
«ՍԱ ՄԵՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԹԱՓԹՓՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆ Է» Ասում է ԱԺ ֆինանսավարկային, տնտեսական եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի անդամ Մարտուն Մաթեւոսյանը – Արդյոք նպատակահարմա՞ր էր սեփականաշնորհումից ստացված միջոցները փոշիացնել նաեւ այլեւայլ՝ նախկինում պետական, իսկ այժմ մասնավոր ընկերությունների կուտակած պարտքերը վճարելու համար։ – Նախ նշեմ, որ մեր խմբակցության ներկայացուցիչները «կողմ» չքվեարկեցին այս օրինագծին (Ալվարդ Պետրոսյանի «կողմ» քվեարկելն ընդամենը թյուրիմացության արդյունք էր)։ Կառավարության ներկայացուցչի ելույթում խնդիրը մի քիչ այլ հարթություն տեղափոխվեց. իբր նրանք, ովքեր դեմ են կամ ձեռնպահ՝ նրանք դեմ են պարտքի մարմանը։ Բնավ այդպես չէ։ Համոզված եմ, որ ԱԺ որեւէ պատգամավոր չի գտնում, որ պետք չի մարել պարտքը։ Խնդիրը նախ կառավարության կողմից ԱԺ մտնելու հապճեպությունն է։ Դեռ անցած տարվանից էր, բնականաբար, հայտնի, որ այս պարտքը չի մարվելու։ Եվ զարմանալի է՝ եթե բանակցություններ են վարվում պարտքը վերաձեւակերպելու, բնական է, որ այդ պահից գոնե տոկոսներ չպիտի գոյանան։ Սա նշանակում է, որ լուրջ բանակցություններ չեն վարվել։ Իսկ այդ պատճառով պարտքին գումարվել են շուրջ կես միլիոն դոլարի տույժեր եւ տուգանքներ։ Երկրորդը՝ չներկայացվեց տեղեկանք, թե վերջապես ի՞նչ պարտք է դա։ Արդյոք ատոմակայանի՞ պարտքն էր, թե՞, ինչպես հետո պարզվեց, արդեն իսկ մասնավորեցված մինչ այդ պետական ձեռնարկությունների ստացած տեխնիկական եւ ապրանքային վարկերն են՝ այս կամ այն հումքի ձեւով։ Փաստորեն, մենք մարում ենք որոշակի ձեռնարկությունների պարտքեր՝ ի հաշիվ համընդհանուր ունեցվածքի սեփականաշնորհումից ստացված միջոցների։ Բայց ժամանակը շատ քիչ էր շատ ավելի լուրջ քննարկումների համար։ Եվ հիմնական խնդիրը հենց այն էր, որ կառավարությունն ինքը պատրաստ չէր եւ չուզեց հիմնավոր քննարկումներ ծավալել այս հարցի շուրջ։ Հաջորդը սեփականաշնորհման միջոցների վերականգնման խնդիրն է։ Դեռ 2000թ. բյուջեի քննարկումների ժամանակ Դավիթ Լոքյանն առաջարկեց բյուջեում ներառել գազատար խողովակաշարի դիմաց Հայաստանին տրամադրվող գազի արժեքը, որ տարեկան ավելի քան 30 մլն դոլարի կարգի գումար է։ Բայց այդպես էլ ո՛չ 2000 թվականին, ո՛չ էլ 2001-ին այդ գումարները չմտան բյուջե։ Այսինքն, այդ գումարները մնում են էներգահամակարգում։ Ի վերջո, նաեւ այդ միջոցներով էր հնարավոր մարել պարտքը, եթե չեն գտնում այլ աղբյուրներ։ Մանավանդ վերջին շրջանում՝ էներգացանցերի սեփականաշնորհման առնչությամբ բոլոր, անգամ ամենաբարձր, ամբիոններից հնչում է, որ համակարգում շուրջ 40-50 մլն դոլար ստվերային է, խոսվում է շաբաթական շուրջ 1 մլն դոլար թալանի մասին։ Եվ որեւէ մեկը՝ էներգետիկայի նախարար կամ վարչապետ, չի հերքում դա։ Եվ եթե դա իրոք իրականություն է՝ բնական մի հարց է ծագում, գոնե մի քանի ամիս կանգնեցնեն այդ թալանը՝ հնարավո՞ր է մարել պարտքերը։ Սակայն կառավարությունը նույնիսկ չհամաձայնեց անհատ պատգամավորների առաջարկին, որ այդ գումարը վերականգնվի էներգետիկայի համակարգի կողմից։ – Իսկ Դուք հնարավոր համարո՞ւմ եք, որ այդ հին պարտքերը փորձ արվեր հավաքել արդեն իսկ մասնավոր դարձած տվյալ ձեռնարկություններից։ – Մեխանիզմների կամ հնարավորությունների մասին դատելու համար նախ հարկավոր էր քննարկել դրանք եւ պարզել պարտքի կառուցվածքը։ Բայց կառավարությունը, փաստորեն, հնարավորություն չընձեռեց նաեւ այդ անել։ – Ձեր գնահատականով, կառավարությունն ինչո՞ւ նախընտրեց խնդիրն այսպես հապճեպ եւ հեշտ լուծելու ճանապարհը։ Գերադասեցին ձեռք մեկնել արդեն առկա գումարին, քան փորձել հավաքել պարտապաններից։ – Չեմ ուզում առանց փաստերի դատողություններ անել։ Կառավարությունն ի վերջո ստիպված էր վերադարձնել վարկը՝ սա ակնհայտ է եւ որեւէ քաղաքական կամ հայ-ռուսական հարաբերությունների խնդիր այստեղ չկա։ Սա ընդամենը մեր իսկ կառավարության թափթփվածության արդյունքն է։ – Ձեր հանձնաժողովի մեկ այլ անդամ նշեց, թե հարկ չհամարեցին քրքրել 1992-93 թթ. պայմանագրերը՝ հաշվի առնելով, որ այդ տարիներին պատերազմ էր։ Քննարկումներում ներկայացված տեղեկություններից կարելի՞ է հետեւություն անել, որ այդ ապրանքային վարկերը կապ ունեին պատերազմական իրավիճակի հետ։ – Չեմ կարող ասել։ Դարձյալ նշեմ, որ ժամանակի սղությունը, հապճեպությունը թույլ չտվեց այդ ամենը պարզաբանել։ Չեմ բացառում, որ հնարավոր է, թե որոշ կորուստներ եղել են երկաթգծի շրջափակման եւ այդ տարիներին բնորոշ այլ երեւույթների հետեւանքով։ Բայց, ի վերջո, այդ ամենը պետք է պարզվեր։ ԱԺ-ն առնվազն պարտավոր էր հնարավորության սահմաններում պարզել այդ պարտքի առաջացման ծագումնաբանությունը։ Երբ փաստեր, տեղեկանքներ չեն բերվում, թե որ թվականներին գոյացած պարտքերն են՝ հիմա դժվար է ասել, թե 1992- 93-ի՞ն, թե՞ 1997-ին գոյացած պարտքերն էին։ Հարցազրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ


















































