Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր պարոն Ժ. Չիչոյանին
Թիվ ԵԴ1/2407/01/24 քրեական գործով մեղադրյալ Տիգրան Դերմոյանի պաշտպան Արայիկ Պապիկյանից
Պաշտպանական ճառ
(եզրափակիչ ելույթ)
Դատարանն ավարտեց թիվ ԵԴ1/2407/01/24 քրեական գործի քննությունը, որով Տիգրան Դերմոյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով նախատեսված ենթադրյալ հանցանքները կատարելու համար։
Կարդացեք նաև
Հանրային մեղադրողը Դատարանին միջնորդեց պաշտպանյալիս մեղավոր ճանաչել և կայացնել մեղադրական վերդիկտ։
Գտնում եմ, որ մեղադրողի միջնորդությունը/պահանջը անհիմն է, պաշտպանյալիս առաջադրված մեղադրանքները որևէ կերպ չեն հիմնավորվել դատաքննության ժամանակ. դրանք ընդհանրապես երբեք չեն հիմնավորվել։ Մեղադրանքը նույնիսկ հիմնավոր կասկածի մակարդակով գոյություն չի ունեցել, հետևաբար չի կարող խոսք լինել պաշտպանյալիս քրեական պատասխանատվության ենթարկելու մասին։
Մինչ քրեական գործի ապացույցների կամ մեղադրանքի հիմնավորվածությանը, ավելի ստույգ՝ դրա բացակայությանը անդրադառնալը ցանկանում եմ նշել հետևյալը. դեռևս հիմնական դատալսումների մեկնարկին, մեր բացման խոսքի ժամանակ հայտարարեցինք, որ պաշտպանյալիս առաջադրված չէ այնպիսի մեղադրանք, որն ունի իրավական ու փաստական հասկանալի հիմքեր, մեղադրանքը հիմնված չէ փոխկապակցված հավաստի ապացույցների բավարար ամբողջության վրա, Տիգրան Դերմոյանին վերագրված մեղավորության մասին հետևությունները հիմնված են ենթադրությունների վրա, իսկ մեղադրական եզրակացությունը չի համապատասխանում քրեադատավարական օրենքի պահանջներին, ի հետևանք որի սահմանափակված է պաշտպանական կողմի արդյունավետ կերպով պաշտպանություն կառուցելու իրավունքն ու կողմերի դատավարական իրավահավասարությունը։
Մեր այս պնդումը հաստատվեց նաև դատաքննության ժամանակ. մեղադրանքի կողմը բացարձակապես որևէ ապացույց չներկայացրեց պաշտպանյալիս վերագրվող արարքները նրա կողմից կատարած լինելու մասին։
Պատվարժա՛ն Դատարան,
Պաշտպանյալիս մեղադրանքը ունի հետևյալ նկարագրությունը. «Տիգրան Գևորգի Դերմոյանը, (…) ազգային (ներազգային) արժանապատվությունը նվաստացնելու, անձանց խմբի նկատմամբ քաղաքական ղեկավարի անձով պայմանավորված քաղաքական հայացքներից ելնելով ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն քարոզելու նպատակով, թշնամանք հարուցելու դիտավորությամբ 2024 թվականի ապրիլի 24-ին՝ ժամը 15-ի սահմաններում քննությամբ չպարզված մի խումբ անձանց հետ գտնվելով «Ծիծեռնակաբերդ» հուշահամալիրում, նկատել է Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու համար ծաղիկներ խոնարհելու նպատակով անմար կրակին մոտեցող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջը՝ Աննա Հակոբյանին և նրա անչափահաս դստերը՝ Արփի Փաշինյանին։ Գիտակցելով նշված միջոցառման հանրային լինելու, հուշահամալիրը ինչպես զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներով, այնպես էլ հասարակության անդամներով լի լինելու փաստը և երկրի առաջին տիկնոջ այցը զանգվածային լրատվության միջոցներով ուղիղ հեռարձակվելու հանգամանքը՝ շուրջ 10 րոպե տևողությամբ հնչեցրել է հետևյալ հրապարակային վանկարկությունները. «Նիկոլ դավաճան», «Նիկոլ հողատու», «Նիկոլ ցեղասպան», «Նիկոլ թշնամի», «Նիկոլ թուրք», որոնք նույն պահին հեռարձակմամբ հրապարակվել են համացանցի «You Tube» տեսանախագծային կայքում, հետևյալ հղումով, «Panorama.am TV» ալիքով կայքերի սոցիալական ցանցերի էջերով՝ այդ կերպ իր դիտավորյալ գործողություններով, ընդհանրական բնույթ կրող և քաղաքական խմբին վերաբերելի հիշյալ ձևակերպումներով հրապարակայնորեն նվաստացնելով երկրի առաջին տիկնոջ և անչափահաս երեխային ինքնասիրությունն ու արժանապատվությունը, մտացածին գաղափարներով և հայացքներով ատելություն սերմանելով հայ ազգի շրջանում, ինչի արդյունքում ինչպես ներկա գտնվող հասարակության շրջանում, այնպես էլ զանգվածային լրատվության միջոցների և տեխնիկական միջոցի օգտագործմամբ հասարակության մոտ տարածել է ատելություն, խտրականություն, քաղաքական խմբի նկատմամբ անհանդուրժողականություն, թշնամանք հրահրելուն և քարոզելուն ուղղված հրապարակային խոսք։» (մեջբերումը մեղադրական եզրակացությունից է, ինչը համապատասխանում է 2024 թ. ապրիլի 26-ին Անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին Որոշմանը)։
Եվս մեկ անգամ ցանկանում եմ հնչեցնել հետևյալ հռետորական հարցերը՝
- Ինչ ապացույց (փաստ) բացահայտվեց դատաքննության ժամանակ, որով հաստատվում է, որ պաշտպանյալս հնչեցրել է «Նիկոլ դավաճան», «Նիկոլ հողատու», «Նիկոլ ցեղասպան», «Նիկոլ թշնամի», «Նիկոլ թուրք» հրապարակային վանկարկությունները։
- Ինչ փաստական ապացույցներ կամ հանգամանքներ ի հայտ եկան դատաքննության ժամանակ առ այն թե՝ պաշտպանյալս քաղաքական խմբին վերաբերելի հիշյալ ձևակերպումներով հրապարակայնորեն նվաստացրել է երկրի առաջին տիկնոջն ու անչափահաս երեխային ինքնասիրությունն ու արժանապատվությունը։ Ինչպես բացահայտվեց կամ պարզվեց, որ Աննա Հակոբյանի ու անչափահաս երեխային ինքնասիրությունն ու արժանապատվությունը հրապարակայնորեն նվաստացվել է։
- Այդ ինչպես է կարողացել պաշտպանյալս «շուրջ 10 րոպե տևողությամբ հնչեցրել է հետևյալ հրապարակային վանկարկությունները. «Նիկոլ դավաճան», «Նիկոլ հողատու», «Նիկոլ ցեղասպան», «Նիկոլ թշնամի», «Նիկոլ թուրք»», երբ ինքը՝ Դերմոյանը տեսանյութի մեջ երևում է 29 վայրկյան։
- Արդյոք դատաքննությամբ պարզվեց, որ պաշտպանյալիս հրապարակային վանկարկությունները մտացածին գաղափարներ են և ատելություն են սերմանել հայ ազգի շրջանում։ Եթե այո, ապա ինչպես է պարզվել, որ Հայ ազգի մոտ ատելություն է սերմանվել։
Այս հարցերը ինչպես նախաքննության ժամանակ, այնպես էլ դատաքննության ընթացքում որևէ պատասխան, առավել ևս իրավական, չեն ստացել քանի որ մեղադրանքն ինքը քաղաքական պատվեր է։
Պատվարժա՛ն Դատարան,
Մեր բացման խոսքի ժամանակ նաև հայտարարեցինք, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի ուժով Դատարանը պարտավոր է ապահովել կողմերի հավասարությունը և մրցակցությունը, իսկ նորմի 3-րդ մասի համաձայն՝ Դատարանը, պահպանելով անկողմնակալությունը, մեղադրանքի և պաշտպանության կողմերի համար ստեղծում է բոլոր ապացույցները ներկայացնելու և համակողմանի հետազոտելու համար անհրաժեշտ պայմաններ։ Թեև Դատարանը մեզ համար ապահովեց այդ հնարավորությունը, այդուհանդերձ մեզ համար չբացահայտվեց ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով մեղսագրվող արարքում «Նիկոլ թուրք» հրապարակային վանկարկությունից նվաստացված քաղաքական խումբը կամ այդ նույն վանկարկման միջոցով հայ ազգի շրջանում ատելություն սերմանելու փաստական հիմքը։
Պատվարժա՛ն Դատարան,
Պաշտպանյալիս մեղսագրվող արարքի հիմնավորման նպատակով հանրային մեղադրողը վկայակոչել է երկու ոստիկանի ցուցմունքներ և մեկ տեսանյութ։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ տեխնիկական միջոցներով ստացված ապացույցները, սույն դեպքում՝ տեսագրությունը, օբյեկտիվության առավել բարձր չափանիշ ունեն, քան վերբալ ապացույցները (վկաների ցուցմունքները), ցանկանում եմ սկսել տեսագրությունից։ Այն հետազոտել ենք Դատարանում, ունկնդրել ենք շատ ուշադիր։ Տեսագրության 10 րոպե 44 վայրկյանի մեջ պաշտպանյալս երևում է 29 վայրկյան (ընդհանուր առմամբ 4 անգամ), որտեղ նրա կողմից չի կատարվում այն գործողությունները, որոնք ներկայացված են մեղադրական եզրակացության մեջ. մասնավորապես նրա կողմից չի հնչեցվում «Նիկոլ դավաճան», «Նիկոլ հողատու», «Նիկոլ ցեղասպան», «Նիկոլ թշնամի», «Նիկոլ թուրք» վանկարկումները։ Այսքանից հետո մենք կարող ենք ևս մեկն պնդում կատարել, որ մեղադրանքը կեղծ է, այն քաղաքական պատվեր է։ Բացահայտ փաստ է, որ Դերմոյանը այդ վանկարկումները չի կատարել, բայց մեղադրվում է դրանք կատարելու մեջ։ Տարօրինակ իրավիճակ է. մենք բարձրաձայնում ենք, որ չկան անձին վերագրված վանկարկումները, չկան ապացույցները, սակայն, հանրային մեղադրողը պնդում է, որ դրանք կան։ Ավելին այդ պնդումները մեղադրողը ներկայացրել է նաև իր այսօրվա եզրափակիչ ելույթի մեջ։ Այսպիսի պայմաններում ինչու էինք հետազոտում տեսագրությունը, այն հետազոտում էինք զուտ քանակական առումով, թե՞ պարզելու՝ վանկարկում կա, թե՝ չկա։
Միևնույն ժամանակ նկատի ունենալով, որ դատախազության ու քննչական մարմնի համար որպես մեղադրանքի հիմնավորման չափանիշ ընտրվել է «Panorama.am TV» ալիքի «You Tube»-յան կայքի տեսագրությունը, ապա այն զննել/դիտել ենք նաև սույն թվականի ապրիլի 2-ին, ժամը 19։18-ին և պարզել ենք, որ այդ տեսանյութի ստորին հատվածում առկա «Հավանումներ» (I like this) և «Չհավանումներ» (I dislike this) մասում 131 (մեկ հարյուր երեսունմեկ) մարդ (դիտող) հավանել է տեսգրությունը, և 0 (զերո) մարդ (դիտող) չի հավանել տեսգրությունը, այն է՝ նյութն ու դրա բովանդակությունը չի պարունակում համակեցության կանոններին համար անընդունելի կամ խորթ որևէ հանգամանք։
Անդրադառնալով ոստիկանների ցուցմունքներին պետք է արձանագրել հետևյալը. ըստ էության նրանց ցուցմունքները վերը նշված տեսագրության հետ միասին հանդիսանում են մեղադրանքի փաստական հիմքի որոշիչ ապացույցները։ Այս կապակցությամբ ցանկանում եմ վկայակոչել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Սմբատ Այվազյանն ընդդդեմ Հայաստանի 2020 թ. հոկտեմբերի 8-ի վճռի (գանգատ թիվ 49021/08) հետևյալ հատվածը.
«105. Մի շարք գործերով, որոնցում հանրային իրադարձության ընթացքում անձանց կողմից ցուցաբերված վարքագծի համար նրանց քրեական հետապնդման ենթարկելը և դատապարտելը հիմնվել է բացառապես ոստիկանության՝ քննարկվող դեպքերին ակտիվորեն ներգրավված ծառայողների պնդումների վրա, Դատարանը գտել է, որ այդ վարույթներով դատարանները պատրաստակամորեն և միանշանակ ընդունել են ոստիկանության [ծառայողների] պնդումները և հրաժարվել են դիմումատուներին տրամադրել հակառակն ապացուցող որևէ փաստ վկայակոչելու հնարավորություն։ Այն վճռել է, որ մեղադրանքների հիմքում ընկած առանցքային փաստերի վերաբերյալ վեճի դեպքում, երբ մեղադրանքի կողմի միակ վկաները ոստիկանության՝ քննարկվող դեպքերին ակտիվորեն ներգրավված ծառայողներն են, միանշանակ անհրաժեշտ էր, որ դատարաններն օգտագործեին յուրաքանչյուր ողջամիտ հնարավորություն՝ ստուգելու նրանց մեղավորությունը հաստատող ցուցմունքները (տե՛ս Կասպարովի և այլոց գործը՝ վերևում հիշատակված, § 64, Նավալնին և Յաշինն ընդդեմ Ռուսաստանի [Navalnyy and Yashin v. Russia], թիվ 76204/11, § 83, 2014 թվականի դեկտեմբերի 4, և Ֆրումկինն ընդդեմ Ռուսաստանի [Frumkin v. Russia], թիվ 74568/12, § 165, ՄԻԵԴ 2016 (քաղվածքներ)). Դատարանը նմանատիպ իրավիճակ է քննել Հայաստանի դեմ մի գործով, որում հայտնաբերել է 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում, և որը, ավելին, վերաբերել է նույն իրադարձություններին, ինչ սույն գործը (տե՛ս Մուշեղ Սաղաթելյանի գործը՝ վերևում հիշատակված, §§ 200-211)։
- Ըստ երևույթին, դիմումատուի դեմ հարուցված քրեական գործով վարույթն իրականացվել է նույն կերպ։ ՔՕ-ի 316-րդ հոդվածի 1-ին մասով դիմումատուին առաջադրված մեղադրանքն ամբողջովին և բացառապես հիմնված է եղել քննարկվող իրադարձություններում ակտիվորեն ներգրավված ոստիկանության երեք ծառայողների, ինչպես նաև մյուս երկու ծառայողների ցուցմունքների վրա, որոնք նույնպես ցուցմունք էին տվել դիմումատուի դեմ՝ ականատես չլինելով ոստիկանության ծառայող Կ.Հ.-ի վրա ենթադրյալ հարձակմանը։ (…) Կարելի է ասել, որ դեպքերի վերաբերյալ ոստիկանության [ծառայողների] կողմից ներկայացված տարբերակն անվերապահորեն հաստատելը, դիմումատուի փաստարկներին պատշաճ կերպով չանդրադառնալը և պաշտպանության կողմի վկաներին քննելը մերժելը՝ առանց պատշաճ կերպով ուսումնասիրելու նրանց ցուցմունքների վերաբերելիությունը, հանգեցրել են պաշտպանության կողմի իրավունքների սահմանափակման, ինչը հակասում է արդարացի լսումների երաշխիքներին (տե՛ս, mutatis mutandis (համապատասխան փոփոխություններով), Մուշեղ Սաղաթելյանիգործը՝ վերևում հիշատակված, § 210)։
- Հաշվի առնելով վերոնշյալը՝ Դատարանը եզրակացնում է, որ դիմումատուի դեմ հարուցված քրեական վարույթն ընդհանուր առմամբ իրականացվել է նրա՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված արդարացի լսումների իրավունքի խախտմամբ։» (տե՛ս նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Գասպարին ընդդեմ Հայաստանիգործով 2018 թ. սեպտեմբերի 20-ի վճռի (գանգատ թիվ 44769/08) 34-րդ կետը)։
Վերադառնալով մեր գործին, նշվածի լույսի ներքո դիտարկենք վկաներ, ոստիկանության ծառայողների ցուցմունքները.
Ա) Վկա, ՀՀ ՆԳՆ ոստիկանության ԵՔՎ Կենտրոնական բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի պետ, ոստիկանության մայոր Գրիգոր Կարախանյանը նախաքննության ժամանակ ցուցմունք է տվել, որ բաժնում տեղեկացել է, որ ձերբակալվել են մի խումբ անձինք, որոնց մեջ ինքը ճանաչել է մոտ 60 տարեկան մի տղամարդու, ով եղել է Տիգրան Դերմոյանը, և ով անմար կրակի մոտ բղավում էր «Նիկոլ ցեղասպան»։
Կարախանյանը իր ցուցմունքը պնդել է պաշտպանյալիս հետ առերեսման ժամանակ։
Կարախանյանը իր լրացուցիչ ցուցմունքի ժամանակ քննիչի ուղղակի հարցերին, այն մասին, թե՝ լսել է արդյոք Դերմոյանի կողմից վանկարկումներ հնչեցնելուն, տվել է առավելապես խուսափողական ու անհստակ պատասխաններ. որևէ կերպ չի պնդել նախկինում տված իր ցուցմունքները։
Այս վկան Դատարանում ցուցմունք տվեց, որ ինքը լսել է «դավաճան» և «մարդասպան» վանկարկումները, որոնց մասին ոչ միայն նախաքննության ժամանակ չի հայտնել, այլ դրանց վերաբերյալ գործով ստացված որևէ ապացույց գոյություն չունի։ Հաջորդիվ նաև հավելեց՝ «մեռնեք», «սատկեք» վանկարկումները, որոնք ևս սուտ պնդումներ են։ Իսկ վերջում ոստիկան Կարախանյանը պնդեց իր նախաքննական ցուցմունքները։
Փորձեք պատկերացնել՝ ոստիկան Կարախանյանի 3 տարբեր ցուցմունքներ, ու դրանք բոլորն էլ հանրային մեղադրողի համար մեղադրանքի հիմքեր են։
Բ) Վկա, ՀՀ ՆԳՆ ոստիկանության ԵՔՎ Կենտրոնական բաժնի պետի ծառայության գծով տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Արամ Հովսեփյանը նախ ցուցմունք է տվել, որ բաժնում տեղեկացել է, որ ձերբակալվել են մի խումբ անձինք, որոնց մեջ ինքը ճանաչել է մոտ 60 տարեկան մի տղամարդու, ով եղել է Տիգրան Դերմոյանը, և ով անմար կրակի մոտ բղավում էր «Նիկոլ ցեղասպան»։
Հովսեփյանը իր ցուցմունքը չի պնդել պաշտպանյալիս հետ առերեսման ժամանակ։
Հովսեփյանը Կարախանյանի օրինակով, իր լրացուցիչ ցուցմունքի ժամանակ քննիչի ուղղակի հարցերին, այն մասին, թե՝ լսել է արդյոք Դերմոյանի կողմից վանկարկումներ հնչեցնելուն, տվել է առավելապես խուսափողական ու անհստակ պատասխաններ. որևէ կերպ չի պնդել նախկինում տված իր ցուցմունքները։
Այս վկան Դատարանում ցուցմունք տվեց, որ ինքը լսել է «դավաճան» և «թուրք» վանկարկումները, որոնց մասին նա նախաքննության ժամանակ չի հայտնել։ Հարցերին պատասխանելու ժամանակ էլ հավելեց, որ լսել է նաև «ծախեցիք էս երկիրը» վանկարկումը, որի մասին ևս նախաքննության ժամանակ չի հայտնել։
Ոստիկան Հովսեփյանը ևս ոստիկան Կարախանյանի օրինակով տվել է 3 տարբեր ցուցմունքներ, ու դրանք բոլորն էլ հանրային մեղադրողի համար մեղադրանքի հիմքեր են։
Պնդում եմ, որ սույն քրեական վարույթը կառուցվել և Դատարանին է ներկայացվել առավելապես ոստիկանության ծառայողների ցուցմունքների հիման վրա։ Մեղադրանքի կողմի համար մեղադրանքի հիմնավորման համար ոչ միայն առկա չեն եղել օբյեկտիվ և ծանրակշիռ հիմքեր, այլ այդ ամենը կառուցված է պաշտպանյալիս դեմ վկայած ոստիկանության ծառայողների ցուցմունքների վրա։ Ընդ որում պետք է նկատել, որ այդ անձինք ծառայության բերումով ակտիվորեն ներգրավված են եղել խնդրո առարկա իրադարձությունում, ակնհայտորեն ունեն պատասխանատվության զգալի չափաբաժին, ինչը ողջամտորեն կասկածի տակ է դնում ոստիկանության ծառայողների ցուցմունքների վստահելիությունն ու արժանահավատությունը։
Եթե վերոգրյալին հավելենք նաև այն, թե ինչպես է ընթացել նախաքննությունը, ինչպես են հավաքվել ապացույցները, կատարվել քննչական ու վարութային այլ գործողությունները, ինչպես է կատարվել դատախազական հսկողությունը, ապա պարզ կդառնա, որ սույն գործը ուղղված է անձի ու գաղափարախոսության դեմ, այն ուղղված է քաղաքական միավորի դեմ, այն ընդդիմադիր շարժմանը ճնշելու ու լռեցնելու ակնհայտ փորձ է։
Մենք հասկանում ենք, որ Դատարանը գործի ըստ էության քննության ժամանակ չի կարող քննության առարկա դարձնել նախաքննության ժամանակ մեղադրյալի իրավունքների կոպիտ խախտումները, բայց դրանց մասին բարձրաձայնելով ցանկանում ենք ի ցույց դնել պաշտպանյալիս նկատմամբ հետապնդումների արհեստական ու օրենքից դուրս լինելը։ Զորօրինակ, Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների դատախազության դատախազ Վ. Դ. Սամսոնյանի 2024 թ. հուլիսի 9-ի «հանրային քրեական հետապնդումը դադարեցնելու մասին միջնորդությունը քննության առնելու մասին» որոշման մասին մեզ հայտնի է դարձել նախաքննության ավարտից հետո, ինչը նշանակում է, որ դատախազը, իսկ հետագայում նաև քննիչը, պարզապես չեն հարգել պաշտպանյալիս, նրանք չեն հարգել օրենքը, նրանք գործել են օրենքից դուրս։ Նրանք, ավելի ստույգ՝ հանրային մեղադրողը Դատարանում հանդես է գալիս որպես օրինականությունը պահպանող կառույցի ներկայացուցիչ, սակայն ինքը՝ այդ կառույցն է մարդու իրավունքների առաջին խախտողը։
Պատվարժա՛ն Դատարան,
Ապացույցների մասին հակիրճ նշեմ հետևյալը՝ սույն քրեական գործով ապացույց չկա, անգամ հարկ չեմ համարում խոսել դրանց նկատմամբ կիրառման ենթակա քրեադատավարական օրենքի նորմերի կամ նախադեպային որոշումների մասին։ Իհարկե կարելի էր նշել Սիրակ Սաքանյանի վերաբերյալ գործով ՀՀ Վճռաբեկ դատարանի որոշման մասին, բայց սույն դեպքում անգամ դրա կարիքը չկա։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածի համաձայն՝
«1. Քրեական վարույթի համար նշանակություն ունեցող ցանկացած հանգամանք պետք է հաստատվի պատշաճ ապացույցների բավարար համակցությամբ։
- Եզրափակիչ դատավարական ակտը պետք է հիմնվի հետազոտված ապացույցների ազատ և բարեխիղճ գնահատման վրա։
- Մեղադրական դատավճռի հիմքում դրվող յուրաքանչյուր փաստական հանգամանք պետք է հիմնավորվի ապացույցների այնպիսի ծավալով, որը կբացառի դրա ապացուցվածության վերաբերյալ ցանկացած հիմնավոր կասկած: Դատավճիռ կայացնելիս պետք է հաշվի առնվի անհրաժեշտ և հնարավոր ապացույցների բացակայությունը։
- Վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է հանգամանորեն ստուգել ի պաշտպանություն մեղադրյալի բերված և պատշաճ ձևակերպված փաստարկները։
- Հանցագործության համար անձի մեղավորության մասին հետևությունը չի կարող հիմնվել ենթադրությունների վրա. այն պետք է հաստատվի փոխկապակցված վերաբերելի, թույլատրելի, հավաստի ապացույցների ամբողջությամբ։
(…)։»։
Պատվարժա՛ն Դատարան,
Դատարանը քրեադատավարական օրենքի 342-րդ հոդվածի սահմանած կարգով
Վերդիկտ կայացնելիս լուծելու է հետևյալ հարցերը՝
1) ապացուցված են արդյոք մեղադրյալին վերագրվող փաստական հանգամանքները (արարքը).
2) ապացուցված է արդյոք այդ արարքի քրեական հակաիրավականությունը.
3) ապացուցված է արդյոք մեղադրյալի կողմից այդ արարքը կատարելը.
4) ապացուցված է արդյոք մեղադրյալի մեղավորությունը տվյալ արարքը կատարելու մեջ։
Պաշտպանական ճառի մեջ ներկայացվածի հիման վրա, և ոչ միայն, հաստատապես պնդում եմ, որ Դատարանի համար անհնար է լինելու վերոգրյալ հարցերի վերաբերյալ հաստատական պատասխաններ գտնելը։ Մեր այս պնդումը ոչ թե բխում է նրանից, որ պաշտպանական կողմ ենք կամ այդպես մեզ համար հաճելի և դուրեկան է, այլ օբյեկտիվորեն քննությամբ չի հաստատվել պաշտպանյալիս մասնակցությունն իրեն մեղսագրվող հանցավոր արարքի կատարմանը։
Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի՝ «1. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ սույն օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
- Չապացուցված մեղավորությունը հավասարազոր է ապացուցված անմեղությանը։
- Մեղադրյալը պարտավոր չէ ապացուցել իր անմեղությունը կամ քրեական վարույթն իրականացնող մարմնին ցույց տալ որևէ աջակցություն։ Մեղադրյալի անմեղության ապացուցման պարտականությունը չի կարող դրվել նաև նրա պաշտպանի, օրինական ներկայացուցչի, գույքային պատասխանողի և նրա ներկայացուցչի վրա: Մեղադրանքի ապացուցման և ի պաշտպանություն մեղադրյալի բերված փաստարկների հերքման պարտականությունը հանրային քրեական հետապնդման դեպքում կրում է դատախազը, իսկ մինչդատական վարույթում՝ նաև քննիչը: Մասնավոր քրեական հետապնդման դեպքում այդ պարտականությունը կրում են տուժողը և նրա ներկայացուցիչը։
- Մեղադրանքն ապացուցված լինելու վերաբերյալ բոլոր ողջամիտ կասկածները, որոնք չեն փարատվել սույն օրենսգրքի դրույթներին համապատասխան պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում, մեկնաբանվում են հօգուտ մեղադրյալի»։
Վճռաբեկ դատարանը անդրադառնալով անմեղության կանխավարկածի սկզբունքին ԵԿԴ/0252/01/13 գործով 2014 թ. հոկտեմբերի 31-ի որոշմամբ արձանագրել է հետևյալ դիրքորոշումը՝
«I. Հանցանք կատարելու մեջ անձի մեղավորությունը հաստատելիս ապացույցների բավարարությունը.
- Անդրադառնալով անմեղության կանխավարկածի սկզբունքին՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ քրեական դատավարությունում կանխավարկածը օրենքով կամ նախադեպային իրավունքով հաստատված այն կանոնն է, որի համաձայն՝ որոշակի հանգամանք համարվում է հաստատված, քանի դեռ օրենքով սահմանված կարգով չի ապացուցվել հակառակը։ Մարդու անմեղությունը քրեական դատավարության կարևորագույն կանխավարկածներից է, որն ամրագրված է ինչպես ՀՀ Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով և օրենքներով, այնպես էլ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և Վճռաբեկ դատարանի նախադեպային իրավունքով։ Հանցանք կատարելու մեջ անձի մեղավորությունը հաստատված համարելը ոչ այլ ինչ է, քան անմեղության կանխավարկածի հաղթահարում։ Միևնույն ժամանակ, անձին դատապարտելու համար համարժեք ապացույցների բավարար համակցության բացակայությունը նշանակում է, որ անձի անմեղության կանխավարկածը հաղթահարված չէ։ Այլ խոսքով՝ քրեական դատավարության ընթացքում չապացուցված մեղավորությունը հավասարազոր է ապացուցված անմեղության։
Հարկ է նշել նաև, որ անմեղության կանխավարկածն ամրագրող նորմերը, ինչպես նաև նախադեպային իրավունքը սահմանում են ոչ միայն այդ սկզբունքի բուն էությունը, այլև՝ դրա հաղթահարման, նույնն է, թե անձի մեղավորության հաստատման համար անհրաժեշտ դատավարական չափորոշիչները։ Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանը Մ.Հակոբյանի գործով որոշման մեջ շեշտել է. «(…) ապացույցների կամայական գնահատման արգելքը դատարաններին պարտավորեցնում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 107-րդ հոդվածում թվարկված՝ ապացուցման ենթակա հանգամանքների, այդ թվում՝ կոնկրետ հանցանքի հատկանիշների և այդ հանցանքի մեջ անձի մեղավորության վերաբերյալ իր հետևությունները հիմնավորել վերաբերելի, փոխկապակցված, հավաստի ապացույցներով և ոչ թե ենթադրություններով։ Այլ խոսքով՝ հանցանքի մեջ մեղադրվող յուրաքանչյուր անձի վերաբերյալ՝ ապացուցման ենթակա յուրաքանչյուր հանգամանքի կապակցությամբ դատարանի հետևությունը պետք է հիմնված լինի ոչ թե գնահատողական դատողությունների, կանխատեսումների կամ կարծիքների, այլ կոնկրետ գործով օրենքով սահմանված կարգով ձեռք բերված փաստական տվյալների վրա։ Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ մեղսագրվող հանցագործության և դրա հատկանիշների ապացուցման բեռը կրում է մեղադրանքի կողմը, իսկ չփարատված կասկածները պետք է մեկնաբանվեն հօգուտ մեղադրյալի։ Դրանից հետևում է, որ մեղադրանքի կողմը կրում է անձի մեղքը հաստատելու համար բավարար ապացույցներ ներկայացնելու պարտականությունը (ընդգծումը իմն է) (…)» (տե՛ս Մարգար Հակոբյանի վերաբերյալ 2013 թվականի մայիսի 8-ի թիվ ԵԿԴ/0168/01/12 որոշման 13-րդ կետը)։ Անմեղության կանխավարկածի սկզբունքին Վճռաբեկ դատարանն անդրադարձել և իրավական դիրքորոշում է արտահայտել նաև Արմեն Բաբայանի և Սուրեն Թումանյանի գործով որոշման մեջ (տե՛ս Արմեն Բաբայանի և Սուրեն Թումանյանի գործով Վճռաբեկ դատարանի 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ԵԷԴ/0044/01/11 որոշման 14-րդ կետը)։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի ուսումնասիրությունը ևս ցույց է տալիս, որ Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 2-րդ կետով երաշխավորված անմեղության կանխավարկածի սկզբունքը, ի թիվս այլոց, ենթադրում է մեղադրանքի կողմի պարտականությունը ներկայացնելու անձին դատապարտելու համար բավարար ապացույցներ (ընդգծումը իմն է) (տե՛ս, ի թիվս այլոց, Barbera Messegue and Jabardo v. Spain, գանգատ թիվ 10590/83, 1988 թվականի դեկտեմբերի 6-ի վճիռ, 77-րդ կետ, Janosevic v. Sweden, գանգատ թիվ 34619/97, 2002 թվականի հուլիսի 23-ի վճիռ, 97-րդ կետ)։
Այսպիսով, անմեղության կանխավարկածի սկզբունքը ենթադրում է ապացույցների այնպիսի ամբողջության առկայություն, որն անհրաժեշտ է անձի մեղավորությունը ողջամիտ (հիմնավոր) կասկածից վեր ապացուցված համարելու, այլ ոչ թե անձի մեղավորության մասին ենթադրություններ անելու համար։
(…)
- (…)
Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ քրեական դատավարությունում մեղքի հարցը լուծելիս որպես ապացույցների բավարարության շեմ պետք է գործի «հիմնավոր կասկածից վեր» ապացուցողական չափանիշը։ Ընդ որում, «հիմնավոր կասկածից վեր» ապացուցողական չափանիշ ասելով, պետք է հասկանալ փաստական տվյալների (ապացույցների) այնպիսի համակցություն, որը բացառում է հակառակի ողջամիտ հավանականությունը։ Վերոգրյալը չի նշանակում, որ հանցանք գործելու մեջ անձի մեղավորությունն ընդհանրապես չի կարող առաջացնել որևէ կասկած, սակայն այդպիսի կասկածի հավանականության դեպքում դրա աստիճանը պետք է լինի աննշան (խիստ ցածր)։ Այլ խոսքով՝ մեղադրանքը կազմող յուրաքանչյուր փաստական հանգամանք պետք է հիմնավորվի ապացույցների այնպիսի ծավալով, որը կբացառի դրա ապացուցվածության վերաբերյալ ցանկացած ողջամիտ կասկած։»։
Վերը ներկայացվածն ակնհայտորեն փաստում է, որ մեղադրական եզրակացության և մեղադրողի ճառի մեջ նշված ապացույցները կամ հանգամանքները բավարար չեն պաշտպանյալիս վերագրվող ենթադրյալ արարքները կատարված համարելու համար։ Այդ ապացույցներն ընդհանրապես չեն վերաբերում նրան, որ Տիգրան Դերմոյանը քրեորեն պատժելի որևէ արարք կատարել է։ Դա էլ իր հերթին նշանակում է, որ պաշտպանյալիս ներկայացված մեղադրանքն ակնհայտ անհիմն է։
Ելնելով վերոգրյալից Դատարանին խնդրում ենք՝
Հաշվի առնելով գործի նախաքննության ժամանակ թույլ տված քրեադատավարական օրենքի կոպիտ ու բազմակի խախտումները, մեղադրական եզրակացության հիմքում ընկած ապացույցների և հանգամանքների հիմնազուրկ լինելը, Տիգրան Դերմոյանին հանցագործության ապօրինի մեղսագրումը, կայացնել Արդարացման դատական ակտ՝ ճանաչելով և հռչակելով մեղադրյալ Տիգրան Դերմոյանի անմեղությունը։
Տիգրան Դերմոյանի պաշտպան՝
Արայիկ Պապիկյան


















































