Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՂԱՆԴՍ

Նոյեմբեր 11,2004 00:00

ԱՂԱՆԴՍ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԴ ՎՆԱՍ ՉԷ… «Օրենքը խախտելու դեպքում «Եհովայի վկաների» գործունեությունը կդադարեցվի այնպես, ինչպես դա արվեց Ֆրանսիայում»,- խորհրդարանում ասաց վարչապետ Ա. Մարգարյանը: Այն երկրի վարչապետը, որտեղ նշված կազմակերպության աճը տոկոսային հարաբերությամբ ամենաբարձրն է ողջ աշխարհում: Առնվազն կեղծ բարեպաշտություն: Մի՞թե վարչապետը անտեղյակ է, որ այն, ինչը հաջողվեց Ֆրանսիային, չհաջողվեց այլ երկրների, այդ թվում Հունաստանին՝ իրավաբանական դաշտում Մարգարյանի թիմին մինչ օրս հաղթող «ԱրմենՏելի» հայրենիքին: Եվ մի՞թե անտեղյակ է կամ գուցե մոռացել է կառավարության ղեկավարը Արմավիրի դատարանի կայացրած տարակուսելի վճիռը դեռ չգրանցված եհովականների օգտին: Իսկ ֆրանսիական «ֆենոմենի» գաղտնիքը՝ օրենքների եւ օրենքներին ծառայողների մեջ է: Վերջիններիս էլ աշխատանքի տեղավորելիս հաշվի են առնում նրանց մասնագիտական կարողությունները, այլ ոչ թե կուսակցական պատկանելությունը կամ դրանից բխող այլ հանգամանքներ: Իսկ թե ում հետ է հատկապես կապում Ա. Մարգարյանը ֆրանսիական տարբերակը իրականացնելու հույսը, ինձ համար, թերեւս, բացարձակապես պարզ չէ: Եթե նա նկատի ունի ազգային փոքրամասնությունների եւ կրոնի հարցերի վարչությանը, ապա կառավարության աշխատակազմի շրջանակներում գործող ստորաբաժանման գործառույթները ի սկզբանե այլ են, նույնիսկ եթե աշխատակազմի ղեկավարը նախարար է: Բայց հանուն ճշմարտության անհրաժեշտ է ասել, որ «գրասենյակային» բնույթի այդ վարչության պետը ավելի շատ է հանդես գալիս եթերում, քան բոլոր նախարարները միասին վերցրած: Մի փաստ, որ խոսում է ինքնուրույն մարմին ունենալու օգտին, իսկ ավելի ճիշտ, եղածը փոշիացնելու դեմ: Իսկ միգուցե վարչապետը հույսը կապում է անմիջապես կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Մ. Թոփուզյանի հետ: Դե ինչ, վարչապետի կուսակից ու ֆավորիտ, մասնագիտությամբ իրավաբան պետական այս այրը այնպիսի մի առանձնահատուկ ջանասիրությամբ ի կատար ածեց կրոնի գործերի՝ պետխորհրդի լուծարման իր շեֆերի կայացրած դատավճիռը, կարծես տոտալիտար մի աղանդի գործունեություն էր կասեցնում: Ասում են, թե «Եհովայի վկաները» մեծ խանդավառությամբ ընդունեցին այդ «բարի լուրը»: Լուծարման ճարտարապետները անտեսեցին նաեւ այն իրողությունը, որ դրանից ընդամենը երկուսուկես տարի առաջ, վարչապետ Վ. Սարգսյանի որոշումով, այդ գերատեսչությունը վերականգնել էր կառավարությանն առընթեր իր նախկին կարգավիճակը, ուժեղացվել նոր հաստիքներով, ամրապնդվել իրավական դաշտում: Իսկ իրենց պաշտոնավարման առաջին իսկ օրերից, կրոնի գործերի պետխորհուրդը դարձավ կառավարության «խորթ զավակը»: Կառավարությանն ուղղված նրա բոլոր խնդրանքները, որպես կանոն, մերժվում էին: Մերժվեց նույնիսկ մեկ հատ համակարգիչ ձեռք բերելու խնդրանքը, այն դեպքում, երբ կառավարության աշխատակազմի կամ ֆինանսների նախարարության յուրաքանչյուր քարտուղարուհի ուներ իր անձնական «խաղալիք կոմպյուտերը»: Էլ չեմ խոսում ինտերնետ կապ ունենալու խիստ անհրաժեշտության մասին: Ասածս հաստատելու նպատակով բերեմ ընդամենը մեկ օրինակ: Պետխորհուրդը ահազանգ ստացավ, որ լատինամերիկյան մի երկրից Հայաստան են մուտք գործել անհայտ կրոնական հոսանքի պատկանող մի խումբ միսիոներներ: Տեղեկագրերում եւ ոչ մի տեղեկություն չգտնելով այդ հոսանքի վերաբերյալ, օգտվեցինք հարեւան հիմնարկության ինտերնետ կապից: Ու ինչ պարզվեց՝ հանրապետություն էր ներխուժել զանգվածային հիպնոսի գաղտնիքներին գերազանց տիրապետող, քարոզչության ընթացքում կոդավորված երաժշտություն օգտագործող եւ սեփական երկրում արգելված տոտալիտար աղանդ: Եվ փառք Աստծո, որ վերջին պահին հնարավոր եղավ կանխել վտանգը, քանի որ նրանք արդեն պայմանավորվածություն էին ձեռք բերել մարզադաշտի տնօրինության հետ եւ տպագրել գովազդային գայթակղիչ պաստառներ: Կարողացանք կանխել, քանի դեռ այդ իրավունքը ունեինք: Հանրապետության առաջին նախագահի՝ 1993 թ. կրոնական կազմակերպությունների եւ պետության միջեւ հարաբերությունները կանոնակարգող հրամանագիրը 2001 թվականի՝ Ռ. Քոչարյանի հրամանագրով, ուժը կորցրած ճանաչելուց հետո զրկվեցինք նաեւ այդ իրավունքից: Այս եւ հետագա քայլերը, իշխանությունների մեկնաբանմամբ, արվել են ԵԽ-ի թելադրանքով: Մնում է մտածել, թե ինչու նաեւ չեն արվում քայլեր ԵԽ-ի առաջ ստանձնած այլ, շատ ավելի կարեւոր պարտավորությունները՝ արդար ընտրություններ, մարդու իրավունքների պաշտպանություն եւ այլն. թվելը, կարծում եմ, ավելորդ է իրագործելու ուղղությամբ: Դրանք կվտանգեն հենց իրենց՝ իշխանություններին: Իսկ «Եհովայի վկաների» գրանցումը ընդամենը մի «տուրք» էր ԵԽ-ին՝ Հայաստանում չարվածը, իսկ գուցե արվածը կոծկելու դիմաց: …Անդրադառնալով վարչապետի խորհրդականի պատասխանին, ասեմ, որ դա պարզապես, ոչ ավել, ոչ պակաս՝ մարդկանց աչքերին թոզ փչելու մի անհաջող փորձ էր, որովհետեւ «Եհովայի վկաները» ավելի վտանգավոր չեն, քան այս իշխանությունները: ԷԴՈՒԱՐԴ ՍԱՖԱՐՅԱՆ1997-2002թթ. ՀՀ կառավարությանն առընթեր կրոնի գործերի պետական խորհրդի նախագահի տեղակալ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել