Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՉ ԷՐ ԱՍՎՈՒՄ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՒՄ

Սեպտեմբեր 09,2009 00:00 Share

\"\"2008-ի նախագահական ընտրություններին մասնակցող բոլոր թեկնածուները կարծես թե դեմ չէին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը:

Ըստ որոշ պնդումների, ՀՀ նախագահը իր նախընտրական խոստումներում ոչինչ չի ասել Ղարաբաղի խնդրի եւ հայ-թուրքական հարաբերությունների մասին: Դժվար թե որեւէ թեկնածուի նախընտրական ծրագիրը ընթերցած մեկը մոռանար կամ չնկատեր, որ մեր թեկնածուների երեւակայությունը հատկապես հայ-թուրքական հարաբերություններին եւ Ղարաբաղին վերաբերող հարցերում հեռուն գնացող չէ: ՀՀ նախագահի գրեթե բոլոր թեկնածուների նախընտրական ծրագրերը կարծես միմյանցից խնամքով արտագրված լինեն՝ մի քանի զուտ կոսմետիկ փոփոխություններով: Իսկ կոնկրետ հայ-թուրքական հարաբերություններին եւ Ղարաբաղի հարցին նվիրված բաժինները թեկնածուների ծրագրերում իրարից շատ ավելի քիչ են տարբերվում: Որոշ բացառություն է միայն ՀՅԴ ներկայացուցչի ծրագրի տվյալ թեմային վերաբերող հատվածը: Իսկ հիմնական, սկզբունքային հարցերում բոլորը նույնն են ասում՝ վարել արժանապատիվ արտաքին քաղաքականություն: Հիշենք, թե ինչ էր ասում ՀՀ նախագահը վերոհիշյալ հարցերի վերաբերյալ: Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրում գրված է. «Արցախյան հիմնախնդիրը լինելու է ՀՀ նախագահի գործողությունների կիզակետում», այնուհետեւ նշված է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցը խարսխվելու է հետեւյալ սկզբունքների վրա՝ «պետք է միջազգայնորեն ճանաչվի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը եւ պայմաններ ստեղծվեն դրա իրականացման համար, պետք է ապահովվի ԼՂՀ բնակչության եւ սահմանների անվտանգությունը, ՀՀ-ն եւ ԼՂՀ-ն պետք է ունենան ընդհանուր սահման»: Նաեւ կոնկրետացված է, որ ցանկացած հակամարտության կարգավորում հնարավոր չէ իրականացնել միանգամից, մեկ օրում, այն մի քանի քայլով իրականացվող գործողությունների ամբողջություն է. «Ղարաբաղյան հակամարտության բոլոր կողմերի միջեւ համաձայնությունը պետք է մեկ փաթեթի մեջ ներառի բոլոր հարցերի լուծումներն ու այն մեխանիզմները, որոնք պետք է ապահովեն այդ լուծումների իրականացումը»: Իսկ հայ-թուրքական հարաբերությունների եւ ընդհանրապես՝ հարեւանների հետ հարաբերությունների մասին նույն այդ ծրագրում ասված է. «Մենք պետք է կառուցենք բնականոն հարաբերություններ մեր հարեւան պետությունների հետ: Մենք պատրաստակամ ենք լինելու Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման ու սահմանների բացման հարցում՝ համարելով, որ դրա հիմքում չեն կարող ընկած լինել ո՛չ Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտությունից հրաժարվելու, ո՛չ ԼՂ հակամարտության հետ կապված եւ ոչ էլ այլ նախապայմաններ»:

ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի նախընտրական ծրագրում արտաքին քաղաքական ուղղության մասին միայն մեկ տող է գրված. «Ակտիվ նախաձեռնողական քաղաքականության իրականացում, ԼՂՀ հիմնախնդրի հայանպաստ կարգավորում»:

«Ժառանգություն» կուսակցության նախընտրական ծրագրում, որպես արտաքին քաղաքականության առաջնահերթություն, գրված է, որ Հայաստանը պետք է ձգտի «բոլոր հարեւան երկրների հետ բարիդրացիական հարաբերությունների հաստատման եւ ընդլայնման» եւ Ռուսաստանի ու ԱՄՆ-ի հետ հարաբերությունների խորացման: Իսկ ղարաբաղյան հարցի լուծման «Ժառանգության» բանաձեւը հետեւյալն է. «Արցախյան հիմնախնդրի լուծում հակամարտության կողմերի միջազգայնորեն ստանձնած պարտավորության՝ խաղաղ կարգավորման շրջանակներում, ԼՂՀ լիիրավ մասնակցությամբ, հասարակությունների իրազեկման, ներգրավման եւ համաձայնության ուղիով, բանակցություններում առանց որեւէ նախապայմանի, հաշվի առնելով խնդրի իրավական եւ քաղաքական հիմքերն ու իրական պայմանները»: ՀՅԴ նախագահի թեկնածու Վահան Հովհաննիսյանի նախընտրական ծրագրում շեշտված է, որ Հայաստանը պետք է բարձրացնի Թուրքիայի թշնամական վերաբերմունքի, հայ-թուրքական սահմանի եւ Հայոց ցեղասպանության համար Թուրքիայի պատասխանատվության հարցերը միջազգային ատյաններում: Նախագահի թեկնածուն վստահ է, որ Հայաստանի եւ Սփյուռքի համատեղ ջանքերով Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում վերջին տարիներին ձեռք բերված արդյունքները հիմք են տալիս այս ուղղությամբ աշխատանք կատարել նաեւ թուրք հասարակության հետ:

Մեր անմիջական հարեւանների՝ Վրաստանի եւ Իրանի հետ համագործակցության խորացումն ու ընդլայնումը, նրա տեսանկյունից, ռազմավարական նշանակություն ունեն Հայաստանի համար:

Նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանն իր ծրագրում առաջնահերթ է համարել Հայաստանի քաղաքական եւ տնտեսական մեկուսացման հաղթահարումը, միջազգային եւ տարածաշրջանային տնտեսական համակարգերում երկրի ներգրավվածության աստիճանի բարձրացումը, իսկ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում քաղաքական կամքի դրսեւորումը, այն է՝ հանդես գալ արցախահայության ինքնորոշման իրավունքի պաշտպանության եւ հարցի լուծման փոխզիջումային տարբերակի որոնման դիրքերից: Նախագահի ԱԺՄ-ական թեկնածու Վազգեն Մանուկյանն իր ծրագրում անիմաստ է համարում խոսել արցախյան հարցի լիարժեք եւ կայուն կարգավորման մասին, առանց ԼՂՀ-ի անմիջական եւ իրավահավասար մասնակցության. «Այդ բանակցությունների հիմնական նպատակը պետք է լինի արցախահայության՝ ինքնորոշման իրավունքի հիման վրա արդեն իսկ իրականացրած դե ֆակտո անկախության միջազգայնորեն դե յուրե ճանաչումը՝ հստակեցնելով նրա սահմանները եւ ապահովելով նրա բնական սահմանի առկայությունը ՀՀ-ի հետ»: Նախագահի թեկնածուի կարծիքով, հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը՝ սահմանների բացումը, չպետք է իրականացվի ազգային խնդիրների եւ արժանապատվության հաշվին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել