«Տնտեսական եւ կենսամակարդակի անկում», «էներգակիրների գների աճ», «նոր շուկաների փնտրտուք» եւ ոչ միայն
Ապրիլի սկզբին Մոսկվայում Ռուսաստանի Դաշնության ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր՝ Հայաստանը գիտի, որ Եվրասիական տնտեսական միությանը եւ Եվրամիությանը անդամակցությունն անհամատեղելի է։ «Ինչ վերաբերում է Եվրամիությանը, մենք գիտենք, որ սկզբունքորեն երկու միավորումներին անդամակցությունն անհամատեղելի է, սակայն ըստ մեր ներկայիս օրակարգի՝ դրանք համատեղելի են, դա փաստ է։ Եվ քանի դեռ այս օրակարգերը համատեղելու հնարավորություն կա, մենք դա կանենք, իսկ երբ գործընթացները զարգանան այն աստիճանի, որ անհրաժեշտ լինի որոշում ընդունել, վստահ եմ, որ մենք, այսինքն՝ ՀՀ քաղաքացիները, կընդունենք այդ որոշումը»,- ասել էր Փաշինյանը։
Փաշինյանի հետ հանդիպմանը ՌԴ նախագահը պնդել էր. «Պետք է ակնհայտ լինի, պետք է ազնիվ կերպով նախապես, ինչպես ասում են, ի սկզբանե ասված լինի, որ ԵՄ-ի հետ մաքսային միությունում լինելն ու ԵԱՏՄ-ում գտնվելն անհնար է, եւ հարցը նույնիսկ քաղաքական չէ, այլ զուտ տնտեսական բնույթի է։ Քանի որ որոշ հարցեր պահանջում են համատեղ մեծ աշխատանք, որը պետք է տարվի տարիներով։ Դա առանձին ապրանքային խմբերի գնահատման տարբերությունն է, այդ խմբերի մուտքը շուկա։ Դա բոլոր ապրանքների համար ֆիտոսանիտարական վերահսկողությունն է։ Ռուսաստանում եւ Եվրամիության երկրներում ֆիտոսանիտարական պահանջները լիովին տարբեր են, էապես տարբերվում են»։
Եվրամիությանը միանալու դեպքում Հայաստանը կկորցնի ՀՆԱ-ի մոտ 23 տոկոսը, անցյալ շաբաթ հերթական նախազգուշացումն արեց ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շեւցովը։ «Ընդհանուր առմամբ, ամենահամեստ եւ պահպանողական հաշվարկներով, ԵՄ-ին միանալը Հայաստանին կարժենա ՀՆԱ-ի մոտ 23 տոկոս, իսկ աշխատաշուկայի զանգվածային կրճատումն ու գնաճը կհանգեցնեն կենսամակարդակի զգալի անկման։ Ներքին սպառումը կնվազի ավելի քան 20 տոկոսով։ Ակնկալվում է նաեւ էներգակիրների գների աճ»,- հաղորդեց Անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունը՝ մեջբերելով Շեւցովին։
Կարդացեք նաև
Նա հիշեցրել էր, որ Հայաստանը չի կարող ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիր կնքել՝ լինելով ԵԱՏՄ անդամ, եւ որ Երեւանը նախ պետք է դուրս գա այդ կազմակերպությունից։ «Իսկ դուրս գալ նշանակում է, առաջին հերթին, արտահանման սահմանափակումների վերադարձ, ապրանքների եւ ծառայությունների միասնական պահանջների կիրառման դադարեցում, ամբողջական մաքսային վերահսկողության վերականգնում, Հայաստանից միգրանտների նկատմամբ արտոնյալ ռեժիմի վերացում, ինչպես նաեւ բեռների փոխադրման համար ստանդարտ սակագների կիրառում»,- նշել էր Շեւցովը։
Այս դեպքում գյուղատնտեսները նույնպես ստիպված կլինեն նոր շուկաներ փնտրել, քանի որ մաքսատուրքերի պատճառով նրանց ապրանքները կկորցնեն մրցունակությունը։ Կաճեն բեռնափոխադրումների ծախսերը, կնվազեն ներդրումները, եւ չեն լինի էներգակիրների արտոնյալ մատակարարումներ։
Շեւցովի կարծիքով՝ Հայաստանի ԵԱՏՄ-ից դուրս գալը կհանգեցնի նաեւ զգալի տնտեսական անկման։ «ՀՆԱ-ն, ամենապահպանողական գնահատականներով, կնվազի 15.1 տոկոսով, ներքին սպառումը՝ 14.1 տոկոսով, իսկ արդյունաբերական արտադրությունը՝ 26.3 տոկոսով»,- պարզաբանել էր Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալը։
ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալն անդրադարձել էր նաեւ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի կառավարման թեմային։ «Առնվազն տարօրինակ են թվում հայկական կողմի հայտարարությունները, թե «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի կոնցեսիոն կառավարումը իբր ստեղծում է որոշակի մրցակցային կորուստներ երկրի համար, ինչպես նաեւ առաջարկները՝ այդ կոնցեսիան փոխանցել երրորդ երկրներին»,- ասել էր Շեւցովը՝ հավելելով, որ պայմանագիրը կնքվել է Հայաստանի համար առավել բարենպաստ պայմաններով։
Հիշեցնենք, որ Փաշինյանն ապրիլի 1-ին Մոսկվա մեկնելուց առաջ հրապարակայնորեն հայտարարել էր՝ հայկական երկաթուղու ռուսական կառավարման պատճառով տարածաշրջանային ապաշրջափակման ընդհանուր համատեքստում Հայաստանը կորցնում է մրցակցային առավելությունը։
ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալը ՏԱՍՍ-ին հայտնել է, որ նախնական գնահատականներով՝ կոնցեսիան հնարավոր գնորդներին կարժենա առնվազն 250 մլն դոլար՝ իրավունքների գնման եւ փոխհատուցումների համար։ Բացի այդ, տարեկան շուրջ 40 մլն դոլար պետք է ծախսվի շահագործման վրա, մոտ 400 մլն դոլար՝ Իջեւանի ավերված հատվածի վերականգնման համար, մոտ 200 մլն դոլար՝ Վանաձոր–Ֆիոլետովո հատվածի համար, ինչպես նաեւ շուրջ 40 մլն դոլար՝ Թուրքիայի եւ Նախիջեւանի սահմանամերձ հատվածների վերականգնման համար։ «Ամեն դեպքում տեսությունը միշտ կարելի է ստուգել գործնականում, եւ չի բացառվում, որ արդյունքները կարող են նույնիսկ գերազանցել սպասումները, իսկ Հայաստանի սոցիալ-տնտեսական կորուստները ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում կարող են ավելի մեծ լինել, քան կանխատեսվում է»,- ասել էր ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալը։
Փաշինյան-Պուտին մոսկովյան վերջին լարված խոսակցությունից հետո փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը չէր թաքցրել, որ երկաթուղու հարցով համաձայնություն Ռուսաստանում ձեռք չի բերվել՝ «չկա կոնկրետություն»։
Հայկական երկաթուղին ռուսական կառավարումից վերցնելու հարցով Մոսկվայում տեղի ունեցած Փաշինյան-Պուտին բանակցություններից հետո կողմերը, թեեւ համաձայնության չեն հասել, սակայն Փաշինյանը հանդիպումից հետո հայտարարել էր՝ երկաթուղու կառավարման պայմանագիրը միակողմանի խզելու ծրագիր չունեն։
Փաստացի, հայ-ռուսական բարձր մակարդակով հանդիպումից անմիջապես հետո Ռուսաստանի գյուղատնտեսական հսկողության ղեկավարը հայտնել էր Հայաստանից ՌԴ արտահանվող գյուղատնտեսական եւ կենդանաբանական արտադրանքին վերաբերող խնդիրների մասին, որոնք, ըստ նրա, առաջացել են մի քանի տարի առաջ, եւ շարունակում են մնալ։ «Հայաստանից ներմուծվող արտադրանքի տեսականին եւ ծավալը տալիս են հիմք ենթադրելու, որ այդ ամենը հայկական ծագում չունի։ Մենք զբաղվել ենք այս խնդրով ե՛ւ 2024, ե՛ւ 2023 թվականներին»,- ասել էր «Ռոսսելխոզնադզորի» ղեկավար Սերգեյ Դանկվերտը՝ ընդգծելով ապրանքների աննախադեպ ավելացումը, որը պայմանավորված է ԵԱՏՄ շուկաների դյուրացրած մուտքի կարգով։ «Օրինակ, երեք տարում Հայաստանից ծաղիկների մատակարարումներըն ավելացել են 36 միլիոնից մինչեւ ավելի քան 100 մլն միավոր։ Նույնն է նաեւ այլ ապրանքատեսակների դեպքում»,- ասել էր Դանկվերտը՝ ընդգծելով, որ նկատվել է՝ Ռուսաստան ուղարկվող շատ ապրանքներ չեն հասնում նախատեսված վայրերը։
Խոսելով կենդանաբանական արտադրանքի մատակարարման խնդիրների մասին՝ նա նշել էր, որ «այստեղ եւս ապրանքի մի մասը, հնարավոր է, որ հայկական ծագում չունի։ Խոսքը կարագի, պանիրների, իշխանի մասին է։ Հայաստանի լեռնային գետերի իշխանը որեւէ կերպ չի կարող նման լինել նորվեգականին»։ Դանկվերտը հավելել էր, որ այս ամենը հանգեցրել է նրան, որ Հայաստանից ներմուծվող ապրանքների նկատմամբ կիրառվում են ավելի խիստ պահանջներ։ Նա հավելել էր, որ տեսնում է լուծումը ԵԱՏՄ-ում անվտանգության վերահսկողության տեղեկատվական համակարգերի ինտեգրման մեջ. «Մեր էլեկտրոնային համակարգերը թույլ են տալիս արագ հետեւել մատակարարվող ապրանքներին եւ արդյունավետ աշխատել»։
Օրերս մեկ այլ թարմ լուր ստացվեց ՌԴ-ից։ Ռուսական պետական «Честный знак» պիտակավորման համակարգը կասեցրել է հայկական «Ջերմուկ» հանքային ջրի խմբաքանակի առցանց եւ օֆլայն վաճառքը: ՌԴ Առաջադեմ տեխնոլոգիաների զարգացման կենտրոնի (պիտակավորման օպերատոր) գլխավոր տնօրենի տեղակալ Ռեւազ Յուսուպովը ՀըԽ-ին ասել էր, որ շրջանառության մեջ է եղել 338,000 շիշ, որոնք այժմ արգելափակված են՝ ստուգում անցնելու նպատակով։ Նշվում էր, որ կասեցումը իբրեւ պայմանավորված է «Ռոսպոտրեբնադզորի» նամակով, որում գործակալությունը նշել է՝ «անհետաձգելի միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության մասին՝ Ռուսաստանի քաղաքացիների կյանքին եւ առողջությանը հնարավոր վնասը կանխելու համար»: Արգելափակման պատճառը «պարտադիր պահանջների խախտումներն» են։ Հաղորդվում է, որ արգելվել են 2026թ. փետրվարի 17-ի եւ 2026թ. մարտի 5-ի արտադրության ամսաթվերով ապրանքները: Յուսուպովի խոսքով՝ «դրանք սպառողներին չեն հասնի մինչեւ ստուգման ավարտը»։ ՀըԽ-ն հաղորդեց, թե՝ 2024-ին Հյուսիսային Օսիայի բնակչի թունավորումից հետո պիտակավորման համակարգն արդեն կասեցրել էր Ջերմուկի 2.5 միլիոն շշի վաճառքը. «Պարզվել էր, որ շշի մեջ հանքային ջրի փոխարեն քացախաթթու էր պարունակվել»։
Այսպիսով, Փաշինյան-Պուտին հանդիպումից հետո Ռուսաստանի գյուղատնտեսական վերահսկողության դաշնային ծառայությունը՝ «Ռոսսելխոզնադզորը», մտահոգություն հայտնեց Հայաստանից ներմուծվող գյուղատնտեսական որոշ ապրանքների որակի վերահսկողության վերաբերյալ։
Կառույցի ղեկավարը պնդեց՝ Հայաստանի սահմանած վերահսկողությունը չի համապատասխանում Եվրասիական տնտեսական միության պահանջներին։ Այս հայտարարությունից հետո Հայաստանից Ռուսաստան բեռներ տեղափոխող վարորդները մտավախություն են հայտնել, որ կրկին կսկսեն սահմանին հերթերի մեջ մնալ։
Փաշինյան-Պուտին հանդիպումից հետո Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն էլ հարցազրույց էր տվել ու զգուշացրել՝ Հայաստանը բեռնափոխադրումների հարցում կանգնելու է լուրջ մրցակցության առաջ ու կրկին նշել, թե, օրինակ, որոշ ապրանքներ կարող են իրենց հետ բերել վնասակար միջատներ, բույսերի հիվանդություններ կամ վարակներ մտցնել իրենց երկիր։
Նախորդ տարի Ռուսաստանը, ի դեպ, արդեն խստացրել է վերահսկողությունը՝ սահմանին ավելի մանրակրկիտ ստուգումներ անցկացնելով։
Ի՞նչ ունենք այս պահի դրությամբ. ռուսաստանցի պաշտոնյաների իրար հաջորդող հայտարարությունները բեռնափոխադրողներին ստիպում են որոշակի հետեւություններ անել։ Ռուսաստանյան շուկայում աստիճանաբար հայ արտադրողը կարող է կորցնել իր տեղը այն դեպքում, երբ մրցունակ ապրանքների մուտքը եվրոպական շուկա դեռեւս երազանք է Հայաստանի համար։
Այսպիսով, Պուտին-Փաշինյան վերջին լարված զրույցից հետո երկու երկրների տնտեսական հարաբերությունների վերաբերյալ հեռակա բանավեճն ավելի սրվեց։ Մոսկվան շարունակաբար սպառնում է Եվրամիության հետ կապերի հետագա խորացման հնարավոր բացասական հետեւանքներով։
Նկատենք, որ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Պուտին-Փաշինյան հանդիպումից հետո Հայաստանի հանրությանն ուղղված արդեն մի քանի նախազգուշացնող հայտարարություններ է արել։ Անգամ պնդել է, թե եթե Հայաստանը Եվրամիություն մտնի, Ռուսաստանի հետ ավիահաղորդակցություն չի ունենա։ Իսկ հայ գործարարներին հորդորել է սթափ գնահատել ապրանքները Եվրամիություն արտահանելու հեռանկարը, անգամ ակնարկել Ռուսաստանում հայկական բիզնեսներին ճնշելու մասին։
Նկատենք, որ վերջերս տեղեկատվություն ստացվեց նաեւ այն մասին, որ Ռուսաստանի ալկոհոլի եւ ծխախոտի շուկան վերահսկող պետական մարմինը՝ «Ռոսալկոգոլտաբակկոնտրոլը», ըստ ռուսական աղբյուրների, սկսել է «Պռոշյանի կոնյակի գործարան»-ի լիցենզիան չեղարկելու գործընթաց, ինչը նշանակում է, որ գործարանը կարող է զրկվել ՌԴ-ում իր արտադրանքը վաճառելու իրավունքից։
Ռուսական լրատվամիջոցները, հղում անելով «Ռոսալկոգոլտաբակկոնտրոլին», հայտնել էին, որ ստուգումներ է իրականացրել ներմուծվող կոնյակի նմուշներ եւ ստանդարտների կոպիտ խախտումներ արձանագրել։
Ինչպիսին էր պաշտոնական Երեւանի արձագանքը ՌԴ-ից վերոնշյալ հայտարարություններին։ Ապրիլի 9-ին Նիկոլ Փաշինյանն արձագանքել էր լրագրողների հարցին, որոնք հիշեցրել էին, որ Պուտինի հետ հանդիպումից հետո փորձագետները նկատում են, թե հայաստանցի արտադրողները շուտով կարող են խնդիրներ ունենալ Հայաստանից ՌԴ ապրանքների արտահանման հարցում։
Փաշինյանը հասկացնել տվեց, որ քաղաքական ենթատեքստ եւ ուղիղ զգուշացում չի տեսնում, եւ հորդորեց արտադրողներին բարձրացնել արտադրանքի որակը. «2018-ից ես խոսել եմ երկրում արտադրության ստանդարտիզացիայի անհրաժեշտության մասին, եւ մենք միլիոնավոր դոլարներ ենք հատկացրել տնտեսությանը, որպեսզի իրենք իրենց արտադրանքը ստանդարտիզացիայի ենթարկեն։ Տնտեսության արդիականացմանը մենք աջակցել ենք, աջակցում ենք եւ շարունակելու ենք աջակցել տնտեսվարողներին, բայց մենք նաեւ համաձայն չենք, որ, այդ թվում, տեխնիկական խնդիրները փորձ արվեն քաղաքական հովանոցի ներքո այլ կերպ ներկայացնել»։
Իսկ ապրիլի 15-ին Փաշինյանն ԱԺ-ում ընդդիմությանը մեղադրեց Հայաստան-Ռուսաստան կոնֆլիկտ հրահրելու մեջ, վստահեցրեց՝ «հայ-ռուսական հարաբերություններն այսօր գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա, քան երբեւէ եղել են», ապա առաջարկեց հետեւել ամենաբարձր մակարդակի շփումների դինամիկային՝ նշելով. «Մենք Ռուսաստանի Դաշնության հետ չենք վիճել, չենք վիճում, չենք վիճելու»։
Ինչպես նկատում ենք, հայ-ռուսական հարաբերությունների սրման եւ հնարավոր բացասական հետեւանքների ու կորուստների համար իշխանությունն արդեն իսկ սկսել է իրեն ապահովագրել՝ մեղադրանքների սլաքները նախօրոք ուղղելով դեպի ընդդիմություն։
Ամփոփումը՝ վաղվա համարում։
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
29.04.2026


















































