Լրահոս
Օրվա լրահոսը

Ցանկացած վարչատարածքային բաժանման իրականացում

Մայիս 05,2001 00:00 Share

ԲԱԺԱՆԻՐ, ՈՐ ԿԱՌԱՎԱՐԵՍ Ցանկացած վարչատարածքային բաժանման իրականացում ենթադրում է որոշակի տնտեսական նախադրյալների ստեղծում, առանց որի այն չի կարող կենսունակ լինել։ Հայաստանի նման բնական պայմանների հարուստ բազմազանություն ունեցող երկրում 3-4 շրջանների միացումը մեկ մարզի մեջ ենթադրում է միջտնտեսական հարաբերությունների զարգացման այնպիսի աստիճան, երբ մարզի մեջ մտնող յուրաքանչյուր շրջան դառնում է այդ հարաբերությունների համակարգի օրգանական օղակներից մեկը։ Վարչական շրջանների տնտեսական զարգացումը եւ տնտեսական ինքնակառավարման հաստատումը ենթադրում է նաեւ ժամանակակից հաղորդակցության միջոցների այնպիսի զարգացում եւ մատչելիություն բոլորի համար, երբ կենտրոնի հետ ինչ-ինչ հարցեր լուծելու ֆունկցիաների (աշխատավարձ, թոշակ, տեղեկատվություն, հաշվետվություն, տեղեկանք եւ այլն) մեծ մասը կկատարեն… մեքենաները, համակարգիչների ցանցը։ Այս բոլորը հնարավոր եւ նպատակահարմար կդարձնեն շրջկենտրոնների վարչական ֆունկցիաների կենտրոնացումը՝ ավելի բարձր մարզային մակարդակով։ Հասկանալի է, որ այդպիսի որակապես նոր տնտեսական բազիսի ստեղծումը մեկ-երկու տարվա գործ չէ։ Մարզային բաժանումն այսօր զուրկ է տնտեսական հիմքից Հին Հայաստանում երկրի բաժանման հիմքում, ըստ գավառների, մարզերի, ընկած էին ժողովրդի լեզուն, բարբառները։ Մեր օրերում վարչատարածքային բաժանումը սերտորեն առնչվում է տնտեսական, շուկայական կապերի զարգացման աստիճանի, աշխատանքի հասարակական բաժանման, գյուղի եւ քաղաքի հարաբերությունների, հատկապես պետության ագրարային քաղաքականության հետ։ Մեր լեռնային երկրում այդ քաղաքականության չափանիշներից թերեւս ամենակարեւորն այն է, թե որքանով է այդ քաղաքականությունը, մասնավորապես՝ վարչատարածքային բաժանման տվյալ տարբերակը նպաստում կամ խանգարում հեռավոր լեռնային բնակավայրերի ամրացմանը, զարգացմանը։ Եթե տարածքային բաժանման ընդունված սխեման հանգեցնում է թեկուզեւ մեկ գյուղի քայքայմանը, այն պետք է մերժվի։ «Գետանցումին ձիերին չեն փոխում» Մարզային բաժանման մասին օրենք ընդունվեց 1995-ին, երբ մեր հանրապետության տնտեսությունը, այդ թվում՝ գյուղատնտեսությունը, խոր ճգնաժամի մեջ էին եւ այդ պահին «բարեփոխում» կատարելը արդեն իսկ անթույլատրելի էր, կասկածելի եւ բնորոշում էր անցումային շրջանի հիմնախնդիրների նկատմամբ այդ օրերի ՀՀ ղեկավարության մակերեսային մոտեցումը։ ՀՀ այդ օրերի «պատմական» ղեկավարներին չէր էլ հետաքրքրում, թե ինչով ավարտվեցին հանրապետության վարչատարածքային վերաձեւումների նախորդ փորձերը՝ գյուղերն ու շրջանները խոշորացնելու ուղղությամբ։ Մինչդեռ այդ վերաձեւումները ոչ մի դրական արդյունք չտվեցին։ 1988թ. օգոստոսի 1-ի դրությամբ հանրապետությունը բաժանված է եղել 37 գյուղական շրջանների՝ իրենց շրջկենտրոններով, որոնք 50-60 տարիների ընթացքում ձեւավորվել են ոչ միայն որպես վարչական, այլ նաեւ որպես տնտեսական կենտրոններ, արդյունաբերական օջախներ։ Այդ բաժանումը հիմնականում արդարացրեց եւ դրական դեր խաղաց արտադրական ռեսուրսների տեղաբաշխման ու գյուղական բնակչության արտահոսքի մեղմացման գործում։ Այդ դերը ավարտված համարել չի կարելի նաեւ այսօր, հետեւապես՝ այդ բաժանումից հրաժարվելու ոչ մի հիմք չկար։ Արդյոք հեշտացա՞վ երկրի կառավարումը Լեռնային գյուղերի ճակատագրի մասին Հանրապետության նախագահի եւ վարչապետի տեսանկյունից, թերեւս, այո, կառավարումը հեշտացնելով այսօր իրենք գործ ունեն ոչ թե 37 շրջանային ղեկավարների, այլ ընդամենը 10 մարզպետների հետ, այսինքն՝ կառավարումը հեշտացավ 3,7 անգամ։ Որոտանի լեռնանցքի առաջին գյուղից՝ Գոռայքից մինչեւ Սիսիանի շրջկենտրոն 35 կմ է, իսկ մինչեւ նորաստեղծ մարզկենտրոն Կապան՝ 105 կմ կամ 3 անգամ ավելի։ Եզակի դեպքից ընդհանուրին անցնելու համար վկայակոչեմ պաշտոնական վիճակագրության մի քանի տվյալներ։ Մինչեւ 1990թ. Հայկական ԽՍՀ 475 գյուղական սովետներից 19-ը գտնվում էին շրջկենտրոնից 30-40 կմ եւ ավելի մեծ հեռավորության վրա, դա կազմում է շուրջ 50 գյուղ (մեկ գյուղսովետի մեջ ընդգրկված էր 2-3 գյուղ), այդ թվում՝ 10 գյուղ՝ 40-ից ավելի մեծ հեռավորության վրա։ Փոխադրելով վարչական կենտրոնը նորաստեղծ մարզկենտրոն, այս հեռավորությունն ավելացավ միջին հաշվով 100 կմ-ով, այսինքն՝ 3 անգամ։ Դա նշանակում է, որ այսօր գյուղի բնակիչը 2-3 անգամ շատ ժամանակ եւ միջոցներ է ծախսելու մարզկենտրոն մեկնելու համար, քան նախկինում։ Դա նշանակում է նաեւ, որ այսօր ոչ թե 50, այլ 100-150 գյուղ է հայտնվել վարչական կենտրոնից մեծ հեռավորության վրա (30-50 կմ եւ ավելի)։ Նման գյուղերի առանց այն էլ ծանր սոցիալական վիճակն էլ ավելի ծանրացավ։ Լուրջ հիմքեր ունենք տագնապելու, որ այդ գյուղերի մի զգալի մասը կանգնած է լքվելու, դատարկվելու վտանգի առաջ։ Նշենք, որ հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը մշակել է հեռավոր լեռնային, սահմանամերձ ու սակավաբնակ գյուղերի ամրացմանն ուղղված սոցիալ-տնտեսական ծրագիր, որի հիման վրա համապատասխան օրինագիծ է ներկայացվել ՀՀ Ազգային ժողով։ Այն հավանաբար առաջիկայում կընդունվի եւ կհատկացվեն ֆինանսական միջոցներ դա կյանքի կոչելու համար։ Սակայն ընդգծենք, որ հիշյալ ծրագրի կիրառման թիվ 1 նախապայմանը գոյություն ունեցող մարզերի լուծարումն է, ապախոշորացումը, վարչատարածքային նախորդ շրջանային բաժանման համակարգի վերականգնումը։ Վերջապես վիճակագրության մասին Վիճակագրությունը գրեթե միակ ֆունկցիան է, որ մնացել է շրջանային (այսպես կոչված՝ տարածաշրջանային) ենթակայության տակ։ Մարզային բաժանման առաջին իսկ օրերը վկայեցին այդ ֆունկցիայի կենտրոնացման անհեթեթության մասին։ Բազմաթիվ օրինակներից բերեմ մեկ-երկուսը։ Գյուղական բնակչության շարժի բոլոր ցուցանիշները (ծնունդ, մահ, ամուսնություն եւ այլն) տասնամյակներ շարունակ գրանցվել են գյուղական խորհուրդներում։ Այժմ դա կատարվում է մարզկենտրոնում։ Պատկերացրեք, գյուղացու համար ինչ դժվարությունների հետ է դա կապված։ Եվ ծայր աստիճան անհեթեթություններ. մարզկենտրոնը ծնունդը գրանցելուց առաջ պահանջում է նորածնի ծնողների ամուսնության վկայականներ, իսկ մահը գրանցելու համար տեղեկանք առ այն, որ հանգուցյալը իրոք այդ գյուղի բնակիչ էր եւ այլն։ Այս բոլորի արդյունքում տուժեց ոչ միայն վիճակագրությունը։ Եվ գյուղական խորհուրդների կողմից հաղորդված ստույգ տեղեկությունների փոխարեն, այժմ շրջանային (տարածաշրջանային) եւ մարզային վիճակագրական ծառայությունները Երեւան են հաղորդում գյուղի եւ գյուղատնտեսության վերաբերյալ անստույգ եւ անկանոն, հաճախ էլ խառնաշփոթ տեղեկություններ։ Եթե նախկինում ՀՀ վիճակագրության ծառայության օղակները կարող էին առանց մեծ դժվարության վերստուգման ենթարկել, ճշտել այս կամ այն շրջանից ստացած տեղեկությունները, օրինակ, գյուղատնտեսության վերաբերյալ, ապա այժմ դա պարզապես անհնար է առնվազն երկու պատճառով։ Առաջինը կապված է այն հանգամանքի հետ, որ մարզային միջին ցուցանիշները քողարկում են նրա մեջ մտնող շրջանների ցուցանիշների էական տարբերությունները։ Արդյունքում մնում է անվերապահորեն ընդունել մարզի հաղորդած ցուցանիշները, որքան էլ դրանք կասկածելի լինեն։ Երկրորդ պատճառը կապված է գյուղատնտեսության եւ տնտեսության մյուս ճյուղերի սեփականաշնորհման հետ, չէ որ այժմ վիճակագրություն, տեղեկություն իր գործունեության մասին պետք է հաղորդի յուրաքանչյուր անհատ հողագործ, իսկ դա, ինչ խոսք, շրջանային ծառայությունները կարող էին (եւ կարող են) իրականացնել եւ վերահսկել անհամեմատ ավելի հեշտ, քան մարզային ծառայությունները։ Առանց ստույգ վիճակագրության չկա լուրջ տնտեսություն, հետեւապես՝ չկա տնտեսության գործընթացների վերահսկում եւ կառավարում։ Եզրակացությունը 30 շրջանի օգտին Ամեն ինչ վկայում է այն մասին, որ մինչեւ 1995թ. գործող շրջանային բաժանումը հիմնականում ճիշտ էր արտահայտում հանրապետության տարբեր գոտիների եւ ենթագոտիների բնատնտեսական պայմանների բազմազանությունը, ուստի այն կարելի է համարել բնական բաժանում։ Սակայն այդտեղ էլ կային ակնհայտ արհեստական բաժանումներ կամ միացումներ, որոնցից պետք է հրաժարվել։ Դրանց շարքին են պատկանում մասնավորապես Մասիսի եւ Բաղրամյանի շրջանների ստեղծումը մի քանի հարեւան շրջանների տարածքների հատվածների մեխանիկական միացումների միջոցով։ Այդ երկու շրջանները կազմավորվել էին Արարատյան հարթավայրում, մի գոտի, որը դրա կարիքը չուներ եւ չունի։ Ի դեպ, այս բնական գոտին թերեւս միակն է Հայաստանում, որի կառավարումը կարելի է կենտրոնացնել երկու, թերեւս նույնիսկ մեկ մարզում։ Իհարկե, վերստին այն վերապահումով, որ եթե տվյալ պահին հասունանան դրա անհրաժեշտ նախադրյալները։ Նկատենք, որ Զանգեզուրի գոտին բացառում է նման կենտրոնացումը, այնքան բազմազան են այդ գոտու բնատնտեսական պայմանները։ Մեր լեռնաշխարհի մյուս գոտիներում թերեւս կարող է լինել երկու բացառություն այդ տեսակետից։ Առաջինը վերաբերում է Շիրակի գոտու երկու շրջաններին (Ամասիա, Աշոցք), երկրորդը՝ Վայոց ձորի երկու շրջաններին (Եղեգնաձոր, Վայք), որոնց նմանությունը թույլ է տալիս միավորել մեկ շրջանի մեջ։ Վերջապես, երրորդը վերաբերում է Արարատի եւ Արագածի շրջանների միավորմանը մեկ շրջանի մեջ։ Այսպիսով, վերը նշված շտկումներից հետո հանրապետության վարչատարածքային բաժանման սխեման կընդգրկի 30-32 շրջան՝ իրենց համապատասխան վարչական կենտրոններով։ Բոլոր դեպքերում, հարցի վերջնական լուծումը պահանջում է լուրջ նախնական քննարկում, իհարկե, յուրաքանչյուր դեպքում նշված շրջանների ներկայացուցիչների պարտադիր մասնակցությամբ։ Վերջապես, նկատի ունենալով հիմնախնդրի կարեւորությունը, նպատակահարմար է, որ երկրի օրենսդիր կամ գործադիր մարմիններում համապատասխան օրինագիծը ընդունվի ոչ թե ձայների նույնիսկ բացարձակ մեծամասնությամբ, այլ քննարկման մասնակիցների փոխադարձ համաձայնությամբ։ Ն. ՄԱՆԱՍԵՐՅԱՆ Երեւանի պետական տնտեսագիտության ինստիտուտի պրոֆեսոր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել