Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում կկայանա առաջին խորեոգրաֆիկ օպերայի առաջնախաղը

Ապրիլ 13,2026 21:55 Share

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում կներկայացվի արվեստի միանգամայն նոր ձևաչափ։

Ապրիլի 26-ին կկայանա Ֆրանսիս Պուլենկի «Մարդկային ձայն» մոնոօպերայի առաջնախաղը՝ ըստ Ժան Կոկտոյի լիբրետոյի։

Սա «խորեոգրաֆիկ օպերա» ժանրի առաջին փորձն է Հայաստանում, որտեղ դասական օպերային ձայնն ու ժամանակակից պլաստիկան միահյուսվում են մեկ ամբողջության մեջ։

Ժան Կոկտոյի հայտնի սյուժեի հիմքում կնոջ վերջին հեռախոսազրույցն է իրեն լքած սիրեցյալի հետ։ Ընդհատվող խոսքեր, չասված մտքեր ու ծանր լռություն․ ամբողջ աշխարհը սեղմվում է մինչև հեռախոսի լարը, որով հեռանում է հույսի վերջին թելը։ Կոկտոն այս պիեսն անվանել է «միայնակ կնոջ մենախոսություն, ում ստում են, և նա գիտի այդ մասին»։

Համաշխարհային օպերային երգացանկի այս գլուխգործոցը նոր շունչ ու ձև է ստացել Անդրեյ Կայդանովսկու ժամանակակից խորեոգրաֆիայի շնորհիվ։ Բեմական ինքնատիպ մարմնավորումը վստահված է արվեստի երկու վարպետների՝ պարուհի Դարյա Պավլենկոյին և մեցցո-սոպրանո Յուլիա Մատոչկինային։

Նախագծի գաղափարն իրականություն է դարձել պրոդյուսեր Եկատերինա Բարերի և «JokerLab» ընկերության ջանքերով։ Բեմադրող-խորեոգրաֆը Անդրեյ Կայդանովսկին է (Ավստրիա), դիրիժորը՝ Կարեն Դուրգարյանը (Հայաստան)։ Հագուստների ձևավորողն ու բեմի նկարիչը Թոմաս Միկան է (Գերմանիա), լուսային նկարիչը՝ Ալեքս Բրոկը (Ավստրիա)։

Ներկայացումը միջազգային մեծ հեռանկարներ ունի, այն կներկայացվի մի շարք հեղինակավոր փառատոների շրջանակում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930