Վ. Բրյուսովի անվան համալսարանում դասավանդելուց զրկված ԱԺ պատգամավոր Լիլիթ Գալստյանին խնդրեցինք մեկնաբանել բուհի Թարգմանության եւ միջմշակութային հաղորդակցման ֆակուլտետի դեկան Բելլա Մարգարյանի այն պնդումը, թե «քաղաքական ենթատեքստ չկա, եւ ինքն ընդամենն ասել է, որ դուք էլ երեւի հարցն առանց խորությամբ ուսումնասիրելու՝ ԱԺ ամբիոնից ցեխ էիք թափում մեր համալսարանի վրա, ինչն ինձ համար վիրավորական էր»:
Լիլիթ Գալստյանի ձեւակերպմամբ. «Դեկան Բելլա Մարգարյանն արդեն հրապարակային ինքնախոստովանական ցուցմունքով, գուցե չգիտակցելով, բացահայտում է իր բովանդակային և արժեքային սնանկությունը։
Նախ, արձանագրենք դեկանի լկտի սուտը, կասեի՝ զրպարտությունը։ Ինձ ընդամենը սեպտեմբերի 4-ին, լսարան մտնելու պահին է ամբիոնի վարիչը «ամոթով» տեղեկացրել (իր խոսքերն են), որ վերևներում որոշել են ինձ ժամեր չտալ։ Հետևաբար, լավագույն ցանկության դեպքում իսկ ԱԺ ամբիոնից չէի կարող այս թեմայով «ցեխ թափել»։ Սա անգամ տեսականորեն և տեխնիկապես էր անկարելի, որովհետև ԱԺ-ն դեռ նիստ չի գումարել։
Ինչ վերաբերում է առհասարակ «Առանց խորությամբ ուսումնասիրելու՝ ԱԺ ամբիոնից ցեխ թափելու» բառապաշար-գնահատականին, կարծում եմ տիկին Բելլան պարզապես անցնում է կոռեկտության ու իր լիազորությունների սահմանները՝ սեփական անբովանդակ պատկերացումների վրա դիրքորոշում ու կրթական քաղաքականություն ճշտելով։ Ըստ էության նա խոստովանում է, որ որոշման հիմքում ոչ թե բուհի հեղինակությունն է, ուսանողի շահը, հոգաբարձուների խորհրդի որոշումը, այլ իր անձնական վրեժխնդրությունն ու քաղաքական քիմքը․ փաստորեն «իր համար վիրավորական է» իմ քաղաքական գործունեությունը»:
Կարդացեք նաև
Լիլիթ Գալստյանն ընդգծեց. «Զազրելի է, եթե ոչ՝ տխուր, որ մտքի այս գոհարների հեղինակը երկար տարիներ վարչական պաշտոն է զբաղեցրել, սերունդ «կրթել», միջմշակութային հաղորդակցության ֆակուլտետ է ղեկավարում։ Նույն միտքը երկրորդ անգամ կրկնելն արդեն սոսկ կորսված էմոցիոնալ ինտելեկտի (emotional intelligence) նշան չէ, այլ՝ քաղաքացիական և իրավական գիտելիքների ողբերգական բացակայության։ Տիկին Բելլային և նրան առաջին պլան դուրս բերող բոլոր պատեհապաշտներին, բոլոր ռեժիմներում հարմարավետ տեղավորվող ծառայասերներին հիշեցնեմ ՀՀ սահմանադրության 94-րդ հոդվածը․ «Պատգամավորը ներկայացնում է ամբողջ ժողովրդին, կաշկանդված չէ հրամայական մանդատով, առաջնորդվում է իր խղճով և համոզմունքներով, և իմ քաղաքական հայացքներն ու սկզբունքները բելլաների կամ գյուրջինյանների ճաշակով պայմանավորված չեն։
Տիկին Բելլային և նրան առաջին պլան դուրս բերողներին հիշեցնեմ նաև ՀՀ սահմանադրության 33-րդ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի հանձնարարականի 27-րդ հոդվածում, ինչպես նաև միջազգային մի շարք պայմանագրերում տեղ գտած ակադեմիական ազատության իրավունքի ընկալումը, որը ներառում է «․․․քննարկումների ազատության, այդ թվում նաև՝ այն համակարգի կամ ինստիտուտի մասին, որում աշխատում են, ազատորեն կարծիք արտահայտելու ազատություն»։
Այնքան մերկապարանոց է 0.25 դրույքավճարն համալսարանի վրա իբրև բեռ ներկայացնելը։ Կարելի է կարծել, թե մարկեսյան հոնորար են հատկացրել։ Համատեղություն է, թե՝ ոչ, վարձատրությունը նույնն է»։
Ինչ վերաբերվում է Բրյուսովում տիրող իրավիճակի մասին անցնող նստաշրջանում արտահայտվելուն, այս մասին էլ մեր զրուցակիցը նշեց. «Խոսել եմ՝ պատգամավորի պաշտոնի հեղինակությունն ու պարտքն օգտագործելով ի շահ բուհի և ուսանողության։ Այո, խոսել եմ․ չէի կարող լռել, երբ ամիսներ շարունակ բուհում խաթարված էր կրթական գործընթացը, երբ մի շարք ընթացակարգերի և օրենքի կոպիտ խախտումով նախարարության կամայական որոշումով չհաստատվեց ռեկտորի ընտրված թեկնածուն ու ոստիկանների թանձր պաշտպանության ներքո բուհ ներխուժեց նախարարության տեղապահը։
Այո, հնչեցրել եմ բուհի հեղինակության, իրենց կրթվելու իրավունքի համար պայքարող ուսանողների և արժանապատիվ դասախոսների ձայնը, նախարարությունից կորզված ինչ-որ թղթից բացահայտել, որ Բրյուսով-Ֆիզկուլտ և Մանկավարժական ինստիտուտների միավորման հիմնավորում չկա, զարգացման տեսլական ու ծրագիր գոյություն չունի։ Իմ ջանքերն արդյունք են տվել․ արկածախնդրական այդ գործընթացը գոնե այս պահին կասեցված է։
Ճիշտ է, հիմա ինձ շատերն են ասում՝ «Իզուր էլ այդքան պայքարեցիր, գուցե՞ ճամբարափոխների երազանքն այդ միացյալ լաբիրինթում տարրալուծվելն էր»։ Չէ՜, իմ դիրքորոշումը՝ քաղաքական ու քաղաքացիական կեցվածքը, նեղ ճամբարային շահերով պայմանավորված չէ, սրա կամ նրա մարդկային ցածր որակները չեն կարող հիասթափեցնել ինձ։ Կարևորն իմ ուսանողների հրաշալի գնահատականն է․ այնքա՜ն ոգեշնչող, այնքա՜ն ապրեցնող։
Այս ամենն իմ մասին չէ, ոչ էլ ինչ-որ 0.25 դրույքաչափի մասին, այլ համատարած նողկալի բարքերի և բարոյապես ավարտվածների մասին է։ Եվ, բնականաբար, սա դեկանի «ինքնուրույն» որոշումը չէ»։
Մեր զրույցի ժամանակ անդրադարձ եղավ կրթական հաստատություններից իշխանություններից տարբերվող կարծիք ունեցողներին հեռացնելուն:
«Այնքան քստմնելի է․ թշնամու շնչառությունը հասել է Հանրապետության հրապարակ, իսկ էս ոչնչատեսիլները բուհերում և այլուր քաղաքական զտումով են զբաղված։ Անցյալ տարվանից են սկսել․ Էդգար Ղազարյան, Նաիրի Հոխիկյան, Արթուր Խաչատրյան, Արտակ Զաքարյան, Հայկ Մամիջանյան․․․ Հայաստանում տեսակային զտում է․․․
Եվ, այնուամենայնիվ, սրանք անցողիկ են, ու պիտի ամեն ինչ անել, որ հատկապես կրթական համակարգից արմատախիլ լինի պնակալեզությունն ու ռեժիմին ինքնամոռաց ծառայությունը»,-ասաց Լիլիթ Գալստյանը։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































