Իբր քիչ էր, որ այսօրվա Թուրքիայի տիրապետության տակ գտնվող պատմական հայկական հողերի նկատմամբ հավակնություններ ունեն քրդերը, հիմա էլ վրացիներն էլ որոշել «խառնվել գործին»: Ըստ վրացական աղբյուրների, վրացի մտավորականների մի խումբ այցելել է Թաո-Կարջեթի: Թաո-Կարջեթին Մեծ Հայքի Տայք նահանգի անվան վրացական տարբերակն է: Պարզվում է, որ այցի նպատակը պատմական արմատներին եւ վրացական եկեղեցական ճարտարապետության գոհարներին ծանոթանալն է: Սակայն հայտնի է, որ Տայքում կամ Թաո-Կարջեթիում հայկական եկեղեցիներ են. օրինակ՝ Օշկի վանքը: Վրաստանի տարածքի հայկական եկեղեցիների մի մասը յուրացնելուն, մյուս մասի նկատմամբ ոտնձգությունները շարունակելուն զուգահեռ, Վրաստանը փորձում է տիրանալ իր տարածքում չգտնվող հայկական հուշարձաններին:
Հիշեցնենք, որ օգոստոսի վերջին նույն Վրաստանը զավթեց ՀՀ Շիրակի մարզի Բավրա գյուղի հողերի մի մասը, որի վերաբերյալ բազմաթիվ հրապարակումներ եղան ոչ միայն «Առավոտում», իսկ մեր իշխանություններն առայսօր դրա մասին ոչ լսել են, ոչ տեսել, ոչ գիտեն:
Իսկ հայկական «Միտք» վերլուծական կենտրոնի ներկայացուցիչները անցած շաբաթ եղել են Վրաստանի հայաբնակ Քվեմո-Քարթլի շրջանում եւ արձանագրել, որ մասնավորաբար Բրդաձոր, Խոխմել, Օպերտ, Խոժորնի, հայ-հունական Ծոփ գյուղերում ադրբեջանցիները «դեմոգրաֆիկ էքսպանսիա են իրականացնում՝ հույներից բարձր գներով ակտիվորեն գնելով նրանց տները: Բոլոր այս գյուղերը բնիկ հայկական գյուղեր են»: Կենտրոնի փորձագետ Էդուարդ Աբրահամյանը (լուսանկարում) երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ օգտագործել է ոչ թե Քվեմո-Քարթլի, այլ «Հյուսիսային Լոռվա հայկական բնակավայրեր» ձեւակերպումը եւ ասել է, թե «սահմանային բնակավայրերում շատ բարդ վիճակ է եւ ոչ հայ հանրությանը, ոչ Հայաստանի Հանրապետությանը հայտնի չէ, թե ինչ է կատարվում այդ գյուղերում: Ելնելով աշխարհագրական դիրքից՝ դրանք ոչ հարում են Քվեմո-Քարթլի ադրբեջանական գյուղերին, ոչ էլ վրացական»:
«Սահմանն այնքան բարդություններ է ստեղծում տեղի հայության համար, որ, հավանաբար, 5-7 տարիների ընթացքում հայությունն ակտիվ կերպով կլքի այդ գյուղերը: Վրաստանի քաղաքականությունը զտում է Վրաստանի տարածքը ոչ վրացական տարրերից: Իսկ հայկական կողմը կամ ուշադրություն չի դարձնում այս գյուղերի վիճակին, կամ տեսնելով այդ աղետալի վիճակը՝ շարունակում է սահմանի ճշգրտումը, ամրապնդումը: Պարզ է, որ սահմանապահները դնում են իրենց հենակետերն իրենց գյուղերի մեջ»,- հայտարարել է Աբրահամյանը: Աբրահամյանը նկատել է նաեւ, որ վրացական սահմանակետերը «բուդկաներ» են, որոնք հեշտությամբ կարելի է տեղաշարժել:


















































