
«Ներքեւներն» ահազանգում են, «վերեւները»՝ սպառնում «Առավոտի» 22.01.2002թ. «Տնտեսական աճ, որը ժողովրդին քիչ է մխիթարում» հոդվածում ակնարկել էինք, որ ընդհանրապես բուժաշխատողների աշխատավարձերի պարտքը 8 ամսից մինչեւ 1 տարվա կտրվածքով է։ «Ո՞վ շվվցրեց» Ինչպես պարզվեց Վանաձորի որոշ բուժմիավորումներում, դժբախտաբար, վիճակն ավելի վատ է եւ կան նույնիսկ… 1999-ից առայսօր չվճարված աշխատավարձերի պարտքեր։ Ըստ երեւույթին, իբրեւ «մխիթարություն», այդ դժգոհություններին անմիջապես հաջորդեց ինֆորմացիա՝ Ֆրանսիայի բուժաշխատողների խնդիրների մասին (պատրոնաժ բուժքույրերը, որոնք հիվանդներին խնամում են տներում, բողոքի ցույցի էին ելել՝ աշխատավարձերի բարձրացման պահանջով)։ Կարծում ենք, այլ հարց է ցածր աշխատավարձը, այլ՝ ընդհանրապես չստանալը։ Համենայնդեպս, առավել արդարացի կլիներ, եթե Ֆրանսիայի հետ առավել հաճախ համեմատվեինք այլ հարցերում, որոնք վերաբերում են, օրինակ, բնակչության կենսամակարդակին, միջին եկամուտներին եւ կենցաղավարությանը։ Ինչ վերաբերում է բուժհիմնարկների աշխատողների չվճարված աշխատավարձերին, ապա այս անգամ էլ, ինչպես սովորաբար, այդ առթիվ որեւէ մխիթարական պատասխան չհնչեց, բացի առողջապահության նախարարի այն արդարացումներից, թե առողջապահական համակարգի պարտքերը «նախկինից» են գալիս։ Վարչապետն էլ իր հերթին կարգադրեց պատժել այդ հարցում «մեղավոր» տնօրեններին՝ հիվանդանոցներին տրվող գումարները ոչ խելամիտ ձեւով տնօրինելու համար (իսկ տնօրեններն էլ, եթե բողոքում են, ուրեմն մեղավոր են գտնում կառավարությանը)։ Այսքանից հետո տնօրեններին այլ ելք չի մնում, քան պապանձվելը մի որոշ ժամանակ, մինչեւ… կոլեկտիվի հաջորդ «բունտը»։ Նման «բունտերն», ի դեպ, ավելի հաճախ էլ տեղերում «խեղդվում» են տնօրենների այն սպառնալիքով, թե «ով բողոքեց՝ կկրճատեմ»։ Ահա այսպես են ընթանում ընդհանուր առմամբ «սոցիալական բարեփոխումները» առողջապահական համակարգում, որտեղ աշխատանքները վարչապետի կողմից գնահատվել են բավարար (պլյուսով)։ Փաստորեն, «ներքեւներն» ահազանգում են, «վերեւները»՝ սպառնում։ Այս ամենը հիշեցնում է հայկական երգիծական մի տեսահոլովակ. ավտոտեսուչը, սուլելով, համարձակվում է կանգնեցնել մի «հեղինակության» ավտոմեքենան, սակայն վերջինիս վարորդի ընկերը, մեքենայով մոտենալով տեսուչին, իր հերթին այնպիսի «հարձակողական» տոնով է հարցնում. «Ո՞վ շվվցրեց», որ տեսուչին այլ բան չի մնում անել, քան վախից քարանալ, մանավանդ որ «շարքային» մի կարգազանց, որի վարորդական իրավունքի վկայականը վերցրել էր տեսուչը, սպառնում է. «Պրավաս տուր, թե չէ կասեմ ով շվվցրեց»։ ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

















































