պատմությունը բաղկացած լինի միայն հաղթանակներից: Խնդիրն այն է, որ մեր հասարակությունը կորցրել է իրականության զգացումը: Այսինքն, եթե վաղը կառավարության նիստում վարչապետն ասի՝ «ոչինչ, որ ադրբեջանցիները Չարբախում են, Արաբկիր համայնքը հո՞ մերն է, եւ մեր կառավարությունն ամեն ինչ անում է, որ այդ համայնքում մեր հպարտ քաղաքացիները կառուցեն ժողովրդավարական եւ բարեկեցիկ պետություն», դա չի ընկալվի որպես կատարյալ անհեթեթություն: Եվ խոսքն այստեղ ոչ թե հայրենասիրության բացակայության մասին է, այլ՝ տրամաբանական լուրջ շեղումների մասին:

Պահանջարկն է ստեղծում առաջարկ: Ցանկացած երկրում ցանկացած քաղաքական գործիչ անհեթեթություններ կխոսի այնքան ժամանակ, որքան կկարողանա դրանք «կերցնել»: Այնպես որ՝ պետք է բուժել մարդկանց ուղեղները:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Սահակ Հակոբյան says:

    Հարգռլի պարոն Աբրահամյան։
    Իհարկե անհրաժեշտ է բուժել, սակայն բուժման համար պետք է հիվանդն ընդունի այդ բուժման անհրաժեշտությունը։
    Տարիներ շարունակ մարդկանց ուղեղն լցրել են, որ իրենց տան ծորակի չաշխատելու մեղավորը ռոբասերժականներն են։ Հետևաբար բուժումը պետք է սկսել նրանից, որ այդ նարատիվ տարածողները դուրս գան հրապարակ և մեղանչեն, հստակ մարդկանց ասելով որ 2018 թվականի ապրիլը ողբերգություն էր հայոց պետականության համար։
    Մինչև մարդկանց ուղեղին դա չհասնի, բուժումն անհնար է

  2. Լավատես says:

    Քաղպաշտպանությունը այսօրվա հրամայականն է, իշխանությունընդդիմություն կոչվածները դրանով չեն զբաղվում, մնում է հասարակական հիմունքներով կառուցենք քաղաքացիների պաշտպանության համակարգը, դրա համար մեզ պետք են բանակաշինության մասնագետներ, ովքեր ընտանիքներից վաշտեր կկազմեն, համայնքներից՝ գնդեր, երբ ռազմադաշտում կռվող զինվորը հանգիստ է, որ թիկունքում իր ընտանիքն ու գյուղը, համայնքը ապահով է, նա առավելագույնս լիարժեք կծառայի իր պետությանն ու ազգին: Բնական է, դրսում մնացողներն էլ պետք է ապահովեն հայրենադարձների ու տեղի ժողովրդի արդյունավետ քաղպաշտպանության համակարգ ստեղծելը: Փրկենք մեզ, որ կարողանանք փրկել եւ մյուս ժողովուրդներին՝ բոլորս էլ մի նավակում ենք:

  3. Nimar says:

    Կարևոր չէ, թե ինչ են մտածում ՔՊ-ականները կամ այլ «քաղաքական գործիչներն ու կուսակցությունները»։ Պարզապես պետք է հասկանալ մի պարզ ճշմարտություն՝ ինչ ցանենք, այն էլ կհնձենք։ Եվ մի զարմացեք, որ վաղ թե ուշ ճոճանակը ստիպված էր
    ճոճվել հակառակ ուղղությամբ։ Եվ սա պետք էր հիշել՝ լինելով Աղդամի կողքին։
    Պետք է վճարել ամեն ինչի համար, և որքան երկար է ուշացվում վճարումը, այնքան բարձր է տոկոսը:

  4. Ալֆրեդ says:

    Ես կարծում եմ ժողովուրդը մինչև 18թիվն էլ նույնն էր, ուղղակի էն ժամանակ կազմակերպիչներ ու ֆինանսավորողներ կային բողոքների համար

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930