Իշխանությունը փորձում է ընդդիմադիր դաշտի մի խումբ առաջատարներին հավաքել մեկ զամբյուղում և նորից սևի ու սպիտակի տրամաբանությունն առաջ տանել․ «Առավոտի» «Այլ օրակարգ» հաղորդաշարի եթերում կարծիք հայտնեց «Միասնության թևեր» կուսակցության նախընտրական ցուցակում ընդգրկված ճարտարապետ Սահրատ Պետրոսյանը՝ ամփոփելով նախընտրական քարոզարշավի առաջին օրերը։
«Շատ կարևոր է, որ ընդդիմությունը չմտնի այդ խաղի մեջ։ Հասարակությանը պետք է բացատրել, որ այս ընթացքը վտանգավոր է։ Եթե ինչ-որ պահերի անհրաժեշտություն լինի, պետք է մոտենալ այդ մակարդակի, որ ասելիքը հասարակությանը հասանելի լինի։ Քանի որ գտնվում ենք իբրև ազգ մնալ-չմնալու սահմանագծին, միգուցե պետք է գնալ ոչ ստանդարտ լուծումների՝ և՛ «Սպայդերմենի» տեսքով, և՛ բահ թափահարելով, որպեսզի ունենանք այն հանրային ըմբռնումը, որը անհրաժեշտ է երկիրն այս վտանգավոր, դեպի անդունդ գլորող ընթացքից ազատելու համար։ Հուսով եմ, այս ընտրություններում մռութներին կուտեն (իշխող ուժին նկատի ունի – Ն․ Գ․)»,- ասաց մեր զրուցակիցը։
Անդրադարձանք նաև Հայաստանում տեղի ունեցած ԵՄ 8-րդ գագաթաժողովին, դրան հետևած ՀՀ-ԵՄ երկօրյա աշխատաժողովներին․ ԵՄ-Հայաստան գագաթաժողովը իրական քաղաքական արդյունք տվեց, թե՞ դա խորհրդանշական միջոցառում էր, «քաղաքական շոու», ի՞նչ ստացավ Հայաստանը ԵՄ գագաթաժողովից։
«Հաղորդակցության մակարդակում լսելի եղավ, որ Հայաստանը եվրոպական ուղղությամբ է գնում։ Բայց կարծում եմ, որ Հայաստանը շատ ավելին կարող էր ստանալ, եթե իշխանության ցանկություններն ազնիվ լինեին, այդ հարթակն օգտագործվեր հայ ժողովրդի առջև ծառացած խնդիրները լուծելու համար։ Բայց օդում կախված է, որ դա իշխանության համար ուներ քարոզչական՝ նախընտրական, նաև հետընտրական առումով որոշակի նպատակներ, խնդիրները, որոնք դրվել էին, մի քիչ ավելի նեղ շրջանակի համար էին, ոչ թե ի բարօրություն Հայաստանի»,- կարծում է մեր զրուցակիցը։
Իսկ ի՞նչ է պետք Եվրոպային Հայաստանից՝ հարցին էլ պատասխանում է․ «Հոգու խորքում եվրոպացիները զգում են, որ մենք կարող ենք լինել եվրոպական ընտանիքի անդամ, բայց այս նոր տաքացումները կամ ջերմացումները, կրկին օդում կախված տրամադրություններով, ենթադրում են ՌԴ-ին այս կողմից խայթելու կամ ՌԴ-ի համար ինչ-որ խնդիրներ ստեղծելու ցանկություն։
Կարճաժամկետ կտրվածքում ՌԴ-ին խայթելու մի հնարավորություն էր, որը մենք սիրով տրամադրեցինք»։
Հայաստանին Եվրոպայում սպասո՞ւմ են հարցի պատասխանն էլ սա է՝ հիմնարար առումով՝ այո, բայց․ «ԵՄ անդամ լինելը հասարակության որոշ խմբերի մոտ կարող է հույսեր առաջացնել, ֆեյք-եվրոպամետ ուժերը կարող են դա օգտագործել, նույնիսկ իշխանությունը կարող է օգտագործել։ Եվրոպային մոտենալը վատ չի, բայց ինչի՞ գնով, ինչի՞ համար ենք մենք դա անում։ Ինչո՞ւ է հիմա դա արվում, ինչո՞ւ այսպես արագ՝ հնարավորություն տալով Եվրոպային ոչ միայն Ուկրաինան օգտագործել ՌԴ-ի դեմ, այլ նաև Հայաստանը․ այստեղ շատ լուրջ ռիսկեր կան։ Մենք փաստացի ունենք դեպք, որ Հայաստանում ստեղծված հարթակը կոնկրետ եվրոպական գործիչներ օգտագործեցին խայթելու ԱՄՆ-ին, խայթելու՝ որոշ դեպքերում անգամ սպառնալու ՌԴ-ին, բախտներս բերեց, որ Իրանի մասով ոչինչ չեղավ, այլապես դա էլ մի այլ պատմություն կլիներ»։
Պատասխան քայլերը մեր զրուցակիցը կապում է հունիսի 7-ին սպասվող ընտրությունների արդյունքների հետ․ «Եթե այս պատուհաս իշխանությունները մնան, այդ ժամանակ է, որ մենք կտեսնենք այդ ամենի արդյունքները»։ Միաժամանակ, հաշվի առնելով ընդհանուր աշխարհաքաղաքական վիճակը, կարծում է, որ Հայաստանի՝ աշխարհաքաղաքական ինչ-որ բևեռին հարելը կարող է հավելյալ խնդիրներ առաջացնել՝ նկատի ունենալով նաև այդ բևեռներում ադեկվատության հետ խնդիրներ ունեցող ղեկավարների գոյությունը․ «Լավ է լուռ մնալ, որովհետև այս փոփոխություններում կարող է տուժենք։ Փոփոխությունները նաև հնարավորություններ են բերում, բայց դրա համար պետք է ունենալ խելքը գլխին իշխանություն, որը չունենք։ «Եվ-եվ»-ի ժամանակները անցել են, համաշխարհային կարգն օրեցօր ավելի խախուտ է դառնում, և Հայաստանում, և Հայաստանից դուրս, մենք ունենք անհավասարակշիռ ղեկավարներ, որոնք ռիսկեր են բերում։ Պետք է հնարավորինս պլյուրալ մոտենալ իրավիճակին»։
«Հայաստանում ունեն փլված սպասումներ ՌԴ-ից, հայ ժողովուրդն ունի հարցեր, և Ռուսաստանում դրանց պատասխանները պետք է տրվեն։
Դա ավելի վաղ պետք է անեին, որ չհասներ այս վիճակին»,- ասում է մեր զրուցակիցը՝ նկատի ունենալով Արցախի հարցում ՌԴ-ի մոտեցումները, նաև՝ ավելի վաղ Ադրբեջանին զենք վաճառելը։
Եվրոպացի ղեկավարները Երևանից հետո ակտիվ շփումներ ունեցան Բաքվի հետ։ Սա արդյո՞ք ցույց է տալիս, որ Եվրոպայի համար էներգետիկ շահերն ավելի կարևոր են, քան ժողովրդավարական արժեքները։ Հայաստանը ինչո՞ւ չի կարողանում ԵՄ-ի համար դառնալ նույն մակարդակի ռազմավարական գործընկեր, ինչ Ադրբեջանը՝ հարցերի պատասխաններն էլ այսպիսինն են․ «Քաղաքականության մեջ տնտեսական բաղադրիչը միշտ էլ շատ կարևոր է եղել։ Հիշում եք, Արցախի պատերազմից հետո Եվրոպայի փաստացի ղեկավարը մեկնեց Ադրբեջան, և այնտեղ դարի պայմանագիրը ստորագրեցին։
Բացի այդ, Ադրբեջանի ղեկավարությունը փաստացի շատ ավելի արդյունավետ է աշխատում տարբեր ուղղություններով, քան հայկական իշխանությունը։ ՀՀ իշխանության փալասային իրավիճակը նպաստել է, որ Ադրբեջանը շատ ավելի լավ օգտագործի իր հնարավորություններն այն դեպքում, երբ սկսած 1990-ականներից մենք շատ ավելի լավ ստարտային պայմաններ ենք ունեցել, իսկ 2018-ին ֆանտաստիկ հնարավորություն ունեինք՝ նախ ինքներս մեզ ապացուցելու, ապա նաև աշխարհին, որ մենք հուսալի գործընկեր ենք և հասարակություն ենք, որը պատրաստ է հարգել հիմնարար եվրոպական արժեքները՝ այդ ամենը խարսխելով ազգային ինքնության վրա»։
Ըստ Սահրատ Պետրոսյանի՝ ադրբեջանական էներգետիկ ռեսուրսներին մենք կարող ենք հակադրել հայկական սփյուռքը, ժողովրդավարությունը, որը մեկ խմբակի կամ խունտայի իշխանության մնալու համար կորսվեց։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































