Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՎԵՐԱՆԱՅՎԵՆ

Փետրվար 02,2008 00:00 Share

\"\"Վստահ է նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը

2007թ. վերջին Միջազգային ֆինանսական կորպորացիան (ՀԲ-ի ստորաբաժանումներից է) եւ «Արդշինինվեստբանկը» համաձայնագիր են ստորագրել, ըստ որի՝ ՄՖԿ-ն 10 մլն դոլարով ձեռք է բերում բանկի բաժնետոմսերի 10 տոկոսը ու նաեւ պարտավորվում 15 մլն դոլարի ներդրում կատարել: Բացի այդ, ներկայումս բանակցություններ են ընթանում ՄՖԿ-ի կողմից «Արմավիա» ընկերությունում ներդրումներ կատարելու շուրջ: Այս համաձայնագրերն առաջացրել են Հրանտ Բագրատյանի դժգոհությունը, որը նամակ է հղել այդ կառույցի ղեկավար Լարս Թհունելլին: Ստորեւ ներկայացնում ենք «Առավոտի» հարցազրույցը Հ. Բագրատյանի հետ:

– Պարոն Բագրատյան, ո՞րն է Ձեր դժգոհության պատճառը:

-Նախ, «Արդշինինվեստբանկի» մասով: Բանն այն է, որ 2002թ. «Արդշինբանկի» հիման վրա «Արդշինինվեստբանկի» ստեղծումը բաց եւ թափանցիկ ձեւով չի իրականացվել: Այն ընթացել է ՀՀ օրենքների, Սահմանադրության կոպիտ խախտումներով: Ավելին, կասկած կա, որ նշված գործընթացը կազմակերպվել է իշխանությունների պատվերով եւ իր մեջ լուրջ կոռուպցիոն ռիսկեր է պարունակում:

– Չէի՞ք կարող ավելի մանրամասնել:

– 2002թ. փետրվարին «Արդշինբանկը»՝ կապված ինչ-որ դրամական մախինացիաների հետ, սնանկացման եզրին է հայտնվում: Եթե մի կողմ թողնենք այդ մախինացիան (բանկից փող էին գողացել), ապա պետք է նշել, որ ԿԲ նախագահ Տ. Սարգսյանը վաղուց էր բանկի հետեւից ընկել: Բացառված չէ, որ նա նման կարգադրություն էր ստացել Ռ. Քոչարյանից: Իսկ մեր բանկային օրենսդրությունն այնպիսին է, որ եթե Տ. Սարգսյանն ուզում է, շատ կարճ ժամանակում սնանկացնում է ցանկացած բանկ: «Արդշինբանկում» գիտեին, որ իրենք իշխանությունների հետ խնդիր ունեն: Եվ ահա վերը նշված գողության փաստը չէր կարող վրիպել Տ. Սարգսյանի ուշադրությունից: Բանկին օգնելու փոխարեն նա անմիջապես սնանկացման գործընթաց ծավալեց: Այս աշխատանքները հանձնարարվեցին նրա կողմից նշանակված ժամանակավոր ադմինիստրացիային, որի ղեկավարը ԿԲ աշխատակիցն էր: Այդ ընթացքում ԿԲ-ն այսպիսի տարօրինակ որոշում է ընդունում. «Արդշինբանկի» վատ (անհուսալի, դասակարգված) ակտիվները, ինչպես նաեւ պարտավորությունները (ժամկետային եւ ցպահանջ) 5 մլն դոլարի չափով մարվում են պետության միջոցների (ԿԲ պահուստների) հաշվին, իսկ մնացածը (ակտիվները, գույքը շուրջ 3 տասնյակ մասնաճյուղերով, շուկան) 5 մլն դոլարի ներդրումների դիմաց տրվում է ռուսաստանցի մի հայ գործարարի (նա է բաժնետեր կազմակերպությունների հետեւում): Վերջինս էլ ստեղծում է «Արդշինինվեստբանկը», որը, բնական է, այս ծրագրի հեղինակների մտահղացմամբ, «Արդշինբանկի» իրավահաջորդը չէր: Ըստ իս, սա խայտառակ գործարք է: Ո՞վ է թույլ տվել պետության միջոցների հաշվին 5 մլն դոլարի չափով մարել պարտավորություններն ու դուրս գրել վատ վարկերը, մնացածի հիման վրա ստեղծել բանկ, հայտարարել, որ այն նախորդի հետ կապ չունի, իսկ լավագույն ակտիվները ընդամենը 5 մլն դոլար ներդրումների դիմաց հանձնել Ռ. Քոչարյանի մտերիմին:

– Ո՞րն է այստեղ սխալը:

– Մի րոպե ենթադրենք, թե, իրոք, «Արդշինբանկում» խնդիր կար: Այդ դեպքում, նախ, պետք էր թափանցիկ միջազգային մրցույթ հայտարարել եւ փորձել այն վաճառել առանց պետության գրպանը մտնելու: Եթե անգամ պարտավորությունների եւ ակտիվների կառուցվածքն այնպիսին էր, որ հրատապության խնդիր կար, ապա գոնե պետք էր գնորդից պահանջել այս պետական միջոցների վերադարձը, իսկ մաքրված ակտիվները վաճառել առնվազն դրանց անվանական արժեքից ոչ ցածր գնով: Հավատացեք, բանկեր վաճառելու միջազգային փորձը հուշում է, որ դրանք իրենց ընդհանուր ակտիվների անվանական արժեքից ցածր չեն կարող վաճառվել: Բացի Հայաստանից, ուրիշ որեւէ երկրում ես նման գործարքի չեմ հանդիպել: Իսկ տվյալ գործարքի դեպքում ստացվել է այնպես, որ, ասենք, 5 մլն դոլարով 50 մլն դոլար ես գնում: Կատարյալ անհեթեթություն է: Ի վերջո, այդ նույն «Արդշինբանկի» սնանկացման գործընթացի շրջանակում Կիպրոսում անհայտ պայմաններում մահացավ դրա բաժնետերերից մեկը:

– Ինչո՞ւ եք կարծում, որ «Արդշինինվեստբանկի» տերը իշխանությունների մտերիմն է, նկատի ունեք նրա ղարաբաղյան ծագո՞ւմը:

– Ոչ, ոչ: Դա անհեթեթություն է: Ծագումը կապ չունի: Ես կարծում եմ, որ բանկի տերը Ռ. Քոչարյանի մտերիմն է: Ինքներդ դատեք: Ուրիշ ո՞ւմ են պետության գրպանից 5 մլն դոլարի «promotion» արել: Բացի դա, վաճառքին հաջորդեց «Ագրոբանկի» սնանկացումը եւ դրա չափազանց էժան գներով (բնական է՝ սնանկացման պիտակը իջեցնում է ապրանքի գինը) վաճառքը այս նույն «Արդշինինվեստբանկին»:

– Իսկ դա ինչո՞ւ չպիտի կատարվեր:

– Նախ, տարօրինակ պայմաններում «Ագրոբանկը» վաճառվում է բանկային գործունեության հետ ոչ մի կապ չունեցող մի անձնավորության, որի նկատմամբ հետագայում ռեժիմը քրեական հետապնդումներ էր իրականացնում: Սա ավելի քան տարօրինակ է, որովհետեւ «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» օրենքը հստակ պահանջներ է դնում բանկային բիզնեսով զբաղվող մարդկանց նկատմամբ: Միայն զարմանալ կարելի էր, թե ինչպե՞ս է ԿԲ-ն թույլ տալիս բանկային գործունեության հետ կապ չունեցող մեկին դառնալ բանկի սեփականատեր: Բայց դեպքերի հետագա ընթացքը ցույց է տալիս, որ այստեղ եւս ամեն ինչ մտածված էր:

Ամեն ինչ արված էր այն բանի համար, որպեսզի «Ագրոբանկը» նույնպես սնանկանա: Շուտով այդ կառույցի հիմնական մասը գնվում է նույն «Արդշինինվեստբանկի» կողմից: Դրանից անմիջապես հետո մենք ականատեսն ենք լինում այն բանի, թե ինչպես են պետական եւ դրանց հավասարեցված միջոցները գրեթե առանց խտրության հայտնվում այս բանկում: Ի վերջո, այդ նույն «Արդշինինվեստբանկի» տիրոջն էր, որ 2 մլն դոլարի աշխատանքների դիմաց տրամադրվեցին կառավարական շենքերի մեծ մասը Երեւանի կենտրոնում: Այդ գործարքից կարճ ժամանակ հետո նա վաճառելով այդ շենքերից մեկը՝ ետ բերեց նշված գումարը, իսկ մյուս շենքերը իրեն ձրի մնացին: Նման կարգի սպեկուլյատիվ գործեր Հայաստանում միայն Ռ. Քոչարյանի թույլտվությամբ եւ կամքով են կատարվում:

– Լավ, իսկ ո՞րն է այստեղ ՄՖԿ-ի «մեղքը»:

– Նրանք պետք է խորը ուսումնասիրեին բանկը եւ նոր միայն բաժնեմաս գնելու որոշում կայացնեին: Չէ՞ որ բաժնեմաս գնելով՝ նրանք պարզապես արդարացնում են «Արդշինինվեստբանկի» ստեղծման կապակցությամբ 5 տարի առաջ կատարած ապօրինությունները: ՄՖԿ-ում գոնե պետք է կարդային ՀՀ օրենքը «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին»:

– Իսկ ի՞նչ խնդիրներ կան «Արմավիայի» հետ:

– Հիշո՞ւմ եք, կար «Հայկական ավիաուղիներ» պետական ընկերությունը՝ ազգային փոխադրողի կարգավիճակում: Մի 2-3 տարում սնանկացրին այս ընկերությունը: Սնանկացման հիմնական ձեւը նրան ավիանավթ վաճառելու մենաշնորհ ունեցող «Միկայի» միջոցով թանկ գներով վառելիք վաճառելն էր եւ դիտավորությամբ վատ մենեջմենթը: Գիտեք, պարզապես հրեշ պետք է լինել՝ շուրջ 1 մլն ուղեւորաշրջանառություն եւ Հայաստանի բնակչությունից ավելի սփյուռք ունեցող երկրում ազգային բեռնափոխադրողին սնանկացնելու համար: Այնուամենայնիվ, իշխանություններին դա հաջողվեց: Բնական է, հենց որ այդ ֆունկցիաները տրվեցին արդեն մասնավոր «Արմավիա» ընկերությանը, վերջինս շատ էլ լավ շահույթներ սկսեց ստանալ: Ընդ որում, շուրջ 1 մլն ուղեւորաշրջանառություն ունեցող ընկերությունը ոչ սեփականաշնորհվել է, ոչ մրցույթ է հայտարարվել: Այն պարզապես նվիրվել է Ս. Սարգսյանի դրածոյին: Եթե նկատի ունենանք, որ մեկ տոմսի նվազագույն գինը (դեպի նշանակման վայր եւ հետադարձ) 400 դոլար է, ապա բյուջեն չի ստացել առնվազն 400 մլն դոլար: Իսկ ինչպե՞ս է կառավարվում այս ընկերությունը՝ մեզ հայտնի է 2006թ. մայիսից: Հիշո՞ւմ եք ավիավթարը: Հայաստանի պետական այրերը այն ուզում էին գցել ռուսական դիսպետչերի, օդաչուների վրա: Ոչ ոք նույնիսկ չհարցրեց՝ եղբայր, այնպիսի բարդ օդանավակայանում, ինչպիսին Սոչին է, մեր ինքնաթիռը ինչո՞ւ էր գիշերը թռչում: Ըստ իս, սա է ավիավթարի հիմնական պատճառը: Բոլորը գիտեն. գիշերն է թռչել, որովհետեւ «Արմավիան» տնտեսում էր վայէջքի ու թռիչքի վրա: Չհարցրին, որովհետեւ Հայաստանում վախի մթնոլորտ է: Հիմա կրկին տեսնում ենք, թե ինչպես է ՄՖԿ-ն՝ փող դնելով այս ընկերության մեջ, պարզապես արդարացնում առկա կոռուպցիան: Բացի այդ, նկատի ունենալով, որ ՄՖԿ-ն ՀԲ կառույցներից է, նման գործարքից հետո առնվազն տարօրինակ է ՀԲ-ից, դրա հիմնադիր երկրներից (ԱՄՆ, Արեւմտյանի Եվրոպա եւ այլն), նրանց դեսպաններից լսել Հայաստանում կոռուպցիայի տարածված լինելու մասին հայտարարություններ: Ինքներդ եք, չէ՞, փաստորեն, խրախուսում կոռուպցիան:

– Պարոն Բագրատյան, ինչպե՞ս եք Դուք դրա դեմ պայքարելու:

– Նպատակս է, որպեսզի ՀԲ-ն չեղյալ հայտարարի գործարքը: Կսպասեմ ՄՖԿ-ի նախագահի պատասխանին: Վերջին հաշվով կան՝ INT-ն, GAP-ը, GRECO-ն, ՀԲ-ի հիմնադիր երկրների կառավարությունները:

– Ձեր ելույթներից մեկում Դուք նաեւ անդրադարձել եք «Հայխնայբանկին»: Այստեղ խնդիրը ո՞րն է:

– Մոտավորապես նույն ժամանակ, երբ «ընթացքի մեջ էին» «Արդշինբանկի» հարցերը (ավելի ճիշտ՝ դրանից մի քիչ առաջ), քոչարյանական Ազգային ժողովը օրենք է ընդունում եւ «Հայխնայբանկի» սեփականաշնորհումը հանձնարարում ՀՀ ԿԲ-ին: Պատկերացնու՞մ եք: ԿԲ-ն էլ այդ բանկը սեփականաշնորհում է: Հայաստանի ամենամեծ բանկային համակարգը, ավելի քան 100 մասնաճյուղերով (դրանց շուրջ 40 տոկոսը՝ Երեւանում) վաճառվում է նույն «Միկային»՝ ընդամենը շուրջ 400 հազ դոլարով: Միայն կենտրոնական գրասենյակը վաճառքի պահին արժեր ավելի քան 1,5 մլն դոլար: Ապշելու բան է, չէ՞: Եվ ահա 2004-2007թթ. «Հայխնայբանկը» երկու փուլով վաճառվում է «ՎՏԲ»-ին՝ 25 մլն դոլարով կամ 60 անգամ թանկ: Ես գտնում եմ, որ սա բացահայտ սպեկուլյացիա է: Այդ տարբերությունը, շուրջ 24,5 մլն դոլար՝ պրն Սերժ Սարգսյանը պետք է վերադարձնի բյուջե:

– Նախագահ Քոչարյանը վերջերս խոսում էր այն մասին, որ Հայաստանի գործարարներն ավելի համարձակ պետք է մտնեն մենաշնորհային ոլորտներ:

– Ե՜վ Ռ. Քոչարյանը, եւ՜ Սերժ Սարգսյանը իրենց հարստությունը կուտակել են պետության, հասարակության ունեցվածքը էժան վերցնելով եւ թանկ վաճառելով, ինչպես նաեւ մենաշնորհների ինստիտուտը մտցնելով: Մեկ այլ վառ օրինակ է էլեկտրացանցերի պատմությունը: 2002թ. օգոստոսին սրանց 80.1 տոկոսը 12 մլն դոլարով վաճառվում է «Միդլենդ ռեսորսիս հոլդինգ» կազմակերպությանը (ետեւում, բնական է, հայտնի տեղական գործարար է կանգնած): Ընդամենը 1,5 տարի հետո այն 80 մլն դոլարով վերավաճառվում է: Այսինքն, Ռ. Քոչարյանը եւ Ս. Սարգսյանը բիզնեսը յուրացնելուց կարճ ժամանակ հետո այն թանկ գնով վերավաճառում են: Դրանից հետո շատ հեշտ է ագրեսիվ գործարարության մասին «դատողություններ» անելը: Երբեմն էլ, ի դեպ, մեր իշխանական երկյակը Հայաստանում հանդես է գալիս արտասահմանյան ներդրողի «դիմակի» տակ:

– Դուք անընդհատ մեղադրում եք Սերժ Սարգսյանին եւ Ռոբերտ Քոչարյանին, բայց ոչ երբեք այդ գործարքների հետեւում անմիջականորեն կանգնած «գործարարներին»:

– Որովհետեւ այս ամենում վերջիններիս մեղքը քիչ է. գործարքների իրական տերերը Ս. Սարգսյանն ու Ռ. Քոչարյանն են: Հենց այնպես ոչ ոքի իրական արժեքից 100 անգամ ցածր արժեքով օբյեկտ չեն վաճառում եւ ասում. իսկ հիմա վերավաճառիր եւ շահույթները յուրացրու: Ի վերջո, ի պաշտոնե այդ ամենի պատասխանատուն նախագահն ու վարչապետն են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել