Լրահոս
Օրվա լրահոսը

«Նա իմ Լեոնարդո դա Վինչին է»

Նոյեմբեր 28,2013 13:50

Բարսեղ Թումանյանի տիկինը՝ ամուսնու եւ իրենց «տաճարի» մասին

Տաճարաշինությունը յուրատեսակ արվեստ է, որի հետ կապված նվաճումները ուղղակի «հենվել» են անձանց վրա: Վերջիններս, սակայն, միշտ էլ համեստ կյանքով են ապրել: Խոսքն այս պարագայում վերաբերում է հասարակությանն առայժմ որպես օպերային երգիչ հայտնի Բարսեղ Թումանյանին եւ նրա տիկնոջը՝ արվեստաբան, նկարիչ-դիզայներ Նաիրա Թումանյանին: Տիկին Թումանյանն առաջինն էր հայաստանյան իրականությունում, ով 1999թ. ներկայացրեց Body art՝` «Մարմինը խավարում» խորագրով, որը գույների, երաժշտության, լույսերի համատեքստում ներկայացնում էր մարդկային մարմնի գեղեցկությունը:
«Առավոտն» այցելեց Թումանյանների տաճար՝ ընտանիք: Բարսեղ Թումանյանը բացակայում էր, տիկնոջ ներկայացմամբ՝ պրեմիեր երգիչը նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի հրավերով գտնվում է Ղազախստանում՝ նորաստեղծ Արվեստների համալսարանի բացման առիթով, որտեղ վարում է վարպետության դասընթացներ եւ հանդես գալիս արվեստի տարբեր ճյուղերին վերաբերող դասախոսություններով: Հյուրընկալված տաճարում օպերային երգչին մեզ համար հայտնաբերեցինք նաեւ որպես նկարիչ, փիլիսոփա, պոետ, նորագույն գորգարվեստի հիմնադիր: Վերջինի առիթով տիկին Թումանյանը փաստեց, որ վերջերս ամուսնու նախաձեռնությամբ եւ մշակույթի նախարարության աջակցությամբ հրատարակվել է մասնագիտությամբ պատմաբան, գերմանացի գիտնական Գանցոյի աշխատությունը, ով երկար տարիներ զբաղվելով գորգերի ծագումնաբանությամբ, ի լուր աշխարհի հայտարարել է, թե գորգագործությունը հայկական ծագում ունի ու այդտեղ օգտագործված են մեր նախշապատկերները:

Նաիրա Թումանյանը հավաստիացրեց, որ երկար տարիներ ապրելով Մոսկվայում, ապա տեղափոխվելով հայրենիք, հենց ամուսնու՝ Բարսեղի շնորհիվ է բացահայտել իր հնարավորությունները արվեստի այլ ճյուղերում նույնպես: Մեր զրուցակիցը ժպտալով ներողություն խնդրեց Բարսեղ Թումանյանից, ասելով՝ «Ես Բարսեղին ընդունում եմ որպես հզոր տաղանդի տեր անհատականություն, ով դեռ երկար տարիներ կզարմացնի իր տաղանդի նոր փայլատակումներով եւ երկար տարիներ կպահանջվի բացահայտելու Բարսեղ Թումանյան ֆենոմենը: Նա իմ Լեոնարդո դա Վինչին է»:

Տիկին Թումանյանը հիշեցրեց նոյեմբերի 4-ին մեկնարկած «Նավասարդյան խաղեր» նախագիծը, որի հիմնադիր նախագահն իր ամուսինն է: Առաջին անգամ է անցկացվում նման նախագիծ, ինչը համեմատվում է օլիմպիական խաղերի հետ եւ որում ներգրավված են մշակույթի բոլոր ճյուղերը, մասնակիցներն էլ 6-25 տարեկան երիտասարդներ են Հայաստանից ու Արցախից:

Հետաքրքրվեցինք, թե որտե՞ղ եւ ինչպե՞ս են վաստակում Թումանյան ամուսինները, քանի որ հայաստանյան մշակութային օջախներում, լավագույն դեպքում, օրինակ՝ Բարսեղ Թումանյանին հանդիպում ենք տարին մեկ անգամ: Մեր զրուցակիցը պատասխանեց. «Բարսեղը վաստակում է արտերկրյա հյուրախաղերով»: Ժպտալով էլ հավելեց. «իմ վաստակը ամուսնուս համար լույս եւ անհոգ կյանք ստեղծելն է»:

Ափսոսանքին, որ այս տաճար չեն կարող մուտք գործել բոլոր արվեստասերները, Նաիրա Թումանյանը նախ ասաց, թե իրենց տունը Բարսեղի տաճարն է, հետո էլ մանրամասնեց. «Իհարկե, նույնիսկ մեզ անծանոթ արվեստասերները կարող են գալ, բայց դրա համար մի նախապայման է պետք՝ որ եկողը լինի իրական հայի տեսակ»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930