Պահանջում ենք հանել գաղտնիության քողը Ազգային համաձայնության ճակատի հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ բանակցային գործընթացի Քի ուեսթյան շրջանը նշանավորվեց որակապես նոր փուլով: Առաջին անգամ բանակցություններն անց էին կացվում ԱՄՆ-ի ցուցադրական հովանավորության ներքո: Առաջին անգամ դրանք ընթանում էին ոչ թե Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների (պատվիրակությունների) միջեւ միջնորդների ներկայությամբ կամ բացակայությամբ, այլ միջնորդների` Մինսկի խմբի համանախագահների եւ կողմերից յուրաքանչյուրի հետ առանձին: Միջնորդների մեծահոգի խոստումները եւ առանձին քաղաքական գործիչների լավատեսական հույսերն առ այն, որ կարգավորման համաձայնագիրը, մինչեւ ուժի մեջ մտնելը, կներկայացվի քաղաքական ուժերի եւ հասարակության լայն քննարկմանը եւ միայն նրանց հավանությունը ստանալուց հետո կյանքի կկոչվի, քիչ բան արժեն: Հիշողության մեջ դեռ թարմ են 20-րդ դարի վերջին մի շարք անհնազանդ ժողովուրդների եւ պետությունների «ուժով խաղաղություն պարտադրելու» ռազմական օպերացիաները: Չափազանց հարուստ փորձ կա՝ տարբեր տեսակի տնտեսական եւ ռազմական գործողությունների միջոցով «կանխարգելելու հումանիտար աղետները», որոնք ամենաբարձր տեխնոլոգիական մակարդակով փոխանցվել են 21-րդ դար: Իրավիճակը բարդանում է նաեւ այն պատճառով, որ տվյալ պահի բանակցությունների ժամանակ լուծվում է (էական չէ՝ հասկանո՞ւմ են դա հակամարտող կողմերը, թե՞ ոչ) ոչ թե ղարաբաղյան հարցը, այլ աշխարհաքաղաքականության շրջանակներում գեոստրատեգիական խնդիր, այն է՝ վերահսկողություն սահմանել Անդրկովկասյան տարածաշրջանում եւ, առաջին հերթին, այն տարածքների վրա, որոնք անհրաժեշտ են տրանսպորտահաղորդակցային կապերի համակարգ ստեղծելու համար: Մեղրիի տարբերակի մասին ինֆորմացիայի հանրահայտ դառնալը, ինչպես նաեւ Հայաստանի քաղաքական ուժերի եւ հանրության ուժգին հակահարվածը, ստիպեցին մեր տարածաշրջանի նոր աշխարհակարգի ճարտարապետներին փնտրել նույն տարբերակի մոդիֆիկացված վարկածները: Ներկայումս, անկասկած, ընթանում է ավելի նրբին ու նենգ խաղ, որի հիմնական նպատակը Հայաստանի ենթակայությունից, իսկ ավելի ճիշտ՝ նրանից Մեղրիի սահմանամերձ գոտու օտարումն է, որը քողարկված է տվյալ գոտում հաղորդակցության ճանապարհների բացման բարետես գաղափարով, որի անվտանգությունը ապահովելու են միջազգային խաղաղարար ուժերը՝ միջազգային համապատասխան կազմակերպությունների մանդատով: Վերը նշված ծրագրի իրականացումը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ազատագրված տարածքների՝ Ադրբեջանին վերադարձը համարվում է համաձայնեցված եւ վճռված, ԼՂՀ կարգավիճակի եւ անկլավայնության բացառման խնդիրները դարձնում են քիչ արդիական, քանի որ նրա, ինչպես եւ բուն Հայաստանի պաշտպանվածության մակարդակը անթույլատրելիորեն իջնում է՝ այժմ արդեն վերջնական եւ ընդհանուր անկլավայնության փաստացի հաստատման պատճառով: Արդյո՞ք միջնորդները հասկանում են, որ իրենց հետապնդած նպատակները ոչ այլ ինչ են, եթե ոչ չարակամների կողմից դարեր ի վեր փայփայած «հայկական հարցի վերջնական լուծման» նախապայմանների ստեղծում: Պատահական չէ, որ ներկա բանակցային գործընթացի նախօրեին շրջանառության մեջ նետվեց կեղծ այլընտրանք՝ խաղաղ բանակցություններ կամ պատերազմական գործողություններ, կարգավորման առաջարկված պլանի ընդունում կամ պատերազմ, որում Հայաստանին կանխավ բաժին է ընկնում պարտված կողմի դերը: Պատահական չեն հրահրվող հակահայկական փսիխոզը եւ միլիտարիստական, ռեւանշիստական տրամադրությունները Ադրբեջանում, ինչպես եւ՝ նրանցով պայմանավորված պատասխան հակազդեցությունը Հայաստանում: Ժողովուրդները չեն ցանկանում պատերազմել, բայց նրանց հետեւողականորեն եւ նպատակաուղղված ներշնչվում է պատերազմի անխուսափելիության մասին միտքը, եթե հենց այսօր չընդունվի հենց այս կարգավորման ծրագիրը: Ըստ էության տեղի է ունենում պատերազմի ուղղակի հրահրում, եւ մեղավորներին պետք է փնտրել ոչ միայն եւ ոչ այնքան հակամարտող կողմերի կառավարամետ կամ ընդդիմադիր շրջանակներում, որքան նրանց սահմաններից դուրս: Խիստ մտահոգ լինելով ստեղծվող իրավիճակով, ինչպես եւ՝ Հայաստանի համար կանխատեսելի եւ անհերքելի բացասական հետեւանքների բացառման իրական հիմքերի սակավությամբ. Ազգային համաձայնության ճակատը հայտարարում է՝ – մենք կողմնակից ենք ղարաբաղյան հակամարտության եւ, ընդհանրապես, պետությունների փոխհարաբերությունների ցանկացած խնդիրների հատկապես խաղաղ կարգավորմանը, բայց ոչ բոլոր բանակցային ձեւերի եւ ոչ բոլոր ֆորմատների, – մենք ընդունելի չենք համարում բանակցություններում պարտադրված այն հաջորդականությունը, ըստ որի պետությունների ղեկավարների կողմից կարգավորման սկզբունքային հարցերի շուրջ ձեռք են բերվում եւ հաստատագրվում պայմանավորվածություններ, եւ նոր միայն հարցվում է հանրության կարծիքը, ժողովրդի կարծիքը, – մենք գտնում ենք, որ հասարակությունն ունի անառարկելի իրավունք՝ կանխավ հայտնելու իր վճիռը առաջարկվող կարգավորման սկզբունքների մասին, անկախ, թե ովքեր են դրանց հեղինակները, որից հետո միայն պետության ղեկավարը կարող է համարել, որ ստացել է ժողովրդի մանդատը՝ բանակցությունները ավարտելու եւ պայմանագիրը ստորագրելու համար, – մենք գտնում ենք, որ հանուն հռչակված ներքին քաղաքական կայունության պահպանման, հասարակության եւ քաղաքական ուժերի բանակցային գործընթացից հեռու պահվելու, «ժամանակից շուտ» կարգավորման սկզբունքների հրապարակման հետեւանքով առաջացած «դեստրուկտիվ զգացմունքային պայթյունները» կանխելու ընտրված մարտավարությունը վնասակար է, քանի որ չի բացառում, այլ հակառակը՝ ուժեղացնում է բանակցությունների վերջնական արդյունքների կապակցությամբ համանման պայթյունների վտանգը, – մենք դատապարտում ենք բանակցություններում Հայաստանի համար հնարավոր բացասական արդյունքների պատասխանատվության փոխադրումը իշխանությունների ընտրած առաջնայնությունների հետ համաձայն չլինողների վրա, ինչպես նաեւ, իրական ընդդիմության կողմից, հայկական դիվանագիտության տարվող քաղաքականությունից տարբերվող, ցանկացած դրսեւորումների եւ հնչեցված կարծիքների՝ որպես «հարված թիկունքից» կանխավ որակման ծավալվող կամպանիան: Ազգային համաձայնության ճակատը դիմում է Հայաստանի իշխանություններին՝ սեփական ժողովրդին իր համար բախտորոշ խնդիրների լուծումից օտարելու արատավոր պրակտիկայից հրաժարվելու պահանջով: Մենք պահանջում ենք հանել գաղտնիության քողը հակամարտության կարգավորման ծրագրի հիմնարար սկզբունքային դրույթներից, այլ ոչ մանրամասներից, եւ այդ դրույթները բանակցությունների Ժնեւյան փուլից առաջ ներկայացնել համաժողովրդական քննարկման: Երեւան, 25.04.2001թ.


















































