Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԵՐԻ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԸ ՆՈՐԻՑ ՏԱՊԱԼՎԵՑԻՆ

Հունվար 28,2005 00:00

Այս
անգամ դրանք վերաբերում էին Հայոց ցեղասպանությանը եւ մեր հայրենակիցների նկատմամբ
իրականացված էթնիկ զտումներին ու հարկադիր տեղահանմանը: ԵԽԽՎ-ն երեկ քննարկեց
եւ 37 կողմ, 30 դեմ քվեարկությամբ չընդունեց Միգրացիայի, փախստականների եւ բնակչության
կոմիտեի զեկուցող՝ շվեդ պատվիրակ Մաթս Էյնարսոնի զեկույցը, որը վերաբերում էր բռնի
տեղահանության եւ էթնիկ զտման զոհերին: Նկատենք, թե դեռ այն քննարկելուց առաջ քվեարկության
դրվեց Ֆրանսիայի պատվիրակության ղեկավար Բեռնար Շրայների առաջարկը՝ լրացուցիչ ուսումնասիրության
ուղարկել զեկույցը, քանի որ այն բավական երկիմաստ է եւ պարունակում է հասկացությունների
խառնաշփոթ: Որպես օրինակ՝ նշվեց, թե իբրեւ հարկադիր տեղահանում են զեկույցում դիտարկվում
նաեւ համակենտրոնացման ճամբարները: Զեկուցող Էյնարսոնը բավական հիվանդագին ընդունեց
քննադատությունը եւ հայտարարեց, թե փորձ է արվում «սպանել» իր զեկույցը, ուստի քվեարկությամբ
կերեւա, թե ով է կողմ եւ ով դեմ այն խնդիրներին, որոնց անդրադարձել է ինքը: Նման
«վերջնագրից» հետո ԵԽԽՎ միայն 26 պատվիրակ հանդգնեց կողմ քվեարկել զեկույցը ետ ուղարկելու
առաջարկին, իսկ 40-ը դեմ էին: Նկատենք նաեւ, որ թերեւս թուրքական պատվիրակությունն
էլ էր որոշակի դժգոհություններ արտահայտել զեկույցի առնչությամբ, ուստի Էյնարսոնը
նախապես հարկ համարեց պարզաբանել, թե իր զեկույցում խոսելով հայերի սպանությունների
մասին՝ նկատի չի ունեցել նրանց Ցեղասպանությունը: Զեկույցի հիմնական քննադատներից
մեկը Մշակույթի, գիտության եւ կրթության հանձնաժողովի նախագահ, ԵԽԽՎ փոխնախագահ Լուիս
Մարիա դե Պուգն էր, որն իր ելույթում ասաց, թե կարելի էր այս փաստաթուղթն էականորեն
բարելավել եւ խուսափել բարդություններից, որ կառաջանան զեկույցում առկա հակասությունների
պատճառով: Հենց նա էլ առաջարկեց, որ բանաձեւից հանեն 2-րդ կետը. սա թվարկում է, թե
20-րդ դարում ո՛ր ժողովուրդներն են բռնի տեղահանվել իրենց բնակության վայրերից: Պատճառաբանությունն
այն էր, թե այդ ցանկը երբեք էլ ամբողջական չի լինի եւ երաշխիք չկա, թե որեւէ մեկը
չի մոռացվի: Թեեւ հակափաստարկ հնչեց, որ թվարկված են առավել արտառոց դեպքերը, եւ
այդ շարքում նշվեց նաեւ հայ-թուրքական խնդիրը՝ այսուհանդերձ, ուղղումն ընդունվեց,
եւ մեխանիկորեն տապալվեցին մեր պատվիրակության 2 առաջարկները, որոնք վերաբերում էին
բանաձեւի այդ երկրորդ կետին: Իսկ հայերը հաջողել էին 24 ստորագրություն հավաքել
(նրանց թվում էին՝ Անդրեաս Գրոսը, Լորդ Ռասել-Ջոնսթոնը, Բեռնար Շրայները եւ այլք)
այն առաջարկի ներքո, որ բանաձեւում նշվի, թե 20-րդ դարասկզբի ամենանշանակալի փաստերից
են Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում 2 միլիոնից ավելի հայերի նկատմամբ իրականացված
Ցեղասպանությունը եւ էթնիկ մաքրումները: Էյնարսոնի բանավոր ենթաուղղման շնորհիվ քվեարկվելու
էր նաեւ այս դրույթի հետեւյալ տարբերակը. «Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում
հայերը զոհ են գնացել ցեղասպանությանը եւ էթնիկ զտումներին»: Մեր պատվիրակության
մյուս առաջարկն էլ այն էր, որ բանաձեւի 2-րդ կետում տեղահանման ենթարկված այլ ազգերի
շարքում նշվեն նաեւ հայերը: Արտաշես Գեղամյանն ու Շավարշ Քոչարյանը նաեւ ելույթներ
ունեցան այս հարցի առնչությամբ: Վերջինս մասնավորապես անդրադարձավ Էյնարսոնի բանաձեւի
նախագծում առկա առաջարկին՝ ստեղծել բռնի տեղահանվածների եւ էթնիկ զտման զոհերի հիշատակի
եվրոպական կենտրոն: Շավարշ Քոչարյանը նշեց, թե ցանկալի կլիներ, որ այդ կենտրոնը ստեղծվեր
ավելի վաղ. «Սակայն կային եւ կան որոշ տարաձայնություններ, կար մտավախություն՝ ողբերգական
իրադարձությունները մատնանշելով՝ չառաջացնել այս կամ այն անդամ պետության դժգոհությունը»:
Նա նաեւ խորհրդանշական համարեց, որ հենց 2005-ին է առաջարկվում ստեղծել նման կենտրոն,
քանի որ այս տարի է լրանում 90 տարի առաջ Օսմանյան կայսրությունում հայերի նկատմամբ
իրականացվածի տարելիցը. «Այդ նահատակների ձեռքին զենք չկար, նրանք կայսրության խաղաղ
բնակիչներ էին՝ պատերազմի պայմաններում զորակոչի անվան տակ իրենց ընտանիքներից մեկուսացվեցին
տղամարդիկ եւ սպանվեցին: Անասելի դաժանությամբ սպանվում էին անպաշտպան մնացած կանայք,
երեխաները եւ ծերունիները: Նրանք սպանվում էին միայն այն պատճառով, որ հայ էին եւ
քրիստոնյա: Այս՝ ոչ միայն հայերի, այլեւ ամբողջ մարդկության դեմ ուղղված հանցագործությունը,
համաձայն ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 1948թ. դեկտեմբերի 9-ի Կոնվենցիայի, ցեղասպանություն
է: Այսօր Հայոց ցեղասպանությունը դատապարտել են Եվրախորհրդարանի եւ ԵԽ անդամ բազմաթիվ
երկրների խորհրդարաններ: Սակայն դատապարտման ուշացումը նպաստեց ցեղասպանության կրկնմանը
աշխարհում եւ Եվրոպայում: Հրեաների Հոլոքոստին նախորդեց Ադոլֆ Հիտլերի «ո՞վ է այսօր
հիշում հայերին» արտահայտությունը: Հայկական ջարդերը կրկնվեցին XX դարի վերջին Ադրբեջանում՝
1988թ.-ին՝ Սումգայիթում, իսկ 1990 թվականին՝ մայրաքաղաք Բաքվում»: Հայ ընդդիմադիր
պատվիրակների այս ելույթներին արձագանքեց Ադրբեջանի պատվիրակության անդամ Գյուլթաքին
Հաջիեւան, որն, ի դեպ՝ ի տարբերություն մեր պատվիրակության կին անդամ Հերմինե Նաղդալյանի,
խիստ ակտիվ է: Հաջիեւան ինչ-որ մեջբերում արեց գերմանացի պատմաբան Մյուլլերից, թե
երբ հայերը սկսում են պատմություն գրել՝ նրանք պատմաբանից դառնում են ուղղակի հայ:
Իսկ հետո ադրբեջանցի պատվիրակը սկսեց իր ժողովրդին ներկայացնել իբրեւ ցեղասպանության
զոհ: Սակայն այս անգամ հայ-ադրբեջանական ավանդական լեզվակռիվը եվրոպական ատյանում
անիմաստ էր, քանի որ, ինչպես նշեցինք՝ ոչ միայն մեր մասին հիշատակումը դուրս մնաց,
այլեւ ի վերջո չընդունվեց ամբողջ զեկույցը: Սակայն սա չի նշանակում, թե Էյնարսոնի
փաստաթուղթն ընդհանրապես է դուրս գալիս օրակարգից: Կես կամ մեկ տարվա ընթացքում նա
հնարավորություն ունի նորից ներկայացնել այն: Սա թայմ-աութ է նաեւ մեր պատվիրակության
համար, որ նախապես աշխատանք տարվի բանաձեւում Հայոց ցեղասպանության հիշատակման համար:
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ Ստրասբուրգ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել