«Հրապարակի» զրուցակիցն արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Մարտիրոսյանն է:
– Հայաստանի իշխանությունները, ակնհայտորեն, մի քանի լարի վրա են փորձում խաղալ: Փաշինյանը ձգտում է մնալ ռուսական ազդեցության գոտում, միեւնույն ժամանակ Արեւմուտքի հետ է, Երեւանում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողով է տեղի ունենում, հակառուսական հայտարարություններ են հնչում եւ այլն:
– Շատ ռուս փորձագետներ եւս ընդունում են, որ Հայաստանին մինչ այս պահը հաջողվում է խաղալ երկու լարի վրա: Կան տարբեր պատճառներ, որոնք կարելի է երկար քննարկել: Եկեք մի բան խոստովանենք` այս խաղը նոր չի սկսվել, պարզապես ստեղծված աշխարհաքաղաքական պայմաններում Մոսկվան ավելի սուր է այն ընկալում եւ դրա մասին արտահայտվում: Հայաստանն ավանդաբար ձգտել է համադրել իր արտաքին քաղաքականության արեւմտյան եւ հյուսիսային վեկտորները: Խնդիրն այժմ բարդացել է. ծայրահեղ լարվել են ՌԴ-Արեւմուտք հարաբերությունները, եւ այդ պատճառով էլ փոխվել են ՌԴ-ի մոտեցումները եւ հռետորաբանությունը: Նախկինում քննարկումներ էինք ունենում ռուսական կողմի հետ, ինչը բացարձակ չի նշանակում, որ համաձայնեցնում էինք մեր քայլերը։ Օրինակ` 1999 թվականին Գործընկերության եւ համագործակցության համաձայնագիր կնքվեց ԵՄ-ի հետ, եւ մենք ռուսական կողմի հետ քննարկեցինք այդ հարցը ստորագրելուց առաջ, բայց նորից եմ ասում` մենք չենք գնացել ռուսներից թույլտվություն խնդրելու, պարզապես, որպես ռազմավարական գործընկերներ, կոնսուլտացիաներ ենք ունեցել: Ի դեպ, եթե նախկինում ռուսական կողմը կտրուկ բացասաբար էր վերաբերվում ԱՊՀ երկրների համագործակցությանը ՆԱՏՕ-ի հետ, այժմ ռուսները չեն թաքցնում, որ ԵՄ-ն իրենց համար դարձել է շատ ավելի վտանգավոր, քան՝ ՆԱՏՕ-ն: Ռուսաստանը, ենթադրաբար, չի կարող չարձագանքել այս ամենին, սակայն ուլտիմատում ես դեռ չեմ տեսնում: Այն, ինչ տեղի է ունենում, նախկինում արված հայտարարությունների սուր մեկնաբանություններն են: Ուշ թե շուտ, ԵՄ թե ԵԱՏՄ հարցը դրվելու էր ռուսների, ինչպես նաեւ՝ եվրոպացիների կողմից, եւ դրա մասին վաղուց է խոսվում: Ռուսաստանի համար դժվար է հանդուրժել, որ մեր տնտեսական ներուժն աճի իր հաշվին՝ իր օրբիտայից դուրս գալու եւ իր համար թշնամի կառույցի օրբիտա տեղափոխվելու նպատակով: ՌԴ-ի համար սա ֆունդամենտալ խնդիր է: Պուտինը տեսնում է, որ Հայաստանի տնտեսությունն արձանագրում է աճ` 6 տոկոս, մի քիչ՝ ավել, մի քիչ՝ պակաս: Աճը պայմանավորված է նաեւ ռուսական գործոնով, հատկապես` ռուսական գազի արտոնյալ գնով եւ ռուսական շուկայի մատչելիությամբ: Ուստի, ռուսները պարբերաբար հիշեցնում են ԵՄ եւ ԵԱՏՄ ռեժիմների անհամատեղելիության մասին։ Այս ֆոնին, Հայաստանի կառավարությունը հայտարարում է, որ ԵԱՏՄ-ից այս պահին դուրս գալու խնդիր չունի:
Արցախի հանձնումից եւ հայ-ադրբեջանական երկխոսության մեկնարկից հետո, երբ միջնորդական հիմնական դերակատարումը Մոսկվայից տեղափոխվեց Բրյուսել եւ Վաշինգտոն, Հայաստանի համար Ռուսաստանի հետ հարաբերություններում մանեւրելու հնարավորությունները, բնականաբար, մեծացան։ Խնդրահարույց է այն, որ այդ ֆոնին կտրուկ եւ ոչ տեղին վատթարացավ Երեւանի եւ Մոսկվայի միջեւ ռազմավարական հաղորդակցությունը։ Ակնհայտ է, որ համապատասխան հռետորաբանությունն այսօր գնահատվում եւ փոխհատուցվում է ԵՄ-ի կողմից։ Այս համատեքստում Հայաստանի կառավարությունն անում է քայլեր, որոնք թեեւ, ըստ էության, հաճախ խորհրդանշական են, սակայն ընկալվում են որպես հակառուսական։ Մինչդեռ, փաստացի քաղաքականությունը, առավել եւս՝ ԵԱՏՄ-ի շրջանակում, դեռեւս պայմանավորված է ռուսական գործոնով եւ Ռուսաստանի ազդեցությամբ եւ ոչ թե գաղափարական կամ արժեքային ընտրությամբ։
Կարդացեք նաև
– Վոլոդիմիր Զելենսկին Երեւանում ՌԴ-ին բացահայտ սպառնալիքներ հղեց: Տեսակետ կա, որ նման հայտարարություններն են ռուսական կողմին գրգռել:
– Ակնհայտ է, որ Զելենսկու ելույթը ռուսներին դուր չէր գալու: Ես ՀՀ կառավարությանը չեմ պաշտպանում, սակայն չեմ կարծում, որ հնարավոր էր Զելենսկու ելույթը մեզ հետ համաձայնեցնել: Վստահ եմ, որ Զելենսկին այդ քայլն արեց միտումնավոր` Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ լարվածությունն ավելացնելու նպատակով:
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

















































