Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարևորը այս ընտանիքների ձայնը լսելի դարձնելն էր, քանի որ իրենց վշտի մեջ պարփակված են». ցուցահանդես՝ Արցախում զոհված երեխաների հիշատակին

Մայիս 12,2026 22:00 Share

Ուրբաթ օրը՝ մայիսի 15-ին, Ժամանակակից Արվեստի Ինստիտուտում (Ավետ Ավետիսյան 47) կբացվի Արցախում 2016-2023 թվականների ընթացքում ադրբեջանական հրետակոծություններից զոհված երեխաների հիշատակին նվիրված փաստագրական լուսանկարչության ցուցահանդես՝ «Մանկությունը՝ նշանառության տակ»:

Ցուցահանդեսը կտևի մինչև հունիսի 7-ը: Ցուցադրության հեղինակներն են ֆոտոլրագրող Անի Գևորգյանը և լրագրող Շուշան Փափազյանը, համադրողը՝ Ռուբեն Արևշատյանը։

Լուսանկարիչ Անի Գևորգյանը ասում է, որ տարիներ շարունակ ինքն էլ, Շուշանն էլ լուսաբանել են հակամարտությունը՝ պատերազմ, զոհվածներ, բռնի տեղահանում և այլն, հպանցիկ անդրադարձել են նաև երեխաների հարցին, սակայն մի որոշ շրջան համարում էին, որ դեռ պատրաստ չեն այդ թեմային ավելի խորությամբ մոտենալու, մինչև այն պահը, երբ հասկացան, որ թե՛ էմոցիոնալ, թե՛ մասնագիտական առումով այնքան են հասունացել, որ կարող են այս ծանր թեման առանձին լուսաբանել: «Մեդիա նախաձեռնությունների կենտրոնից» ստացած ենթադրամաշնորհի շնորհիվ նրանք հինգ ֆոտոպատմություն ստեղծեցին Արցախում ադրբեջանական հրետակոծությունների արդյունքում զոհված երեխաների և նրանց ընտանիքների մասին:

Այդ նյութերը հրապարակվեցին «Մեդիալաբում», սակայն, ինչպես նշեց Շուշան Փափազյանը. «Մենք գիտեինք, որ ուզում ենք այս պատմություններն ավելի լայն լսարանի առաջ ցուցադրել, և առաջացավ ցուցահանդեսի գաղափարը: Մեզ համար խիստ կարևոր էր այս ընտանիքների ձայնը որքան հնարավոր է լայն շրջանակների համար լսելի դարձնելը, քանի որ նրանք իրենց վշտի մեջ պարփակված են»։

«Ցուցահանդեսի նախապատրաստման ընթացքը բավականին դժվար էր, քանի որ որևէ մեկի համար այլևս գաղտնիք չէ, որ թեման այսօր չի ողջունվում, և ընդհանրապես չի խրախուսվում Արցախի և արցախյան պատերազմի հետ կապված որևէ հիշատակում: Չենք ուզում շատ մանրամասնել այն դժվարությունների մասին, որոնց առնչվեցինք, ուղղակի ուզում ենք նշել, որ շատ շնորհակալ ենք Ժամանակակից Արվեստի Ինստիտուտին, որը մեզ աջակցեց և մեծ սիրով իր տարածքը, ռեսուրսները և իր ծանրակշիռ հեղինակությունը ներդրեց այս ցուցահանդեսի իրականացման մեջ:

Մեր նախագծի համադրողը Ռուբեն Արևշատյանն է, որը շատ մեծ հեղինակություն է մեզ համար, նման մասնագետի հետ աշխատելը շատ արժեքավոր էր, կասեի՝ մասնագիտական ևս մեկ ձեռքբերում էր: Ուզում եմ հիշատակել նաև «Kooyrigs» բարեգործական հասարակական կազմակերպությունը, որը մեզ օգնեց ֆինանսական հարցերի լուծման առումով, միասին դրամահավաք կազմակերպեցինք, որի ընթացքում վաճառվեցին իմ արխիվային լուսանկարները, իրենց հետևորդները շատ ակտիվ ներգրավվեցին այդ դրամահավաքին: Իհարկե, ես ու Շուշանը միայնակ չէինք կարող այս նախագիծն իրականացնել, առանց մեր բոլոր գործընկերների և նրանց շատ հստակ ու սկզբունքային աջակցության»,- անդրադառնալով ցուցահանդեսի նախապատրաստական աշխատանքներին՝ ասաց Անի Գևորգյանը։

Կազմակերպչական դժվարությունները դեռ մի կողմ, թեման ինքնին ծանր է, ինչպե՞ս են կարողացել աշխատել այդ զգայուն թեմայի վրա, և ինչո՞ւ հենց հինգ պատմություն: Մեր այս հարցին Շուշան Փափազյանը պատասխանեց. «Յուրաքանչյուր հարցազրույցը շատ ծանր էր, ու մենք դրանցից հետո երկար խոսում էինք, հաճախ լաց լինում։ Կարծում եմ, որ միմյանց օգնել ենք՝ այս ծանրությունից դուրս գալու համար։ Նույնն էլ հիմա է, երբ հասել ենք ամենալարված փուլին, իրար աջակցում ենք։ Իրականում, նախագիծն ավարտելուց հետո երկար ժամանակ պահանջվեց վերականգնվելու ու կյանք վերադառնալու համար, որովհետև մենք բոլոր մանրամասներով լսում էինք երեխաների մահվան դրվագները: Ինձ համար յուրաքանչյուր տեքստ գրելիս դժվար էր մահվան նկարագրությունները շարադրելը, իսկ հետո մտածել վերջաբան՝ այս ընտանիքների համար հույս թողնելու: Ինչ վերաբերում է թվին… Հոդվածները գրելու ընթացքում տարբեր գերատեսչություններ հարցումներ եմ ուղարկել՝ հասկանալու, թե կա՞ վերջնական կամ մոտավոր թիվ երեխաների մահերի վերաբերյալ, սակայն ստացել եմ կցկտուր պատասխաններ։ Թեև ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է, որ մեր նշած ժամանակահատվածում Ադրբեջանի ռազմական գործողությունների հետևանքով զոհվել է առնվազն 7 երեխա, «Թաթոյան» հիմնադրամի զեկույցում միայն 2023 թվականի սեպտեմբերի 19-ի հարձակման արդյունքում նշվում է 21 քաղաքացիական զոհ, որոնցից 6-ը՝ երեխաներ: Մենք կարողացանք կապ հաստատել և զրուցել հինգ ընտանիքի հետ»։

Անի Գևորգյանը հավելեց. «Ամփոփելով դժվարությունները, որոնց բախվել ենք, պիտի առաջնահերթ նշեմ լրագրողական առումով եղած դժվարությունները՝ մարդկանց հետ ճիշտ կապ հաստատելու, հանկարծ որևէ կերպ չթիրախավորելու, չվիրավորելու, էմոցիոնալ իմաստով մեզ հասուն պահելու, նյութերը պատրաստելու և լուսանկարներ անելու ընթացքում էմոցիոնալ կայուն վիճակում գտնվելու… հիմա արդեն վստահ կարող ենք ասել, որ այս ճանապարհին մենք նաև աճեցինք՝ մասնագիտական առումով: Այնքան, որ նախագիծն անելուց հետո ունեցել ենք սկսնակ լրագրողների, լուսանկարիչների հետ հանդիպումներ, որոնց ընթացքում նրանց ներկայացրել ենք զգայուն թեմաների լուսաբանման ընթացքում առաջ եկող մարտահրավերների և դրանց հաղթահարման մեր փորձառությունը, որը, հուսով ենք, իրենց էլ շատ օգտակար կլինի: Մենք համարում ենք, որ այս ճանապարհը միայն մերը չէ՝ որպես մասնագետներ և որպես քաղաքացիներ, այլև բոլոր նրանցը, ովքեր ցանկանում են իսկապես էական թեմաների լուսաբանմամբ և վավերագրմամբ զբաղվել, ոչ թե սպասարկել այն պահանջարկը, որը մեզ թելադրում են իշխանությունները, քաղաքական ուժերը, հանրությունը: Ճիշտ հակառակը՝ նման թեմաներից պետք չէ վախենալ, պետք է խոսել տեղի ունեցածի մասին, և պետք է համարձակություն ունենալ ցանկացած պահի և ցանկացած իրավիճակում ասել, որ մենք սա անում ենք, և մենք պարտավոր ենք այս ամենը հիշել»։

Արդյոք չե՞ք անհանգստանում, որ ձեր ընտրած այս թեման, այս ցուցահանդեսը կարող է «խանգարել» մեր իշխանությունների խաղաղասիրական նկրտումներին, ձեզ չե՞ն մեղադրի ռևանշիզմի, պատերազմի քարոզչության մեջ, չէ՞ որ հիմա միտում կա ամեն ինչ մոռանալու, հիմա «մեր անվտանգության երաշխավորը Ադրբեջանն է»:

Մեր այս դիտարկմանը Անի Գևորգյանը պատասխանեց. «Մենք կատարում ենք այն աշխատանքը, որը զգում ենք, որ պարտավոր ենք, և բարեբախտաբար՝ կարող ենք կատարել, և մեզ առհասարակ չեն հետաքրքրում տարբեր քաղաքական շահարկումներ և քաղաքական թիրախավորումներ: Անկեղծ ասած՝ այս նախագիծն անելու ընթացքում և հիմա էլ՝ ցուցահանդեսին նախապատրաստվելիս, ես ու Շուշանը զրուցել ենք, խոսել ենք այդ վտանգների մասին, և եկել ենք այն համաձայնության, որ այդ վտանգները մեզ ընդհանրապես չեն հուզում: Մենք գիտենք մեր աշխատանքի, մեր գործունեության նպատակը, և կողքից որևէ կեղծ մեղադրանքներ և կեղծ թիրախավորումներ մեզ հետաքրքիր չեն, մենք այնքանով ենք արժևորում այս աշխատանքը, զոհված երեխաների և առհասարակ պատերազմի զոհերի հիշատակը հարգելը, որ մեզ ուղղված նման մանր մեղադրանքները պարզապես շատ փոքր խնդիր և վտանգ ենք դիտարկում»։

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031