ՎՊՄԻ-ում կաշառակերություն, այնուհանդերձ, կա
«Առավոտի» օգոստոսի 29-ի համարում ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանողուհի Թամարա Գրիգորյանը «ՎՊՄԻ-ում սովորելը շատ թանկ է» հրապարակմամբ անդրադարձել էր Վանաձորի պետական մանկավարժական համալսարանի վիճակին եւ առանց ուսանողների անուններ տալու՝ գրել, որ այս բուհում կաշառակերությունը եւ կոռուպցիան մեծ չափերի են հասել: Հոդվածագիրը նաեւ օրինակներ էր բերել. Ա. ուսանողին մի քննությունից դիտմամբ անբավարար են նշանակել եւ անվճար համակարգից տեղափոխել վճարովի համակարգ: Արձագանքելով հոդվածին՝ նշված բուհի պրոռեկտորներ Ս. Թումանյանը, Վ. Քոչարյանը, պատմաաշխարհագրական ֆակուլտետի դեկան Ս. Ժամհարյանը, հոգեբանության եւ սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ, քննող դասախոս Ռ. Ավագիմյանը պնդում են, որ «ՎՊՄԻ-ում սովորելը շատ թանկ է» հրապարակման մեջ ներկայացված են «հերյուրանքներ, անհիմն մեղադրանքներ, ակնհայտ ստեր, անբացատրելի մի վրեժխնդրություն» եւ այս ամենը «բուհում վրդովմունք եւ տարակուսանք է հարուցել»:
Մեկ ուսանողին պատասխանած չորս դասախոսները պնդում են, որ հոդվածում նշված Ա.-ն՝ Անդրանիկ Լանդյանն է՝ ՎՊՄԻ պատմաաշխարհագրական ֆակուլտետի պատմության բաժնի երրորդ կուրսի ուսանող, որի «անբավարար» գնահատված քննական գրավոր աշխատանքը «բուհի կողմից ուղարկվել է արտաքին գրախոսման եւ պատասխանների մասին բնականաբար կտեղեկացվեն Ա. Լանդյանը եւ, հարկ եղած դեպքում, նաեւ «Առավոտի» խմբագրությունն ու հրապարակման հեղինակը»: Բայց նախքան այդ, դասախոսները նշում են, որ «Անդրանիկ Լանդյանն «անբավարար» է գնահատվել մի առարկայից, որն ուղղակիորեն չի առնչվում իր նախընտրած մասնագիտությանը, հետեւաբար նա կարող էր նաեւ անպատրաստ լինել, ինչպես եւ եղել է, իսկ բուհի ղեկավարության որոշմամբ՝ կիսամյակային այս քննությունը բանավորի փոխարեն անցկացվել է գրավոր ոչ թե միայն այս կուրսի համար եւ միայն հոգեբանություն առարկայից, այլեւ ամբողջ ինստիտուտի եւ քննական այլ առարկաների համար նույնպես՝ բացառելու նպատակով դասախոսների կողմից կողմնակալ մոտեցման բոլոր դրսեւորումները, որոնք ավելի հնարավոր կլինեին քննությունը բանավոր լինելու պարագայում»:
Այս փաստերը շարադրելուց հետո՝ դառնալով հոդվածի հեղինակին, պատասխանի հեղինակները նշում են. «Իսկ թե որքանո՞վ է բարոյական իր գոյության 40 տարիների ընթացքում հազարավոր մանկավարժներ թողարկած մի հաստատությանը փաստազուրկ-անհիմն հրապարակային մեղադրանքներ ներկայացնել սեպտեմբերի 1-ի նախօրեին, թողնում ենք որոշելու միայն «Առավոտի» խմբագրությանը: Ակնհայտ է, որ լրագրողի բուն նպատակը եղել է պաշտպանել «զոհին» եւ հասնել նրա «արդարացմանը», իսկ դրա համար հեղինակին պետք է եղել նախապես ստեղծել բուհում գոյություն ունեցող իբրեւ թե համատարած կաշառակերության մի համապատկեր, որի պաստառին իր հերոսի կերպարը կընդգծվեր անտարակուսելի զոհի տեսքով»:
«ՎՊՄԻ-ում սովորելը շատ թանկ է» հրապարակման մեջ նշված էր, որ թեեւ այս բուհում կաշառակերության ծավալներին, կան ազնիվ եւ առանց կաշառքի աշխատող դասախոսներ: Բուհի պատասխանում այս հարցին էլ անդրադարձ կա. «Ոչ ոք չի ժխտում, որ կաշառակերությունը համընդհանուր չարիք է, որն իր մասնակի դրսեւորումներն ունի նաեւ ՎՊՄԻ-ում: Միաժամանակ անհերքելի իրողություն է, որ ՎՊՄԻ-ում այսօր մշտական ու հետեւողական պայքար է տարվում կաշառակերության վերացման ուղղությամբ: Իսկ կաշառակերության դեմ պետք է պայքարել մշտապես եւ հետեւողականորեն, բայց ոչ Թ. Գ.-ի նյութի «մեթոդներով» ու անթաքույց չարամտությամբ»:


















































