Լրահոս
Օրվա լրահոսը

Արտաքին հետախուզական ծառայության ղեկավարը հաստատում է՝ եթե ՔՊ-ն չվերընտրվի, պատերազմի հավանականությունը կմեծանա

Մայիս 06,2026 11:43 Share

«Կարծում եմ, շատ տրամաբանական բան է ասել պարոն վարչապետը։ Իր ասածը հետեւյալն էր․ եթե նախընտրական փուլում, մրցակցող քաղաքական ուժերը հարցականի տակ են դնում խաղաղության ճարտարապետության հիմնաքարերը, դա ենթադրում է, որ խաղաղությունը հաջորդիվ փլուզվելու է»,- խորհրդարանում այսօր հայտարարեց Արտաքին հետախուզական ծառայության ղեկավար Քրիստիննե Գրիգորյանը։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանն էր ԱՀԾ ղեկավարին հիշեցրել մարտին Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությունը, որ եթե առաջիկա ընտրություններում ՔՊ-ն չստանա քվեների բացարձակ մեծամասնություն, ապա սեպտեմբերին Հայաստանում աղետաբեր պատերազմ կսկսվի։ Այս հայտարարությունը ԱՀԾ-ի որոշակի տվյալների հիմա՞ն վրա էր, եթե ոչ, փորձե՞լ եք հասկանալ, ինչի՞ հիման վրա է Նիկոլ Փաշինյանը նման հայտարարություն անում։ Ո՞րն է այն երկիրը, որ այդ պատերազմը պետք է սկսի մեր դեմ՝ հարցրեց ընդդիմադիր պատգամավորը։

Քրիստիննե Գրիգորյանի պատասխանից հետո Արմենուհի Կյուրեղյանը եզրակացրեց՝ ԱՀԾ-ն որեւէ նման տվյալ չունի, դա վարչապետի քաղաքական հայտարարությունն էր, որը որեւէ հիմք չունի։

«Ձեր տրամաբանության պայմաններում կարելի է շատ բան փաստել նաեւ ձեր ասածներից, ինչն այդպես չէ»,- արձագանքեց Քրիստիննե Գրիգորյանը։

Ռուբեն Ռուբինյան

Թեման շարունակեց նիստը նախագահող ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ ԱՀԾ ղեկավարին հարցնելով՝ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները հայտարարում են, որ Հայաստանը չպիտի սահմանափակվի իր 27 743 կիլոմետր տարածքով, սահմանազատման-սահմանագծման հիմքը չեն համարում Ալմա Աթիի հռչակագիրը, այլ սկզբունքներ են վկայակոչում, ուղիղ չեն հայտարարում, որ խաղաղության պայմանագիրը չեն ստորագրելու․ եթե տեսականորեն «Հայաստան» դաշինքը կամ դաշինքի տեսակետները կրող մեկ այլ ուժ գա իշխանության եւ այս նշածները ընդունի Հայաստանի քաղաքականության հիմք, արդյոք լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը կմեծանա։

«Կմեծանա»,- արձագանքեց Քրիստիննե Գրիգորյանը

Մանրամասները՝ տեսանյութում

 

ՀՀ արտաքին հետախուզական ծառայության տնօրեն Քրիստիննե Գրիգորյանը ներկայացնում էր «Արտաքին հետախուզական գործունեության և արտաքին հետախուզության ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթը։ Փոփոխություններով առաջարկվում է հայրության արձակուրդի հնարավորություն սահմանել այս ծառայության ծառայողների դեպքում, ինչը աշխատանքային օրենսգրքով սահմանված է, զենքի և հատուկ միջոցների կրման կարգի սահմանում՝ օրենքով հստակ իրավական հիմք նախատեսվի հաշվառման, հատկացման և կրման կարգի վերաբերյալ, կադրային ռեզերվում գտնվողների ստաժի հաշվարկմանը, խրախուսանքի միջոցներին, ԱՀԾ ծառայողների կարգապահական տույժերին վերաբերվող և այլն։ Նաեւ՝ ծառայության պետի և տեղակալների պաշտոններին, որոնք վարչական պաշտոններ են, կարող են նշանակվել միայն ՀՀ քաղաքացիները։ Հիմնական, ըստ էության փոփոխություններից է նաև այն, որ ծառայության կոչումների փոխարեն նախատեսվել է դասային աստիճանի համակարգ։ Դասային համակարգը համադրվելու-համապատասխանեցվելու է զինվորական կոչումներ նախատեսող այլ պետական ծառայությունների հետ։ Առաջարկվում է նաև այս համակարգի ծառայողների համար՝ հատուկ դեպքերում որոշակի սոցիալական երաշխիքներ ամրագրել պետության կողմից, այդ թվում՝ 20 տարվա ծառայությունից հետո միանվագ նպաստի տրամադրում։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Mika says:

    այ հենց նման կուսակցական դիրքորոշում և ընտրությունների վրա ուղղակի ազդեցություն ունեցող հայտարարություն անելու համար սույն անձը չպետք է որևէ առնչություն ունենա հետախուզության և ընդհանրապես պետական ապարատի հետ

Պատասխանել Mika

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031