
ՄՈԼՈՐՅԱԼՆԵՐԻ ՈՒ ԱՆԿԱՐՆԵՐԻ ԱՐԱՆՔՈՒՄ 1998թ. փետրվարին, Արցախյան շարժումից 10 տարի անց, Հայաստանի Հանրապետության հիմնադիր-նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց: Հրաժարականի չափազանց խորքային իր տեքստում նախագահն այսպիսի միտք արտահայտեց. «Արտառոց ոչինչ տեղի չի ունեցել…»: Հիրավի, կարծեք թե, արտառոց ոչինչ չկա. բազում երկրների բազում ղեկավարներ են հրաժարական տվել. սա՝ արտաքուստ: Ներսում էլ արտառոց ոչինչ չկա. հայ ժողովուրդն իր առնվազն վերջին 100 տարում դաստիարակվել ու ապրել էր նացիոնալ-ռոմանտիզմի կործանարար սկզբունքներով, իսկ Տեր-Պետրոսյանը բերում էր մեզ համար խորթ պետական պրագմատիզմի չափանիշներ, ինչն օրգանապես մերժում էին Սփյուռքը եւ Հայաստանի քաղաքացիների մի ստվար հատվածը: Պարզապես այստեղ ոչ արտառոցը ողբերգականի հոմանիշն է: Մեկ դարից ավելի ամերիկացիները, ավելի քան երկու հարյուրամյակ՝ ֆրանսիացիները, է՛լ ավելին գերմանացիներն ու եվրոպական մյուս ժողովուրդներն անցան հեղափոխությունների, ավերների, կառափնարանների միջով՝ մինչեւ այսօրվա օրինակելի եւ կենսունակ պետություններ դառնալը: Ռուսական կայսրության մի մասը եղած Կովկասն այդ շրջանի մեջ մտավ ԽՍՀՄ-ի փլուզման պահից. Վրաստանում եւ Ադրբեջանում այն արժեցավ քաղաքացիական արյունոտ եղբայրասպան ընդհարումներ, տարածքային կորուստներ, արտագաղթ, տնտեսության իսպառ փլուզում, պարտվածի հասարակական բարդութավորված հոգեբանություն, հարյուր172հազարավոր գաղթականներ ու մինչեւ վերջ կոռումպացված իշխանական ֆեոդալական համակարգ: Հայաստանում բացառվեցին եղբայրասպան ընդհարումներն ու տարածքային կորուստները, ինչպես նաեւ պարտվածի հոգեբանությունը, իսկ մնացյալ արատներն արտահայտվեցին ավելի նվազ չափերով: Դա, անշուշտ, կարելի է վերագրել մեր ժողովրդի իմաստնությանը: Բայց այդ նույն իմաստուն ժողովուրդը պատերազմի շրջանում ավելի քիչ հեղափոխականներ չէր դուրս բերում փողոց, քան վրաց ու ադրբեջանցի ժողովուրդները: Մեզանում Վրաստանից ու Ադրբեջանից ավելի քիչ ու մարտական չէին քաղաքական այն կառույցները, որոնք լուն ուղտ էին դարձնում: Ավելին՝ մեզանում ավելի շատ էին հեղափոխական լրատվամիջոցները, որոնք հարեւան երկրներում փակվել ու արգելվել էին (Հայաստանում դա եղավ միայն 1994թ. հաղթական զինադադարից քիչ առաջ, երբ բացահայտ ահաբեկչությունը փորձում էր տակնուվրա անել երկիրը): Տեր-Պետրոսյանին հաջողվեց Հայաստանը փրկել Վրաստան կամ Ադրբեջան դառնալուց: Հաղթական զինադադարից հետո Հայաստանի տնտեսությունը, իր աղաղակող թերություններով հանդերձ, սկսեց ավելի արագ զարգանալ, քան հարեւան երկրների տնտեսությունը, սակայն 1998-ին, «իշխանության հայտնի մարմինների» պահանջով նախագահը հրաժարական տվեց, մինչդեռ դա չեղավ տարածքներ կորցրած, տնտեսությունը կաթվածահար արած Ալիեւի ու Շեւարդնաձեի հետ: Ուրեմն ի՞նչ տեղի ունեցավ: Նախագահն իր հրաժարականի տեքստում այսպես է արտահայտվում. «…Իշխանության ճգնաժամում Արցախի հարցի արծարծումն ընդամենը պատրվակ էր: Խնդիրը շատ ավելի խորն է եւ կապված պետականության հիմնադրույթների, խաղաղության ու պատերազմի այլընտրանքի հետ: Իսկ կյանքը ցույց կտա, թե ով ինչ է արել Արցախի համար, եւ ով է իրականում ծախում այն»: Մեր պետության հիմնադրի անկեղծությանն ու խորաթափանցությանը մինչեւ վերջ չվստահելու ոչ մի հիմք չունենք: Ավելին՝ այս 4 տարին ցույց տվեց, որ, այո՛, պետականության հիմնախնդիրների փունջն է գայթակղության միակ առանցքը: Քաղաքական մտածողության հիմքերի առումով ոչինչ չի փոխվել 19-րդ դարի 80-ականներից առ այսօր. զոոլոգիական ազգասերների ստվար հատվածը հալածում, անգամ ֆիզիկապես ոչնչացնում էր նրանց, ովքեր ասում էին, որ արեւմտահայերի խնդիրը միայն զենքով վերջնականապես լուծելիք չէ, այն մաս է կազմում աշխարհաքաղաքականության, ուստի անհրաժեշտ է հայ ժողովրդին չդնել ռուսական ու եվրոպական շահերի զոհասեղանին: Դրա արդյունքը եղավ Արեւմտահայաստանի հայազրկումը, ինչպես նաեւ Արեւելյան Հայաստանի կեսից ավելիի նվիրաբերումը Թուրքիային, Վրաստանին ու Ադրբեջանին: Տեր-Պետրոսյանը հույսը դնում էր հաղթական զինադադարից հետո խնդրի քաղաքական արագ կարգավորման ու դրացիական հարաբերությունների հաստատման վրա, որի ընթացքում, անշուշտ, հայկական կողմը պիտի զիջեր Արցախի շուրջ ստեղծված անվտանգության գոտու մեծ մասը՝ բուն Արցախի հարցը տեղափոխելով երկարատեւ բանակցային ու պետության կենսունակությամբ մարսելու ոլորտ: Իրատեսական մոտեցում, որ մերժվեց «իշխանության հայտնի մարմինների կողմից», ճիշտ այնպես, ինչպես հայ հեղափոխականներն էին ժամանակին մերժում հայ պահպանողականներին: Տեր-Պետրոսյանական ելակետն այն էր, որ Հայաստանը չի կարող իր մի հարեւանի հետ լինել հավերժական պատերազմի, մյուսի հետ՝ հավերժական թշնամանքի մեջ, երրորդի աչքում երեւալ ապակայունացնող ու պահանջատեր գործոն, ու այդքանով հանդերձ, ապահովել քաղաքացիների բարեկեցություն, պետական կայուն անվտանգություն ու զարգացման հնարավորություններ: Այդ արկածախնդրությունը մեկ անգամ կիրառվել էր նախորդ դարագլխին ու պսակվել Ալեքսանդրապոլի խայտառակ պայմանագրով: Պատերազմի անմիջական մասնակիցները, դարձյալ պատմության դասն աչքի առաջ, կարծեցին, որ բացառված չէ համաշխարհային մի խոշոր իրարանցում (համաշխարհային պատերազմի կամ ռուսական հեղափոխությունների պես), որտեղ եւ հնարավոր կլինի անմնացորդ մարսել ռազմական ձեռքբերումները, ուստի անհրաժեշտ էր ձգձգել հարցի կարգավորումը մինչեւ առնվազն հետելցինյան Ռուսաստան: Սակայն նույնիսկ ելցինյան Ռուսաստանը ստիպված եղավ Ստամբուլում թղթեր ստորագրել, որոնցով վավերացրեց Կովկասից իր հեռանալը, իսկ Պուտինը միանշանակորեն սկսեց տանել գերտերության կարգավիճակից դեպի եվրոպական երկիր դառնալու հստակ քաղաքականություն: Համաշխարհային կատակլիզմի հնարավորությունը գոնե որոշակի ժամանակի համար բացառվեց. մեկ անգամ եւս հաստատվեց պետականության հիմնադրույթների Տեր-Պետրոսյանական ճշմարտացիությունը: Վազգեն Սարգսյանի եղերական մահը ժամանակավորապես մեղմեց այն կտրուկությունը, որ կարող էր մեր երկրի հանդեպ լինել Ստամբուլի գագաթաժողովում: Քոչարյանը միայնակ մնաց պատմության առջեւ նացիոնալ-ռոմանտիզմի իրատեսականությունը ապացուցելիս: Նա մեր պատմության ամենաողբերգական կերպարներից է, քանի որ դատապարտված է ապացուցելու անապացուցելին: Բազում կուսակցությունների ու անհատների մեջ, ովքեր իրենց համարում են Վազգեն Սարգսյանի պետական քաղաքականության շարունակողներ, Քոչարյանը միակն է, որ իրապես կրում է այն՝ առանց նահանջի, առանց դավաճանության ու առանց հաղթանակի հույսի: Չորս տարի անց Քոչարյանը երկու ճանապարհ ունի՝ կա՛մ ընդունելով իրենց սխալականությունը, շրջադարձ կատարել դեպի պետականության հիմնադրույթների Տեր-Պետրոսյանական գիծ ու փրկել Հայաստանի ապագան եւ իր քաղաքական կարիերան, կա՛մ ինչ-որ կերպ հեռանալ իշխանությունից: Առաջինին չեմ հավատում, որովհետեւ նա իրո՛ք ազգասեր է, ինչպես 19-20-րդ դարերի հայ ֆիդայական-հեղափոխականները, եւ անդավաճան է հատկապես Վազգեն Սարգսյանի հիշատակի առջեւ, ինչպես ճակատագրով կապվածները: 1998-ի արկածախնդրությունն իրականացրածներն այսօր անընդունակ են հրապարակավ ընդունելու իրենց ճակատագրական սխալն ու Լեւոն Տեր-Պետրոսյանի մարգարեական ճշմարտացիությունը՝ մեր պատմության մի ռոմանտիկական էջը ցավով, բայց մեկընդմիշտ փակելու հնարավորություն տալով հասարակությանը: Իրենք իրենց ձեռքը կրակն են ընկել: Չորս տարվա մեջ չհաջողվեց թեկուզ կես քայլ առաջ կատարել Արցախի հարցում, ավելին՝ նահանջն ակնհայտ է. չհաջողվեց Հայաստանը դուրս բերել շրջափակումից, ավելին՝ շրջափակումը վերածվում է տարածաշրջանային ու միջազգային մեկուսացման. չհաջողվեց շահավետ դիրք գրավել արեւմտյան եւ ռուսական շահերի բախման արանքում, ավելին՝ ջախջախվեց այն նվաճումը, որ այդ ասպարեզում ձեռք էր բերել Տեր-Պետրոսյանի ճկուն քաղաքականությունը. չհաջողվեց պահպանել Իրանի եւ Ռուսաստանի հետ սերտ համագործակցությունը, ավելին՝ այն ձեւախեղվեց գաղութային կախվածության. չհաջողվեց խաղաղության պայմաններում կանխել արտագաղթը, ավելին՝ այն ավելի է ահագնացել. չհաջողվեց էապես զարգացնել երկրի տնտեսությունը, ավելին՝ այն վերածվել է կոմպրոդուրային կապիտալի պրիմիտիվ ու հյուծող շրջանառության. չհաջողվեց վերացնել կապիտալի նախնական կուտակմանը հատուկ ու պատերազմի արդյունք կլանայնությունը, ավելին՝ այն դարձել է համընդգրկուն. չհաջողվեց արտաքին ու ներքին պարտքը նվազեցնել, ավելին՝ այն «ավելի կուտակվեց սերունդների վզին». չհաջողվեց մեղմել սոցիալական լարվածությունը, ավելին՝ հասարակությունն առավել բեւեռացվեց. չհաջողվեց հագուրդ տալ ազգային գաղափարախոսության օդեղեն բարձունքների ասպետներին, ավելին՝ նվազեցին «Հայաստան» հիմնադրամի մուտքերն ու կապիտալի ներհոսքը. չհաջողվեց զարգացնել ազգային միասնության իբր թե խոչընդոտվող սկզբունքը, ավելին՝ սկսվեց մինչեւիսկ եկեղեցական պառակտում. չհաջողվեց վերացնել ահաբեկչությունը, ավելին՝ այն կլանեց Արցախի պատերազմի հրամանատարներից, քաղաքական, տնտեսական ու լրատվական դաշտերի առաջամարտիկներից շատերին՝ հասնելով հոկտեմբերի 27-ի աննախադեպ ողբերգության. չհաջողվեց քաղաքական դաշտի դիմակայությունը վերացնել, ավելին՝ այն վերածվեց փոխբացասման ու ատելության, քաղաքական դաշտի իսպառ դիմազրկման ու փոշիացման… Այս ամենը բազում սուբյեկտիվ ու երկրորդական պատճառներից զատ ունի շատ խոշոր մի օբյեկտիվ պատճառ՝ դատապարտված է պետականության գիտակցման այն կերպը, որը հասցրեց 1998-ի հրաժարականին: Ուստի այսօր արդեն շատերն են մտորում, թե ինչու Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց՝ պետությունը գցելով երազկոտ մոլորյալների ձեռքը, մի՞թե չէր կարող հեռացնել իրենց պաշտոններից վարչապետին, պաշտպանության, ԱԱ եւ ՆԳ նախարարներին ու նրանց որոշ առանցքային թիմակիցներին: Համոզված եմ՝ կարող էր, եթե մի փոքր փորձեր քաղաքականությունն ինտրիգների դաշտ տեղափոխել: Ավելին՝ համոզված եմ, որ նրանց մի մասը նույնիսկ չէր էլ հասցնի հասկանալ, թե ինչ է կատարվում, մյուս մասին էլ միայն ասելը բավական կլիներ: Բայց ինչպե՞ս ինտրիգան դառնար բարոյական ու իմաստուն մարդն ու քաղաքական գործիչը՝ մեկը պիտի՞ լիներ անդավաճան ու իրատես. ինչպե՞ս պիտի կարողանար «պաշտոնից ազատել» 1000 տարի պետականությունից ետ վարժված եւ ավելի քան 100 տարի նացիոնալ-ռոմանտիզմի թույնով սնված ու դեռ քաղաքացի չդարձած ժողովրդին: Վստահաբար ուրիշ պատճառներ էլ կլինեն, որոնց մասին երեւի երբեւէ կխոսի ինքը՝ իրատեսությամբ ու պետական մտածողությամբ մեր ժամանակակիցներից մեծագույնը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Դա նրա մենաշնորհն է, իսկ մերը՝ ներկայի մասին մեր անհանգստությունը թույնից զերծ պահելն ու ահազանգելն է, մինչդեռ այսօր էլ շարունակում ենք դավաճանել ոչ միայն անկարի հոխորտանքներով ու հայհոյությամբ, այլեւ նրա իմաստուն լռությունը կապկելով: Տեր-Պետրոսյանն իր ասելիքը շատ հստակ ասել ու այս փուլի համար ավարտել է. եւ դա մեր ժողովրդի հավաքական հանճարի խոսքն էր, որ, ցավոք, միշտ փոքրամասնություն է եղել աղմկարարության մեջ: Չորս տարվա հեռվից առավել է ընդգծվում Տեր-Պետրոսյանի ֆենոմենը՝ նրա գերագույն հրամանատարության ներքո Հայաստանի քաղաքացիները օրինաչափ խավարի ու ցրտի մեջ 1000-ամյա ընդմիջումից հետո առաջին անգամ հաղթանակ տարան՝ թոթափելով պարտադիր մորթվողի ու կորցնողի բարդույթը, մեր միակ Հայրենիքը՝ Հայաստանի Հանրապետությունը, նա զերծ պահեց շուրջ բոլորը ճարակած եղբայրասպան քաղաքացիական պատերազմից, թույլ չտվեց տարածվել սկսված ահաբեկչությանը, հեռանալիս կարողացավ երկիրը չգցել ծայրահեղ հեղափոխականների ձեռքը, այլ իր մեծ դպրոցն իրենց ուժերի ներածի չափով անցած ու գոնե փոքր-ինչ հղկվածների, իր մինչեւիսկ հեռանալը միայն մեծերին հատուկ իր անչարությամբ ծառայեցրեց սթափվելու ու լրջանալու պահը մեր ժողովրդին մոտեցնելուն: Այսօր մոլորյալների ժամն է, որ իրենց արածից անգամ ոչինչ չեն հասկանում, ուր մնաց թե մեծ ճշմարտություններից գլուխ հանեն. իսկ միամտության արդյունքները հաճախ ավելի ողբերգական են լինում, քան դավաճանության: Դժբախտաբար, այդ մոլորության գինը համապետական չարչարանաց ուրբաթն ու խաչելությունն են, սակայն հայտնի է՝ Հարության Կիրակին է հաջորդում Մեծ Գողգոթային: ՄԻՔԱՅԷԼ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ Պահպանողական կուսակցության նախագահ

















































