Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԻԵԴ-ն ամրագրել է, որ մարտի մեկի ցույցը եղել է խաղաղ՝ մինչեւ ոստիկանության գործողությունները, եւ այս հանգամանքն է դրվել դատարան ուղարկված մեր մեղադրանքում»

Ապրիլ 29,2026 14:20 Share

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Հայաստանի Հանրապետության դատախազության 2025 թվականի գործունեության մասին հաղորդման ներկայացման ժամանակ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն անդրադարձավ Մարտի մեկի գործին։ 

«Եվրոպական դատարանի վճռի կատարումը պարտադիր է, բայց Եվրոպական դատարանը չի փոխարինում ներպետական ակտերին։ ՄԻԵԴ-ն ինքն է նշում, որ չի կարող առաջին ատյանին փոխարինող ակտ կայացնել, բայց Եվրոպական դատարանը մի քանի կարեւոր արձանագրում է արել եւ այդ արձանագրումների հիման վրա այս պահին կան դատարան ուղարկված նոր մեղադրանքներ։

Ես ցանկանում եմ ուշադրություն հրավիրել վճռի 205 կետում արձանագրված հանգամանքի վրա՝ հենց Ֆարմանյանի գործով, որտեղ դատարանը հստակ արձանագրում է, որ Ազատության հրապարակում անցկացված հանրահավաքները եղել են խաղաղ։ Սա այլեւս արձանագրում է եւ սա միայն Ֆարմանյանի գործով չէ, սա Մյասնիկ Մալխասյանի գործով է, Մուշեղ Սաղաթելյանի գործով է, Վիրաբյանի գործով է։ Այսինքն՝ դատարանը կայուն ամրագրում է, որ ցույցը եղել է խաղաղ՝ առանց բռնության հրահրման կամ բռնի գործողությունների որեւէ նշանի՝ մինչեւ 2008 թվականի մարտի մեկի վաղ առավոտյան ոստիկանության կողմից իրականացված գործողությունները։ Սա եւս կարեւոր արձանագրում է, եւ այս հանգամանքն է, որ դրված է բոլորովին վերջերս դատարան ուղարկված մեր մեղադրանքի տրամաբանության հիմքում։ Այսինքն՝ 10 անձանց սպանությունը հետեւանք է մարտի մեկի առավոտվանից սկսած շղթայական գործողությունների եւ դրանում ներգրավված են ոչ միայն ոստիկանական ուժերը, այլեւ՝ զինված ուժերը»,-ասաց Վարդապետյանը։

Նա հիշեցրեց, որ դատարան են ուղարկվել մեղադրանքներ ոստիկանության բարձրաստիճան անձանց վերաբերյալ, որոնք վաղեմության ժամկետներ չենթադրող հանցագործություններ են։ Այսինքն՝ սրանք համարվում են խոշտանգումներ կամ խոշտանգումներին հավասարեցված վարքագիծ, ասաց Վարդապետյանը։

«Եվրոպական դատարանի վճիռը շղթայական գործողությունների պատճառական կապերն իրար հետ տրամաբանորեն թղթակցելով՝ ի վերջո մեզ հիմք է տալիս ասելու, որ մենք գործ ունենք բռնությամբ զուգորդված՝ իշխանությունների լիազորությունների անցման հետ, որն անժամկետ հանցագործություն է։ Եվ այս վարույթն իրականացնող մարմինը չի կարող քրեական հետապնդումը դադարեցնել՝ պնդելով, որ վաղեմության ժամկետները լրացել են։ Հենց այս նույն տրամաբանությամբ է, որ ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնյա Թամամյան Հովհաննեսին մեղադրանք է առաջադրված հենց խոշտանգման դրվագով, որովհետեւ մենք վարույթում ունենք տվյալ, որ այդ խոշտանգման հետեւանքով անձի ուսն է կոտրվել։ Նմանատիպ տրամաբանությամբ հիմա դատարանում քննվում են նաեւ Վալերիյ Օսիպյանի եւ Ռոբերտ Մելքոնյանի դրվագները։ Առաջիկայում դատարան է ուղարկվելու նաեւ «Չերյոմուխա»-ի կիրառման հետ կապված դրվագը »,- ասաց դատախազը։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Նարեկ says:

    Շատ ափսոսալի զոհեր ունեցավ Հայաստանը մարտի 1֊ին։ Բայց հիմա պետք ա որ ավելի շատերի համար պարզ լինի, որ Հայաստանի զոհերի մասին «պլուս֊մինուսով» մտածող Փաշինյանի համար 10֊ը վիճակագրությունից էլ դուրս թիվ են։ Լսել ենք, թե Փաշինյանն ու Ալեքսանդր Արզումանյանը ինչ բառապաշարով են խոսում իրանց հետ կանգնող ցուցարարների մասին։ Այդ ժամանակ թվային գործիքները դեռ հասանելի չէին դա սարքելու համար։ Փաշինյանն ու Արզումանյանը իրենց ցույցերի տակտիկան մշակելիս մարդկանց անպետք, իսկ իրանց՝ պետքական խմբերի էին բաժանում։

Պատասխանել Նարեկ

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930