Լրահոս
Օրվա լրահոսը

«Ա1+»-Ը ՉԻ ՎԵՐԱԲԱՑՎԻ»

Ապրիլ 09,2002 00:00

«Ա1+»-Ը ՉԻ ՎԵՐԱԲԱՑՎԻ» «Ա1+» հեռուստաընկերության նախագահ Մեսրոպ Մովսիսյանի հետ այս զրույցը կայացել էր մինչեւ նրա որոշումը՝ ձեռնպահ մնալ նախագահի հետ հանդիպումից եւ նախքան ապրիլի 16-ի դատավարությունը՝ նաեւ հրապարակային մեկնաբանություններից։ -Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի անգամ այն անդամները, որոնք բավական բարձր՝ «4» էին գնահատել «Ա1+»-ի մրցութային առաջարկը, էլի նշում էին, թե այն թույլ էր, նշված չէին անհրաժեշտ բազմաթիվ տվյալներ եւ այլն։ Այս փաստարկները հիմնազո՞ւրկ կանվանեք։ – Ես չեմ պնդի, թե մենք ներկայացրել ենք աշխարհի ամենահզոր, թանկարժեք եւ լավ ծրագիրը։ Բայց ես համաձայն չեմ, որ մեր առաջարկը թույլ էր։ Թույլ էր ինչի՞ համեմատ՝ CNN-ի՞ ծրագրի… – «Շարմի» ներկայացրած մրցութային առաջարկի համեմատ։ – 6 տարվա ընթացքում «Ա1+»-ն իրականացրել է իր ծրագիրը՝ 24-ժամյա հեռարձակումը, որի գնահատականը, առանց որեւէ հանձնաժողովի, տվել է ժողովուրդը՝ նայում են, սիրում, ընդունում եւ ուզում են շարունակել նայել։ Իսկ մրցութային առաջարկ կազմելիս ելել ենք հավասար դաշտի գաղափարից։ Այն այսպես եմ ընկալում. մենք ունենք իրականացված ծրագիր, «Շարմը» ցանկանում է իր ծրագրով գալ։ Թող նրանք դեռ մեր պես 3 մլն ծախսեն, գան-հավասարվեն «Ա1+»-ին, հավասար պայմաններում լինենք, հետո նոր փորձեն գնալ առաջ։ Բայց նրանք վստահեցնում են, թե զրոյից սկսելով, 1,8 մլն ծախսելով՝ կարելի է ավելի լավը լինել։ Նրանք անգամ դեռ չեն հավասարվել, իսկ հանձնաժողովի անդամները մեր ծրագիրը, որն արդեն առաջ է ընթանում, գնահատում են թույլ, իսկ նրանցը՝ իրատեսական։ Բայց մեր անցած դաշտը դատա՞րկ է, մենք զրոյակա՞ն վիճակում պիտի համեմատվենք «Շարմի» հետ։ – Հանձնաժողովի անդամները, սակայն, նշել են, թե իրենք գնահատում էին ոչ թե հեռուստաընկերության անցյալը եւ ներկան, այլ ապագան, զարգացումը։ Այսինքն, Ձեր նշած փաստարկը՝ «Ա1+»-ի գործունեությունը, երկրորդական է նրանց համար։ – Նախ, սկսենք նրանից, թե ովքե՞ր են նման փաստարկներ ու հարցադրումներ արծարծում, ի՞նչ մասնագետներ են նրանք, ի՞նչ կապ ունեն հեռուստաընկերության ծրագրեր գնահատելու հետ։ Մարդիկ են, որոնք ընդհանրապե՛ս գաղափար չունեն հեռուստատեսության ցանցից եւ մոտ էլ չեն հեռուստատեսությանը։ (Հանձնաժողովի անդամ Մուշեղ Հովսեփյանը հեռուստալրագրության մասնագետ է, սակայն միայն տեսաբան է.- Ա. Ի.)։ Եթե նրանք հեռուստացույց են նայում՝ դա չի նշանակում, որ նրանք հասկանում են հեռուստատեսությունից։ Իսկ եթե հասկանում են, թող բացատրեն, թե ինչ է նշանակում՝ «լավատեսական լրատվություն»։ Եվ այս մարդիկ հեռուստաշուկա՞ են ուզում մտնել, լրատվակա՞ն դաշտ իրենց լավատեսական նորություններով։ Նման լրատվության խոստումներն ի սկզբանե անբարոյականությո՛ւն են։ Զարգացման ծրագիրն այսպես եմ հասկանում. աղքատ երկրում ուրիշի փողով շուկա չեն մտնում, մանավանդ՝ որպես անկախ հեռուստաընկերություն։ Օրե՛նքն է դա արգելում։ Եթե պարոնայք դա մոռացել են՝ ցանկանում եմ հիշեցնել. ես իրավունք չունեմ ծրագրիս մեջ մի թիվ գրել, որի բացատրությունն այն է, թե ինչ-որ բանկ կամ անձեր ինձ փող են տալու։ Եվ ֆինանսական ոչ սեփական աղբյուրներից 1,8 մլն դոլար ներդրումներ խոստացող ընկերության ծրագիրը համարվում է լա՞վը… – Հանձնաժողովի անդամ Շամիրամ Աղաբեկյանը մամուլում պնդել էր, թե փաթեթների բացման օրը բոլորը, այդ թվում՝ «Ա1+»-ի ներկայացուցիչները, նկատեցին «Շարմի» առաջարկների ակնհայտ առավելությունը։ Դուք որեւէ առիթով նման բան հայտարարե՞լ եք։ – Սա հիմարություն է, իհարկե։ Ես երբեք չեմ ընդունել եւ չեմ ընդունի, որ «Շարմն» «Ա1+»-ից ավելի ուժեղ մրցութային առաջարկ է ներկայացրել։ Թեկուզ միայն արդեն ասված պատճառով՝ նրանց փաթեթը մեր անցյալն է, այն, ինչ արդեն արել ենք։ Կարող եմ բանավիճել այս թեմայով՝ ցանկացա՛ծ մասնագետի հետ, ցանկացա՛ծ վայրում, եւ ապացուցել, որ այն, ինչ ներկայացրել է «Շարմը», «Ա1+»-ի անցած ճանապարհի ավելի թույլ տարբերակն է։ – Համաձա՞յն եք այդ ծրագրին տրված «իրատեսական» բնորոշմանը։ – Դժվարանում եմ հասկանալ, թե «իրատեսական» ասելով՝ ի՞նչ նկատի ունեն. դրա կատարո՞ւմը։ «Ա1+»-ի առաջարկից էլ երեւում է, որ մեր ոտքերը ձգում ենք մեր վերմակի չափով, որպես անկախ հեռուստաընկերություն։ Իսկ նրանք իրենց «իրատեսական» 1,8 մլն դոլարանոց ծրագրով առանց ամաչելու ասում են, թե ստեղծում են անկախ հեռուստաընկերություն, բայց դրա տակ սրա-նրա, չգիտես ում փողերն են, եւ ոչ մի փաստաթղթով էլ ապացուցված չէ, որ այդ գումարներն իրականում կան։ – Իսկ զարգացման հայեցակարգը մրցութային առաջարկում մատնանշելն արդյոք պարտադի՞ր է ըստ կարգի։ – Ո՛չ։ Նրանք չէին պահանջել նշել, թե որ տարվա ընթացքում ինչ ենք անելու։ Կարդացեք «Հայաստանի Հանրապետություն» թերթի փետրվարի 22-ի համարը, որտեղ հրապարակվել է այս մրցույթի վերաբերյալ պաշտոնական տեղեկատվությունը։ 37 կապուղով հեռուստահաղորդումների հեռարձակման մրցույթի պայմաններն են. հեռարձակման պարբերականությունը՝ ամենօրյա, օրական եթերաժամը՝ առնվազն 16 ժամ, սեփական եւ հայրենական արտադրության հաղորդումների հեռարձակումը, օրվա եթերաժամի առնվազն 5%-ը՝ գիտակրթական եւ մշակութային հաղորդումներ, լրատվական հաղորդումների ծավալը՝ առնվազն 7%։ Մեր լրատվական հաղորդումները 17% են՝ 24 ժամվա մեջ, եւ ոչ թե՝ 18 ժամվա մեջ 15%, ինչպես խոստանում է «Շարմը»։ Արդեն իսկ կատարված ու գերակատարված են մրցույթի այլ պայմաններ եւս, որոնց մասին բավական համեստորեն ենք նշել մեր առաջարկում։ Նրանք չեն պահանջել, որ մենք պայմանագրերով ապացուցենք մեր հայտում նշված խոստումները։ – Հանձնաժողովի անդամները հիշատակել են, թե «Ա1+»-ի առաջարկը հազիվ 7-8 էջ էր կազմում, մինչդեռ «Շարմինն» ավելի հանգամանալից էր։ Համեմատության եզր չեն տեսնում նաեւ տեխնիկական բազայի առումով։ – Էջերի քանակով չի որոշվում։ Ես հայտը ներկայացրել եմ համառոտ, ինչպես պահանջվում էր։ Գյուլնազ տատի հեքիաթնե՞րը պիտի պատմեի։ Էջմիածնի հեռուստաընկերությունը մեկ էջի վրա է ներկայացրել իր հայտը եւ հաղթել է։ Իսկ Արմավիրի հեռուստաընկերությունը շուրջ 50 էջանոց առաջարկ է ներկայացրել, նրանց ասել են՝ ինչո՞ւ եք այսքան խճճել, երկու էջում գրեիք-բերեիք՝ բան հասկանայինք։ Եվ ոչ էլ տեխնիկան է որոշիչը հեռուստատեսության համար։ Ապրիլի 2-ից, երբ փակվեց «Ա1+»-ը, TV-5-ը սկսեց ներկայացնել «Ալֆրեդի սենյակը» հեռուստախաղը։ Եվ այդ զիբիլը կոչվում է պրոֆեսիոնալ տեխնիկա՞։ Որակին նայում՝ ցանկանում ես ջարդել հեռուստացույցը։ Այս մակարդա՞կն են հավանում։ Ես կարող եմ ապացուցել, որ «Ա1+»-ի առաջարկը ցածր գնահատելը պայմանավորված չէ մեր տեխնիկական հագեցվածությամբ՝ այն ընդունված չափանիշներին համապատասխան է։ Եվ եթե տեղից վերկացող ինչ-որ դուրսպրծուկ կարող է պրոֆեսիոնալի դեմ կանգնել եւ ապացուցել, թե ինքն ավելի մեծ մասնագետ է՝ դրանով միայն իր վարկանիշին կվնասի։ – Ուրեմն արձանագրենք, որ «Ա1+»-ի թույլ ծրագիրն ընդամենն արդարացում է հանձնաժողովի համար։ Ձեր ասուլիսում կատարվածը քաղաքական պատվերի հետեւանք համարեցիք։ Որքանո՞վ եք իրական համարում, թե իրավական ճանապարհով, դատարանների միջոցով կհաջողվի բացել այն, ինչ փակվել է քաղաքական պատվերի հետեւանքով։ – 100%-անոց վստահություն, իհարկե, չունեմ։ Կարող եմ նաեւ ասել, թե համոզված եմ, որ «Ա1+»-ը չի վերաբացվի։ Բայց պայքարը չի ավարտվելու։ – Աչքի առաջ ունեք «Նոյյան Տապանի» օրինակը, որ ամիսներ առաջ ոչ քաղաքականացրեց, ոչ էլ առանձնապես աղմուկ բարձրացրեց իրեն եթերից զրկելու առիթով։ Եվ ինչ, հաջողե՞ց։ – Եկեք տարբեր հարթությունների վրա դնենք «Ա1+»-ի եւ «Նոյյան Տապանի» խնդիրները։ Վերջինս ուներ բազմաթիվ այլ ուղղվածության հարցեր էլ։ «Նոյյան տապանի» վիճակը այլ էր՝ տնտեսվարող երկու սուբյեկտի պառակտում տեղի ունեցավ։ Թե ով պառակտեց նրանց՝ իրենց ներքին խնդիրն է։ Մի քիչ ավելի երկար է ճանապարհն՝ ապացուցելու, որ դա զուտ տնտեսական ուղղվածություն ունեցող խնդիր չէր։ Մերն ավելի կարճ ճանապարհ է՝ խնդիր է դրվել եւ այն լուծվել է շատ կոպտորեն։ – «Ա1+»-ը մերժում է իր վերաբացման հարցը քաղաքական ճանապարհով լուծելու տարբերակը։ Ինչո՞ւ եք վստահ, որ այն հաջողություն չէր բերի։ Եթե հաշվի առնենք, ասենք, վրացական «Ռուսթավի-2» հեռուստաընկերության տարբերակը, այդ ձեւը կարող է արդյունավետ լինել։ – Երեւի ստիպեն, որ այդ ճանապարհն ընտրենք։ Այդ դեպքում՝ մեղքն իրենց վիզը։ Ես դա զգուշացրել եմ։ Զրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել