Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Անանյանը չէր Աստծուն գժանոց ուղարկում

Օգոստոս 03,2013 14:05

ՀԳՄ նախագահի դիտարկումները

Հայաստանի գրողների միության (ՀԳՄ) նախագահ  Լեւոն Անանյանը «Առավոտի»  հետ զրույցում շեշտեց, որ հասարակական խառը իրավիճակի եւ մշակույթի հանդեպ այսքան քամահրական վերաբերմունքի պարագայում շատ կարեւոր է  ստեղծագործական միությունների մասին օրենքի ընդունումը, որովհետեւ, նրա ձեւակերպմամբ, իրենց «հրամցված» հասարակական կազմակերպությունների մասին օրենքով իրենք դասվում են կատու պահողների կամ գարեջուր խմողների հկ-ների շարքում: «Արդեն 10 տարի է, որ յոթ ստեղծագործական միություններով պայքարում ենք, որ օրենքը վերականգնվի, որպեսզի պետականորեն գնահատվի ստեղծագործ մտավորականության դերը: Թե չէ, եթե հասարակական կազմակեպություն է, ստացվում է, որ նիշը իջեցվում է, դառնում ենք 2000-ից ավելի հ/կ-ների մակարդակին: Ստեղծագործական միությունները ԽՍՀՄ-ի օրոք այլ կարգավիճակ ունեին, ուզում ենք, որ հիմա էլ էդպես լինի, սակայն դրանով չենք ասում, թե մեզ տվեք առանձնաշնորհներ»,- ասում է Լեւոն Անանյանը: Նաեւ նեղսրտում է, որ միությունները համարում են ստալինյան կառույցներ. «Եթե Իսրայելն ունի գրողների միություն, Մերձբալթիկան ունի, Գերմանիան՝ նույնպես, նրանք էլ հո Ստալինի «սապոգի» տակ չե՞ն եղել, ուղղակի այդ միտքը շրջանառվում է, որ այս կառույցը քանդվի: Էհ, որ քանդվի, ի՞նչ ենք շահելու»:

Մեր զրուցակիցը հայտնեց, որ իրենց իրավունքները պաշտպանելու նպատակով ստեղծել են յոթ ավանդական  միությունների նախագահների խորհուրդ, եւ տասը տարի է փորձում են առանձին օրենքով  սահմանել ստեղծագործական մտավորականության իրավունքներն ու պարտականությունները, բայց միշտ մի մոգական ուժ, մի գորշ կարդինալ ի չիք է դարձնում բոլոր ջանքերը: Չնայած նախագահը խոստացել է, որ դեկտեմբերին կունենան առանձին օրենք:

ՀԳՄ նախագահից հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ  է միությունը պասիվ հասարակական հնչողություն ունեցող հարցերի հանդեպ եւ մի տեսակ «պալատական» է ընկալվում: Նաեւ մեկ-երկու թարմ օրինակ բերեցինք, որ միայն արձակագիր Լեւոն Խեչոյանը սատարեց նստացույց անող ազատամարտիկներին կամ հատուկենտ գրողներ միացան տրանսպորտի թանկացման դեմ ակցիային, իսկ միությունը այդպես էլ լուռ մնաց: «Մեր կառույցը կուսակցական շերտեր ունի,   քաղաքական  տարբեր կողմնորոշումներ ու նախասիրություններ ունեցող անդամներ: Մարդ կա՝ աշխատում է ընդդիմադիր թերթում, բայց  երբ գալիս է այստեղ՝ գրական հարցեր ենք  քննարկում: Ո՛չ  ՀԳՄ նախագահը, ո՛չ նախագահությունը այդ 500 գրողի անունից, մի 100 անդամ էլ դրսում է, հայտարարություն անելու իրավունք չունի: Օրինակ Ալիսիա Կիրակոսյանի, Ռոբեր Հատտեճյանի անունից ինչպե՞ս հայտարարություն անես, ամբողջովին կբզկտեն, դա մեր գործառույթը չէ… Անհատական գրողը պետք է գնա: Իմ կարծիքով, գրողի խնդիրը իր գրականության մեջ ժամանակն արտացոլելն է: Սա նաեւ թումանյանական Վերնատան պատգամն է …Էդ Լեւոն Անանյանը չէ՞ր, որ գնաց Թիֆլիսում Թումանյանի տունը փրկեց, արածը  պետք է տեսնել: Դե թող մեկ ուրիշը աներ: Չեմ ասում, թե  մեր աշխատանքում ամեն ինչ անթերի է, բայց ես անում եմ այնքան, ինչքան կարող եմ»,- ասաց ՀԳՄ նախագահը:

Նաեւ հավելեց, որ ստեղծագործական միությունները ծանր կառույցներ են, գրողների միջին սերունդը եւ ավագանին ապրել է այլ ավանդույթով ու կարծրատիպերով. «Ժամանակին առանձին ստեղծագործական սենյակ էին տալիս, գրողը հասարակության մեջ առաջնորդի լծակ ուներ, Սովետն ամեն ինչ տալիս էր՝ իր գաղափարախոսության համար, ու հիմա ազատ շուկայի պայմաններում, այդ կարծրատիպը դժվար է հաղթահարել: Այն ժամանակ Վարդգես Պետրոսյանը Կարեն Դեմիրճյանի մանկության ընկերն էր,  այդքա՜ն միջոցներ ուներ, է՜լ մեքենաներ էին տալիս, կահույք, թոշակ, հիմա այդ բոլորը չկա: Հիմքը չկա, բայց հիշողությունը մնացել է, այդ հիշողությունն է, որ ամեն ինչ բերում է դեպի գրողների միության նախագահը կամ կառույցը»:  Լեւոն Անանյանը կարծում է, որ իրենց կառույցը դեռեւս պատրաստ չէ հեղափոխական ոգուն. «Կարող է հեղափոխությունը ներսում լինի, 90-ականների նման, որ հազիվ ամեն ինչ հետ բերեցինք, իսկ այս կառույցը համախոհների միություն է,  այս կառույցը խթանում է շատերին, միավորում, հզոր են զգում գրողները»:

Մեր զրուցակիցն ասում է, որ ինչքան էլ իրեն քննադատեն, միեւնույն է, անելիքներ ունի, օրինակ, Ցեղասպանության 100-ամյա տարելիցի առիթով 5 երկրների (Գերմանիա, Հունաստան, Լեհաստան, Իսրայել, Լիբանան) գրողների միությունների հետ ծրագրեր. բարձր դասարանցիները ցեղասպանության թեմայով շարադրություններ են գրելու իրենց երկրներում, լավագույնները կխրախուսվեն, Կարո Արմենի հետ միասին ուզում են իրականացնել նահատակ գրողների հուշարձանի տեղադրումը Ծիծեռնակաբերդում, կթարգմանվեն նաեւ նրանց բանաստեղծությունները, գրականության  միջոցով արտերկրում կբարձրաձայնվի ցեղասպանության մասին եւ այլն:þ

Անանյանն ասում է, որ ամեն օր առանց վարձատրության հաճախ հասարակական աշխատանք է անում, հրավիրում համաշխարհային հռչակ ունեցող օտարազգի գրողների (Գոնսալո Գուարչ, Ադոնիս եւ այլն), խթանում թարգմանական գործը, այդքանից  հետո, նրա ձեւակերպմամբ, «մի ապիկար կանգնում  է ու սեւացնում արածը, այն դեպքւոմ, երբ  երեք ատյանով 11 կետով ներողություն է խնդրել ինձանից»:

Մեր զրույցի ընթացքում անդրադարձ եղավ Աբգար Ափինյանի այն մտքին, որ Մայր Աթոռի աչքից վրիպել է Լեւոն Անանյանի բանաստեղծությունը՝ Աստծուն գժանոց տանելու մասին: ՀԳՄ նախագահը պարզաբանեց, որ դրա հեղինակը մեկ այլ Լեւոն Անանյան է, գյումրեցի երիտասարդ, որի բանաստեղծության խոսքերով Ռիչարդ Մադլենյանը երգ է գրել:

Իսկ ինչո՞ւ են ՀՀ ստեղծագործական միությունների նախագահները ուզում նորից լինել նախագահ: «Ստեղծագործական միությունների նախագահներից ամենաերիտասարդը ես  եմ, բայց չգիտես ինչու, միայն ինձ հետ կապված է այդ հարցը ծագում: Գիտե՞ք ինչու, որովհետեւ միայն ես եմ աշխատում»,- շտապեց ասել ՀԳՄ նախագահը:

Նա նաեւ տեղեկացրեց, որ առաջիկայում կգործի ՀԳՄ սրճարանը, որտեղ ակնկալում է գրական քննարկումներ ու գրական մթնոլորտ:

Հետաքրքրվեցինք՝ համամի՞տ է հաճախ հնչող այն կարծիքների հետ, որ ՀԳՄ-ում կան նաեւ ոչ այնքան շնորհալի գրողներ: «Ոչ ՀԳՄ նախագահը, ոչ նախագահությունը ի զորու չէ ասել՝ ո՞րն է արժեքը, որովհետեւ դա երկու չափորոշիչ ունի՝ ընթերցողը եւ ժամանակը: Ո՞վ գիտի, թե 10 տարի հետո ինչ կլինի, արդեն իսկ ոմանց չեն կարդում»,- ասաց Լեւոն Անանյանը:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031