Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՈՐԾԵՐԸ ՀԱՐՈՒՑՎԵՑԻՆ ՈՒ «ՔՆԵՑԻՆ»

Օգոստոս 08,2009 00:00 Share

2008 թվականից «Մարտի 1»-ի մայր գործը մի քանի անգամ միացվել ու անջատվել է, նաեւ մի քանի «ճտեր» է տվել, որոնք, սակայն, կենդանության նշաններ ցույց չեն տալիս:

Դեռ 2008թ. մարտի 7-ին, ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում «Մարտի 1»-ի դեպքերի առնչությամբ հարուցված քրգործի շրջանակներում, ՀՀ գլխավոր դատախազը՝ «կարեւորելով անձանց մահվան եւ մարմնական վնասվածքներ ստանալու բոլոր դեպքերի հանգամանքների լիարժեք բացահայտումը, քր. գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ հետազոտման անհրաժեշտությունը, կասկածյալի եւ մեղադրյալի մեղավորությունը հիմնավորող, ինչպես նաեւ նրանց արդարացնող, նրանց պատասխանատվությունը մեղմացնող եւ ծանրացնող հանգամանքների պարզաբանումը», գրավոր ցուցում է տվել քննչական խմբի ղեկավարին՝ «քննության շրջանակներում բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ պարզել այդ թվում ոստիկանության ծառայողների կողմից ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ եւ հրազեն գործադրելու բոլոր հանգամանքները՝ ներառյալ յուրաքանչյուր դեպքում այդպիսիք գործադրելու կամ գործադրումից ձեռնպահ մնալու հիմքերն ու հիմնավորումները»: Ավելի քան տարիուկես առաջ ՀՀ գլխավոր դատախազի տված այս հանձնարարականը, ըստ ամենայնի, միայն «գալոչկայի» համար էր եղել, որովհետեւ հակառակ դեպքում «Մարտի 1»-ի գործի վարույթն իրականացնող մարմինը անցած 17 ամիսների ընթացքում այդ ուղղությամբ գոնե մեկ բացահայտում արած կլիներ: Գործնականում այս հանձնարարականը՝ մասնավորապես զոհերի մահվան եւ մարդկանց վնասվածքներ ստանալու հանգամանքների վերաբերյալ, մոռացության տրվեց: Միայն այս տարվա ապրիլի 3-ին 10 զոհերի հարազատների ճնշման տակ նախաքննական մարմինը որոշում կայացրեց հարուցել նոր քր. գործ՝ ՀՀ ՔՕ 104 հոդվածի հատկանիշներով՝ դիտավորյալ սպանություն, որի նպատակն էր բացահայտել 10 զոհերի սպանության հանգամանքներն ու դրանք իրականացրած անձանց: Թե քր. գործի հարուցումից հետո 5 ամիս անց ի՞նչ առաջընթաց է գրանցել նախաքննական մարմինը՝ պարզ չէ: Հայտնի չէ նաեւ, թե ի՞նչ ընթացքում է նախաքննությունը, կա՞ն արդյոք կասկածյալներ: ՀՀ գլխավոր դատախազությունից «Առավոտի» հարցմանն ի պատասխան հավաստիացրին միայն, թե նախաքննությունը շարունակվում է: Ենթադրելի է, որ եթե այս գործով կասկածյալներ կամ առավել եւս կալանավորվածներ լինեին, ՀՀ ՀՔԾ-ն անպայման առաջինը դրա մասին կբարձրաձայներ: Ասել է թե՝ այս գործն էլ ՀՔԾ-ում «քնեց»:

Փոխարենը ՀՀ գլխավոր դատախազի վերոհիշյալ՝ 2008թ. մարտի 7-ի, հանձնարարականը ընդամենը վերջերս՝ հուլիսի 17-ին նոր «ճտեր» տվեց:

Այդ օրը մարտիմեկյան դեպքերի կապակցությամբ ՀՔԾ-ի վարույթում քննվող քր. գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազ Կորյուն Փիլոյանի գրավոր ցուցումով նախաքննական մարմինը երկու նոր քր. գործ հարուցեց՝ ՀՀ ՔՕ 373-րդ հոդվածի եւ 309-րդ հոդվածի հատկանիշներով՝ ոստիկանների կողմից հատուկ միջոցների հետ վարվելու կանոնները խախտելու եւ պաշտոնեական լիազորություններն ակնհայտորեն անցնելու համար: Հիշեցնենք, որ առաջին դեպքում խոսքը վերաբերում է «Չերյոմուխա 7» հատուկ միջոցին, որի կիրառման արդյունքում սպանվել էին 10 զոհերից 3-ը: Թե որքանով են միմյանց առնչվելու ապրիլի 3-ին դիտավորյալ սպանություն հոդվածով եւ հուլիսի 17-ին 373 հոդվածով հարուցված քրգործերը եւ ինչո՞ւ ու ի՞նչ տրամաբանությամբ եւ իրավական ի՞նչ հիմքով են դրանք առանձնացվել «Մարտի 1»-ի մայր գործից, հետո նաեւ «սպանության» հատկանիշներով հարուցված գործից՝ գիտե միայն նախաքննական մարմինը: Փաստ է միայն, որ շատ շուտով կլրանա նաեւ այս երկու գործերով նախաքննության մեկ ամիսը, ու թեեւ ե՛ւ մամուլում, ե՛ւ Փաստահավաք խմբի զեկույցում ուղղակիրոեն մատնանշված են հատուկ միջոցներ կիրառած եւ հենց 3 զոհերի սպանության պատճառ դարձած ոստիկանության զինծառայողների անունները, այդուհանդերձ, այդ գործով զարմանալիորեն չկան ո՛չ կասկածյալներ, ո՛չ առավել եւս կալանավորվածներ: Նույնն է նաեւ ՀՀ ՔՕ 309 հոդվածով հարուցված քր. գործի պարագայում: Պարզվում է, որ նախաքննական մարմինը «դժվարանում» է ի հայտ բերել մարտի 1-ի առավոտյան Հանրապետության հրապարակում անզեն քաղաքացիներին հատուկ միջոց հանդիսացող մահակով, իսկ մեկ այլ վայրում երկու քաղաքացիներին բերման ենթարկելիս ծեծի ենթարկած ոստիկաններին ի հայտ բերել: Սա այն պարագայում, երբ առնվազն հայտնի է, որ իրենց լիազորությունները սահմանազանցած ոստիկաններից մեկը ոստիկանության զորքերի թիվ 1032 զորամասի զինծառայող Ենոքյան Լյուդվիգն է, որի մասին տեղեկությունը ՀՀ փոխոստիկանապետ Ալեքսանդր Աֆյանին փոխանցվել էր դեռեւս այս տարվա մարտի վերջերին: ՀՀ գլխավոր դատախազությունում այս գործերի մասին էլ ասացին, թե՝ նախաքննությունը շարունակվում է: Իբր:

Բացի այս հարուցված եւ դեռեւս չբացահայտված գործերից, ՀՀ ՀՔԾ-ում այս տարի էլի 5 քրեական գործեր հարուցվեցին: Մասնավորապես մայիսի 29-ին ՀՔԾ-ում ընթացք էր տրվել «Մարտի 1»-ի գործով 6 քաղբանտարկյալների գործերով անցնող առանձին վկաների հայտարարություններին առ այն, որ նախաքննության ընթացքում իրենցից ցուցմունքները կորզվել են խորթ միջոցների գործադրման արդյունքում, նաեւ, որ իրենց վրա հոգեբանական եւ ֆիզիկական ճնշումներ են գործադրվել դատարանում իրենց ցուցմունքը փոխելու համար: Ու թեեւ հիշյալ վկաները դատական նիստերում եւ ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ զրույցներում ասել էին, որ այդ ճնշումները իրավապահ մարմինների կողմից են գործադրվում, այդուհանդերձ, ՀՀ գլխավոր դատախազությունը մի առանձին հաղորդագրությամբ փորձել էր իրերի վիճակը ներկայացնել այնպես, թե վկաներն իրենց նախաքննական եւ մեղադրական ցուցմունքներից դատարաններում հրաժարվում են ամբաստանվողների հարազատների կամ ընդդիմության ներկայացուցիչների կողմից գործադրվող ճնշումների արդյունքում: Հարուցված քր. գործն էլ նպատակ ուներ ի հայտ բերել այդ «ճնշողներին»: Թե հայտնաբերվե՞լ են այդպիսիք՝ էլի հայտնի չէ. ասում են՝ նախաքննությունը շունակվում է եւ կարող է դեռ էլի շարունակվել՝ առնվազն մեկ տարի:

Իհարկե, պետք է առնվազն միամիտ լինել կարծելու համար, թե ՀՔԾ-ն ցանկության դեպքում չէր կարող այս բոլոր գործերը բացահայտել դեռ ամիսներ առաջ: Մնում է ենթադրել, որ ՀՀ գլխավոր դատախազությունում եւ ՀՔԾ-ում կամ քննիչներն են ոչ պրոֆեսիոնալ, կամ չբացահայտելու, նախաքննությունը միտումնավոր ձգձգելու քաղաքական հրահանգ ունեն, որովհետեւ բացահայտումները իշխանությանը ձեռնտու չեն, իսկ օբյեկտիվությունը չի բխում «օբշչակի» շահերից: Երկու դեպքում էլ վիճակը մխիթարական չես անվանի: Մյուս կողմից տարակուսանք է առաջացնում այն, որ գլխավոր դատախազությունն ու ՀՔԾ-ն այդքան հեշտորեն եւ առանց իրավական լուրջ հիմնավորումների կարողանում են իրենց պետք եղած պահին ու իրենց քեֆով քր.գործեր անջատել եւ միացնել: Իսկ վերահսկողն ու պատասխան պահանջո՞ղն ով է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել