Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՅՍՊԵՍ ԿԱՐԵԼԻ Է ՀՌՈՄԻ ՊԱՊԻՆ ԷԼ ՄԵՂԱԴՐԵԼ»

Հուլիս 28,1999 00:00
Ruben Rshtuni

Վանո Սիրադեղյանի պաշտպաններ Տիգրան Ջանոյանի եւ Ռուբեն Ռշտունու հետ զրույցի առիթը թեեւ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի որոշ հայտարարություններն էին, բայց անդրադարձանք նաեւ Սիրադեղյանի գործով ավարտված նախաքննության հարցերին։

-Ինչո՞վ էր պայմանավորված, որ հավելյալ մեկամսյա ժամկետ էիք խնդրում գործին ծանոթանալու համար, եթե առանց այն էլ (գլխավոր դատախազի հաղորդած տեղեկությունների համաձայն) նյութերն ամբողջ ծավալով ձեր տրամադրության տակ են։

Tigran Janoyan

Տիգրան Ջանոյան– Դիմացինի պարտականությունների մասին խոսելուց առաջ լավ կլիներ, առաջին հերթին, նախանձախնդիր լինել սեփական պարտականություններին եւ հարգել օրենքի պահանջը։ Քրեական դատավարության օրենսգրքի 266-րդ հոդվածն ուղղակի մատնանշում է, որ դատավարության մասնակիցներն իրավունք ունեն եւ կարող են ծանոթանալ ոչ միայն քրեական գործի ողջ նյութերին, ինչն անընդհատ շահարկվում է, այլ նաեւ քրեական գործի հավելվածներին, այսինքն՝ բոլոր տեսանյութերին, ձայնագրություններին, իրեղեն ապացույցներին։ Մեր փաստաբանական մյուս ներկայացուցիչների միջոցով գործի նյութերին ծանոթանալուց հետո՝ միջնորդություն էինք հարուցել ծանոթանալու նաեւ քրեական գործի հավելվածներին։ Ահա այստեղ էր, որ լրացուցիչ ժամկետի անհրաժեշտություն էր ծագել, որը եւ մերժվեց։ Փաստորեն, բավական կոպտորեն ոտնահարվեցին մեր իրավունքները։ Եվ այդպես էլ քրեական գործի հավելվածները չտրամադրվեցին մեզ։

Ինչ վերաբերում է փաստաբաններից ոմանց, այդ թվում նաեւ իմ մասին գլխավոր դատախազի խոսքերին, ապա ինչ է նշանակում «գոնե մեկ անգամ չեն եկել»՝ ինչի՞ն , հարցաքննությա՞նը։ Ի՞նչ պարտականություն ունեմ, որը չեմ կատարել։ Դա ես ու Վանո Սիրադեղյանն ենք որոշում՝ ես կներկայանա՞մ գործի նյութերին ծանոթանալու, թե՞ դրսից կկորդինացնեմ։ Ինչո՞ւ է ինքը մտնում ուրիշի սպիտակեղենի մեջ, որտեղ իր տեղը չի։ Ուրեմն, հարգելի Աղվան Հովսեփյան, բարի եղեք ձեր քննչական պարտականությունները կատարել մինչեւ վերջ։ Հատուկ իմ ներկայանալու խնդիրը նրա իրավասությունից դուրս հարց է։

Ռուբեն Ռշտունի– Ես վիրավորված եմ, թե ինչու է միայն Ջանոյանն անվանվել, քանի որ քննիչների որոշումներում ուղղակի նշված էր, թե ոչ մի անգամ չեն ներկայացել Տիգրան Ջանոյանն ու Ռուբեն Ռշտունին։ Այստեղ մի շատ վտանգավոր միտում է նկատվում հետագա բոլոր քրեական գործերի համար։ Գործերը պատճենահանելն ուզում են հավասարեցնել ծանոթանալուն, բայց դա նույնը չէ։ Եվ այդ միտումը պիտի արմատախիլ արվի, քանի որ այս գործով ցանկանում են դատական պրակտիկա ստեղծել եւ ցույց տալ, որ այդպես է լինելու։ Այդպես չի՛ լինելու։ Եթե մենք այլ գործերով ենք զբաղվել, մի ձեռքով 10 ձմերուկ ենք բռնել կամ 5 նապաստակի վրա փորձել կրակել մի հրացանից՝ ոչ մեկի գործը չէ։ Մեր հանգստի ժամերին, մեր ընտանիքների հաշվին ենք ծանոթացել այդ գործին։ Ինչու պիտի անպայման քննիչների ներկայությամբ դա անեինք։ Որոշումներում նշել են, թե փաստաբաններ Ռշտունին եւ Ջանոյանը ոչ մի բանավոր կամ գրավոր հայտարարություն չեն արել իրենց ծանոթանալու մասին։ Ինչ է, պետական քննություն մտցրեցին փաստաբանների համար՝ հիմա պիտի քննիչի՞ն գրեմ. «Ես՝ փաստաբան Ռշտունիս, քնելու փոխարեն այսօր գիշերվա 1։30-ից մինչեւ 3-ը ծանոթացել եմ այսինչ հատորի այսինչ գործ-թերթերին»։ Ներեցեք, եւ ոչ մի քննիչ չի՛ ստանալու այդպիսի գրություն կամ զեկույց։ Նրանք կարծում են, թե քրեական գործը սիրավե՞պ է՝ թերթես եւ անցնես։ Ո՛չ, այն պիտի ընկալվի եւ վերլուծվի մանրամասն, քննադատորեն։ Եվ այդ էջերի մի մասն էլ, ասենք, որոնք քննիչ Ս. Թարվերդյանի պես գործնականում անընթեռնելի ձեռագիր ունեցողն է գրել՝ կարդալը շատ դժվար է։ Իսկ գաղտնիք չէ, որ քրեական գործի ամեն բառն ու ստորակետը կարող են որոշիչ նշանակություն ունենալ։

Իսկ որտեղի՞ց պիտի իմանայի, թե ինչ իրեղեն ապացույցներ, տեսագրություններ եւ հագուստներ կան, մինչեւ գործի նյութերին քիչ թե շատ չծանոթանայի։ Որտեղի՞ց պիտի իմանայի, թե իրեղեն ապացույցները տրվել են տուժողին, որ օրենքի կոպտագույն խախտում է, որի մասին խոսել չեն ցանկանում։ Գործում կան բազմաթիվ այլ խախտումներ, որոնց մասին առայժմ չենք խոսի։

-Այնուամենայնիվ, նախաքննությունն ավարտված է եւ այժմ գուցե չարժե կռվից հետո բռունցքներ թափահարել։ Ըստ էության եթե խոսենք՝ Վանո Սիրադեղյանի գործում ի՞նչ հանգամանքներ են գրավել ձեր ուշադրությունը։

Տիգրան Ջանոյան– Հուլիսի 26-ին պաշտպանական կողմը չորս էջանոց միջնորդություն ներկայացրեց գործի հանգամանքներով իր վերջնական դիրքորոշումը հայտնելու նպատակով։ Պաշտպանությունը գտնում է, որ Սիրադեղյանի դեմ ներկայացված մեղադրանքների ուսումնասիրությունը եւ վերլուծությունը ցույց են տալիս, որ մեղադրանքում տեղ գտած բոլոր ձեւակերպումները, որոնք հիշատակում են պաշտպանյալի անունը՝ սխեմատիկ են, զուրկ նկարագրությունից ու բովանդակությունից եւ ինքնին վերցված ոչինչ չեն ասում։ Այսպես կարելի է Հռոմի պապին էլ այս գործով մեղադրել։

Նշված հանգամանքը չի ապահովում մեղադրյալի Քր. դատ. օրի 65 հոդվածով նախատեսված իրավունքը՝ իմանալ, թե ինչումն է մեղադրվում եւ դրա շուրջ էլ կազմակերպել իր պաշտպանությունը։

Քննիչը պարտավոր է, տալով մեղադրանքի ձեւակերպումը, նշել տեղը, ժամանակը, եղանակը եւ մյուս հանգամանքները։ Հակառակ այդ պահանջի՝ ներկայացված մեղադրանքում, որպես կանոն, բացակայում է հանցագործության նկարագրությունը, անձնավորումը։ Այսպես, օգտագործում են Վ. Սիրադեղյանի «ցուցումով», «հանձնարարությամբ», «կարգադրությամբ», «հովանավորությամբ», «պարտակել» եւ այլ արտահայտություններ, որոնք այդպես էլ աննկարագիր են մնում։ Օրինակ, ըստ մեղադրանքի՝ «Վ. Սիրադեղյանի ցուցումով. ներքին զորքերի վարչությունում լրացվել են իրականությանը չհամապատասխանող տվյալներով անձնական գործեր»։ Ե՞րբ, որտե՞ղ, ի՞նչ հանգամանքներում, ինչպիսի՞ արտահայտություններով, գրավո՞ր, թե՞ բանավոր, ո՞ւմ, ո՞վ է իրականացրել այդ ցուցումը՝ այս բոլոր անհրաժեշտ հանգամանքները չեն պարզվել, չեն նկարագրվել ու ներկայացվել։ Թող այս որակի մասին մտածի գլխավոր դատախազը։

«Վ. Սիրադեղյանի ցուցումով Տեր-Սահակյանին ՆԳՆ-ից տրամադրվել են հրազեն ներկայացնող…» թվարկումը չեմ մեջբերի՝ «ինչպես նաեւ մեծ քանակությամբ փամփուշտներ»։ Նորից՝ ե՞րբ, որտե՞ղ, ո՞ւմ է տրվել ցուցումը, ո՞վ է բաց թողել զենքը, ինչի՞ հիման վրա եւ այլն։ Այս բազմաթիվ կարեւորագույն հանգամանքները չեն նկարագրվել եւ ներկայացվել։

Կամ՝ «ապահովագրել է բանդային», «պարտակել է բանդայի կատարած ավազակային հարձակումներն ու այլ հանցագործությունները», ինչպիսի դրսեւորումներով, ինչո՞ւմ է կայացել էությունը, ինչպիսի՞ գործողություններով է դրանք կատարել, անձա՞մբ, թե որեւէ մեկի միջոցով, վերջին հաշվով՝ ավազակային որ հարձակումներն ու դեպքերն է պարտակել, ի՞նչ դրսեւորումներով է հովանավորել։ Սա խայտառակություն է։ Եվ հանրապետության գլխավոր դատախազն իր ամբողջ քննչական ընտրանիով, ինչ-որ շատ լուրջ կեցվածք ընդունելով սա՞ է ստացել։ Եվ այս բոլորը, գիտե՞ք, անցնելու է, քանի որ նախաքննությունն այսօր իրականացնում են ուժային մարմինները եւ արդարադատությունն էլ են իրենք իրականացնում։

Հաջորդը։ Պաշտպանության կողմը գտնում է, որ այդ ամենը պայմանավորված է ոչ միայն մեղադրանքի որոշման ոչ հիմնավոր ձեւակերպումներով, այլեւ փաստական տվյալների իրական բացակայությամբ։ Փաստեր չունեն, որ նկարագրեն, որը եւ պայմանավորել է այդ իրավիճակը եւ միայն նման ընդհանուր ոչինչ չասող, աննկարագիր եւ անբովանդակ, սխեմատիկ արտահայտություններով միայն «կարելի է դուրս գալ ստեղծված իրավիճակից», որը իրավաբանական որեւէ հարթության վրա չի կարող տեղավորվել։

Պաշտպանությունը սույն միջնորդությամբ բոլոր բացթողումներն ու թերությունները վերհանելու նպատակ չունի, այլ միայն մի քանի օրինակի վրա ցույց տալ Վ. Սիրադեղյանի դեմ առաջ քաշված բոլոր մեղադրանքների իրավաբանորեն կայացած չլինելու փաստն իր համապատասխան հետեւանքներով։

Միաժամանակ պաշտպանության կողմն արձանագրել է դատավարական որոշակի խախտումներ, որոնցից մեկն ենք միայն անհրաժեշտ համարում ներկայացնել մարտավարական նկատառումներով։ Այսպես, Քր. դատավարության օրենսգրքի 116 հոդվածի համաձայն՝ իրեղեն ապացույցները պահվում են քրեական գործի հետ այնքան ժամանակ, քանի դեռ նրանց տնօրինման հարցը չի լուծվել դատավճռով։ Նշված պահանջի խախտմամբ, քրեական վարույթն իրականացնող մարմինը գործով ձեռք բերված եւ իրեղեն ապացույցներ ճանաչված հագուստները հանձնել է տուժող կողմին։ Նշված դատավարական խախտմամբ քրեական վարույթն իրականացնող մարմինը զրկել է դատարանին քրեական դատավարության օրենսգրքի 15 հոդվածի կարգով իրեղեն ապացույցները դատարանում հետազոտելու հնարավորությունից։ Բա որտե՞ղ է դատարանի անմիջականության սկզբունքի ապահովումը, չէ որ դատարանն ինքը պիտի տեսնի ու համոզվի, սա ընդամենը նախնական քննություն է։ Իսկ պաշտպանության կողմին զրկել է հետազոտմանն անմիջականորեն մասնակցելու եւ քրեական գործի մյուս փաստական տվյալների հետ համադրելու, հակասությունները հարթելու, այդ մասին առարկայական հայտարարություններ կատարելու հնարավորությունից։

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Հ. Գ. Տիգրան Ջանոյանի եւ Ռուբեն Ռշտունու հետ զրույցի շարունակությունը՝ «Առավոտի» հաջորդ համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031