Լրահոս
Օրվա լրահոսը

ԽԱՉՎԱԾԻՆ ՄԱՀ ՉԿԱ

Փետրվար 02,2008 00:00

Լրագրային տարբերակ

Սկիզբը՝ նախորդ համարում

Մայիս,1989թ., Ստեփանակերտ

1989թ. մայիսի 5-ին «Խորհրդային Ղարաբաղ» թերթում տպագրվեց Արցախի քաղաքական ակտիվի նամակը՝ ուղղված ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահ Մ. Ս. Գորբաչովին: Նամակում դժգոհություն էր արտահայտվում Հատուկ կառավարման կոմիտեի գործունեության վերաբերյալ, նշվում էր, որ կոմիտեն ադրբեջանամետ դիրքորոշում է որդեգրել ու բռնել է մարզի ժողովրդագրական պատկերը փոխելու քաղաքականություն: Նամակում մասնավորապես ասված էր. «Ի հակակշիռ ԼՂԻՄ սոցիալ-տնտեսական զարգացման մասին ընդունված որոշումների, տեղի է ունենում միջոցների նպատակային հատկացում եւ ադրբեջանական գյուղերի հապշտապ կառուցապատում, որտեղ աշխատանքներ են ընթանում արդյունաբերական ու սոցիալական նշանակության օբյեկտների, ճանապարհների, բնակարանների շինարարության ուղղությամբ: Իսկ եթե հաշվի առնել, որ հայկական ոչ մի գյուղում ոչ մի աշխատանք չի ընթանում, ապա հասկանալի կդառնա մարզի հայ բնակչության սոցիալական ու ազգային ճնշվածության զգացմունքները»: Նամակի տակ, ի թիվս այլոց, ստորագրել էին նաեւ Արցախի ԽՍՀՄ ԳԽ պատգամավորները:

– Իսկ դուք գործադուլ մի արեք,- Արկադի Վոլսկուն այդքան զայրացած չէի տեսել, հունից դուրս եկած գոռում էր,- էդ նամակը գրողներին հազար անգամ ասել եմ՝ գնացեք, դուք էլ կառուցեք, միջոցները կան, ով խանգարի՝ ես պատասխան կտամ: Ինչո՞ւ չեք գնում: Ո՞վ պիտի ձեր փոխարեն ձեր տունը սարքի: Ես չեմ կարող ադրբեջանցիներին ստիպել, որ ձեզ համար տուն ու ճանապարհ կառուցեն: Քանի՞ անգամ եմ խնդրել՝ գործադուլ չանեք, վաղն ի՞նչ եք ուտելու, որ չեք աշխատում: Ինչքա՞ն պիտի փողոցներն ընկած միացում գոռաք ու բողոք գրեք: Առանց այն էլ տնտեսությունը կաթվածահար վիճակում է:

Եվ շատ ուրիշ խիստ ու ճշմարիտ բաներ ասաց Արկադի Վոլսկին: Լրագրողների ու քաղաքական վերնախավի, հասարակական կազմակերպությունների հետ հանդիպումը տեղի էր ունենում մարզկոմի դահլիճում, մուտքն ազատ էր, ով մի հարց ուներ՝ կարող էր ներս մտնել: Նույնիսկ Ստեփանակերտում հայտնի Արաքսյան էր այնտեղ: Երեւանից ես ու Բակուրն էինք ներկա: Վոլսկին բոլորիս պորտը մեկիկ-մեկիկ տեղը դրեց խոսքի իր սուրսայր նետերով: Բակուրին էլ իր բաժինը հասավ: Նամակի տակ ստորագրողներից միայն ճարտարախոս Բորիս Դադամյանն էր ներկա: Նրա լեզուն էլ չդիմացավ Վոլսկուն ու նա ավարտից շատ առաջ շտապով թողեց դահլիճը: Ոչ ոք լրջորեն չհակադարձեց, չպատճառաբանեց նամակի շարժառիթները: Վերջում՝ փուշը թողած տեղական թղթակցին մնում էր միայն ցավագին մի հարցով կառչել փրփուրներից: «Դուք մանկատանն եք մեծացել: Չե՞ք գտնում, որ որբի վիճակը ծանր է»: «Հետո՞ ինչ: Կարիք չկար այդ մասին հիշեցնել: Ես դրանից չեմ ամաչում»: Չեմ հիշում՝ էլ ինչ ասաց Արկադի Վոլսկին, չէի հասցնում գրառել: Դեմքի արտահայտությունն է տպավորվել՝ կարծես ուզում էր ասել՝ դա՞ է հոգսդ, այ երանելի: «Ե՞րբ եք հեռանալու այստեղից»,- հարցը օդից կախված, անտեղի հնչեց: «Դա իմ երջանիկ օրը կլինի»,- հոգնած ու զզված նետեց Վոլսկին:

Հետո շատ երանի կտանք Վոլսկու ժամանակներին: Կպարզվի նույնիսկ, որ տնտեսության մեծ մասը ժամանակի կարճ հատվածում արդեն դուրս էր բերված Ադրբեջանի ենթակայությունից: Ու Արցախի կուսակցական նույն ակտիվը, որ ստորագրել էր նամակը, Մոսկվայում անասելի ջանքեր կթափի՝ Վոլսկու իշխանությունը Ղարաբաղում պահպանելու համար: Չի հաջողվի: Արցախի ժողովրդի ու Հայաստանի դեմոկրատական ուժերի ճնշման տակ, բողոքներից ու գործադուլ ցույցերից ձանձրացած Կրեմլը, 1989թ. նոյեմբերին, Արկադի Վոլսկուն ետ կկանչի: Նրան կփոխարինի Չեչենո-Ինգուշեթիայի մարզկոմի նախկին քարտուղար, Աֆղանստանի արյունոտ փորձով ազգամիջյան թշնամանք հրահրելու հմտությունն անցած, փուչ, կաշառակեր ու մոլի հարբեցող Վլադիմիր Ֆոտեեւը: Արցախը նորից գերության կմատնվի: Ֆոտեեւի հեռանալուց անմիջապես հետո կսկսվի պատերազմը, ինչպես դա եղավ Չեչնիայի պարագայում:

Մինչդեռ, Վոլսկին այդ օրը Հայաստանի մասին էլ խոսեց: Ասաց, թե փոխանակ աշխատեք եւ օգնեք երկրաշարժից ու շրջափակումից հյուծված այդ երկրին, աչքներդ տնկել եք, որ դեռ Հայաստանից փող ու սնունդ ուղարկեն ձեզ: Մոտավորապես այս ասելիքով էլ ավարտվեց հանդիպումը մարզկոմի դահլիճում:

Հ.Գ. Ապրիլ, 2007թ., Երեւան

Տարիներ անց, արդեն Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը, իր պաշտոնավարման ժամկետն ավարտելուց քիչ առաջ, մանկական հրաձգարանի բացումը Երեւանում տնտեսական լուրջ առաջընթաց նկատելով՝ ձեռքը դրած ոչ թե խղճին, այլ համապատասխան լրատվամիջոցի խոսափողին, հայտարարեց. «Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակ Հայաստանի տնտեսությունը քայքայված վիճակում էր»: Խոսքը Հայաստանի ետպատերազմյան շրջանի մասին էր, ուր աղետի գոտու ստացվածքն անգամ ուղարկվում էր Արցախ, որ ժողովուրդը չհուսահատվի, չլքի իր օջախը՝ ականատես լինելով պատերազմի թալանված միջոցներով՝ գեներալ կոմանդույուշչիների կառուցած շքեղ առանձնատներն ու սանձարձակ վարքը Ստեփանակերտում: Այս երախտուրաց խոսքին հաշտ ենք նայում. իր սեւ գահակալության մեռելաթաղի հորովելն է երգում մարդը: Կամ գուցե ուրացումի բազմաշերտ բեռան տակ կքած խի՞ղճն է արթնացել ու հաշվեպահանջ ոստիկանի պես խայթահարում է հոգին: Բարերարների քանի՞ դաշինք է խորտակել ու մարսել:

Ո՞վ իմանա:

Մայիս, 1989թ.,

Ստեփանակերտ

Իսկ գործադուլը շարունակում էր նոր թափ առնել Ղարաբաղի ողջ տարածքում, տեղափոխվել գյուղեր ու շրջաններ: Քաղկոմի հրապարակում հավաքվել են շարժման ակտիվիստները, սպասում են Վոլսկու մոտ գնացած պատվիրակության վերադարձին: Բորիս Դադամյանը «Ամարաս» բարեգործական ընկերության կազմակերպած հայերենի դասերից է վերադարձել: Ինքն ու դատախազ Վալերի Ասրյանը առաջին դասարանում են սովորում: «Պա հինչ անիմ, կասեն հինչ հայ ա, որ հայերեն կարդալ գյուդում չի,- երեխայի պես արդարանում է Բորիս Դադամյանը ու հայտնագործություն արածի պես ավելացնում,- տյուս ա կյամ, որ հայերենի մեծատառերն ու փոքրատառերն իրար պռնում չըն, Շյուշյան»: Ի՞նչը նկատի ուներ՝ չհասկացա: Բայց լավ ծիծաղեցինք: Գուրգեն Գաբրիելյանը երգում է իր «Հայի արցունքները», մենք էլ հուզված ձայնակցում ենք: Սքանչելի ձայն ունի: Տարեց, հաշմանդամ մի կին, անթացուպերին հենված մոտենում է Արաքսյային՝ «Հինչ կա՞, մատաղ, եկալըմ մին խաբար ստանամ»: «Կոմիտեն թող կորչի, գնա: Մեր Պողոսյանը պիտի նստի էնտեղ»,- իր հեղինակավոր կարծիքն է հայտնում Արաքսյան: Ով՝ ով, բայց Արաքսյայի ասածն օրենք է: Ծեր կինը սրտապնդված հեռանում է:

Մայթի ծայրով, գլուխը կախ, միշտ նույն՝ մետաղյա կոճակներով ավանդական կապույտ պիջակն ու բաց մոխրագույն տաբատը հագին, աջ ձեռքը պիջակի դատարկ գրպանում, ինքն իր համար անցնում է Սերժիկ Սարգսյանը: Օրերս ստեղծվել է «Միացում» հասարակական խումբը՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, որը, փաստորեն, «Ղարաբաղ» կոմիտեի մասնաճյուղն է Ստեփանակերտում: Սերժիկն էլ այդ խմբից է: Նրանք այս միջոցառմանը չեն մասնակցում: Առանձին իշխանություն են: Հետագայում նրանց մեծ մասը ՀՀՇ-ի հովանավորությամբ կդառնա անկախ Հայաստանի առաջին խորհրդարանի պատգամավոր: Սերժիկն էլ մեծ պաշտոն կստանա Ղարաբաղում, Վազգեն Սարգսյանի ծով խելքով կնշանակվի Հայաստանի ազգային անվտանգության նախարար ու Հայոց խորհրդարանի Սեւ գնդակահարությունից հետո կդառնա Հայաստանի առաջին դեմքերից մեկը: Սակայն նրան մտաբերելիս, իմ առաջ, չգիտես ինչու, միշտ կկանգնի նույն ավանդական մետաղե կոճակներով կապույտ պիջակն ու բաց մոխրագույն տաբատը: Ու մայթի ծայրով, գլուխը կախ, աջ ձեռքը պիջակի դատարկ գրպանում, ինքն իր համար հեռացող Սերժիկը: Մեկ էլ խոշոր, դեմքի կեսն իր տակ թաքցնող կիսամութ ակնոցը, որով ամենուր կարելի էր դեռ հեռվից ճանաչել նրան: Հայաստան՝ պաշտոնի տեղափոխվելուց հետո միայն դեմքը կբացի. կիսամութ ակնոցը դեն նետելուց՝ աչքերն էլ պարզուպլիկ կերեւան:

Հ.Գ. Ապրիլ, 2007թ., Երեւան

ՀՀՇ-ի գաղափարապետ, կադրերի հարցով հիմնական պատասխանատու Վազգեն Մանուկյանին մեր մասնավոր զրույցում հարցրի, թե որպես պաշտպանության նախարար, Սերժ Սարգսյանին առաջ քաշելու հարցում, նրա ո՞ր հատկությունները հատկապես գնահատեցիք, որ չունեին, ասենք, ռազմական մեծ փորձ ունեցող շատ ուրիշ երեւելի անհատներ: Վազգեն Մանուկյանի ընդարձակ ու անկեղծ պատասխանը մեջբերենք ամբողջությամբ. «Շարժման սկզբում, երբ համալրում էի «Ղարաբաղ» կոմիտեն, ես Սերժ Սարգսյանին կամ չեմ տեսել կամ չեմ հիշում: Ավելի ուշ, երբ սկսվեց պատերազմը ու ես պաշտպանության նախարար էի, Ռոբերտ Քոչարյանն ու Սամվել Բաբայանը Արցախում միավորվել էին ընդդեմ Սերժ Սարգսյանի: Չգիտեմ ինչ ունեին նրա դեմ, մինչեւ հիմա էլ չեմ հարցրել: Ու Սերժիկը պատրաստվում էր հեռանալ Ղարաբաղից, կարծեմ Մոսկվա էր ուզում տեղափոխվել: Ես Ռոբերտին ու Սամվելին ասացի՝ եթե Սերժիկը ձեզ հարկավոր չի, ես նրան կվերցնեմ բանակի մատակարարման գծով ինձ տեղակալ, նա այդ գործն արդեն արել է ու լավ է արել: Դե, հասկանալի է. բանակի մատակարարի գործը ենթադրում է միջոցների կենտրոնացում: Ու Սերժիկը կամաց-կամաց ուժեղացավ, կարեւորվեց նաեւ քաղաքական կյանքում»:

Մայիս, 1989թ.,

Ստեփանակերտ

Պատվիրակությունը, որի կազմում են մարզի կուսակցական ղեկավարներն ու հասարակական կազմակերպությունների անդամներ, վերադառնում է Վոլսկու մոտից: Ժողովուրդը մտնում է քաղկոմի դահլիճ՝ լսելու հանդիպման մանրամասները: Մի քանի կետից բաղկացած վերջնագրով Վոլսկուց երեք օրվա ժամկետում պահանջվել է կտրել կապերը Բաքվի հետ, լուծել մարզում գտնվող 2000 փախստականների խնդիրները, դադարեցնել շինարարությունը ադրբեջանաբնակ գյուղերում: Վոլսկին Շուշիից Խոջալու կառուցվող ճանապարհի ասեկոսեները համարել է Զորի Բալայանի հերթական սադրանքը ու պահանջել է իրեն տրամադրել նախորդ օրվա հաղորդման ժապավենը, ուր պատգամավորները գործադուլը շարունակելու կոչ են արել:

– Վոլսկին հուվա, որ նրան ժապավեն տաք: Թող կորչի գնա: Շատ ուշացումով եք գլխի ընկնում: Մեր Պողոսյանը պիտի նստի նրա տեղը,- իրենն է պնդում առաջին շարքում խրոխտ բազմած Արաքսյան:

Միջանցքում Բակուրն ինձ ծանոթացնում է Հենրիկ Պողոսյանի հետ: Մարզում միայն նա համամիտ չէ գործադուլ անելուն: Նրա կարծիքով, Վոլսկուն սատարել է պետք, այլ ոչ թե խանգարել: Մարզը քայքայված վիճակում է: Պետք է աշխատանքի դուրս գալ: Ո՞ւմ վրա ենք հույս դնում, ավերված Հայաստանի՞:

– Է՜հ,- ձեռքը թափ տալով հառաչում է մարզկոմի նախկին ղեկավարը,- հավաքվել, Արաքսյայի խելքով հարց ենք քննում: Էսպես հեռուն չենք գնա……

1989թ. հունվարի 12-ին, ԽՍՀՄ ԳԽ նախագահության հրամանագրով Արցախում ստեղծվեց Հատուկ կառավարման կոմիտե, որի նախագահ նշանակվեց Արկադի Իվանովիչ Վոլսկին: Այս հարցի կապակցությամբ կուլիսային մանրամասներ ստանալու խնդրանքով, ես դիմեցի այդ բանակցությունները ղեկավարած, նույն տարիների ՀԿԿ առաջին քարտուղար, ավելի ուշ Բելառուսում Հայաստանի Հանրապետության դեսպան Սուրեն Հարությունյանին: Նա պատրաստակամություն հայտնեց օգնել ինձ: Սակայն իմ խնդրանքը, ցավոք, համընկավ նրան պաշտոնազրկելու գործընթացի հետ: Այդ կրթված ու դիվանագիտական մեծ փորձ ունեցող գործչին Բելառուսում փոխարինելու էր Ղարաբաղը լքած ու Երեւան փախած հերթական գործազուրկ պաշտոնյան՝ ԼՂ նախկին ԳԽ նախագահ Օլեգ Եսայանը: Բավարարվենք մամուլին տված Սուրեն Հարությունյանի հարցազրույցների համառոտ մեջբերումներով: «Հատուկ կոմիտեն… փաստորեն, Կենտրոնի ներկայացուցչական եւ զորեղ օրգան էր, որը վերցնում էր իր ձեռքերի մեջ Լեռնային Ղարաբաղի իշխանությունը: Դա նշանակում էր, որ Լեռնային Ղարաբաղը մենք հանում էինք Ադրբեջանի իշխանությունների ձեռքից ու ենթարկում էինք Կենտրոնին……Ես կարծում եմ, որ Հատուկ կառավարման կոմիտեի ստեղծումը հարցի լուծման ճիշտ ճանապարհ էր, չնայած որ հանրապետությունում մտածված կամ չմտածված ձեւով սկսեցին քննադատել»:

Իսկ Արկադի Վոլսկին նոր մարդ չէր Ղարաբաղում: Դեռ 1988-ի մարտին, երբ ԽՍՀՄ նախարարների խորհրդի որոշմամբ 450 մլն ռուբլի էր տրամադրվել Լեռնային Ղարաբաղի տնտեսության վերականգնմանը, Արկադի Վոլսկին անընդմեջ Ստեփանակերտում էր եւ ԼՂ մարզկոմի հետ այդ միջոցների կոորդինացման աշխատանքներով էր զբաղված: Օգոստոսի 2-ին նրա հրավերով Ստեփանակերտ ժամանեցին Սուրեն Հարությունյանն ու Աբդուլ Ռահման Վեզիրովը, ուր քննարկվեցին ԼՂՀ-ի տնտեսական խնդիրների մասին ԽՍՀՄ կառավարության որոշումները: Հենրիկ Պողոսյանի վկայությամբ, Վոլսկին գտնված մարդ էր Արցախի համար՝ հեռատես, շրջահայաց, կրծքի տակ հոգի կար. «Նա մտադրություն ուներ մարզն ամբողջությամբ դուրս բերել Ադրբեջանի կազմից, հզորացնել տնտեսապես: Կստացվեր երկու հզոր Հայաստան՝ կողք կողքի»: Վոլսկու օրոք մարզի տարածքում Ադրբեջանը չէր թելադրում իր արյունոտ կամքը, ինչպես Ֆոտեեւի պարագայում: Ըստ Շահեն Մեղրյանի, Վոլսկին տեր էր կանգնում նաեւ Շահումյանի ու Գետաշենի խնդիրներին, թեեւ այդ տարածքը դուրս էր կոմիտեի իրավասությունից: 1989թ. հուլիսին, երբ օմօնականները մտել էին Մանաշիդ, Արկադի Վոլսկին ռազմական դեսանտ էր իջեցրել գյուղ ու փրկել բնակիչներին իրական սպանդից: Այդ մասին, Շահումյան գնալու ճանապարհին, ինձ ու Լեւոն Խեչոյանին պատմեց շահումյանցի Ռոման. ինքն էլ էր եղել ուղղաթիռում: Տնտեսությունը կամաց-կամաց անջատվում էր Ադրբեջանի ենթակայությունից, որն առաջ էր բերել Ադրբեջանի դժգոհությունը: Դա չէին ժխտում անգամ նրանք, ովքեր Վոլսկու թիկունքում սադրանքներ, գործադուլներ հրահրելով ու հիմար, փողոցային խոսքուկռիվը ազգամիջյան հարց սրելով՝ թունավորում էին Վոլսկու առանց այն էլ ծանր առօրյան: Դա Արցախի կուսակցական ակտիվն էր ու Ռոբերտ Քոչարյանի «Միացում» խումբը, որոնց տոն ու չափ էր տալիս «Ղարաբաղ» կոմիտեն:

Հ. Գ. Ապրիլ, 2007թ., Երեւան

«Ղարաբաղ» կոմիտեի գաղափարապետ Վազգեն Մանուկյանին Արկադի Վոլսկու մասին տարիներով ինձ տանջող մի հարց տվեցի: Պատասխանը վեհերոտ էր, ցրված ու անկեղծ չէր: Կարծում եմ, չհամոզեց առաջինը հենց իրեն: «Երբ Հատուկ կոմիտեն կազմվեց, ես ու Վանո Սիրադեղյանը գնացինք Ստեփանակերտ՝ ծանոթանալու Վոլսկու հետ: Անկեղծ ասած՝ ինքը շատ խելոք էր եւ դա մեզ վախեցրեց: Այդ ժամանակ Խորհրդային Միությունը Ղարաբաղում մեզ անծանոթ խաղ էր տանում. մերթ կարծես կողմ էր Արցախի հարցին. ԽՍՀՄ ԿԿ ազգային հարցով պատասխանատու Միխայլովի ասած կանաչ լույսը հիշեք: Հետո Սումգայիթ եղավ: Դրանից հետո մենք արդեն չէինք վստահում Մոսկվային: Նրա նշանակած հակառակորդն էլ շատ խելոք էր, դա մեզ վախեցնում էր: Այդ պատճառով, Վոլսկու կամ Հենրիկ Պողոսյանի ասածները՝ ընթացող պրոցեսների մասին, մենք ընկալում էինք անվստահությամբ: Վարչապետ եղած ժամանակ Մոսկվայում ես էլի եմ հանդիպել Արկադի Վոլսկուն եւ էլի համոզվել եմ, որ արտակարգ խելացի մարդ էր: Բայց, ինչպես ասացի, այն ժամանակ մեր խնդիրներն ուրիշ էին ու մենք նրանց չէինք վստահում»:

«Վոլսկու կոմիտեն փրկություն էր Արցախի համար, դա Ղարաբաղի փաստացի անկախությունն էր: Սեղանին նաեւ Պրիմակովի կազմած 14 կետից բաղկացած որոշումների փաթեթն էր, ուր մանրամասն երաշխիքներ էին տրվում Ղարաբաղին՝ սահմանային անվտանգությունից մինչեւ ժողովրդագրական պատկերի խիստ կայունություն՝ ի նպաստ հայերի: Եթե Վոլսկուն թույլ տային աշխատել, ԽՍՀՄ փլուզումից հետո Արցախը անկախ պետություն կհռչակվեր ու կկանխվեր պատերազմը»,- այս կարծիքին է Արցախի հարցով Կրեմլի համարյա բոլոր բանակցությունների մասնակից, նախկին ԽՍՀՄ ԳԽ պատգամավոր, այժմ Եվրոպայի Խորհրդի սոցիալական պաշտպանության խորհրդի անդամ, ԵՊՀ պրոֆեսոր Լյուդմիլա Հարությունյանը:

Արցախի հարցով 1989թ. ԽՍՀՄ ԳԽ նոյեմբերի 28-ի փակ նիստի ելույթում, երբ Արկադի Վոլսկին վայր էր դնում իր լիազորությունները, ոչ մի դառնություն ցույց չտվեց: Խոսեց միայն մարզի ծանր վիճակի ու հարցի քաղաքական լուծման անհրաժեշտության մասին: Նիստից հետո երբ նրան հարցրի, թե ի՞նչ զգացումներ ունի, ի՞նչ է մտածում այս պահին, նա տխուր ու կարճ պատասխանեց՝ այդ դուք պիտի մտածեք, ես ինչ:

Արկադի Վոլսկին հեռանալուց հետո էլ մնաց բարեկամ. Արցախի համար ծանր պահերին մեր պատգամավորները Մոսկվայում շատ հաճախ էին նրան դիմում: Շահումյանի հոգսերով Շահեն Մեղրյանը շարունակում էր ստանալ նրա հնարավոր աջակցությունը Մոսկվայից: Դա կվկայի ամեն ոք, ով այդ ժամանակ աշխատում էր մեզ հետ՝ Կրեմլում: Շահենը «Մոսկվա» հյուրանոց շատ էր գալիս ու մի օր էլ ինձ ասաց. «Մեր թիկունքից մի սար գնաց»: Նկատի ուներ Արկադի Վոլսկու հեռանալը: Ավելի ուշ, Շահենի եղերական մահվան օրը, երբ Երեւանի Սպայի տան դիմացի մայթին կանգնած Զոյա Շաքարյանը, Գագիկ Սահակյանը, պետնախարար Գեւորգ Վարդանյանն ու ես սպասում էինք դիակառքի դուրս բերելուն, Զոյան հեկեկոցը խեղդելով ասաց, թե Շահենը, ի նշան երախտագիտության, ֆիլմ էր պատվիրել Արկադի Վոլսկու մասին, եւ որ նրա վերջին ցանկությունն իրենք անպայման կկատարեն: Չգիտեմ հետո ինչ եղավ, նկարեցի՞ն ֆիլմը, թե՞ ոչ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել