Լրահոս
Օրվա լրահոսը

2000-ի

Մայիս 05,2001 00:00 Share

ՄԵԿԱՄՅԱ ՄԻԱՀԵԾԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ 2000-ի մայիսի 2-ին Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով զբաղեցրած պաշտոններից ազատվեցին ՀՀ վարչապետը եւ պաշտպանության նախարարը։ Հիմնավորումը մոտավորապես հետեւյալն էր. հիշյալ անձինք երկրում ներքաղաքական լարումներ են ստեղծում, եւ ինչ-ինչ բարոյական բարդույթներ հաղթահարելով նախագահը հարկադրված է նրանց պաշտոնաթող անելու քայլին դիմել։ Մեկ տարի անց էքսվարչապետը կրկին քաղաքականությամբ զբաղվելու հայտ է ներկայացրել՝ ձեւավորելով կուսակցություն, որի հեռանկարն առայժմ անորոշ է։ Որոշակի է մեկ այլ հանգամանք՝ 2000-2001-ը Քոչարյանի պաշտոնավարության աննախադեպ շրջան էր՝ առանց քաղաքական ընդդիմության։ Նա առավելագույնս կարող էր ինքնադրսեւորվել եւ պետության մասին իր պատկերացումները կյանքի կոչել։ Ի՞նչ արվեց։ Արտաքին քաղաքականություն Այն, որ Հայաստանի իշխանությունը ներքաշվել է հողերի փոխանակման շուրջ տարվող բանակցությունների, հասարակությանը հայտնի դարձավ գերազանցապես Արամ Սարգսյանի շնորհիվ։ Նախկին վարչապետն ի պաշտոնե մասնակցել էր Անվտանգության խորհրդի նիստերին եւ հայտարարում էր, թե սեղանին է դրվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման տարբերակ, որի սկզբունքներից մեկը փոխադարձաբար միջանցքներ ապահովելն է՝ Հայաստանից ԼՂՀ եւ Ադրբեջանից Նախիջեւան։ Կուսակցություններն այս մասին տեղեկացվել էին 2000-ի փետրվարին։ Իսկ էքսվարչապետն ու պաշտպանության էքսնախարարը բարձրաձայն այդ մասին հայտարարեցին 2000-ի հոկտեմբերին։ Իշխանությունները փետրվարին հերքում էին նման տարբերակի առկայությունը, հոկտեմբերին գերադասեցին որեւէ կերպ չարձագանքել։ 2001-ի ձմռանը ադրբեջանական, այնուհետեւ՝ հայկական, մամուլում հրապարակված ԵԱՀԿ եռանախագահության առաջարկները ղարաբաղյան խնդրի կարգավորման շուրջ, որեւէ կերպ չէին շոշափում տարածքների փոխանակման հնարավորությունը։ Սակայն նախագահ Քոչարյանն ասում է, թե այդ տարբերակներն անցյալում են եւ առանձնապես չի հերքում, թե քննարկման առարկա են եղել Մեղրիով Ադրբեջանին միջանցքներ տրամադրելու հնարավորություններ։ Ինչեւէ, հանգուցալուծումը կլինի հունիսին՝ Ժնեւում, որովհետեւ արդեն իսկ հայտնի է, Ֆրանսիան, ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը սերտորեն համագործակցում են միջազգային իրավունքի սկզբունքներից բխող եւ հակամարտության կողմերից ոչ մեկին չնսեմացնող հաշտության պայմանագրի շուրջ։ Քավանոն ասել է, թե «այդ համաձայնագիրը որեւէ մեկը չպետք է կարողանա մերժել»։ Հետեւաբար հունիսին Քոչարյանը դիմագրավելու է ծանր փորձություն։ Եթե եռանախագահողները մի տարբերակ առաջարկեն, որն էապես չտարբերվի 97-ի փաթեթային եւ փուլային տարբերակներից, Քոչարյանը որեւէ բացատրություն պետք է գտնի պատմության առաջ, թե ինչու էր երեք տարի վատնում, Հայաստանը տնտեսական շրջափակման մեջ պահում եւ միջազգային առաջընթացից մեկուսացնում, եթե միեւնույն է, համաձայնելու էր նրան, ինչ առաջարկվել էր 97-ին։ Արդյո՞ք իշխանափոխության իր քայլը ամենավերջին արկածախնդրությունը չէր եւ արդյո՞ք այն ներում կունենա։ Մանավանդ, եթե նախկին իշխանությունները խախտեն լռությունը եւ խոսեն, թե ինչու եւ ինչպես կատարվեց 98-ի իշխանափոխությունը։ Իսկ եթե հունիսին Ժնեւում ներկայացվի համաձայնագրի տարբերակ, որը տարբերվի 97-ի Փուլայինից եւ Փաթեթայինից եւ փոխադարձ միջանցքներ տրամադրելու կարգավորումներ ներառի, Քոչարյանը դարձյալ ծանր փորձություն է դիմագրավելու։ Այդ ժամանակ Անվտանգության խորհրդի էքս անդամները կարող են խոսել։ Եվ գուցե բացահայտումներ կատարեն, թե ինչ պայմաններ են թելադրվել Հայաստանին, ինչ սակարկություններ են կայացել, ինչն է Քոչարյանին հարկադրում ղարաբաղյան խնդիրը կարգավորել՝ Հայաստանը ֆիզիկապես ներքաշելով այդ գործընթաց։ Այդուհանդերձ կա հնամենի իմաստնություն՝ լավ է ուշ, քան երբեք։ Եվ եթե հունիսին Ժնեւում Քոչարյանը իր գործած արկածախնդրությունը եւ սխալներն ընդունելու քաղաքական կամք դրսեւորի եւ ստորագրի տարիներ ձգձգվող ղարաբաղյան հակամարտությունը կարգավորող մի փաստաթուղթ, գոնե իր պարտքը Հայաստանին հատուցած կլինի։ Տնտեսություն Նախագահի պաշտոն ստանձնելուց ի վեր Ռոբերտ Քոչարյանը առանձնապես չի հավակնել պետականագիտության, իրավունքի կամ դիվանագիտության մեջ փայլելու, բայց հետեւողականորեն խոսում է տնտեսական գործունեություն, նույնիսկ բեկում եւ թռիչք ապահովելու մասին։ Մինչդեռ… Վարչապետ Արամ Սարգսյանի պաշտոնավարությունը համընկավ մի քանի գործարանների վերագործարկման հետ։ Առաջին հայացքից դժվար էր ըմբռնել ներքին կապը՝ ինչու հենց այդ գործարանները։ Ավելի ուշ, երբ պրն Սարգսյանը թողել էր վարչապետի պաշտոնը, նրա հետ կայացած մի զրույցի ժամանակ մտահղացումը պարզ դարձավ։ Վարչապետը, ունենալով խորին համոզմունք, թե համաշխարհային ֆինանսական կառույցներից վարկեր վերցնելը քիչ է նպաստում երկրի զարգացմանը, կազմել է երկրի ծանր արդյունաբերության առաջընթացի համալիր ծրագիր եւ այն գործողության մեջ դնելու համար նույնիսկ անհնար քայլերի է գնացել, ինչպես «Նաիրիտը» մասամբ վերագործարկելն էր։ Ղափանի, Քաջարանի եւ Ագարակի կոմբինատները պետական դոտացիայի միջոցով վերագործարկվեցին։ Մետաղի արդյունահանումից մինչեւ ձուլածոյի թողարկում արտադրական ցիկլը քիմիական անհրաժեշտ միացություններով ապահովելու համար մասնակիորեն աշխատեցվեց «Նաիրիտը»։ Եվ վերջապես, Չարենցավանի թուջաձուլական կոմբինատը կփակեր շղթան՝ հնարավոր դարձնելով մետաղ արտահանել բորսաներ եւ միջազգային շուկա։ Վերջին փուլին նախկին վարչապետը չէր հասել, սակայն այդ հեռանկարն էր դրդել «Նաիրիտը» եւ մնացյալ կոմբինատները վերագործարկելու։ Արամ Սարգսյանի հեռանալուց հետո Հայաստանում եւս երկու մեծ ձեռնարկություններ գործարկվեցին՝ «Արմենալը» եւ «Լույսը»։ Բայց դժվար թե դրանք մաս են կազմել երկրի ծանր արդյունաբերությունը համակարգող ինչ-որ զարգացման ծրագրի։ Պարզապես երկու դեպքում էլ գտնվեցին գործարարներ, որոնց շահավետ թվաց այդ ձեռնարկությունները աշխատեցնել։ Իսկ քանի որ հատուկենտ գործարարների, նրանց բարի կամքի եւ շուկայի հարափոփոխ առաջնայնությունների վրա հույս դնել հնարավոր չէր, նախագահ Քոչարյանը, հիմնականում ի հաշիվ Լինսի հիմնադրամի, 40 հազար աշխատատեղերի իր հայտնի խոստումը տվեց։ Ոչ թե 40 հազար, այլ նույնիսկ 4 հազար կամ 400 աշխատատեղ չի ստեղծվել։ Դա դեռ քիչ էր։ Այնքան փափագած ԲԷՑ-երի միջազգային աճուրդն էլ չկայացավ՝ Հայաստանի համար անհնար դարձնելով Համաշխարհային բանկի կողմից խոստացված 39 մլն դոլարի տրանշ ձեռք բերելը։ Հետեւությունը, որ մնում է անել՝ հարկավոր է առաջնորդվել ծրագրով, որպեսզի քայլերը չարվեն քաոսի մեջ, չթվան շահավետ, այնինչ լինեն սնամեջ։ Գուցե արդյունաբերության ոլորտին գիտակ լինելն էր դեր կատարել, որ միանգամայն անպատրաստ վարչապետի պաշտոնը ստանձնած մարդը ընդամենը մի քանի ամսում կարողացել էր ծրագիր կազմել եւ գործադրել։ Իսկ չէ՞ որ Արամ Սարգսյանի առաքելությունը պատմական հարթությունում էր՝ հոկտեմբերի 27-ից հետո քաղաքացիական թշնամանք եւ բախումներ կանխել։ Դեր, որ նա փայլուն կերպով կատարեց։ Բայց Արամ Սարգսյանը զարմանալիորեն գերազանցեց ակնկալությունները՝ նա տիրապետեց գործադիր իշխանության ղեկին։ Եվ թողեց տնտեսության ղեկավարման մեթոդ՝ գործարկել արդյունաբերության ամբողջական ճյուղեր, ինչը կարելի էր ընդօրինակել՝ 40 հազար աշխատատեղի մասին անհիմն խոստումներ տալու փոխարեն։ Ներքին քաղաքականություն 2000-ի մայիսից ի վեր Հայաստանի ներքաղաքական կյանքում որեւէ զարգացում չի եղել, նույնիսկ տեղաշարժեր չեն եղել, եղել են միայն դրանց իմիտացիաները։ ՀԺԿ-ն հարձակումներից իր դիրքերը պաշտպանեց եւ թույլ չտվեց 99-ի խորհրդարանական ընտրությունների արյունքների վերաձեւում։ ՀԺԿ-ականները որեւէ տրոհման չենթարկվեցին, քանի որ փոքրիշատե գաղափարական հենք ունեն՝ սոցիալիզմը, ունեն առաջնորդ, որը Կարեն Սերոբիչի պրիզմայով է ընկալվում։ Վերջապես, ունեն վստահություն, որ 99-ի ընտրություններում «Միասնություն» դաշինքը հաղթել է, որովհետեւ այն գլխավորում էր իրենց կուսակցության հիմնադիրը։ Այլ հարց, որ առանց վերջինիս իրենք հազիվ թե հաջողություն ունենան։ «Միասնություն» դաշինքի մյուս անդամը՝ «Հանրապետական» կուսակցությունը, բնականաբար պիտի տրոհվեր, նույնիսկ կոտորակվեր, եւ այդպես էլ եղավ։ Գուցե ենթագիտակցորեն այդ կուսակցության բոլոր անդամներն էլ ըմբռնում են, որ իրենք պատահաբար են հաղթել 99-ի ընտրություններում եւ հարկադրվել գործելու իբրեւ քաղաքական ուժ։ Հազիվ թե իրենցից որեւէ մեկը մեծամասնական կամ համամասնական ընտրակարգով խորհրդարանում հայտնվեր, եթե Վազգեն Սարգսյանի համար գայթակղության խայծ չլիներ «Հանրապետական» անվանումը եւ նախընտրական դաշինքը չգլխավորեր Կարեն Դեմիրճյանը։ Իսկ այսօր, երբ չկան ոչ Կարեն Դեմիրճյանը, ոչ Վազգեն Սարգսյանը, նրանց գաղափարակից, գործը շարունակող եւ նման մակդիրներով ներկայանալը երեւի թե արժանիք չէ։ Կուսակցությունները ձեւավորվում են հասարակական կյանքը կարգավորելու համար, եթե, իհարկե, այդ հասարակությունը վստահության քվե տա։ «Հանրապետականը» չի կարող չգիտակցել, որ ինքը վստահության քվե է ստացել միայն շնորհիվ ընտրացուցակը գլխավորող ազգանունների, եւ առանց նրանց ինքը խիստ ժամանակավոր երեւույթ է, չասենք՝ վերապրուկ։ Միեւնույն ժամանակ կուսակցության առաքելությունը կգիտակցե՞ն արդյոք նորաստեղծ «Հանրապետությունում», որի հիմնադիր ժողովն անգամ Արարատում է գումարվում, որովհետեւ այն իրենց հոգեւոր առաջնորդի ծննդավայրն է։ Հասարակության վրա դա որեւէ տպավորություն չի գործում։ Առավել եւս տպավորություն չի գործում, երբ քաղաքական հայտարարություններ են արվում, թե Վազգեն Սարգսյանի զինակիցներին եւ ընկերներին պետական պաշտոններից հեռացնելու քաղաքականություն է վարվում։ Եթե այդպես է, կներեք, բայց արդարություն է հաստատվում։ 98-ին՝ նախագահական ընտրությունների արդյունքները կանխորոշող երկրապահները չպե՞տք է հատուցեն մի ամբողջ ժողովրդի կամքը սեփական հայեցողությամբ նենգափոխելու համար։ Եվ միանգամայն արդարացի է, որ Քոչարյանի պաշտոնավարությունը հարվածի հատկապես նրանց, ովքեր 98-ին Քոչարյանին հռչակեցին նախագահ։ Իսկ ընդհանրապես, եթե Հայաստանում կան այդքան մարդիկ, ովքեր ցանկանում են Վազգեն Սարգսյանի հոգեւոր ներկայությունը երկրի քաղաքական դաշտում պահպանել, թերեւս ոչ թե նրա անունը վկայաբերելով, այլ իսկապես քաղաքական ուժի վերածվելով եւ ընտրողի վստահությունը վայելելով պետք է դա անեն։ Քաղաքականությունը հիշողությունների ոլորտ չէ, այլ՝ գործողությունների։ Մինչդեռ Ալբերտ Բազեյանը լավագույն գործիչը չէ «Հանրապետության» շարքերում։ Եվ, ընդհանրապես, այդ կուսակցությունը լուրջ կընկալվի, միայն՝ երբ առաջնաբեմում կանգնի Արամ Սարգսյանը։ *** Չի կարելի ասել, թե մայիսի 2-ի պաշտոնանկությունից հետո էքսվարչապետը ճիշտ վարվեց լռություն եւ քաղաքական պասիվություն պահպանելով շուրջ մեկ տարի։ Սակայն այդ մեկամյա շրջանը, երբ նախագահ Քոչարյանը չուներ որեւէ հակառակորդ, ավելի քան արտահայտիչ ցույց տվեց, որ նրա ղեկավարումը երկրի համար համազոր է ինքնահոս ընթացքի։ Տնտեսության մեջ ոչինչ էլ չի զարգանում։ Նույնիսկ այնքան հետեւողականորեն, հասարակության զայրույթ հարուցելու, քաղաքական ընդդիմություն հաղթահարելու գնով աճուրդի դրված ԲԷՑ-երը չեն վաճառվում։ Լինսի հիմնադրամի վարկերով աշխատատեղեր չեն բացվում։ Ներքաղաքական կյանքում չի ձեւավորվում որեւէ ուժ, որը առանձնակի վստահություն ներշնչի, թե հասարակության մի շոշափելի հատվածի վստահությունն է վայելում։ Եվ իբրեւ սկզբնապատճառ կամ հետեւանք մեկամյա տեղապտույտի, երկրի արտաքին քաղաքական հիմնահարցը՝ ղարաբաղյան կնճիռը, եռամյա դեգերումներից ու ժամանակային կորուստներից հետո վճռվելու է նույն կերպ, եթե ոչ՝ ավելի աննպաստ, քան՝ 1997-ին։ Եվ պատճառը երաժշտությունը, բեմահարթ ակը կամ զուգընկերը չէ։ Պարզապես Քոչարյանը «վատ է պարում»։ Մնում է, որ ասպարեզում հայտնվեն նոր պարողներ։ ԼՈՒՍԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել