Լրահոս
Օրվա լրահոսը

Բանակի առօրյան՝ շրջանակի մեջ

Հունիս 11,1998 16:42
zinvor

Վերջերս գործընկերներիցս մեկը վստահեցնում էր, թե Վազգեն Սարգսյանը խիստ նկատողություն է տվել մի քանի սպաների, որոնք համարձակվել են պատասխանել լրագրողների հարցերին: Անկեղծ ասած, խոստովանությունն այնքան էլ համոզիչ չթվաց՝ ինքս էլ եմ բազմիցս հարցեր տվել զինվորականների եւ պատասխանները ներկայացրել:

Բայց եւ այնպես, մեր Պաշտպանության նախարարի համար ասենք, որ ի տարբերություն պատերազմի տարիների, այսօր, իրոք, դժվարացել է զինվորական որեւէ պաշտոնյայի «խոսեցնելը»: Ձայնագրիչը տեսնելուն պես երկխոսությունն ընդհատվում է. բերվում է ծանրակշիռ մի փաստարկ, որի դիմաց լրագրողը փաստորեն անզոր է. «Նախարարը թույլ չի տալիս»: Դրանով «հարցազրույցը» ավարտվում է, երբեմն ավարտվում է զրույցն ընդհանրապես: Եթե ավելացնենք, որ լրագրողների մուտքը զինվորականների միջավայր դյուրին չէ եւ տեղի է ունենում բացառապես տոնական օրերին, իսկ բանակային պաշտոնական լրատվությունը հիմնականում տոնական տրամադրությունների արձագանքն է, ապա բացատրելի են բանակի մասին մեր համատարած պատկերացումները:

Քանի որ չեմ պատկերացնում, թե ընկնելով մի զորամաս՝ ինչպե՞ս կարելի է թույլտվություն ստանալ այդ պահին (եւ ընդհանրապես) անհասանելի նախարարից, իսկ բանակին անդրադառնալու առիթ է ընձեռվել, ապա աշխատում եմ այդ մասին, այնուամենայնիվ, գրել, հույս ունենալով, որ ոչ ոք չի պատժվի:

Այցելություն զինվորին

Զորակոչիկների վկայությամբ, ծառայության ընթացքում ամենադժվար անցնող ժամանակը «կարանտին» կոչվածն է (մինչեւ երդման հանդիսավոր արարողության 1-2 ամիսը) ու «դեմբելը» (զորացրման օր): Մեր բանակը վարկաբեկող չար լեզուներն ասում են, որ ժամանակին զորացրվելու համար որոշ հրամանատարներ փող են ուզում, ընդ որում՝ կոնկրետ գումարներ՝ 200-500 դոլար, իսկ «կարանտինի» ժամանակ տուն գնալու համար՝ ավելի քիչ: Բայց դրան նույնպես դժվար է հավատալ, քանի որ նախ, խեղճ ժողովրդին որտեղի՞ց այդքան փող եւ երկրորդը՝ սպաներից ո՞վ կհամարձակվի զինվորից փող վերցնել, անգամ եթե իրենց միջին աշխատավարձը 18-20 հազար դրամ է: Ուստի միանգամայն ճիշտ է, որ յուրաքանչյուր ամսվա վերջին կիրակին պաշտպանության նախարարությունը «ծնողների օր» է հայտարարում եւ զավակների հետ հանդիպումը կազմակերպելու համար ավտոբուսներ տրամադրում: Դրանք, պարզ է, անվճար երթեւեկելու համար չեն, բայց եւ այնպես «կարոտն առնելու» մի միջոց են:

Ծնողներից ու հարազատներից բացի` սա արդեն նոր ավանդույթ է՝ զինվորին այցելության են գալիս բակի կամ դպրոցի ընկերները. նրանք, ինչպես ասում են, «խոսում են» հրամանատարների հետ եւ անհրաժեշտության դեպքում կարողանում են որոշ հարցեր կարգավորել: Քանի որ հայկական բանակում ծառայած զինվորների արդեն մի քանի սերունդ կա, ապա, «ծառայած տղերքի» զորակոչիկներին այցելությունները արժեքավոր այցելություն են համարվում:

Բանակի կիրակին

Այս օրը տարբեր զորամասերում տարբեր է. դա պայմանավորված է թե զորամասի հրամանատարից, թե այստեղ արդեն ձեւավորված տարբեր ավանդույթներից եւ թե, իհարկե, տեղանքից, ուր գտնվում է զորամասը: Գեղարքունիքում գտնվող, ինչպես ընդունված է անվանել, N զորամասը «ծովի ափին է», ու զինվորներն այստեղ «մսեղենից» գոնե ձուկ ուտում են բոլ-բոլ: Առավոտվանից բակում տարածվում է տոնական երաժշտություն՝ մեր լսածն այդ օրը ռուսական հանրահայտ երգեր էին, տղաները վկայում էին, սակայն, որ հայկական երգեր էլ են երբեմն լսում: Զինվորների մի խումբ զբաղված էր բակի բարեկարգմամբ, հրամանատար, փոխգնդապետ Արթուր Պողոսյանը տեղեկացրեց, որ գարնանը հարյուր ծառ են տնկել: Բակի մյուս ծայրում՝ երեք տղաներ, «կռանթի ջրով» իրենց համազգեստն էին լվանում: Լվացածն ինչ պիտի լինի, եթե ջուրը Սեւանի սառը ջուր է, իսկ ունեցածն էլ՝ մի կտոր օճառ: «Տանը չենք արել, բայց հիմա, ի՞նչ կա որ, պետք ա ՝ անում ենք»:

Ավանդական ոջիլի մասին մեր հարցմանը դեմ տվեցին սակավամազ գլուխները. «Ըհը, տեսեք, կա՞»: Տեսածներիցս երեքի գլխին չկար, իրոք: Զորամասում լվացքատուն չկա, ուստի ինքնասպասարկում է, քանի որ ամեն մի զինվորի ընդամենը մի կոմպլեկտ համազգեստ է հասնում, ուստի, հին-մին բաներ են ճարում ու հագնում մինչեւ, այսպես կոչված, լվացքը չորանա: Բարեբախտաբար բաղնիք կա, ու ոջիլի բացակայությունը տվյալ զորամասում դրանով էին բացատրում: Կիրակի օրերին տղաները նաեւ կարի գործ են անում՝ սպիտակ թելով կպցնում են սպիտակ օձիքները. արդեն վեց ամիս ծառայած Ջոն Սահակյանը օձիքը կարում էր սեւ թելով, հագածն էլ, նկատեցի հնամաշ «ֆորմա էր», նորը, երեւի լվացել էր:

Կիրակի օրերին թույլ են տալիս նաեւ հեռուստացույց նայել: Ասացին, որ տղաների ամենասիրած հաղորդումը «Զինուժն» է: Ալեքսանդր Սարգսյանը՝ բարձրահասակ, բարալիկ զորակոչիկ, որ ընդամենը երկու ամիս է ծառայում, հասցրել է «Զինուժով» հանդես գալ. տղան խոստովանեց, որ սկզբից «փողոցի հայերենով» խոսեց, իսկ հետո՝ գրական: Բնականաբար իր հասակակիցներին համոզում էր, թե ինչքան լավ է բանակում, եւ որ պետք չէ վախենալ: «Չէ՛, իսկապես, առաջ ես էլ էի կարծում, որ շատ դժվար ա, բայց տենց չի, լավ ա»: Հանգստյան սենյակում, ուր ինձ ուղեկցեց ավագ լեյտենանտ Կարեն Դանիելյանը, մի քանի զինվոր հեռուստացույց էին նայում՝ տեսաֆիլմ, իսկ մինչ այդ, ինչպես որ կարգն է, հաճույքով սիրելի «Զինուժը» դիտեցին:

Հանգստյան սենյակում շախմատ ու շաշկի կար ու, ինչպես նշեցինք, հեռուստացույց, որը, իհարկե, աշխատում էր, բայց հասկանալ, թե ինչ է ցուցադրվում, բավականին դժվար էր: Զորամասում կա նաեւ սպորտային համալիր ու սպորտով զբաղվելը նույնպես մտնում է հանգստյան ծրագրերի մեջ: Սպորտին մեծ ուշադրություն է դարձնում նաեւ պաշտպանության նախարարը, որը նախկինում տղաների հետ անգամ ֆուտբոլ էր խաղում (ինքս եմ տեսել), թե հիմա սեփական օրինակով ապացուցում է սպորտի անհրաժեշտությունը բանակային կյանքում, չգիտեմ: Բայց Վազգեն Սարգսյանի այցելությունները զորամասեր զորակոչիկները անպայման նշում են: Ահա այստեղ էլ մի քանիսը տեղեկացրին: «Ամսի 30-ին նախարարն էր, է, եկել մեզ մոտ: Հարցրեց, ո՞նց ա ծառայությունն անցնում, ուրիշ բաներ էլ»:

Եթե հրամանատարն ու սերժանտը լավն են

Ինչպես եւ սպասում էի, հրամանատարը հրաժարվեց մեր որեէ հարցի պատասխանել, այսինքն՝ զանց չառավ պաշտպանության նախարարի հրամանը՝ ոչ մի հարցազրույց լրագրողներին. «Ինքներդ տեսեք, ի՞նչ ասեմ»: Տեսածիցս, հատկապես ուսումնական սենյակներից ու ննջասենյակից, տպավորվեցի. նախ, որովհետեւ, թե՛ դասասենյակներում, թե՛ պատերին փակցված գրությունների լեզուն հայերենն էր: Ուստի այս զորամասի պետական լեզուն էլ հայերենն է: Իսկ ննջասենյակներում՝ անկողինների գրեթե մաքուր սպիտակեղենից բացի, զարմանալի էր նկատել մաքուր հատակը, որը «մաստիկած էր»: Թեեւ այս տարիների ընթացքում ոչ մի զինվոր գոնե ինձ չի խոստովանել, որ մեր բանակում «դեդովշչինա» կա (իսկ որ կա, գրեթե չենք կասկածում), նկատել եմ, որ զորամասի հրամանատարից ու սերժանտից է մեծ մասամբ կախված այս երեւույթի լինել-չլինելը: «Մեր սերժանտին», որը տղաների վկայությամբ 11 տարի կարատե է պարապել, զորակոչիկները շատ էին գովում. հոգատար է, ու թեեւ խիստ է, բայց դաժան չէ: Քանի որ նա էլ, ինձ տեսնելուն պես, արագ հեռացավ, ուստի միայն անունը նշեմ՝ Ռոբերտ Մարտիրոսյան: Իսկ հրամանատարը՝ Արթուր Պողոսյանը, որը ծագումով ղարաբաղցի է ու Ղարաբաղում «կռված տղա», խնդրեց, որ որեւէ բան իր մասին չգրեմ, որովհետեւ պետք չէ:

ԱԼՎԱՐԴ ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆ

Հ.Գ. Բանակին վերաբերող մեր հրապարակումները, ի տարբերություն, ասենք, ռուսական մամուլի (որ բանակի մասին գրում է ամենաբազմաժանր թեմաներով՝ 7 գեներալների դեմ հարուցված քրեական գործերից մինչեւ զորակոչիկների սեքսուալ խնդիրները), ավելի նկարագրական բնույթի են: Եվ նրանց բազմազանությունը մեծապես կախված է հասարակության մեջ մամուլի ազատության ընկալումից եւ էլ ավելի՝ մամուլի հանդեպ պաշտպանության նախարարի վերաբերմունքից: Ուստի այսօր ստիպված ենք սահմանափակվել, մեր իսկ համոզմամբ, թերի հրապարակումներով:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930