Եթե նախկինում ընտրություններից առաջ ասֆալտ փռելը, շինարարական աշխատանքներ խոստանալը կամ համայնքային խնդիրներ լուծելու հայտարարությունները դիտարկվում էին որպես ընտրողի վրա ազդելու գործիք, ապա այսօր նույն ձեռագիրը նկատվում է արդեն ՔՊ-ի իշխանության օրոք։
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, դիմելով վարդենիսցիներին, գրել է․
«Կայացել է Ծովակ-Վարդենիս 9 կմ ընդհանուր երկարությամբ ավտոճանապարհի հիմնանորոգման մրցույթը»։
Առաջին հայացքից՝ սովորական ճանապարհաշինական ծրագրի մեկնարկ է, բայց նման մրցույթներ ամսվա ընթացքում շատ են հայտարարվում՝ առանց ամպագոռգոռ գովազդի։ Նախընտրական շրջանում նման հայտարարությունները քաղաքական ենթատեքստից զրկված դիտարկել հնարավոր չէ։ Հատկապես, երբ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ինքն է ընդգծում, որ ճանապարհը «տարիներ շարունակ» եղել է վարդենիսցիների ամենասպասված խնդիրներից մեկը։
Կարդացեք նաև
Այս ֆոնին ուշագրավ է հիշել Գյումրիի դեպքը։ Մարտուն Գրիգորյանի հորը նախորդ տարի Գյումրիում ձերբակալեցին փողոցում «շեբեն» լցնելու համար։ Նրա ընտանիքի շուրջ իշխանական և մերձիշխանական դաշտում ամիսներ շարունակ շրջանառվում էին մեղադրանքներ, թե ընտրություններից առաջ «շիբին» է բաժանվել կամ ասֆալտապատման խոստումներ են հնչել։ Գրիգորյանն էլ հրապարակային պնդել էր, որ փորձ է արվել իրեն վարկաբեկել՝ «ընտրակաշառք բաժնողի» պիտակ կպցնելով։
Ստացվում է հետաքրքիր հակասություն․ երբ նման խոստումների կամ շինարարական աշխատանքների մասին խոսվում էր ընդդիմադիրների կամ նախկինների համատեքստում, իշխանական քարոզչությունը դա ներկայացնում էր որպես ընտրակաշառքի, վարչական ազդեցության կամ ընտրողի կամքի վրա ազդելու փորձ։ Իսկ երբ նույն տրամաբանությամբ՝ ընտրություններից առաջ, պետական պաշտոնյան «ուրախալի լուր» է հայտնում տարիներով չլուծված ճանապարհի մասին, դա արդեն մատուցվում է որպես «համայնքների զարգացում»։
Խնդիրն այն է, թե ինչու է պետական ծրագիրը նախընտրական շրջանում ներկայացվում քաղաքական շնորհի լեզվով։ Եթե ճանապարհը հարկատուի գումարով իրականացվող պետական պարտավորություն է, ապա այն չպետք է դառնա ՔՊ-ի նախընտրական իմիջի մաս։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

















































