Լրահոս
Օրվա լրահոսը

«Հըմի չե՞ս զզվի քեզնից, որ 2-րդ աղջիկն ունեցար»

Սեպտեմբեր 22,2017 15:00

«Հղի ունեինք՝ 2 աղջիկ ուներ, 3-րդին էր սպասում: Մի օր եկավ ասաց, թե՝ ինձ հաշվառումից հանեք, էլ հղի չեմ, ընդհատել եմ, էլի աղջիկ էր: Ամուսինս ասեց՝ մեզ պետք չի, հանես, նոր կգաս մոտս՝ Ռուսաստան», «Ախալքալաքից մի կին կար, 3 տարի մոտս բուժվում էր անպտղությունից, հետո վերջապես հղիացավ, իմացան աղջիկ էր՝ ընդհատեցին»,  «Մի կին կար, ահագին մեծ հղիություն էր, ընդհատեց Երեւանում, քանի որ ամուսինը ասեց՝ կբաժանվեմ»: Սրանք Գյումրիում եւ Ապարանում աշխատող գինեկոլոգների ներկայացրած դեպքերն են սեռով պայմանավորված  հղիության ընդհատման մասին, որոնք պատմել են «Ինչպես տղա ունենալ. Արու զավակի նախընտրության մշակութային պրակտիկաները Հայաստանում» հետազոտության շրջանակներում:

Հետազոտությունը կատարվել է «Վորլդ Վիժն Հայաստանի» նախաձեռնությամբ,  այն իրականացրել է Ռուզաննա Ծատուրյանը: Այս հետազոտությունը  իրականացվել է Հայաստանի 4 մարզերի՝ Արագածոտնի, Շիրակի, Տավուշի եւ Գեղարքունիքի 11 համայնքներում:

Չնայած Հայաստանում անցյալ տարվանից արգելված է պտղի սեռով պայմանավորված ընդհատումը,  այնուամենայնիվ, ընտանիքները, որոնք նախապատվություն են տալիս տղա երեխային, դիմում են տարբեր միջոցների, որպեսզի ազատվեն աղջիկ երեխայից: Նշենք, որ «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» օրենքով՝ յուրաքանչյուր կին ունի հղիության արհեստական  ընդհատման (աբորտի) իրավունք մինչեւ 12 շաբաթական ժամկետը: Այս ժամկետն է ընտրված, քանի որ հենց 12, բայց երբեմն էլ 11 շաբաթական հղիության ժամանակ է պարզվում պտղի սեռը:

«Չնայած փոփոխություններին եւ օրենսդրորեն ամրագրված սահմանափակումներին՝ տղա երեխայի նախընտրության խորը ե կայունացած մշակութային սովորույթներով պայմանավորված, հայաստանյան ընտանիքներում շարունակում են կիրառել պրակտիկաներ, որոնց օգնությամբ փորձում են պլանավորել կամ կանխորոշել ապագա երեխայի սեռը: Այս պրակտիկաներից որոշները ավանդական են, որոշները՝ նորամուծություններ»,- գրված է հետազոտությունն ամփոփող զեկույցում: Ըստ դրա՝ թեեւ օրենքով  արգելվել է սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումը, սակայն սրան զուգահեռ կարող են ակտիվանալ ու կիրառվել պտղի սեռը պարզելու ու հղիության արհեստական ընդհատման այլընտրանքային մեթոդները:

Ընդ որում, սեռով պայմանավորված աբորտի արգելքը ունեցել է, կարելի է ասել, բացասական ազդեցություն եւս: Օրինակ՝ ինչպես պարզվել է հետազոտությունից, «պտղի սեռով պայմանավորված արհեստական ընդհատումները թիրախավորելու արդյունքում՝ այն ընտանիքները, որոնք, այնուամենայնիվ,  իրականացնում են աղջիկ երեխայի «զտումներ», այս տեղեկությամբ չեն կիսվում հարեւանների, ազգականների հետ, ինչի արդյունքում երեւույթը «թաքնվում է» եւ քննարկումների համար աստիճանաբար «վերանում»:

Հետազոտությանը մասնակցած տղամարդիկ, ինչպես զեկույցում է գրված, ընդգծված անտարբեր են եղել աղջիկ երեխայի մասին հարցազրույցներում:

«Հիմա առանց պլանավորելու երեխա ունենում են մենակ աղքատ ընտանիքները, քանի որ պետությունը երեխու փող ա տալիս, ունենում են՝ վարկեր փակում»,-այսպիսի կարծիք է հայտնել հետազոտության ժամանակ Արագածոտնի բնակիչներից մեկը:

Իսկ տղա երեխա ունենալու նախապատվության պատճառները բազմազան են, ինչպես բազմաթիվ հետազոտություններ ու փորձագետներ են փաստել՝ դա պայմանավորված է հայրիշխանական հասարակությամբ, սոցիալ-տնտեսական պայմաններով, գենդերային անհավասարությամբ, կնոջ դերի թերագնահատմամբ եւ շատ այլ պատճառներով:

Եվ չնայած կենսաբանորեն տղամարդն է պատասխանատու պտղի սեռի համար, այսինքն՝ ինչպես զեկույցում է գրված՝ «բացառապես տղամարդու սերմնաբջիջների քրոմոսոմային համադրությամբ է պայմանավորվում երեխայի սեռը», այնուամենայնիվ, հայ հասարակությունում պտղի սեռի համար մեղադրում են կնոջը:

Զեկույցի հեղինակը նկատում է՝ «Դեռեւս մինչ հղիությունը, հղիության ողջ ընթացքում, ծննդաբերությունից հետո եւ հատկապես աղջիկ երեխաներ ունեցող կանայք մշտապես քննադատվում են: «Ո՞վ է պատասխանատու երեխայի սեռի համար» հարցին կանայք շշուկով պատասխանում էին՝ «Տղամարդը, ցորեն է ցանում, գարի՞ հնձում»:Ըստ  զեկույցի՝ թիրախավորվում են նաեւ այն կանայք, որոնք ունեն միայն քույրեր. նրանց մեղադրում են՝ «մորը կքաշի՝ մենակ աղջիկ բերող լինի»: Իսկ ահա տղա ունենալու համար կնոջը մի լավ գովաբանում են:

«Ախպորս 3 աղջիկ ունի, ամեն երեխու ծնվելուց առաջ հերս ախպորս կըսեր՝ սոխ կեր: Ախպերս էլ՝ զզվիմ գը: Հետո օր 2-րդ աղջիկն ունեցավ, հերս կըսեր՝ ըբը հըմի չե՞ս զզվի քեզնից, որ 2-րդ աղջիկն ունեցար»,- զեկույցում մեջբերված են Ամասիայի բնակիչներից մեկի խոսքերը:

Անցանկալի աղջիկ երեխաներից ազատվելու համար շատ հղիներ դիմում են ժողովրդական միջոցների, քանի որ արգելված է պտղի սեռով պայմանավորված ընդհատումը:

Զեկույցում նշված այդ մեթոդներից են՝ «Հետազոտության մասնակիցների շրջանում հայտնի վիժեցնող մեթոդներն են տարբեր թուրմերի պատրաստումը՝ կոնյակով, պղպեղով կամ կոնյակով ու ասպիրինով, 10 հատ կճեպով եփած ձու ուտելը, ֆիզիկական ծանրաբեռնվածության արդյունքում վիժումը՝ բարձր տեղից ցատկելը, ծանր իր բարձրացնելը, փորը տրորելը, հեշտոցում տարբեր իրեր, դեղեր կամ մթերք տեղադրելը»: Բժշկական աբորտի դիմող կանայք, ինչպես զեկույցում է գրված, միայնակ են առերեսվում աբորտին, նրանց ամուսինները սովորաբար չեն ուղեկցում հիվանդանոց:

Ըստ զեկույցի՝ «Հարցազրույցների նյութերը ցույց տվեցին, որ մարզային բժշկական փոքր կենտրոններում սեռով պայմանավորված աբորտներ չեն անում, մասնակիցների կարծիքով՝ մարզային բուժկենտրոններում, որտեղ հնարավոր է աբորտ անել, գաղտնի են անում, առանց գրանցման, երեկոյան ժամերին կամ ոչ աշխատանքային օրերին, բժիշկներին վճարելով 15 հազարից մինչեւ 30 հազար դրամ, լրացուցիչ ավելացնելով 10 հազարական դրամ՝ 12 շաբաթից հետո ամեն շաբաթի համար: Որոշ դեպքերում երեւանյան բուժկենտրոններն առաջարկում են համակցված ծառայություն՝ սեռի ստուգում եւ ուղեկցող աբորտ՝ անցանկալի սեռի պտղի դեպքում»:

Ընդ որում, հետազոտության հարցադրումներին  ի պատասխան՝ որեւէ մտահոգություն չի հնչել սեռով պայմանավորված հղիությունն ընդհատող կանանց հոգեբանական եւ ֆիզիկական վիճակի մասին: Զեկույցն ամփոփվում է հարցման մասնակից մի կնոջ՝ «Տղան պարտադիր է, աղջիկն՝ անհրաժեշտություն» խոսքով, նկատի ունենալով՝  տղա են ունենում, էլի մենակ են մնում, տղան գնում է Ռուսաստան, իսկ աղջիկն ավելի սրտացավ է, ու նա է ծնողներով հետաքրքրվում:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ  

«Առավոտ» օրաթերթ

21.09.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մարինա says:

    Միջնադարյան խավարամտություն…սրանց նմաններին ռուսերենը կամ անգլերենը ինչին է պետք, քարանձավներից դեռ դուրս չեն եկել: Դե որ աղջիկն այդքան վատ բան է, թող այդ տղամարդ կոչեցյալները իրենց մայրերին ու քույրերին սպանեն, կնոջն էլ հետը, իսկ ամուսնանան բացառապես իրար հետ: Դրանց նմանների տղաներն էլ թող էլի տղաներ ուզեն. գուցե այդպես բնությունը վերջ դնի նման թերի ուղեղներով արարածների բազմացմանը:

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930