Միասնական սոցիալական ծառայության զբաղվածության ապահովման եւ աշխատանքային ներուժի զարգացման վարչության զբաղվածության ծրագրերի համակարգման բաժնի պետ Նվարդ Սարգսյանը Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի կազմակերպած «Արցախցիների ներգրավումը հայաստանյան աշխատաշուկայում» թեմայով քննարկման ժամանակ նշեց, որ պետությունը հայաստանյան աշխատաշուկայում արցախցիների ներգրավման հարցը դիտարկում է որպես առաջնահերթ ուղղություն: Նրա խոսքով, այս պահին գործող 2 ծրագիր կա, որոնցից մեկի շրջանակում Արցախից տեղահանված անձանց համար կարճաժամկետ ուսման դասընթացի կազմակերպումն ու աշխատանքային փորձի ձեռքբերման աջակցությունն է, նաեւ ժամանակակից աշխատաշուկայի պահանջներին համապատասխան հմտություններ ձեռք բերելը:
Նվարդ Սարգսյանի ձեւակերպմամբ, եթե նախորդ նախաձեռնությունը հիմնականում ուղղված էր աշխատանքի տեղավորման հարցի լուծմանը, ապա երկրորդ ծրագիրը մեկ քայլ առաջ գնալու նպատակ է հետապնդում՝ խթանելով ձեռնարկատիրությունը եւ տնտեսական ինքնուրույնությունը:
ԿԳՄՍՆ Հանրակրթության վարչության հանրակրթության և արտադպրոցական ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Սուսաննա Ազատյանը հիշեցրեց, որ 2023թ Արցախից բռնի տեղահանված անձանց մեջ մեծ թիվ էին կազմում մանկավարժները. «Ուսուցիչների հոգսերը մի քանիսն էին, այսինքն՝ տեղահանված, ամեն ինչ կորցրած մարդիկ, երեխայի կրթության իրավունք, իրենց աշխատանքի իրավունք, սոցիալական պայմաններ եւ այլն: Արցախից բռնի տեղահանված ուսուցիչների զբաղվածության ապահովումը լուծում էր մի քանի հարց, մեզ մոտ նաեւ ուսուցիչների պակասի հարցն էր լուծում:
Կարդացեք նաև
2023-ի հոկտեմբերից կառավարությունը որոշում ընդունեց Արցախից տեղահանված ուսուցիչների աջակցման ծրագրի մասին, որով նախատեսվում էր մի քանի բնակավայրեր գործուղել ուսուցիչներին: Այդ պարագայում իրենք ստանում էին իրենց աշխատավարձը, գումարած 30 տոկոս հավելավճար եւ եւս 50 հազար դրամ»: Սուսաննա Ազատյանը հավելեց, որ այդ ուսուցիչներն արտոնյալ կարգով էին աշխատանքի ընդունվում, անգամ եղել են մանկավարժներ, որոնք հասկանալի պատճառներով փաստաթղթեր չեն ունեցել, սակայն լուծվել են նաեւ նրանց նման հարցերը:
Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի փորձագետ Հայկ Խանումյանի խոսքով, Արցախում տնտեսապես ակտիվ բնակչության թիվը 72 հազար է եղել. «Խոսքն այն մարդկանց մասին է, որոնք աշխատում էին՝ 56 հազար մարդ եւ աշխատանք էին փնտրում՝ պաշտոնապես գործազուրկ էին ( 16 հազարը): Իսկ ընդհանրապես աշխատունակ բնակչության թիվը 105 հազար էր, դրա մեջ մտնում էր 16-65 տարեկան բնակչությունը՝ հանած անաշխատունակ մարդիկ:
Սա բավականին մեծ թիվ է ՝ հաշվի առնելով, որ հունվարի տվյալներով ընդամենը 25 հազար զբաղված ունենք Հայաստանում: Բնականաբար կլինեն մարդիկ, որոնք զբաղված են, բայց պաշտոնապես դա չի երեւում: Ամեն դեպքում Արցախի աշխատունակ բնակչության ընդամենը 35 տոկոսն է ներառված հայաստանյան աշխատաշուկայում»:
Հայկ Խանումյանը մեկ քանի այլ խնդիր էլ նշեց. «Արցախի բնակչության շուրջ 60 տոկոսը գյուղական բնակչություն էր: Այդ մարդիկ ունեին իրենց սեփական հողերը, այգին, բանջարանոցը, անասունները, մինչդեռ Հայաստանում տեղահանված բնակչությունը սեփական գյուղատնտեսական հող չունի, Հայաստանն էլ սակավահող երկիր է, արդյունքում գյուղական բնակչության զգալի մասը դարձել է քաղաքային բնակչություն՝ քաղաքային բնակչության հոգսերով»:
Նա ասաց, որ տղամարդկանց համար ծրագրերը քիչ են, ինչը տղամարդկանց խոցելի է դարձնում: Մյուսը, ըստ Խանումյանի, պահեստազոր անցած տղամարդկանց խնդիրն է. «37-38 տարեկանում սպաները կարող են պահեստազոր անցնել…Եթե ՊՆ-ն համաձայնի, մի գուցե մի առանձին քննարկում անցկացնենք այս թեմայով… Պահեստազոր անցնելուց հետո մեր սպաների հետ լրացուցիչ աշխատանք չի կատարվում, որպեսզի նրանց հարմարեցնենք աշխատաշուկային»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ



















































