Երկօրյա պաշտոնական այցով Չեխիայի հանրապետությունում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպել է Չեխիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպման սկզբում Նիկոլ Փաշինյանն ասաց, որ բովանդակային հանդիպումներ են ունեցել այցի ընթացքում, կարողացել են հայկական կողմի տեսակետներն ավելի հասկանալի դարձնել Չեխիայի մեր գործընկերների համար, լսել նրանց ընկալումները՝ մեր տարածաշրջանի եւ մեր երկրում տիրող իրավիճակի համար:
Հայ համայնքի ներկայացուցիչ Վահագն Գասպարյանը Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք ՀՀ-ն պատրաստ է նոր պատերազմի, արդյո՞ք ուսումնասիրվել են 44-օրյա պատերազմի եւ ռուս-ուկրաինական պատերազմի փորձը, Երեւանի ռմբապաստարանները պատրաստության բերվե՞լ են, ՀՀ մյուս քաղաքները պատրա՞ստ են ընդունել տեղահանվածների՝ Սյունիքից, Արցախից եւ ինքը Նիկոլ Փաշինյանը, որպես երկրի գերագույն հրամանատար, պատրա՞ստ է հոգեպես, անձնապես, կամքով՝ պատերազմում հաղթելու:
Նիկոլ Փաշինյանը հակադարձեց՝ չպետք է հրապարակային քննարկենք անվտանգության ոլորտին վերաբերվող շատ հարցեր: Ապա խոսեց իրադրությունը կառավարելու մասին՝ նկատելով, որ «եթե որեւէ երկրում կա բանակ, այդ բանակի խնդիրը պատերազմին պատրաստվելն է»: Ու հավելեց, որ փորձը ցույց է տալիս, հաճախ այդպես չի լինում եւ տպավորություն է, թե բանակները տասնյակ տարիներով պատրաստվել են պատերազմի, բայց, իրականում, ոչ ոք պատրաստ չէ պատերազմի. հակառակ դեպքում, իրադարձություններն այլ սցենարով կընթանային:
Ընդհանուր առմամբ, Նիկոլ Փաշինյանն այն կարծիքին է, որ աշխարհում գոյություն ունեցող երկրների 70 տոկոսն իրենց անվտանգությունն ինքնուրույն չեն կարող ապահովել: Ավելին, նման երկրները կարող են մատների վրա հաշվել, ուստի, ինքը կարծում է, որ «մենք պետք է կառավարենք պատերազմի հնարավորությունը», քանի որ ակնհայտ է՝ մեր միջավայրում կան ուժեր, որոնց ցանկանում են առնվազն, որպես պետություն, մեզ ոչնչացնել ու մեր «առաջին ռեակցիան պիտի լինի այդ ցանկությունը կառավարել»:
Կարդացեք նաև
Պատերազմին պատրաստվելու տրամաբանությունը նա տեսնում է այդ ցանկությունը կառավարելու մեջ: Նա բացատրեց նաեւ, թե 2020-ին ինչո՞ւ չկարողացան կառավարել պատերազմի իրադրությունը. «Որովհետեւ, դրա համար պետք է անեինք մի շարք արձանագրումներ, որոնք որեւէ կերպ չէինք կարող անել: Գուցե շատ խելացի եւ իմաստուն կլիներ այդ արձանագրումներն անել, բայց գործնականում դա հնարավոր չէր լինի: Ես այդ թեմայի մասին շատ եմ մտածել. կան գործոններ, որոնց մասին խոսել եմ, կան գործոններ, որոնց մասին առաջիկայում կխոսեմ, կան գործոններ, որոնց մասին պատմաբանները կխոսեն: Բայց իրականում, այս նոր ժամանակաշրջանի էությունն ի՞նչ է, որ մենք ինքներս մեզ հետ պետք է առերեսվենք՝ մեր պատկերացումների, ընկալումների, անվտանգային համակարգերի, որ մենք տեսանք ՀԱՊԿ-ի անգործությունը 2021, 2022 թվականներին: Ընդ որում, պետք է հնարավորինս ոչ էմոցիոնալ ձեւով առերեսվեինք՝ հասկանայինք, թե ի՞նչ է տեղի ունենում եւ ինչո՞ւ, ո՞րը պետք է լինի մեր ռեակցիան»:
Նա չցանկացավ օգտագործել՝ «պատերազմին պատրաստ լինել» տերմինը, բայց հայտարարեց, որ ՀՀ-ն տնտեսական, ենթակառուցվածքային առումով այսօր զարգանում է, ինչը շատ կարեւոր է անվտանգության առումով, բայց միայն ռեսուրսները բավարար չեն անվտանգության առումով: Կրկնեց՝ իր իշխանության օրոք չի եղել մի ծրագիր, որը չիրականացվի ռեսուրսների բացակայության պատճառով. «Թվում է թե՝ փող լինի, ինչ ուզենաս՝ կանես, բայց երբ փողը լինում է, տեսնում ես՝ էնպես չի, որ փողը կա՝ ինչ ուզես՝ կանես. էնքան լրացուցիչ բարդությունների հետ է կապված, որ դժվար է պատկերացնել»:
Ամեն դեպքում, Նիկոլ Փաշինյանը պնդեց՝ պետությունը ցանկացած պահի պետք է պատրաստ լինի պատերազմի, բայց փորձը ցույց է տալիս, որ դա միշտ չի, որ հնարավոր է լինում իրականացնել: Իր պնդմամբ՝ ՀՀ բյուջեն այսօր կարողանում է բավարարել բանակի կարիքները, բայց դա չի նշանակում, որ բանակի կարիքները լիարժեքորեն բավարարվում են, որովհետեւ փողն անհրաժեշտ, բայց բավարար պայման չէ:
Ինչ մնում է՝ իր՝ իբրեւ գերագույն հրամանատարի պատրաստ լինելուն էլ ասաց, որ եթե պատասխանի, որ պատրաստ է պատերազմի, դա ռազմաքաղաքական իրավիճակի վրա ազդեցություն կունենա, ուստի, հայտարարում է, որ պատրաստ է խաղաղության. «Պետք է հասկանալ՝ ի՞նչ է նշանակում հոգեբանորեն պատրաստ լինել պատերազմի, որովհետեւ մարդը էմոցիոնալ էակ է, ինչ-որ պահի կարող է պատրաստ լինի, ինչ-որ պահի՝ ոչ, հետո, նորից վերակենդանանալ եւ այսպես շարունակ։ Ես վերջերս մի անգամ էլ եմ ասել, խոսքը կառավարության եւ քրիստոնեության հարաբերությունների մասին է եւ իմ ասածի մեջ չափազանցություն չկա. մենք ամեն օր մեռնում ենք եւ ամեն օր հարություն ենք առնում եւ կարող եմ ասել, որ վերջին հինգ տարիներին հարյուրավոր անգամներ մահացել եմ եւ հարյուրավոր անգամներ հարություն առել՝ ի մեռելոց, եթե շատ բան չհնչի, հիմա էլ չասեն՝ թե ինքս ինձ աստվածացնում եմ. բայց հակառակ իմաստով եմ ասում, մարդկային իմաստով»։
Ավելի ուշ Նիկոլ Փաշինյանը կրկին անդրադարձավ այդ հարցին՝ հավելելով, որ երբ Գերմանիան հարձակվել է Ռուսաստանի վրա, երկար ժամանակ Ռուսաստանի ղեկավար Իոսիֆ Ստալինի գտնվելու վայրը չեն իմացել. «Բոլորս հետահայաց այն պատկերացումն ունենք, որ Ստալինը հոգեբանորեն ամենապատրաստված վիճակում էր իր բնույթով եւ այլնով։ Երբ որ փնտրում են, իրեն գտնում են կեցավայրում՝ հատակին, բերանքսիվայր պառկած։ Սկզբում մտածում են, որ վատացել է, մահացել է, անշարժ վիճակում պառկած էր: Մանրամասները չեմ պատմում՝ ինչքան ժամանակ մտածում էին՝ ներս մտնել, թե՝ ոչ։ Վերջը պարզվել է, որ ողջ-առողջ է, բայց պատերազմը սկսելու լուրը քանդել է իրեն, որովհետեւ նոր պայմանագիր էր ստորագրել եւ իր ամբողջ հաշվարկն այն էր, որ պատերազմ Գերմանիայի հետ չի լինելու։ Ըստ վկայությունների՝ նա երեք օր բերանքսիվայր պառկած է եղել մինչեւ համոզել են, որ եթե դու ես այդ վիճակում, բա մենք ի՞նչ վիճակում ենք, վեր կաց, ինչ-որ մի բան պետք է անեն»։
Նիկոլ Փաշինյանը նկատի ունի, որ գեղեցիկ են հնչում նախադասությունները, բայց կյանքն իր առանձնահատկություններն ունի:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ



















































