Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՐՔԱՆ ՄԱՐԴ, ԱՅՆՔԱՆ ԿԱՐԾԻՔ

Սեպտեմբեր 09,2006 00:00

«Առավոտի» ընթերցողները արժեւորում են անկախությունը, արդարացնում են Կամոյին եւ կասկածում Լուժկովին

Անկախությունը եւ մենք

Անկախությունն ու ազատությունը աստվածային բարձրագույն արժեքներ են:

Անկախությունը ժողովրդի ազատ ապրելու իրականացված ձգտումն է:

Անկախությունը հայի համար եղել է երազանք, երբեմն՝ իրականություն. իրականացված երազանքը պահել-փայփայել է պետք, ամրապնդել է պետք:

Մենք այն սերունդն ենք, որին բախտ վիճակվեց տեսնել Երրորդ հանրապետության անկախացումը:

Մենք այն սերունդն ենք, որ մանկությունում տեսավ ազգային արժանապատվության գիտակցումով ոտքի կանգնած հայրերին: Այն սերունդն ենք, որ համբերատարորեն սպասում էր պատերազմի դաշտ մեկնած հայրերին: Այն սերունդն ենք, որ ճաշակեց անհայր մեծանալու դառնությունը:

Մենք այն սերունդն ենք, որը կրթվեց մոմի լույսի տակ՝ մութ ու ցուրտ տարիներին:

Եվ այն սերունդն ենք, որն ունի Անկախությունը սրբորեն պահպանելու անկոտրում կամք:

ՏԻԳՐԱՆ ՕՀԱՆՅԱՆ

Ուսանող

Ի պաշտպանություն Կամոյի

Հեռուստաընկերություններից մեկի հաղորդման ժամանակ լրագրողը «պարզեց», որ Կամոն (Սիմոն Տեր-Պետրոսյանը) եղել է գող, ավազակ եւ կատարել է մի շարք հանցագործություններ: Իմ մտորելու կարողությունը ինձ թույլ է տալիս մտովի ճանապարհորդություն կատարել դեպի նախորդ դարասկիզբը: Այսօր ոչ ոք չի մեղադրում Իսրայել Օրուն, Հովսեփ Էմինին, Խրիմյան Հայրիկին եւ բազում այլ մեծ հայերի, որոնք ժամանակին զգալով հայության գլխին կախված կործանման վտանգը՝ շրջել են մոլորակի բազում երկրներ, փորձելով որեւէ կերպ փրկել հայությանը…

Մի՞թե Շահումյանը, Սպանդարյանը, Կնունյանցը, Մյասնիկյանը, Կամոն եւ այլք չէին փնտրում հայության կործանումը կանխելու ուղիներ: Ես կարծում եմ, որ Սպանդարյան (նախկինում) կոչվող հրապարակը պիտի վերստանա իր նախկին անվանումը, չմոռանալով մեծն Նժդեհի անունով կոչել Հանրապետության հրապարակը: Մտածում եմ, որ թուրքերը Ղաչաղ Նաբուն երգեր են ձոնել՝ ազգային հերոս եւ օրինակ դարձրել, իսկ ռուսները հորինել են «Զգուշացիր ավտոմեքենայից» կինոնկարը եւ Դետոչկինին դարձրել ազնվության տիպար (միանգամայն մտացածին գործ), վրացիները ստեղծեցին «Զինվորի հայրը» ֆիլմը (ծիծաղելու բան), իսկ մենք այսօր փնովում, խայտառակում ենք «Կամո»-ներին, Անաստաս Միկոյանին եւ շատ ու շատ արժանավորներին: Շնորհակալ եմ ՀՁՀ ռուսական հեռուստաընկերությանը, որ օրերս ներկայացրեց Ա. Միկոյանին իր փառապանծ կերպարով, հիմնավորելով այն փաստը, որ նա կանխեց 3-րդ համաշխարհային պատերազմը: Այսօր գնահատելով Կ. Դեմիրճյանին, չի կարելի մոռանալ մեր արժանի մեծերին, եթե ոչ՝ գոնե չխայտառակել:

Թախանձագին խնդրում եմ բոլոր մեծ ու փոքր հայրենակիցներին, քաղաքական ու մշակութային գործիչներին, որ մեր ազգային մեծերի հասցեին մի փոքր զգուշությամբ արտահայտվենք, առավել ես ցեխ չնետենք նրանց հիշատակի վրա:

ԺՈՐԱ ԱՎԱԳՅԱՆ

թոշակառու

Լուժկովը Հայաստանում փո՞ղ է լվանում

Հյուսիսային պողոտայի եւ Կենտրոնի մյուս օրինազանց կառուցապատումների սյուժեն պարունակում է մի քողարկված շերտ։ Տարբեր եւ բավական հավաստի աղբյուրներից տեղեկություններ կամ ակնարկներ են հոսում, որ այդ ծավալուն շինարարական ծրագրերի հետեւում կանգնած է Մոսկվայի քաղաքապետը՝ Յուրի Լուժկովը, իր կրիմինալ շրջանակով հանդերձ։ Ավելին, պնդում են, որ Լուժկովը, իր մասնավոր կառույցների միջոցով, «գնում է Երեւանի կենտրոնը»։ Ասում են՝ Լուժկովը Հյուսիսային պողոտայում անգամ իր առանձնատունն է շինում։ Իհարկե, դժվար է պաշտոնապես ստուգել այդ տեղեկությունները։ Համենայնդեպս, անվիճելի են Լուժկովի պարբերական այցելությունները Հյուսիսային պողոտա։ Ինչպես եւ իր մերձավորի՝ Իոսիֆ Կոբզոնի կողմից «Դվին» հյուրանոցի եւ Սպայի տան ձեռքբերումը։

Եթե լուրջ վերաբերվենք այս ամենին, պետք է հարց դնել. որո՞նք են ստվերային միլիարդատեր Լուժկովի շահերը Հայաստանում։ Տնտեսական նկատառումներից ելնելով, հազիվ թե շրջապատված երկիրը ներդրումների համար նախանձելի վայր է։

Կարելի է ենթադրել, որ Լուժկովը կամենում է ձեռք բերել կտոր մը ինքնիշխան պետություն՝ իր անձնական անվտանգությունը եւ գործարքները միջազգային ասպարեզում՝ ոչ այնքան ապահով ապագայում, սպասարկելու նպատակով։

Ցանկանալով կշռադատված մոտեցում ցուցաբերել նշված փաստարկներին, հարկ եմ համարում կոչով դիմել քաղաքական շրջանակներին. լինել զգոն եւ թույլ չտալ վերածել Հայաստանը միջազգային հետախուզման մեջ գտնվող հանրապետության։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել