Քանի որ Հայաստանում գործում են ֆեոդալական մեխանիզմներ
2005-ից սկսած, Հայաստանում մամուլի դեմ գրանցված դատավարությունների թիվը նվազել է: «Առավոտն» այս միտումը հայտնաբերեց՝ ուսումնասիրելով Երեւանի մամուլի ակումբի տարեկան զեկույցներն ու Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի տրամադրած դատական գործերը: Օրինակ՝ եթե 2005-ին մամուլի տարբեր ներկայացուցիչների դեմ 7 հայց է ներկայացվել, ապա 2006-ին այդ թիվը նվազելով՝ հասել է 3-ի, իսկ 2007-ին՝ 2-ի: Առաջին հայացքից դրական թվացող այս միտումը որոշ մասնագետների մեջ մտահոգություն է առաջացրել: Նրանց կարծիքով՝ զուգահեռաբար աճել են մամուլի ներկայացուցիչների դեմ բռնությունները, լրագրողական գործունեությանը խոչընդոտելուն ուղղված արարքները, այսինքն՝ հիմա լրագրողների հետ հարցերն ավելի հեշտ տարբերակով՝ ծեծի միջոցով են լուծվում: Սակայն «Ինտերնյուս» հ/կ-ի նախագահ Նունե Սարգսյանն այս փաստը մեկնաբանեց ե՛ւ դրական, ե՛ւ բացասական պատճառներ դիտարկելով. «Միանշանակ չի կարելի ասել, որ լրագրողներին հիմա ծեծում են՝ դրա համար են նվազել այդ դատավարությունները: Սակայն չժխտենք, որ նաեւ ծեծում են: Կա նաեւ այլ խնդիր: Մեր երկրում տպագիր եւ հատկապես հեռարձակվող մամուլն այնքան մեծ հսկողության տակ է, եւ այնքանով է օգտագործվում՝ որպես այս կամ այն խմբին ծառայելու միջոց, որ դատարան դիմելու կարիք էլ չի առաջանում: Մյուս կողմից էլ, դատական պրոցեսները ձեռնտու չեն հավասարապես 2 կողմին: Զրպարտության եւ վիրավորանք հասցնելու համար լրագրողին կարող են դատապարտել 1 տարի եւ որքան գիտեմ՝ մոտ 1 միլիոն դրամի տուգանք վերցնել: Դա քիչ բան կտա հայց ներկայացնողին՝ հաշվի առնելով այն աղմուկն ու գլխացավանքը, որի մեջ պիտի ընկնի»: Ն. Սարգսյանը հարցն ավելի խոր տեսանկյունից էլ է գնահատում. «Ցավոք, մեր երկիրն այսօր զարգանում է ֆեոդալական ճանապարհով, համենայնդեպս՝ այդպիսի միտում եմ տեսնում բիզնեսում, կենցաղում եւ այլ ոլորտներում: Իսկ դատարանը դեմոկրատական հասարակության մեխանիզմ է, դատարան դիմելու համար երկու կողմն էլ պիտի դեմոկրատական մոտեցումներ ունենա: Դրա համար էլ հաճախ լրատվամիջոցների հետ առաջացած հարցերը լուծվում են ֆեոդալական հարթություններում: Եվ, ի վերջո, երբ լրատվամիջոցներում այս կամ այն գործչի կամ օլիգարխի զեղծարարությունները բացահայտող տեղեկություններ են հրապարակվում, չեմ կարծում, որ նրանց դա կարող է լուրջ վնաս բերել, դրա համար էլ չեն դիմում դատարան»:
Տեղեկատվության ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանն էլ փաստեց. «Դատարանում 2 կողմերը հավասար պայմաններում ներկայացնում են իրենց փաստերը, դատարանը գումար, ժամանակ եւ նյարդեր պահանջող գործընթաց է: Իսկ փողոցում հարցերն ավելի հեշտ է լուծել: Եվ, ի վերջո, դատարանում հայցվոր կողմը իր պահանջները լրիվ չի բավարարում, ինչը չես ասի փողոցում կատարված հաշվեհարդարի մասին: Դատարանում նա ամենաշատը կարող է հերքում տպագրելու հնարավորություն ստանալ կամ հասնել նրան, որ լրագրողը ազատազրկվի: Այս իրավիճակը գուցե փոխվի, երբ մեզ մոտ ներդրվի բարոյական վնասի փոխհատուցման ինստիտուտը»: Իսկ Ն. Սարգսյանը լավատեսական մոտեցում է ցուցաբերում. «Գուցե լրագրողներն այժմ ավելի պրոֆեսիոնա՞լ են եւ հետեւում են օրենքներին ու բառերը ճի՞շտ են ընտրում: Կամ ավելի լա՞վ են գործում ինքնակարգավորման մեխանիզմները, որոնք թույլ չեն տալիս, որ հարցը դատարան հասնի»: Շ. Դոյդոյանը այլ կարծիքի է. «Պրոֆեսիոնալիզմի առումով լրագրողները դեռ կաղում են, ինչն ավելի վառ է արտահայտվում, երբ հարցին նայում ես էթիկական տեսանկյունից»:
2005-2007 թթ. մամուլի տարբեր ներկայացուցիչների դեմ հարուցված 12 դատական գործերի մեծամասնությունը քաղաքացիական է, այսինքն՝ լրատվամիջոցների ներկայացուցիչները մեղադրվում են անձի կամ կազմակերպության պատիվը, արժանապատվությունը եւ գործարար համբավը արատավորող, սուտ տեղեկություններ տարածելու մեջ: Հետեւաբար, գրանցված հայցերի մեծամասնության դեպքում հայցվոր կողմը մամուլի ներկայացուցիչներից պահանջում է հերքում տպագրել: Գրանցված հայցերից 6-ը մերժվել է, բավարարվել է միայն 2-ը: Պարզապես՝ դժբախտ պատահականությամբ թե հատուկ նպատակադրվածությամբ՝ բավարարված հայցերը վերաբերում էին, այսպես կոչված, ընդդիմադիր մամուլի ներկայացուցիչներին: 2005-ին բավարարվեց ԳԱԱ-ի հայցը՝ ընդդեմ «Ա1+»-ի, որով ակադեմիան պահանջում էր լրատվամիջոցին լքել վարձակալած տարածքը, որը պատկանում էր ԳԱԱ-ին: 2006-ին էլ բավարարվել է «Ժամանակ Երեւան» թերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանի դեմ հարուցված հայցը: Այս երկու գործերն էլ վերաբերում էին ոչ թե լրագրողի մասնագիտական թերացումներին, այլ ավելի անձնական բնույթի էին: Նշված 3 տարիների ընթացքում գրացված 12 դատական գործերից 3-ը ետ է վերցվել: 2005-ին Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը ՀՀ տնտեսական դատարանից ետ վերցրեց փետրվարի 15-ին ներկայացրած հայցը՝ ընդդեմ «Հայրենիք» հեռուստաընկերության, քանի որ դրա հիմնադիր Հրանտ Վարդանյանը, ի վերջո, վճարեց տուգանքը՝ անօրինական կերպով ֆիլմեր եւ ֆրանսիական «Մեցցո» ընկերության հաղորդումները հեռարձակելու համար: Իսկ անցյալ տարի ետ վերցվեց «Հանրապետական հակատուբերկուլյոզային դիսպանսեր» ՓԲԸ-ի հայցը՝ ընդդեմ մի շարք թերթերի եւ թիվ 13 հատուկ երաժշտական դպրոցի տնօրեն Մանյա Կնյազյանի հայցը՝ ընդդեմ «Երկիր» շաբաթաթերթի։ «Առավոտի» ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ լրատվամիջոցների դեմ հայցեր կարող են ներկայացվել ամենազավեշտալի պատճառներով, օրինակ՝ այն հիմքով, որ լրագրողը հարցազրույցը կրճատումներով է տպագրել կամ հոդվածում երկիմաստ բառ է օգտագործել:


















































