
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱԿԱՌԱԿՈՐԴ ԶԻՆԱԿԻՑՆԵՐԸ Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւի կատարած այցը Ռուսաստան մեծ արձագանք գտավ հայաստանյան մամուլում: Բոլորը միաբերան հաստատեցին ռուս-ադրբեջանական հարաբերությունների ջերմացման միտումը՝ դրա պատճառները փնտրելով պարզունակ ամենատարբեր բացատրություններում եւ չնշելով, որ դրա հիմնական պատճառը Հայաստանի ներկայիս իշխանությունների գավառամտությունն է: Այդ է վկայում քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի անդրադարձը Ալիեւի Մոսկվա կատարած այցին: «Մենք կանխատեսել էինք, որ հայ-ռուսական հարաբերությունների թուլացումը փոխհատուցվելու էր ռուս-ադրբեջանական հարաբերությունների զարգացմամբ»,- ասաց Ս.Գրիգորյանը: Ըստ նրա, դրա պատճառներից մեկն այն էր, որ ժամանակին հայաստանյան իշխանությունները համարժեքորեն չարձագանքեցին Ռուսաստանում նոր իշխանության ձեւավորմանը, թեեւ ՌԴ նախագահի պաշտոնում ընտրվել էր նոր նախագահ՝ նոր հայեցակարգերով: «Երկրորդն այն էր, որ մեր իշխանությունները հայ-ռուսական հարաբերություններում սխալ ընտրություն կատարեցին՝ շեշտը դնելով տնտեսական համագործակցության վրա, մինչդեռ Ռուսաստանն ավելի առաջնային էր դիտարկում ռազմաքաղաքական ոլորտում համագործակցությունը: Սրան զուգահեռ պետք է օբյեկտիվորեն խոստովանել, որ մեզնից անկախ Ադրբեջանն է ճիշտ եւ նուրբ քաղաքականություն վարում Ռուսաստանի հանդեպ: Այստեղ շատ կարեւոր նրբություն կա. Ադրբեջանի ղեկավարն այսօր շարժվում է իր պետության եւ ժողովրդի շահերից ելնելով, եւ դրա վառ օրինակը Գաբալայի ռադիոլոկացիոն կայանին վերաբերող խնդրի լուծումն էր: Այդ իմաստով՝ Ադրբեջանի մեծագույն նվաճումը ոչ թե այդ կայանը ռուսներին վարձակալությամբ տրամադրելու արդյունքում 70 մլն դոլար «շահելն» էր, ինչի մասին մեր մամուլը հիստերիա բարձրացրեց, այլ՝ որ այդ կայանը դարձավ Ադրբեջանի սեփականությունը, իսկ դրա վարձակալման ժամկետը երկար բանակցությունների արդյունքում սահմանվեց 10 տարի»: Ահա այդ փաստը համեմատելով ՌԴ նախագահի Երեւան կատարած այցի ժամանակ հայ-ռուսական բանակցությունների ընթացքում Ռ.Քոչարյանի եւ Ս.Սարգսյանի արձանագրած արդյունքների հետ, պարոն Գրիգորյանն ասաց. «Այդ այցից ուղիղ մեկ օր առաջ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն ու ՌԴ պաշտպանության նախարարը պայմանագիր ստորագրեցին, որով ռուսական զորքերի տեղակայման տարածքներն անժամկետ եւ անհատույց տրվեցին ռուսական կողմին: Համեմատության համար ասենք, որ Ադրբեջանը բանակցությունների ժամանակ պայքարում էր Գաբալայի կայանը ոչ թե 25 տարով, այլ ավելի կարճ ժամկետով ռուսներին տալու համար, եւ արդյունքում հասավ հաջողության: Հայ-ռուսական բանակցությունների պարագայում մեր իշխանություններն, ըստ էության, տարածք նվիրեցին Ռուսաստանին: Դրա պատճառն այն է, որ մերոնք, ի տարբերություն Ադրբեջանի իշխանությունների, առաջնորդվում էին ոչ թե պետության կամ ժողովրդի շահերով, այլ՝ սեփական իշխանության եւ դրա ժամկետը երկարաձգելու խնդիր էին լուծում: Պարզ էր, որ այդ դեպքում ռուսներն այլեւս պարտավորություններ չունեին Հայաստանի հանդեպ, ուստիեւ Ռուսաստանի նկատմամբ Հայաստանի շուրջ 100 մլն դոլարի պարտքից ոչ մի լումա զիջել չցանկացան: Ու քանի որ մենք այդքան գումար չունեինք, որոշվեց հարցը լուծել «ձեռնարկություններ՝ պարտքի դիմաց» հայտնի բանաձեւով»,- նկատեց Ս.Գրիգորյանը՝ ավելացնելով, որ այդ դեպքում էլ խոսքը վերաբերում էր հիմնականում ոչ թե «շարքային», այլ՝ ռազմավարական նշանակության ձեռնարկություններին: Եվ այսպես, Հայաստանն այլեւս անհետաքրքիր գործընկեր է Ռուսաստանի համար. այդ երկրի տեսանկյունից ռազմավարական նշանակության բոլոր հարցերը Հայաստանում վաղուց արդեն լուծվել են: Ռուս-ադբեջանական բանակցություններում իր մշտական տեղն ուներ նաեւ ղարաբաղյան խնդիրը: «Պարզ դարձավ, որ Ռուսաստանն, ըստ էության, այդ խնդրում աջակցում է Ադրբեջանին՝ պաշտպանելով հիմնախնդրի կարգավորման նրա տեսակետը: Հիշենք, որ այդ առնչությամբ նախագահ Պուտինը շեշտեց հակամարտության կարգավորման վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումը, որն աննպաստ պայմաններ է ստեղծում Ղարաբաղի համար: Խնդրի լուծման հարցում ՄԱԿ-ի ԱԽ որոշումներին հավատարիմ մնալու մասին նրա ձեւակերպումը վերաբերում է ընդունված այն 4 բանաձեւերին, որոնք սահմանում են՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականություն, գրավյալ տարածքների ազատագրում, զորքերի դուրսբերում, փախստականների վերադարձ եւ այլն»,- պարզաբանեց Ս.Գրիգորյանը: Ռուս-ադրբեջանական կամ հայ-ռուսական հարաբերությունների հաջողությունը, ըստ վերջինիս, պայմանավորված է նախեւառաջ Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունների որակով: Իսկ այդ որակի մասին վկայում է նաեւ այն ընդունելությունը, որին արժանացան մի կողմից՝ Ռ.Քոչարյանը, մյուս կողմից՝ Հ.Ալիեւը: «Հիշեք, որ ՀՀ նախագահին Մոսկվա կատարած այցի ժամանակ դիմավորեցին նույնիսկ ոչ թե ՌԴ փոխվարչապետի, այլ նախարարի մակարդակով, իսկ Հ.Ալիեւին՝ ՌԴ վարչապետ Կասյանովն անձամբ: Նույնիսկ այդ արարողակարգը խոսում է ոչ միայն Հայաստանի եւ Ադրբեջանի, այլեւ՝ այդ երկրների ղեկավարների նկատմամբ ՌԴ-ի վերաբերմունքի մասին: Փաստն այն է, որ այսօր Ռուսաստանը մեծ վերապահումներ ունի Հայաստանի ներկայիս իշխանությունների հանդեպ՝ հատկապես որակի իմաստով»: Ու թեեւ Ռուսաստանը հայտարարում է, թե մեր տարածաշրջանում ունի երկու ռազմավարական գործընկերներ՝ ի դեմս Հայաստանի եւ Ադրբեջանի, այդուհանդերձ, հստակ է, որ այդ իմաստով Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերակցությունն այսօր հօգուտ Ադրբեջանի է: Դա այն դեպքում, երբ վերջինս մասնավորապես տարածաշրջանային խնդիրներին վերաբերող հարցերում Ռուսաստանի հետ համաձայն չէ եւ դրա մասին բարձրաձայնում, Ռուսաստանին դեմ է քվեարկում միջազգային ատյաններում: «Բայց Ադրբեջանը ՌԴ-ին արժանի գործընկեր է դիտվում, իսկ Հայաստանը՝ ոչ: Դա բնական է»,- ասաց մեր զրուցակիցը՝ չբացառելով, որ Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ կարող է թարմացվել 97-ին կնքված միջպետական պայմանագիրը եւ, ի թիվս «բարեկամության» եւ «համագործակցության» բառերի, ավելանալ նաեւ «փոխօգնությունը»: Հիշեցնենք, որ Ռուսաստանի հետ նման կարեւորագույն պայմանագիր Հարավային Կովկասում ունի առայժմ միայն Հայաստանը, եւ այն ստորագրվել էր 97-ին: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

















































