Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱՋԱՐՅԱՆԻՆ ՍՏԻՊԵԼ ԵՆ ՓՈՇՄԱՆԵԼ

Դեկտեմբեր 09,2004 00:00

ՆԱՋԱՐՅԱՆԻՆ ՍՏԻՊԵԼ ԵՆ ՓՈՇՄԱՆԵԼ Հայրենիքում բնակվելուց եւ ներդրումներ անելուց հրաժարվել է հերթական «քցված» սփյուռքահայը ԱՄՆ քաղաքացիներ Ջորջ եւ Քերոլայն Նաջարյանները երկրաշարժից հետո Հայաստանում եւ Ղարաբաղում սկսել են իրականացնել բարեգործական մեծ ծրագիր, որից տեղյակ են ՀՀ եւ ԼՂՀ նախագահները, հին ու նոր պատգամավորներ ու նախարարներ. դեղորայքով բեռնված շուրջ 50 ինքնաթիռ, բուժօգնության առաջին կենտրոնը Գյումրիում, մոր եւ մանկան «Արփեն» կենտրոնն Արցախում, Ծիծեռնավանքի վերակառուցումը Քաշաթաղում, բազմաբնույթ օգնություն գյուղացիներին, հաշմանդամներին, վետերաններին, որբերին, առողջապահական եւ կրթական հաստատություններին: Ի պատասխան ներդրումներ անելու Հայաստանի կառավարության՝ հայկական գաղթօջախին ուղղված կոչի, Ջորջ Նաջարյանը հայաստանցի մի երիտասարդի՝ Գ. Իգիթյանին, ԱՄՆ-ում բուժելուց հետո, 1996-ին ֆինանսավորում է՝ համատեղ լուսանկարչական սրահ բացելու նպատակով: Կարծեցյալ ընկերը Ջորջին ծանոթացնում է այլ գործարար ծրագրերով զինված հայաստանաբնակների հետ: Այդ ընթացքում Երեւանի Ձորագյուղ թաղամասում (Հրազդանի կիրճի հարեւանությամբ) Ջորջը ձեռք է բերում Արարատ սարի տեսարանով երկու հողատարածք: Շարունակ չգնալ-գալու համար նա վստահագիր է տալիս «ընկերոջը»՝ հողատարածքների վրա երկու շինություն կառուցելու համար: Սակայն կատարվում է այն, ինչին արդեն սովոր են հայաստանաբնակները. Գ. Իգիթյանը խաբեությամբ սեփականացնում է երկու հողատարածքն ու կառույցները, եւ Նաջարյանները ստիպված 2003թ. սեպտեմբերին փորձում են խարդախության փաստով գործ հարուցել Երեւանի քաղաքային դատախազությունում: «Մենք ենթադրում էինք, որ փաստերն ակնհայտ են՝ վկաների ցուցմունքներ, բանկային փոխանցումներ, ֆինանսական հոսքեր եւ այլն: Բայց չէինք սպասում, որ մեր «ընկերը» գործին կներգրավի կառավարության հետ սերտ կապեր ունեցող անձանց, որոնք զորեղ միջոցներով կազդեն դատական գործընթացի վրա»,- խմբագրությանն ուղղված բաց նամակում նշում են Նաջարյանները: Արդյունքում, գործը երկար-բարակ ձգձգելուց հետո, մերժում են նախ Երեւանի, ապա գլխավոր դատախազությունները, Նաջարյաններին մատնանշելով քաղաքացիական դատարանի տեղը: «Մեզ քաղաքացիական դատարան ուղղելու փորձերը գործը լիովին ոչնչացնելու նպատակն ունեն: Հայաստանի հայտնի իրավագետներ մեզ բացատրել են, որ այստեղ քաղաքացիական գործ չկա, քանզի չկա կողմերի միջեւ համագործակցության համաձայնագիր եւ որ սա խաբեության փաստով քրեական գործ է»,- կարծում են ամուսինները: Իրենց հետ կատարվածի մասին նրանք ստիպված են եղել տեղեկացնել Հայաստանում ԱՄՆ դեսպանին, ԱՄՆ բազմաթիվ կոնգրեսմենների, նրանք էլ իրենց հերթին՝ Վաշինգթոնում Հայաստանի դեսպանին, նշելով, որ նման դեպքերից հետո ներդրողները կասկածանքով կվերաբերվեն Հայաստանում ներդրումներ կատարելու իրենց ծրագրերին: «Մենք ցավով հայտնում ենք, որ Հայաստանում չգտանք օբյեկտիվ եւ արդար իրավական համակարգ, սակայն ներսից տեսանք խաբեությամբ եւ կաշառակերությամբ կերտված մի համակարգ: Հնարավոր չէ նկարագրել մեր ապրումները այս տարվա ընթացքում, երբ առերես առնչվեցինք այն փաստի հետ, որ այս կառավարության ներսում կան անձինք, ովքեր կարող են մասնակցություն ունենալ այսպիսի ստորացուցիչ խաբեության մեջ: Այս ամենը մատնանշում է այն, որ իրավունքների եւ ներդրումների պաշտպանությունը Հայաստանի կառավարության համար դեռ միանգամայն անկարեւոր հասկացություն է: Չնայած մենք դեռ գործի քննության ընթացքում ենք, սակայն գիտակցում ենք, որ մեր ունեցվածքը, ներառյալ այն տեղը, ուր մենք ենթադրում էինք ապրել թոշակի անցնելուց հետո, խլվել է մեզնից: Մենք մեր արցունքը չենք կարող զսպել, հասկանալով, որ այլեւս ի վիճակի չենք վերադառնալ եւ աշխատել մեր այնքան սիրած Հայաստանում եւ հայ ժողովրդին մեջ: Ցավս շատ խորն է»,- նամակն ավարտել են 16 տարի շարունակ հայրենիքին միլիոնավոր դոլարների օգնություն տրամադրած գործարար ամուսինները: Տարիներ առաջ մեզ լավ ծանոթ մեկ այլ Ջորջ՝ նույնպես ամերիկահայ, հերթական բարեգործությունն անելու ժամանակ պարզել էր, որ իր ուղարկած ահռելի քանակով գրենական պիտույքները ոչ թե անվճար բաժանվել են դպրոցներին, այլ վաճառվել շուկայում: Այս Ջորջն էլ որոշեց կապը խզել հայրենիքից: Հայաստանում քցվածների ցուցակը մեծ է, պարզապես ոչ բոլորն են իրենց հետ կատարվածը հրապարակում: ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել