Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ ՄՏԱՎՈՐԱԿԱՆԻ ՏԱԳՆԱՊՆԵՐԸ

Փետրվար 02,2008 00:00 Share

\"\"Սեդա Գրիգորյանը օրախնդիր հարցեր է բարձրացնում

Հայաստանում է ծնունդով բեյրութցի, այժմ կանադաբնակ բանաստեղծուհի, լրագրող եւ ուսուցչուհի Սեդա Գրիգորյանը: Նրա առաջին՝ «Եզերք» բանաստեղծությունների ժողովածուի շնորհանդեսն էլ կայացել է հայրենիքում: Բանաստեղծուհին ներկայացնելով գիրքը, ասաց, որ 100 էջում խտացված են 1990-ականներից մինչեւ 2005թ. իր թափառումների (Բեյրութ, Հայաստան, Նոր Զելանդիա, ԱՄՆ, Կանադա) արդյունքները, հույզերն ու տագնապները: Եզերք ասելով՝ նա նկատի ունի ե՛ւ Հայրենիքը, ե՛ւ իր ֆիզիկական թափառումների աշխարհագրական քարտեզը, ե՛ւ գրի ու պատկերի գեղարվեստական համադրումը, ե՛ւ հոգու շերտերը… Ասում է՝ նոր իրականություններ է հայտնաբերել, նոր թեմաներ շոշափել, «բաներ, որոնք չեն խոսվիլ հայ գրականության մեջ»: Մեր զրուցակցի խոսքով, իր գրքում առկա ամենազորեղ էրոտիզմը, հայ գրողի, հայ կնոջ դառնությունն էլ ապրված է եւ ոչինչ քողարկված չէ՝ «այս մասին բարձրաձայնիլը հայուհուն վայել չէ» պարզունակ պատճառաբանությամբ: Հեղինակն ասում է, որ «մերկացել» է ինքն իր դիմաց, հույզերը գրի վերածել, բնականաբար՝ այդ ամենի մեջ անսահման անկեղծ լինելով ու այդկերպ փորձել ձերբազատվել խռովումներից: Ու եկել է այն եզրակացության, որ լավ «բերք» է ստացվել: Բանաստեղծուհին համոզվել է, որ բոլոր եզերքներից միայն Հայաստանում ինքնության տագնապ չի ունենում, նաեւ «թագ կըզգամ գլխուս, իսկ մյուս տեղերը ընկյալի, տնանկի հոգեբանությամբ եմ, ով եմ՝ եսի խնդիր կծագի»: Սեդան հայտնեց, որ գրքի շնորհանդեսին Հայաստանի գրողների միությունից ոչ ոք չի ժամանել՝ չնայած հրավերին: Ճիշտ է, ընթերցվել է ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանի խոսքը, հետո էլ վերջինս հեռախոսով դրական է արտահայտվել:

ՀԳՄ-ից էլ խոստացել են, որ այս ամառ կայանալիք գրողական խորհրդաժողովին իրեն անպայման նկատի կունենան:

«Առավոտի» խնդրանքով Սեդան անդրադարձավ իր մանկավարժական եւ լրագրողական գործունեությանը՝ մասնավորապես «Ազդակ» օրաթերթում ու «Բագին» հանդեսում ունեցած հրապարակումներին: Օրինակ՝ «Ամալյա տյոտյան» պատմվածքի հերոսուհու տանը Սեդան վարձով է բնակվել ԵՊՀ-ում ուսանելու տարիներին, որովհետեւ հանրակացարանի պարետի հետ լեզու չգտնելու ու նրան կաշառք չտալու պատճառով՝ զրկվել է սենյակից: Դառնալով ուսուցչությանը, Սեդան փաստեց, որ Լիբանանի ամենաճգնաժամային օրերին հատկապես հայ ուսուցիչն է ամենաշատը տուժել, այսօր դեռեւս շարունակվող պատերազմի պատճառով, սոցիալական պայմաններից դրդված՝ շատերը հրաժարվում են մանկավարժությունից: «Այսօր տղամարդ ուսուցիչների թիվը պակսած է, սփյուռքի մեջ մոմով կփնտրվի մանավանդ արեւմտահայերենի մասնագետ,- ասում է մեր զրուցակիցն ու հավելում,- չենք գիտեր, ե՞րբ պիտի լուծվի հայ գրողի եւ հայ ուսուցչի դժբախտ իրականության հարցը»: Նա կարծում է, որ Հայաստանի Հարապետության կողմից պետական մակարդակով պիտի ինչ-ինչ քայլեր արվեն: Սեդան դեպքեր հիշեց Կանադայում իր մանկավարժական գործունեությունից, երբ հայ երեխաների հետ «Գիքոր» է անցել ու անգամ ֆիլմը ցուցադրել, սակայն փոքրիկները ոչ թե հուզվել ու տխրել են իրենց տարեկցի դժբախտ պատմությունից, այլ՝ ծիծաղել: Նույնը պատահել է Օտյան ու Պարոնյան դասավանդելիս՝ չեն ընկալել հայ մեծերի հումորը: Սեդան կարծում է, որ վաղուց ժամանակն է արտաքնապես եւ բովանդակությամբ՝ նոր դասագրքեր ստեղծելու: Իսկ այն, ինչ «շրջանառվում» է Կանադայում, տպագրված է միջինարեւելյան գաղութներում կամ Լոս Անջելեսում, եւ ամենեւին համատեղելի չէ կանադական իրականության հետ: Նրա խոսքով, Կանադան ոչ Հայաստան է, ոչ արաբական երկրներ, ոչ էլ ԱՄՆ, այստեղ երեխաներն այլ հետաքրքրություններ ունեն, օրինակ՝ իրենց երկրում պատահած ձյունամրրիկի պատմությունն ավելի մեծ հուզում է առաջացնում, քան Գիքորի «աշկերտ գնալը». «Իրենք կերած-խմած, փորերնին կուշտ … չգիտեն՝ ինչ ըսել է աղքատություն»: Այլ խնդիր էլ կա՝ 3-րդ դասարանցու համար նախատեսված բառապաշարն այնքան բարդ է, որ անգամ 11-րդ դասարանցին է դժվարությամբ ընկալում: Սեդա Գրիգորյանի համոզմամբ, գրականությունն ու դպրոցը սերտորեն կապված են: Այ, երբ սկսեն հետաքրքրվել տեղի գրական ուժերով, այն ժամանակ գուցե դասագրքի հարցն էլ մտահոգություն առաջացնի: Նա նեղսրտում է, որ ժամանակին ՀԳՄ-ն խոստացավ մասնաճյուղ հիմնել Կանադայում ու խոստումը գործ չդարձրեց: Սեդան ասում է՝ կան անուններ՝ Մարգար Շարաբխանյան, Հարություն Բերբերյան, Վահագն Կարագաշյան, Վրեժ Արմեն…ու փաստում, որ հայրենիքից հեռու մեծ տաղանդներ չեն ծնվում, իսկ ստեղծագործողներից, հայերեն դասավանդողներից, ազգային կառույցներ ղեկավարողներից էլ ով քիչ թե շատ «երեւացող» է, ուրեմն կա՛մ Հայաստանում է կրթություն ստացել, կամ Սիրիայից ու Բեյրութից է տեղափոխվել, «այդ քրեդին է, որ կօգտագործենք ցայսօր»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել