Լրահոս
Օրվա լրահոսը

Դիահերձումներ իրականացնելու համար լիցենզիա ստացած անձանց գործունեության ազատությունը համապատասխանո՞ւմ է հիմնական իրավունքին

Մայիս 05,2023 13:30 Share

Սահմանադրական դատարանը ապրիլի 25-ին գրավոր ընթացակարգով քննեց եւ հրապարակեց «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա`«Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքի 41-րդ  հոդվածի  3-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով որոշումը: Մարդու իրավունքների պաշտպանի դիմումը մուտքագրվել էր 2022 թվականի նոյեմբերի 4-ին:

ՍԴ-ի համար պարզաբանման ենթակա էր հետեւյալ հարցը՝  արդյոք վիճարկվող իրավակարգավորմամբ ախտաբանաանատոմիական դիահերձումներ իրականացնելու համար լիցենզիա ստացած անձանց Սահմանադրությամբ երաշխավորված տնտեսական գործունեության ազատության, ինչպես նաեւ սեփականության իրավունքի սահմանափակումը համապատասխանո՞ւմ է հիմնական իրավունքին՝ ազատությանն իրավաչափ միջամտության սահմանադրաիրավական չափանիշներին: Ըստ որոշման նկարագրական մասի, Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարել վիճարկվող օրինադրույթի սահմանադրականությունը գնահատել, մասնավորապես, Սահմանադրության 59-60-րդ հոդվածներին, ինչպես նաեւ 78-րդ հոդվածին համապատասխանության առումով:

Դիմող ՄԻՊ-ի դիմումի համաձայն՝ «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» 2022 թվականի մարտի 4-ի թիվ ՀՕ-45-Ն օրենքով ոչ իրավաչափ միջամտություն է տեղի ունեցել համապատասխան  իրավահարաբերությունների մասնակիցների տնտեսական գործունեության եւ սեփականության իրավունքներին. վիճարկվող կարգավորումը զուրկ է իրավական որոշակիությունից եւ դրա կիրառումը գործնականում հանգեցրել է համապատասխան իրավահարաբերությունների մասնակիցների իրավական վիճակը վատթարացնող իրավական ակտի հետադարձ ուժով կիրառման արգելքի, ինչպես նաեւ պատշաճ վարչարարության իրավունքի խախտման. «Կատարված փոփոխությունների արդյունքում որոշակի գործունեության իրականացման համար լիցենզիա ստացած տնտեսվարող սուբյեկտներ փաստացի զրկվում են այդ գործունեությամբ զբաղվելու իրավունքից, ինչի արդյունքում սահմանափակվում է վերջիններիս տնտեսական գործունեությամբ զբաղվելու եւ սեփականության իրավունքը»:

Մարդու իրավունքների պաշտպանը ուշադրություն էր հրավիրել կատարված փոփոխությունների արդյունքի վրա, որի համաձայն սահմանափակվել է անձանց ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունքը, ինչն իր հերթին հանգեցրել է սեփականության իրավունքի խախտման. խախտվում է պատշաճ վարչարարության իրավունքը, տարածվում են նաեւ մինչեւ փոփոխության կատարումը ձեռք բերված իրավունքների նկատմամբ, այդպիսով վատթարացնելով ախտաբանաանատոմիական դիահերձումների իրականացման համար անհրաժեշտ համապատասխան լիցենզիա ստացած սուբյեկտների որոշակի խմբի իրավական կարգավիճակը: Դիմումատուն նշել էր նաեւ կատարված փոփոխության արդյունքում խտրական մոտեցման մասին, միատեսակ գործունեություն իրականացնող սուբյեկտների նկատմամբ ըստ նրա, առկա էր խտրական մոտեցում, առանց տարբերակման, առանց որեւէ հիմնավորման. «Միաժամանակ, նման խտրական կարգավորման արդյունքում փաստացի պետական կառավարման համակարգի մարմինների ենթակայությամբ գործող կազմակերպությունների դեպքում սահմանվել է պետական մենաշնորհ, առանց անդրադառնալու նման մենաշնորհի սահմանման նպատակին, տեսակներին եւ դրա թույլատրելի չափերին»:

Սահմանադրական դատարանն արձանագրել էր, «Գործող իրավակարգավորումներով սահմանված պահանջի լույսի ներքո ախտաբանաանատոմիական դիահերձումներ իրականացնելու համար լիցենզավորված անձինք, որոնք տվյալ տեսակի գործունեությունը մինչեւ օրենքի վիճարկվող իրավակարգավորման ուժի մեջ մտնելն իրականացրել են հիվանդանոցային պայմաններից դուրս, այսինքն՝ արտահիվանդանոցային պայմաններում, օրենքի վիճարկվող իրավակարգավորման ուժի մեջ մտնելուց հետո իրենց գործունեությունը պետք է համապատասխանեցնեն գործող իրավակարգավորումներին. հակառակ դեպքում՝ համապատասխան գործունեություն իրականացնելու համար լիցենզավորված անձինք չեն կարողանա իրականացնել ախտաբանաանատոմիական դիահերձումներ՝ արտահիվանդանոցային պայմաններում»: Ըստ ՍԴ-ի՝ «Առկա է միջամտություն ախտաբանաանատոմիական դիահերձումներ իրականացնելու համար լիցենզիա ստացած անձանց տնտեսական գործունեության ազատությանը, ինչպես նաեւ սեփականության իրավունքին»:

Անդրադառնալով դիմողի այն դիրքորոշմանը, որ վիճարկվող իրավակարգավորումը կարող է դիտարկվել որպես Սահմանադրության 29-րդ հոդվածով ամրագրված խտրականության արգելքի սկզբունքի խախտում՝ Սահմանադրական դատարանը փաստել է, որ «Լիցենզավորման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան՝ միեւնույն տեսակի լիցենզիա ստացած լիցենզավորված անձանց համար պետք է նախատեսվեն միանման պահանջներ եւ պայմաններ:

Սահմանադրական դատարանն անդրադառնալով ախտաբանաանատոմիական դիահերձումներ իրականացնելու օրենսդրական նոր կարգավորումների՝ պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից վեց ամիս հետո ուժի մեջ մտնելու հարցին, գտնում է, որ այդ առնչությամբ օրենսդրի այսպիսի մոտեցումը բխել է տնտեսական գործունեության ազատության եւ տնտեսական մրցակցության երաշխավորման՝ պետության պոզիտիվ պարտականությունից, որի նպատակն է եղել վեցամսյա ժամկետ սահմանելու միջոցով, մի կողմից՝ հնարավորինս մեղմել ախտաբանաանատոմիական դիահերձումներ իրականացնելու լիցենզիա ունեցողների համար առաջացող բացասական հետեւանքները, մյուս կողմից՝ վերջիններիս հնարավորություն ընձեռել իրենց գործունեությունն համապատասխանեցնելու օրենսդրական նոր կարգավորումներին։

Գործով որպես պատասխանող կողմ ներգրավված էր Ազգային ժողովի ներկայացուցիչը՝ Ազգային ժողովի աշխատակազմի իրավական ապահովման եւ սպասարկման բաժնի պետ Մ. Ստեփանյանը:

ՍԴ-ն հղում էր կատարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանին: «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածով ամրագրված՝ իր գույքից անարգել օգտվելու իրավունքի իմաստով գույք է համարվում ոչ միայն գոյություն ունեցող նյութական միջոցը, այլեւ նյութական միջոցը ձեռք բերելու լեգիտիմ ակնկալիքը»: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նշել է, որ «գույքը» կարող է լինել «գոյություն ունեցող սեփականությունը» կամ «ակտիվները», ներառյալ` պահանջները, որոնց առնչությամբ դիմումատուն կարող է վիճարկել, որ առնվազն ունի սեփականության իրավունքից անարգել օգտվելուց «իրավաչափ ակնկալիք»……Սահմանադրական դատարանը սահմանադրաիրավական վեճի լուծման համար կարեւոր էր համարել անդրադառնալ ախտաբանաանատոմիական դիահերձումներ իրականացնելու նպատակով լիցենզիա ստացած անձանց համապատասխան գործունեության իրականացմանը միջամտության հիմնախնդրին՝ տնտեսական գործունեության ազատության, ինչպես նաեւ սեփականության իրավունքի համատեքստում:

«Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասը համապատասխանում էր Սահմանադրությանը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
04.05.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031