Երկակի չափանիշներ Մոսկովյան մի հեռուստաալիքից տեղեկացանք, որ Քիշնեւում ընդդիմության ղեկավարությամբ օրեր շարունակ բողոքի չարտոնված ցույցեր են տեղի ունենում, որոնց մասնակցում են հազարավոր մոլդովացիներ։ Պատճառը կոմունիստ պաշտոնյաների նախաձեռնությունն է՝ ռուսերենը դարձնել երկրորդ պետական լեզու եւ պարտադիր հանրակրթական առարկա։ Ակամա մտածեցինք. իսկ ի՞նչ արձագանք կունենար համանման որոշումը մեր հանրապետությունում։ Ավելորդ չէ նշել, որ, ըստ նույն աղբյուրի, Մոլդովայի բնակչության 13 տոկոսը ռուս է։ Համեմատության համար հիշենք, որ մեր հանրապետությունում ոչ թե ռուսների, այլ բոլոր ազգային փոքրամասնությունների ընդհանուր տոկոսը չի անցնում 3-ից։ Նորություն չէ, որ ռուսերենը Հայաստանում պարտադիր ուսուցանվում է որպես առաջին օտար լեզու, եւ ոչ ոք, այդ թվում նաեւ տողերիս հեղինակը, չի ժխտում դրա անհրաժեշտությունը։ Իսկ այն, որ ընդամենը մի քանի ամիս առաջ որոշ պետական այրերի նախաձեռնությամբ քիչ էր մնում, որ ռուսերենը դառնար երկրորդ պետական լեզու, քչերը իմացան։ Իսկ իմանալու դեպքում էլ ժողովուրդը արդյո՞ք այսպես բուռն կարձագանքի, ինչպես Մոլդովայում։ Հազիվ թե։ 88-ի ազգային զարթոնքից հետո, առարկայական ու ենթակայական հանգամանքներով պայմանավորված, ազգովին թմբիրի մեջ ենք եւ չենք էլ գիտակցում նման որոշումների թաքնված վտանգավորությունը։ Տարօրինակ է, որ ռուսները սեփական երկրում անկարող են պաշտպանել իրենց ազգային եւ քաղաքացիական իրավունքները, բայց Ռուսաստանից դուրս իրենց խորթ այլազգիներին ամեն գնով աշխատում են ռուսերենը պարտադրել որպես երկրորդ պետական լեզու՝ քաջ գիտակցելով, որ կրթության միջոցով կամակատարներ են պատրաստում։ Գիտեն, որ օտար կրթություն ստացողը կամա թե ակամա դառնում է օտար մշակույթի, օտար լեզվամտածողության ու հոգեբանության կրողը, խորթանում իր արմատներից եւ նույնիսկ արհամարհանքով լցվում իր ազգայինի հանդեպ։ Օտար լեզուն նրա համար դառնում է մայրենի լեզու, եւ չկարողանալով կամ չցանկանալով իրեն մի քիչ նեղություն տալ նախնիների լեզուն յուրացնելու համար՝ ատելությամբ է լցվում նրա նկատմամբ ու դառնում օտարների շահերի պաշտպանն ու քարոզիչը։ Եվ հենց այդ խավի միջոցով էլ Ռուսաստանը հաջողությամբ իրականացնում է իր պետական քաղաքականությունը իր երկրի սահմաններից դուրս։ Դա նրա խնդիրն է. բնական է, որ նա իր շահերը պետք է պաշտպանի եւ դիրքերն ամրապնդի այս տարածաշրջանում։ Իսկ ո՞րն է մեր խնդիրը։ Դարձյալ պետք է ականջալուր լինենք ժողովրդական իմաստնությանը. անտառը չի հատվի, եթե կացնի կոթն իրենից չլինի։ Որքան էլ պարտադրողի ճնշումը մեծ լինի, պահանջը իրականություն չի դառնա, եթե մեր հոժարակամ ուծացման գործոնը գլխավոր դեր չխաղա։ ԱՆԱՀԻՏ ՄԵԼՔՈՆՅԱՆ

















































