Լրահոս
Օրվա լրահոսը

«Չկա նման բան»․ քաղաքապետի թեկնածուն ժխտում է Ավինյանի պնդումը, թե կառուցապատողների մոտ փոշու պաշտպանիչ ցանցեր կան․ «Առերեսում»

Սեպտեմբեր 09,2023 09:00

Լայնածավալ կառուցապատման հետևանքով մայրաքաղաքում էականորեն աճել է օդի աղտոտվածության մակարդակը։ Երեւանի ավագանու ընտրություններում «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական ծրագրում դրույթ կա․ «Փոշու մակարդակի նվազեցման նպատակով առաջարկում ենք սահմանել կառուցապատման նոր նորմատիվ՝ շինհրապարակի սահմանազատում մանրաթելային պաշտպանիչ ցանցի միջոցով։ Յուրաքանչյուր շինարարություն ամբողջ ծավալով պետք է փակված լինի պաշտպանիչ ցանցով, իսկ դրա բացակայությունը՝ համարվի շինարարական նորմերի կոպիտ խախտում»։

Մինչդեռ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երեւանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանն ավելի վաղ պնդել էր․ «Սեպտեմբերի 1-ից դուք արդեն տարբեր կառուցապատողների մոտ կտեսնեք փոշու պաշտպանիչ ցանցերը։ Այդ ցանցերի պարտադրումը տեղի է ունեցել ավագանու որոշմամբ։ Եվ վերահսկողության լիազորությունը տրվել է մեր քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչությանը, որն ունենալու է հսկիչ սարքեր, որոնք տեղադրվելու են կառուցապատողի կողմից։ Այդ սարքերի միջոցով մենք օնլայն ռեժիմով կառուցապատման ընթացքում տեսնելու ենք փոշու մակարդակը»։ Ըստ Ավինյանի՝ որոշ կառուցապատողներ արդեն տուգանվում են, քանի որ չեն իրականացրել քաղաքապետարանի պահանջը։

«Առավոտի» «Առերեսում» հաղորդաշարին հյուրընկալված «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող՝ քաղաքապետի թեկնածու, Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանից հետաքրքրվեցինք՝ տեղյա՞կ է, որ այն, ինչ առաջարկել է ծրագրում՝ ըստ Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի, արդեն իսկ իրականացվում է։ «Սեպտեմբերի առաջին շաբաթն անցել է, մի բան էլ ավելին,– արձագանքեց պրն Խաժակյանը՝ պատասխան հարց ուղղելով, թե արդյոք այս ընթացքում քաղաքում տեսե՞լ ենք կառուցապատումներ, որ ծածկված լինեն պաշտպանիչ շերտով։– Չկա նման բան։ Այլ նորմեր են փոփոխվել, որոշ նորմեր խստացվել են ավագանու որոշմամբ դեռեւս մայիսին։ Բայց այդ նորմն ընդգրկված չի եղել այդ ժամանակահատվածում եւ հիմա էլ չկա»։

Հաղորդման մյուս հյուրը՝ Երեւանի ավագանու ընտրություններում Հայաստանի եվրոպական կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող, քաղաքապետի թեկնածու Տիգրան Խզմալյանը հավելեց․ «Ես դառը հեգնանք եմ այս ամեն ինչի մեջ տեսնում, որովհետեւ չեմ կարող լուրջ վերաբերվել մի կառույցի, որը մի ձեռքով (կամ նույն ձեռքով) թույլատրում է Երեւանի կենտրոնում (եւ ոչ միայն կենտրոնում) 30-40 մետրանոց փորվածքները. դրանք ծնվում են, ինչպես սնկերն անձրեւից հետո։ Բայց մյուս ձեռքով (կամ նույն ձեռքով) նույն սեղանի վրա փորձում են դա վերահսկել։ Դա կեղծավորություն է։ Դա կոգնիտիվ դիսոնանս է։ Եթե դուք չեք հասկանում, թե որտեղի՞ց է այդ փոշին, որի դեմ սկսում եք պայքարել․․․ Այսինքն՝ իրենք փոշի են ստեղծում, հետո սկսում դրա դեմ պայքարել։ Երեւանը 20-ական թվականներին անվանում էին «փոշու մայրաքաղաք»․ Թամանյանը կոնկրետ առնչվել էր այդ խնդրին եւ լուծել այն՝ Նորքի եւ Քանաքեռի բլուրները կանաչապատելով։ Իսկ ի՞նչ արեցինք մենք․․»։

Տիգրան Խզմալյանի գնահատականով՝ Երեւանը դարձյալ դարձել է «փոշու մայրաքաղաք»․ «Մենք 22-րդ ամոթալի տեղն ենք զբաղեցնում օդի աղտոտվածությամբ՝ Հնդկաստանի եւ Չինաստանի, Բանգլադեշի եւ Մալազիայի քաղաքներից հետո` Երևանն է։ Եվ դա ընդամենը 3-4 տարվա պատմություն է»։

 

Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930