Լրահոս
Օրվա լրահոսը

Հիմա գաղտնի՞ք են, թե՞ չկան

Փետրվար 02,2002 00:00 Share

Հիմա գաղտնի՞ք են, թե՞ չկան Հայցվոր եւ պատասխանող կողմին ստիպելով տեղավորվել մի փոքրիկ սեղանի առջեւ՝ վերաքննիչ դատարանի դատավորները հուսով էին, որ կողմերը հաշտության համաձայնագիր կկնքեն, սակայն Հետաքննող լրագրողների ընկերակցությունը երեկ պնդեց իր հայցապահանջը, որը դատարանը մասնակիորեն բավարարեց։ Առաջին ատյանի դատարանը ընկերակցության հայցն ընդդեմ Մաքսային պետական կոմիտեի մերժել էր, վերաքննիչ դատարանը բավարարեց մասնակիորեն, եւ կարելի է ենթադրել, որ վճռաբեկ դիմելու դեպքում վերջինս էլ ամբողջությամբ կբավարարի լրագրողների հայցը։ Սակայն վճռաբեկ դատարան դիմելու պատրաստակամություն հայտնեց, դատական նիստի ավարտից անմիջապես հետո, Մաքսային պետական կոմիտեի ներկայացուցիչը՝ կոմիտեի իրավաբանական վարչության պետ Գեւորգ Ներսիսյանը։ Նա հայտարարեց, որ թեեւ վերաքննիչ դատարանի վճռին, չի պատրաստվում պատասխանել Հետաքննող լրագրողների ընկերակցության՝ Մաքսային պետական կոմիտեին ուղղված հարցին։ Ընկերակցությունը երեք հարց էր ուղղել Մաքսային կոմիտեին, որը դրանց չէր պատասխանել՝ ստիպելով լրագրողներին դատարանում պաշտպանել տեղեկություններ ստանալու իրենց օրինական իրավունքը։ Ինչպես առաջին ատյանի, այնպես էլ վերաքննիչ դատարանում պատասխանող կողմի հիմնավորումները հակասական էին, բայց ամենակարեւորը՝ դրանք բացարձակապես չէին համընկնում լրագրողների գրավոր հարցին տրված գրավոր այն պատասխանին, որն էլ դատարան դիմելու պատճառ էր դարձել։ Հետաքննող լրագրողների ընկերակցությունը 09.10.01թ. դիմել էր Մաքսային պետական կոմիտե՝ հետեւյալ հարցերի պատասխանները ստանալու խնդրանքով. 1. Ոչ մետաղական հանքավայրերը շահագործող ո՞ր կազմակերպություններն են արտահանում իրենց արտադրանքը։ 2. 1997թ. առ այսօր այդ կազմակերպությունները որքա՞ն արտադրանք (քար) են արտահանել։ 3. 1997թ. առայսօր արտադրանքի այդ տեսակներն արտահանելուց ինչքա՞ն տուրք է վճարվել։ Մաքսային կոմիտեն մերժել էր այս հարցերին պատասխանել՝ պատճառաբանելով, թե պահանջվող տեղեկությունները առեւտրային գաղտնիք են։ Սակայն առաջին ատյանի դատարանում պատասխանող կողմի ներկայացուցիչը այլ պատճառաբանություն ներկայացրեց՝ պնդելով, թե Մաքսային կոմիտեն նման տեղեկատվության չի տիրապետում։ Իսկ երեկ վերաքննիչ ատյանի դատարանում նաեւ ասաց, թե այդ հարցերի մի մասին, մասնավորապես երրորդ հարցին, կարող է պատասխանել եւ դա արդեն արել է առաջին ատյանի դատարանում ու դեռ դժգոհեց, թե ինչո՞ւ լրագրողները դրանով չեն բավարարվել։ Նիստը նախագահող դատավոր Սուրեն Անտոնյանը նկատեց, որ պատասխանող կողմի՝ դատարանում ներկայացվող պատասխանները դատարանի համար են, իսկ ընկերակցությանը պարտավոր էին գրավոր պատասխանել, ինչպես գրավոր էին տրված հարցերը։ Ընկերակցության նախագահ Էդիկ Բաղդասարյանն էլ նշեց, որ թերեւս վերաքննիչ դատարան չդիմեին, եթե գոնե առաջին ատյանի վճռից հետո Մաքսային կոմիտեն գրավոր պատասխաներ ընկերակցության հարցերին։ Այսինքն՝ գրավոր պատասխանեին այն, ինչ ասում էին դատարանում, որ Մաքսային պետական կոմիտեն չի տիրապետում տեղեկությունների՝ լրագրողների պահանջած երեք հարցերից առաջին երկուսի առնչությամբ, իսկ երրորդ հարցի առնչությամբ էլ տեղեկացներ, որ նշված ապրանքատեսակի համար մաքսատուրք չի վճարվում, այլ մաքսավճար։ Եթե հենց սկզբից այդպես պատասխանեին, ըստ Էդիկ Բաղդասարյանի, իրենք ընդհանրապես դատարան չէին դիմի՝ թեեւ լրագրողների տեղեկությամբ Մաքսային կոմիտեն իրականում տիրապետում է այդ տեղեկություններին եւ լրագրողներին հաջողվել է ոչ պաշտոնական աղբյուրներից ստանալ դրանք։ Էդիկ Բաղդասարյանը նիստի ավարտից հետո այս առնչությամբ նկատեց, որ իրենք ստիպված են հրապարակել այդ ոչ պաշտոնական տվյալները, եթե Մաքսային պետական կոմիտեն, լրագրողների հետ համագործակցելու փոխարեն, նախընտրում է նման աշխատաոճը։ Գեւորգ Ներսիսյանը, հայտարարելով, թե չեն պատրաստվում պատասխանել երրորդ հարցին, ի հակառակ վերաքննիչի վճռի, դա հիմնավորեց նրանով, թե երրորդ հարցը պայմանավորված է առաջին երկու հարցերով՝ թեպետ դատավորի հարցին ի պատասխան՝ Էդիկ Բաղդասարյանը դատական նիստին արդեն տեղեկացրել էր, որ իրենք չեն պնդում, որ անպայման երեք հարցին էլ միասին պատասխան տրվի։ Կամ, ի վերջո, եթե նույնիսկ ընդունենք, թե լրագրողների հարցերը պարզ չէին Մաքսային կոմիտեի համար, կարող էին գրավոր պատասխանով կամ գոնե իրենց լրատվական ծառայության միջոցով տեղեկացնել, թե ձեր հարցերը ճշտեք, կամ դրանց պատասխանները մենք չունենք, այլ ոչ թե գրեին, որ այդ տեղեկությունները առեւտրային գաղտնիք են, ինչը եւս խիստ վիճելի է։ Կամ եթե այդ տեղեկությունները Մաքսային կոմիտեն չունի, ինչո՞ւ Գ. Ներսիսյանը երեկ ասաց, թե «ապացուցեք, որ այդ տեղեկությունները առեւտրային գաղտնիք չեն եւ մենք սիրով դրանք ձեզ կտրամադրենք»։ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել