«Ուժեղ Հայաստան» քաղաքական ուժի առաջնորդ Սամվել Կարապետյանը խոսել է իր ծննդավայրի, մանկության, Կարապետյանների ընտանիքի մասին։
-Ինչպե՞ս եք հիշում ձեր գյուղը, մանկությունը, դպրոցական տարիները, կապ ունե՞ք ձեր մանկության ընկերների հետ։
-Ծնվել եմ գյուղում, Տաշիրի շրջանի Լեռնահովիտ գյուղում։ Փոքրուց ինձ թվում է, որ մեր գյուղը աշխարհի ամենասիրուն վայրն է։ Շատ եմ սիրում մեր գյուղը։
15 տարեկանից սովորելու գնացի Երեւան։ Բայց ամեն օր հիշում էի իմ կյանքի ամենալավ ժամանակները, որ անցկացրել եմ գյուղում իմ մանկության ընկերների, դասընկերների հետ։ Մինչեւ այսօր բոլորս համախմբված, իրար հետ անցնում ենք կյանքի դժվարությունները։
Կարդացեք նաև
Դպրոցում շատ հետաքրքիր էր։ Դասարանում 10 տղա էինք, 20 աղջիկ։ Դա հնարավորություն էր տալիս շատ հետաքրքիր դպրոցական կյանք ունենալ։ Արդեն 7-րդ դասարանից հետո հավաքվում էինք դասարանի տղաներից մեկի տանը։ Բոլորիս ամենասիրած երաժշտությունը Boney M-ն էր, Afric Simone-ն։ Ձախ Հարութի երաժշտության տակ շատ էինք սիրում աղջիկների հետ տանգո պարել։
Ինչ վերաբերում է սովորելուն, 1-ից մինչեւ 10-րդ դասարան բացարձակ գերազանցիկ էի։
-Կարճադոշը ձեր համար շատ մեծ նշանակություն ունի։ Ամեն տարի ամռանը դուք պարտադիր ձեր ընտանիքի անդամների, հարազատների, ընկերների հետ հավաքվում եք Կարճադոշում։
-Մեր գյուղում ես երկու շատ սիրած վայր ունեմ։ Առաջինը կարճադոշն է, երկրորդը՝ Բլուկ սարը։ Երկու սարի գագաթին էլ կան մատուռներ, որոնք ունեն իրենց լեգենդները, իրենց պատմությունները։ Բայց այդ մատուռների նշանակությունը թե մեր գյուղացիների, թե ընդհանրապես տաշիրցիների համար մենք հասկացանք մեծ տարիքում։ Կարճադոշի գագաթին մենք կառուցեցինք փոքր եկեղեցի։ Ու հիմա ամեն տարի հունիսի 17-ին՝ այդ եկեղեցու ու Կարճադոշի օրը նշում են ամբողջ շրջանով։ Նույնիսկ Վանաձորից, Ստեփանավանից են գալիս։
Վերջին տարիներին ամեն տարի ոտքով բարձրանում եմ նաեւ Բլուկ սար։ Դպրոցական տարիներին, հայրս դպրոցի տնօրենն էր, մենք ունեինք օր, որ ամբողջ դպրոցը պետք է բարձրանար Բլուկ սարի գագաթ։ Շատ դժվար սար է ու շատ դժվար է բարձրանալ գագաթ։ Ես ամեն տարի փորձում եմ դա անել ու դրանով գնահատում եմ իմ ռեալ մարզավիճակը։
-Բոլորը գիտեն, որ Կարապետյանների ընտանիքը հայտնի է որպես ավանդական, մեծ հայ օջախ։ Ինչպե՞ս եք ստացել այդ մոդելը։ Ի՞նչ խորհուրդ կտաք երիտասարդներին՝ ինչպես գալ այդ մոդելին եւ ինչպե՞ս պահել ավանդական ճիշտ ընտանիքը։
-Մենք երկու եղբայր, երկու քույր ենք։ Իմ ծնողները մանկավարժ էին։ Մեզ դաստիարակում էին մեր ավանդական արժեքներով։ Մենք փոքրուց արդեն հասկանում էինք՝ ինչ է հայրենիքը, ինչ է ընտանիքը, ինչ է ընտանիքի համախմբվածությունը։ Ես գտնում եմ, որ ընտանիքը պետության հիմքն է։ Համախմբված ընտանիքներով մենք կունենանք ուժեղ պետություն, ուժեղ ժողովուրդ։ Մենք ձգտելու ենք դրան։ Վստահ եղեք, պետք է ունենանք համախմբված, միասնական, ուժեղ ժողովուրդ, ունենանք ուժեղ հայրենիք։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































