Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՔՍԱՎՈՐՆԵՐԸ ՆԵՐԿՐՈՂՆԵՐԻՆ «ՔԱՇՈՒՄ» ԵՆ

Ապրիլ 06,2007 00:00

\"\"Չնայած մաքսայինում տեղի ունեցող բարեփոխումներին, գործարարները կրկին դժգոհ են

Ընդամենը մեկ ամիս առաջ Մաքսային պետական կոմիտեն աշխատանքից հեռացրեց «Զվարթնոց» օդանավակայանի տարածքային մաքսակետի տնօրեն Կարեն Ջանոյանին եւ անձնակազմի որոշ աշխատակիցների՝ պատճառաբանելով, որ մաքսային վարչարարությունն են բարելավում, իսկ այդ մաքսավորներն իրենց առջեւ դրված խնդիրները լավ չէին լուծում եւ մաքսատուրքեր քիչ էին հավաքագրում: Չնայած Մաքսային կոմիտեի պաշտոնական պարզաբանմանը, լուրեր կային, որ «Զվարթնոցի» մաքսայինի աշխատակիցների՝ աշխատանքից հեռացման պատճառը եղել է ապրանքների անօրինական ներկրումը: Ըստ այդ լուրերի, պաշտոնանկ արված մաքսավորները ապօրինի ճանապարհով հանրապետություն են ներկրել մասնավորապես մեծ քանակությամբ բջջային հեռախոսներ:

Ներկայումս օդանավակայանի մաքսային կետի տնօրեն է նշանակվել Արմեն Ստեփանյանը, որը նախկինում Արարատյան մաքսատան պետն էր: Սակայն անձնակազմը «բարեփոխելուց» հետո էլ «Զվարթնոցի» մաքսակետից մեծ դժգոհություններ կան: Որոշ տնտեսվարողների ներկայացմամբ, որոնց անունները հասկանալի պատճառներով չենք հրապարակում, քանի որ նրանք պարբերաբար առնչվում են մաքսայինի հետ, օդանավակայանի մաքսակետի փոխված անձնակազմը ոչնչով չի զիջում նախկիններին եւ նորեկներն էլ «բոլոր հնարավոր ճնշումները գործադրում են, որպեսզի գործարարները նրանց հետ «համագործակցեն»:

«Օդանավակայանի մաքսակետից բեռը ստանալիս, եթե ծանոթ կամ տանիք չունես՝ օրերով քաշքշուկների մեջ ես ընկնում: Նախ աշխատակիցները քիչ են եւ այդ պատճառով մաքսակետում հսկայական հերթեր են գոյանում: Բացի այդ, մաքսավորներն իրենց ծանոթ-բարեկամներին առանց հերթի առաջ են գցում»,- «Առավոտին» բողոքեցին մի քանի գործարարներ:

Մաքսատան պահեստում բեռը մեկ ամիս մնալու համար գործարարները պետք է վճարեն 6 հազար դրամ: Նրանց ներկայացմամբ, եթե մաքսակետում բեռը պահեստ է մտնում, ենթադրենք՝ ամսի 28-ին եւ մնում է մինչեւ հաջորդ ամսվա 5-ը, պատճառաբանելով, որ ամիսը փոխվել է, գանձում են երկու ամսվա գումար, սակայն ոչ թե 12 հազար դրամ, այլ՝ 16 հազար: Ներկրողների խոսքերով, ամենաշատ քաշքշուկներն առաջանում են, երբ այս կամ այն ապրանքի կոդերը բացակայում են. «Եթե տվյալ ապրանքի կոդը մաքսայինում գրանցված է եւ արդեն հայտնի է, թե պետականորեն որքան մաքս պետք է վճարենք, չնայած հերթերին, այնուամենայնիվ, մաքսազերծումը մեծ խնդիրներ չի առաջացնում: Սակայն երբ ինչ-որ ապրանքատեսակ առաջին անգամ պետք է Հայաստան ներմուծվի եւ մաքսայինում դրա կոդը դեռեւս գրանցված չէ եւ, հետեւաբար, հայտնի էլ չէ, թե այդ նոր ապրանքի համար որքան մաքս պետք է վճարենք, օրեր է տեւում՝ մինչեւ մաքսակետից մեր բեռը ստանում ենք: Այդ պատճառով՝ երբեմն գործարարները ֆինանսական կորուստներ են ունենում»:

Ներկրողներից մեկը դժգոհեց, որ իր բերած ապրանքը օդանավակայանի մաքսատանը չեն մաքսազերծել՝ պատճառաբանելով, որ մաքսատան ներմուծված ապրանքների անվանացանկում դրանց կոդերը բացակայում են. «Մինչդեռ Հայաստանի մի շարք խանութներում այդ նույն կոդով ապրանքը վաճառվում է: Այդ դեպքում ինչպե՞ս է այդ ապրանքատեսակը ներմուծվել հանրապետություն: Իմ բերած տեխնիկայի մաքսը բավականին բարձր է, ուստի չի բացառվում, որ այսքան ժամանակ այդ նույն տեխնիկան ներկրվել է մեր երկիր մեկ այլ, ավելի էժան մաքս ունեցող ապրանքի անվան տակ»:

Ընդհանրապես, օդանավակայանի մաքսակետում մարդիկ մի շարք տեղի- անտեղի վճարումներ են կատարում: Օրինակ, երբ մարդատար մեքենա է մտնում մաքսակետ՝ պահանջում են վճարել 500 դրամ: Բեռնատարի դեպքում՝ 1500 դրամ: Եթե այս վճարումներն օրինական են, ապա հարց է առաջանում. ինչո՞ւ դրանց դիմաց օգտվողներին կտրոն չեն տալիս: Գործարարների բողոքների առնչությամբ Մաքսային պետական կոմիտեից բացառեցին, որ այս կամ այն ապրանքը հանրապետություն հնարավոր է ներմուծել մեկ այլ ապրանքի անվան տակ, իսկ թե ինչպե՞ս է առանց կոդի ապրանքը մտել տեղական շուկա, մաքսայինից որեւէ կերպ չպարզաբանեցին: Ինչ վերաբերում է մաքսատան պահեստների վճարումներին, կոմիտեից հայտնեցին, որ պահեստները մաքսայինին չեն պատկանում, եւ որ դրանք աշխատեցնում են մասնավոր ընկերություններ, որոնք էլ սահմանում են վարձավճարները: Վարորդներից գանձվող 500 եւ 1500-ական դրամների առնչությամբ էլ մաքսայինից ասացին, որ իրենց օրենսդրության համաձայն նման բան նախատեսված չէ. «Հնարավոր է, որ մասնավոր ընկերությունը կանգառի ծառայություն է մատուցում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել