Նախագահին կիցը հակառուսակա՞ն է Աղասի Արշակյանին համենայնդեպս այսպես է թվում։ ՀՀ նախագահին առընթեր Մարդու իրավունքների հանձնաժողովի նախորդ օրը հրապարակած ինֆորմացիան՝ Ռուսաստան տեղափոխված հայ մարդկանց դիակների մասին, Աղասի Արշակյանին պարզապես զայրացրել էր։ Շատերը հիշում են, որ պրն Արշակյանը մինչեւ անցած տարվա մարտը այդ հանձնաժողովի անդամ էր եւ ինքնակամ դուրս էր եկել։ «Հիմա առիթ ունեմ ասելու, որ փոշմանել եմ դուրս գալու համար։ Եթե հանձնաժողովի մեջ լինեի, այս հիմարությունները այնտեղ չէին ասվի, մեր լրագրողներն էլ նույնությամբ, մեկին՝ մեկ չէին վերցնի եւ տարածի»։ Նա ասաց. «Պետական մամուլը, հեռուստատեսությունն են անդրադարձել սրան։ Ես ներքուստ ուրախացա, որ օպոզիցիոն կեցվածք ունեցող թերթերը գիտակցել են, որ այս լուրը չարժի, որ տպագրվի։ Օրինակ՝ «Առավոտ» թերթում ես չգտա այս լուրը։ «Հայոց աշխարհ» թերթում էլ չգտա… Այսինքն այնտեղ հասկացել են, որ այսպիսի աբսուրդը ուղղակի հրապարակել չի կարելի»։ Աղասի Արշակյանի թեթեւ ձեռքով պարզապես ստիպված ենք հրապարակել այդ «աբսուրդը». «2000թ. ընթացքում ՌԴ-ից եւ ԱՊՀ այլ երկրներից բռնի մահվան դեպքերով հանրապետություն է տեղափոխվել 63 ՀՀ քաղաքացու դիակ, իսկ 2001թ. 11 ամիսների ընթացքում՝ 59»։ Հանձնաժողովի նախագահ Պ. Հայրիկյանի անունը Ա. Արշակյանը ոչ մի անգամ չհնչեցրեց, բայց ասաց, որ հանձնաժողովի նախագահի գնահատականը, թե նշված թվերը սահմռկեցուցիչ են եւ որ դրանք տոկոսային հարաբերությամբ մի քանի անգամ գերազանցում են Հայաստանում տեղի ունեցող դեպքերին, ապա՝ «հրապարակված թվերի այս ձեւով մեկնաբանությունը նույնիսկ բարեխիղճ մոլորություն չեմ համարում կամ անտեղյակություն, այլ՝ հրապարակողների չար դիտավորություն եմ տեսնում»։ Ըստ Ա. Արշակյանի, սա հեռուն գնացող նպատակ ունի. «Առաջին հերթին ուզում են ցույց տալ, թե ինչքան լավ է մեզ մոտ, իսկ Ռուսաստանում ինչքան վատ։ Եվ երկրորդը՝ հակառուսական կամ հակառուսաստանյան տրամադրություններ է առաջացնում բնակչության վիճակագրությունից անտեղյակ մարդու համար»։ Այնուհետեւ, Ռուսաստանում գտնվող հայերի թիվը պայմանականորեն 1 մլն դիտելով, Ա. Արշակյանը հայտարարեց, որ 1 մլն մարդկանց մեջ սպանությունների ցուցանիշը մեզ մոտ 3 անգամ ավելի բարձր է. «Մեկ մլն մարդուց տարեկան 12-13 հազար մարդ է մեռնում բնական մահով»։ Իսկ եթե այդ թվից «700-800-ի դիակները տեղափոխվում են Հայաստան, դրանում ոչ մի սարսափելի բան չկա»։ Բուն թեմայից պրն Արշակյանը անցում կատարեց մեկ այլ թեմայի, որի համար եւս մտադիր էր եղել ասուլիս հրավիրել։ Խոսքը պետական աշխատողների ունեցվածքի հայտարարագրման մասին է։ Աղասի Արշակյանը համարում է, որ իրենց իսկ կողմից ընդունված հայտարարագրի մասին օրենքը 3-րդ հանրապետության օրենսդիր մարմնի պատմության մեջ ստեղծած ամենավատ փաստաթղթերից մեկն է։ Ա. Արշակյանին դուր չի գալիս հայտարարագրի ծածկագրված լինելը. «Եթե ուզում ես ղեկավար աշխատող մնալ, ուրեմն պիտի բաց լինես հասարակության համար»։ Ու Աղասի Արշակյանը ցույց տվեց առաջին օրինակը եւ «բաց եղավ» հասարակության համար. նրա «փոխկապակցված» անձինք (արտահայտությունը հայտարարագրման թերթիկից է) ծնողներն են եւ կինը, չափահաս երեխաներն ամուսնացած են, ուրեմն՝ իրենը չեն. «Ունենք, էդ բոլորով միասին մի հատ բնակարան՝ 57,6 քմ տարածքով»։ Բոլոր հարցերին հետագա պատասխանը եղել է՝ «չունեմ»։ Ընդ որում Արշակյանը թերթիկում սեփական նախաձեռնությամբ ավելացրել էր «չունեմ»-ների մի երկար շարք։ Պատգամավոր Աղասի Արշակյանը չունի «գործարաններ, խանութ-շուկաներ, սաունաներ- բ—անոցներ, գծեր»։ Թող առաջինը քարը նետի նա, ով վստահ է, թե հայտարարագրված պաշտոնյաներից որեւէ մեկը սեփական ձեռքով գրել է, թե այս ամենն ինքն ունի։ Եթե հավատանք հայտարարագրման չհրապարակված տվյալներին, ստացվում է, որ երկրի անշարժ եւ շարժական գույքն իրականում «անտեր» է։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

















































