
ԵՐԵԽԱՆԵՐԻ ՈՐՍ՝ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ Որսի նպատակը Գյումրիում վերջերս բացված «Հույս» մանկատունը համալրելն է։ Մանկատանը հիմնականում ապրում են ծնողներ ունեցող երեխաներ։ Իսկ այն ստեղծողները մեծարվեցին՝ «Ի՜նչ լավ է, գոնե մի քանի երեխա կսնվի»։ Բայց այս երեւույթը «տարօրինակ, ոչ այնքան քաղաքակիրթ ու մարդավայել է»։ Այս գնահատականը հիմնավորվում է այն պնդմամբ, որ «բոլորիս աչքի առաջ խրախուսվում է երեխային լքելը, ծնողից հեռանալը, պարտքի եւ պատասխանատվության կորուստը, ամենակարեւոր եւ շատ նուրբ փոխհարաբերությունների փլուզումը։ Ավելի նախընտրելի է թերսնված, բայց ծնողների խնամքի տակ, քան կուշտ, բայց ինչ-որ հաստատություններում»։ Այս պատկերը ներկայացրեց ու գնահատականներ տվեց ԿԳՆ-ի Գյումրիի «Նարեկ» հոգեբանական ծառայության կենտրոնի տնօրեն Արմինե Գմյուր-Կարապետյանը։ Արդեն տասնմեկ տարի գործող այս կենտրոնին մինչ օրս դիմել են շուրջ 2200-ից ավելի ընտանիքներ ու անհատներ եւ կենտրոնի տնօրենի պնդումների հիմքում այդ փորձի վերլուծությունն է։ «Եթե 90-ական թվականների սկզբում հիմնական հոգեբանական աշխատանքը կապված էր հետաղետյան հետեւանքների հետ, ապա այսօր ակնհայտ են լուրջ խնդիրներ՝ կապված փոխհարաբերությունների դժվարությունների, ընտանիքում երեխայի բազմակողմանի պաշտպանվածության բացակայության, վախերի, մշտական ֆիզիկական չարաշահումների հետ»,- «Մարդու իրավունքները Հայաստանում» գիտաժողովի ժամանակ, խոսելով երեխաների իրավունքների թեմայով, ասաց տիկին Գմյուր-Կարապետյանը։ Վերջինիս կարծիքով, երեխաների դաստիարակության հարցում ծնողների անգրագիտությունն այսօր աղաղակող փաստ է. «Ֆիզիկական բռնությունը, ծեծը, վիրավորանքները եւ ստորացումները կրում են կանոնավոր բնույթ։ Դպրոցներում, մանկապարտեզներում եւ այլ հաստատություններում երեխաները մեր՝ մեծահասակներիս զայրույթի, ագրեսիայի, չկայացածությունից բխող թշնամանքի կրողներն են»։ Վերջին երկու տարիներին «Նարեկը» բավականին մոտիկից ծանոթացել է գիշերօթիկ դպրոցների հետ, վերջիններիս խնդիրներին, ամենօրյա գործունեությանը, եւ եզրակացությունները առավել քան մտահոգիչ են։ Ծնողներից մեկը պարզապես աղերսել է, որ իր երեխաների համար մի տեղ գտնեն, որտեղ նրանք պաշտպանված լինեն չարաշահումից։ Առավել ակնհայտ չարաշահումների կարելի է հանդիպել հատուկ կարիքներով երեխաների հետ կապված։ Խոսելով Գյումրիի գիշերօթիկ դպրոցներից մեկի մասին, տիկին Արմինեն ասաց. «Դպրոցում հմտորեն թաքցնում են ֆիզիկական եւ այլ չարաշահումների գոյությունը, երբեմն նույնիսկ սպառնալիքների տակ»։ Սեռական չարաշահման դեպքեր, պաշտոնական տեղեկության համաձայն, չեն գրանցվել, սակայն «Նարեկը» երկու նման դեպքի առնչվել է եւ գտնում է, որ այս հարցի հետ կապված լուրջ աշխատանքի խնդիր կա՝ «կապված ադմինիստրացիայի, գիտելիքների, հատուկ կարիքների եւ այլ խնդիրների հետ»։ Այդ գիշերօթիկի անունը տիկին Արմինեն չհրապարակեց։ Միայն ԿԳ փոխնախարար Աիդա Թոփուզյանին ասաց՝ վերջինիս հետ առանձնազրույցի ժամանակ։ Փոխնախարարը վստահեցրեց, թե ինքը տեղյակ չի եղել, որ իրենց ենթակայության գիշերօթիկում նման բաներ են կատարվում՝ թեպետ այս եւ մնացյալ ելույթ ունեցողների ներկայացրած խնդիրները տարբեր գիտաժողովների ընթացքում անընդհատ հրապարակվել են, բայց վիճակը շարունակում է մնալ անմխիթար։ «Հուսո կամուրջ» ՀԿ-ի նախագահ Սուսաննա Թադեւոսյանի ելույթը նվիրված էր Հայաստանում անկարող երեխաների իրավունքներին, ավելի ճիշտ՝ դրանց բացակայությանը՝ թեեւ Հայաստանը երեխաների իրավունքների առնչությամբ բազմաթիվ միջազգային համաձայնագրեր է ստորագրել ու օրենքներ ընդունել, որոնք պարտավորեցնում են հարգել այդ իրավունքները եւ ապահովել դրանց իրականացումը։ Գրեթե ոչ մի լուրջ քայլ չի արվել հաշմանդամ երեխաների ինտեգրացման հարցում։ Ըստ տիկին Թադեւոսյանի՝ «հաշմանդամ երեխաները կրթություն են ստանում հատուկ գիշերօթիկ դպրոցներում կամ տնային ուսուցման պայմաններում։ Զրկված լինելով իրենց հասակակիցների հետ շփվելուց եւ նրանց հետ մանկապարտեզ կամ դպրոց հաճախելու հնարավորությունից, հաշմանդամ երեխաները կորցնում են իրենց ինքնավստահությունը, ձեռք բերում հոգեբանական բազմաթիվ բարդույթներ եւ իրենք իրենց սկսում են համարել թերի, ոչ լիարժեք երեխա»։ ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Նաիրա Ավետիսյանի ելույթը եւս լավատեսական շեշտեր չէր պարունակում։ Շեշտվեց ՀՀ նախագահին կամ վարչապետին կից՝ երեխաների իրավունքները պաշտպանող կառույցի ստեղծման անհրաժեշտությունը, քանի որ, չգիտես ինչու, երեխայի իրավունքները զատվում են մարդու իրավունքներից եւ ՀՀ նախագահին առընթեր Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովը կամ այլ նման կառույցներ բացարձակապես չեն անդրադառնում երեխաների իրավունքների խախտումներին։ Պաշտոնական տվյալներով՝ միայն 65 երեխա կա, որ որդեգրման ենթակա է, իսկ մանկատներում տեղավորված հազարավոր երեխաներ ծնողներ կամ ընտանիքի անդամներ ունեն, որ կարող են նրանց մասին հոգ տանել։ Տիկին Ավետիսյանը կարեւորեց այս հարցում մեր մոտեցման փոփոխության անհրաժեշտությունը, որպեսզի հատուկ հաստատություններին տրվող օգնությունը երեխաների ծնողներին տան, որ վերջիններս կարողանան երեխային ընտանիքում պահել։ Նաիրա Ավետիսյանը նաեւ կրթօջախներում երեխաների ընդհանուր առողջապահական կրթությանը, առողջ կենսակերպին ուշադրություն դարձնելու կոչ արեց, որովհետեւ «ցավոք, դպրոցահասակ երեխաների շրջանում աճել են սեռավարակները, սեռական չարաշահումները եւ անչափահասների շահագործումը»։ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































